Եր 17.7-8։ Ես 61.3-7։ Բ Տմ 1.6-14։ Ղկ 11.20-32։
Երեմիա
7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։ 8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։
Եսայի
3փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի։ Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ։ 4Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները։ 5Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։ 6Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ 7Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։
Բ Տիմոթէոս
6Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։ 8Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու, 9որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս, 10բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով, 11Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։ 12Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։ 13Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։ 14Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։ 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»։ 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»։ 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»։ 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։