Այժմ սկսվում է Պատարագի երկրորդ մասը« որ բուն Սուրբ Խորհուրդն է։ Դպիրները խորհրդավոր ձայնով եղանակում են. «Մարմին տէրունական և Արիւն փրկչական կայ առաջի…։ Այս խոսքերով դպիրներն արդեն ասում են մեզ, թե ինչ խորհուրդ է պատրաստվելու, թե ինչ զոհ է մատուցվելու։ Տերունական Մարմինն ու Փրկչի Արյունն է, որ ահա հայտնվում է մեր առջև. երկնքի հրեշտակներն անդադար երգում են և ասում. «Դու սուրբ, դու սուրբ և զորությունների տեր ես»։ Այս պահին սարկավագն ուղղվում է դեպի խորհրդանոցը, որպեսզի դուրս հանի պատարագչի կողմից նախապես ծածկաբար պատրաստված Սուրբ Սկիհը։ Սուրբ Սկիհը վերաբերողը միայն քահանան է լինում կամ ավագ սարկավագը, որ սկզբում խնկարկում է Սուրբ Սեղանին՝ լռելյայն ասելով. «Ողորմիր ինձ, Աստված…» (Սաղմոս ԾԱ), և համբուրելով Սուրբ Սեղանն ու պատարագչի աջը՝ դառնում է դեպի խորհրդանոցը (սրբատունը) և խնկարկում է Սկիհը, մինչև որ ավարտի սույն Սաղմոսը։ Բուրվառը տալիս է մեկ այլ սարկավագի և ինքն էլ, համբուրելով Սուրբ Խորհուրդը, վերցնում ու վեր է բարձրացնում այն՝ երեսը դեպի հյուսիս, լռելյայն ասելով. «Յարևու եհար զխորան իւր, և Ինքն որպէս փեսայ. զի ելանէ յառագաստէ իւրմէ. Ցնծայ Նա որպէս հսկայ յընթանալ զճանապարհս Իւր» (Սաղմոս ԺԹ5)։ Թարգմանություն. «Արևի համար նա կանգնեցրեց իր վրանը, իսկ ինքը առագաստից ելնող փեսայի նման է, ու սա ուրախանում է հսկայի նման, որ իր ճանապարհը վազելով է գնում»։ Եվ դեպի արևելք դառնալով՝ ասում է. «Ճանապարհ բացեք նրա համար, ով երկինքների երկնքում, արևելյան կողմում է նստում» (Սաղմոս ԿԸ 33)։
Եվ կենդանություն տվող Երրորդությանը երեքսրբյան օրհնություն են մատուցում։ Եվ կրկին դեպի հյուսիս դառնալով՝ ասում է ցածրաձայն, եթե պատարագիչը քահանա կամ աբեղա է, իսկ եթե պատարագիչը վարդապետ կամ եպիսկոպոս է, բարձր ձայնով։
Այս միջոցին քահանան, բազկատարած, երկար աղոթք է արտասանում՝ ծածուկ խնդրելով Աստծուց, որ իր միտքն ու հոգին սրբի ամեն տեսակ պղծություններից և իրեն արժանի անի Աստծո ծառան լինելու և Սուրբ Խորհրդի ընծաները (Հիսուսի Մարմինը և Արյունը) Նրան մատուցելու, այսինքն՝ Աստծուն։ Սրբասացության կեսին, երբ քահանան իր աղոթքն արդեն վերջացրած է լինում, դառնում է սարկավագին, որն իրեն է մոտենում՝ քողարկված սկիհը բարձր բռնած։ Քահանան, Սեղանը և Սկիհը խնկարկելուց հետո, սարկավագի հետ փոխեփոխ երկու անգամ ասում է հետևյալ Սաղմոսը։ Նախ՝ սարկավագն ասում է. «Ալելուիա, ալելուիա, համբարձէք, իշխանք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, և մտցէ Թագաւոր փառաց»։ Թարգմանություն. «Ո՜վ իշխաններ, ձեր դռները վեր բարձրացրեք, և հավիտենական դռները թող վեր բարձրանան, ու փառքերի թագավորը պիտի ներս մտնի» (Սաղմոս ԻԴ 7)։
Պատարագիչը խնկարկելով հարցնում է. «Ո՞վ է Սա, Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեանց, Տէր կարող ի պատերազմի»։ Թարգմանություն. «Ո՞վ է այս փառքերի Թագավորը, զորությունների հզոր Տերը, պատերազմում զորեղ Տերը» (Սաղմոս ԻԴ 8)։
Այսպես կրկնվում է երկու անգամ, իսկ երրորդ անգամ սարկավագը պատասխանում է. «Սա ինքն է փառքերի Թագավորը»։ Պատարագիչը վերցնում է ձեռքից ու ասում. «0րհնեալ եկեալ անուամբ Տեառն, որ եկիր և գալոց ես. Օրհնութիւն ի բարձունս» (0րհնյալ է Տիրոջ անունով եկողը, որ եկավ և գալու է. օրհնություն բարձունքներում)։ Եվ պատարագիչը, ահով ու դողով երկրպագելով, սարկավագի ձեռքից Սկիհը վերցնելով, դառնում է ժողովրդին և խաչակնքում ծնկաչոք հավատացյալներին, իսկ հետո այն դնում է Սուրբ Սեղանի վրա. նախ՝ խնկարկում է և ապա՝ ձեռքերը նորից լվանում ժողովրդի առաջ՝ Սաղմոսից համար ասելով. «Լուացից սրբութեամբ զձեռս իմ և շուրջ եղէց զսեղանով քով, Տէր» (Սրբությամբ պիտի լվանամ իմ ձեռքերը և քո սեղանի շուրջը պիտի լինեմ, Տե՜ր)։ Այսպես, ներքին և արտաքին մեղքերից սրբվելով և ծայրաստիճան մաքրությամբ պետք է մոտենալ Սուրբ Խորհրդին։
Այս մտքով սարկավագն արդեն նախապատրաստում է ժողովրդին։ «Եվ առավել հավատով ու սրբությամբ, երկյուղով աղոթքի կանգնենք Աստծո Սուրբ Սեղանի առջև։ Ո՜չ խղճի խայթով, ո՜չ գայթակղությամբ, ո՜չ նենգությամբ և ո՜չ խորամանկությամբ, ո՜չ պատրանքով ու խաբեությամբ, ո՜չ երկմտությամբ և ո՜չ թերահավատությամբ, այլ բարի վարքով, պարզ մտքով, միամիտ սրտով և կատարյալ հավատով, սիրով և ամեն տեսակի բարեգործություններով լցված աղոթքի կանգնենք Աստծո Սուրբ Սեղանի առջև, որպեսզի ընդունենք նրա ողորմության շնորհը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հայտնության և մյուս անգամ գալստյան օրը։ Թող Նա ողորմի և ապրեցնի մեզ»։
Ներսես Շնորհալի հայրապետը պատարագիչ քահանաներին պատվեր է տալիս. «Մաքուր հոգով, սուրբ սրտով, անարատ հավատով, մեծ հույսով, պարզ մտքով, ահուդողով սպասավորեցեք աստվածային խորհրդին։ Ինչպես որ ջուրն է անցնում խողովակից, դուք էլ այդպես չանցնեք ձեր արած աղոթքների խորհրդավոր խոսքերի միջից՝ լինի Սաղմոս, լինի ընթերցում, լինի պաշտոներգություն, լինի Սուրբ Պատարագի քահանայական աղոթք և այլն, այլ՝ լավ հասկանալով և, եթե կարելի է, արցունքով ու երկյուղածությամբ, իբրև թե դուք ձեր մտքից ու սրտից նոր էիք բխեցնում դրանք»։
Այս պահին սկսվում է բուն Պատարագը, այսինքն՝ Հիսուսի Մարմինը և Արյունը որպես զոհ մատուցելու մեծ Խորհուրդը։ Քահանան, իր ձեռնամած ձեռքերը Սկիհի վրա դրած, աղոթում է և օրհնում նշխարն ու գինին։ Զոհի վրա ձեռք դնելը Հին ուխտից է գալիս, ինչպես Մովսեսն էր պատվիրել, որ, երբ պատարագի ողջակեզ բերեին խորանի դռան առջև, քահանան ձեռքը նրա գլխին պիտի դներ, որպեսզի այն իրեն քավություն լիներ (Ղևտացվոց Ա 4, Ը 14, Ելից ԻԹ 10)։
Հետո Սկիհի ծածկոցը կես չափով բացում է, բարձրաձայն կարճ աղոթք ասում. «Շնորհօք և մարդասիրութեամբ…», խաղաղություն է տալիս ժողովրդին և ձեռնամած՝ մի քիչ աջ թեքվում՝ հայացքը հառած Սկիհին։