Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ անդամներ:
Ս. Պատարագի ընթացքում իր քարոզում Վրթանես Սրբազանը անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի ունեցած կարևոր դերին ու նշանակությանը: «Հայտնի ճշմարտություն է, որ քրիստոնեությունը խաղաղության ու հանդուրժողականության, համերաշխության ու ներդաշնակության, այսինքն` սիրո կրոն է, որ մարդկանց թելադրում է աշխարհում ապրել առանց տարաձայնությունների ու թշնամանքի: Թվարկված պայմանները ցանկալի են բոլորիս համար: Ամենքս էլ, սակայն, գիտակցում ենք, որ այսօր իրականության մեջ թվարկվածները պակասում են, ուստի անհրաժեշտություն է դառնում ունենալու մի զորավոր պատնեշ, որը կարող է հակադրվել բռնությանն ու բիրտ ուժին: Ամեն երկրի համար այդ զորությունը բանակն է: Քանի դեռ երկրի վրա տիեզերածավալ խաղաղություն և մարդկանց միջև հաճություն չի հաստատվել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետությունների ներքին և արտաքին անդորրն ապահովելու համար…
Մեր պետության պարագային զենքն ու բանակը երկրին կենսականորեն անհրաժեշտ են պաշտպանվելու նպատակով ու ոչ թե անօրեն ձգտումների և ոտնձգությունների` այլոց վրա արշավելու, ուրիշի սահմանները զավթելու և անմեղների արյունը հեղելու համար: Բանակներ կան, որոնք մահ են սփռում, բանակներ էլ` որոնք վերահաստատում են խաղաղությունն ու սերը: Ինքնապաշտպանությունը մարդու բնական, անկապտելի իրավունքներից մեկն է, որ ստիպում է ունենալ ուժեղ բանակ: Մեր երկրի վրա եկող թշնամին պետք է գիտակցի, որ իր բռնության դիմաց կարող է համարժեք պատասխան ստանալ. սրով է գալիս` կարող է սրից էլ ընկնել: Խաչը հոգևոր զենք է ընդդեմ չարի, որ պահպանում է ամեն ապավինողի, իսկ շրջվելով` դառնում ֆիզիկական զենք` պաշտպանելով նաև խաչին ապավինողի մարմինը: Այս առումով, հայ զինվորը պարտի գիտակցել, որ հաղթանակները չեն տրվում միմիայն զենքով, այլ հավատքի այն զորությամբ, որ դարեր շարունակ սերմանել են մեր մեջ մեր սուրբ և Քրիստոսաշավիղ հայրերը», – իր խոսքում մասնավորապես նշեց Սրբազան Հայրը:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ մեկ անգամ ևս ամենքին շնորհավորելով Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Հայոց բանակն իր զինվորների ու զորականների անձնվեր ծառայության շնորհիվ այսօր ապահովում է երկրի խաղաղությունը` անվրդով կյանք ստեղծելով մեր ժողովրդի ու Հայրենիքի համար: Վեհափառ Հայրապետը ՀՀ Զինված ուժերի սպասավորներին մաղթեց Տիրոջ օրհնության ներքո երկար տարիների քաջառողջ կյանք, արդյունավոր ծառայություն և նորանոր ձեռքբերումներ ի սեր Մայր Հայրենիքի և ի փառս մեր ժողովրդի:
Այնուհետև տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ Եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, տիար Գառնիկ Հայրապետյանին, գնդապետ Դանիել Բալայանին և գնդապետ Օնիկ Գասպարյանին:
Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցեց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց Բանակի օրվա առիթով բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները և գոհունակությամբ անդրադառնում Հայրենի մեր երկրին մատուցած Ձեր ծառայություններին: Արցախյան հերոսամարտի տարիներին հազարավոր մեր հերոս զավակների հետ միասին Դուք Ձեր կարողությունները հոգու ողջ նվիրումով ի սպաս բերեցիք մեր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Աստվածպարգև մեր հողի ազատագրման ծանր ու երկարատև պայքարում մեր ռազմական հաջողությունները կերտվեցին Ձեզ պես հայորդիների քաջության ու անձնազոհության շնորհիվ, ովքեր արիաբար դիմակայեցին հակառակորդի բոլոր հարձակումներին և հաղթական էջեր հավելեցին մեր արդի պատմությանը: Զինադադարի պայմաններում Դուք շարունակում եք տարբեր պաշտոններում արդյունավոր ծառայությամբ ավանդ բերել Հայոց Բանակի զորացմանը` ի խնդիր մեր երկրի ու ժողովրդի ապահովության ու առաջընթացի: Ձեզ շնորհված բազմաթիվ պետական ու զինվորական կոչումներն ու պարգևները արժանի վկայությունն են տասնամյակների Ձեր գովարժան վաստակի», – մասնավորապես նշված է շքանշանակիրներին շնորհված Հայրապետական կոնդակում: