Սուրբ Կույսի մշտնջենական կուսությունը (մշտակուսությունը) մի շատ հին հարց է, որը Եկեղեցու հայրերը քննարկում էին երկրորդ եւ երրորդ, ինչպես նաեւ չորրորդ եւ հինգերորդ դարերում։
Հիշում եմ, 1962¬ին թարգմանեցի Հերոնիմոսի մի գործը՝ գրված 383-ին, ուր նա ընդդեմ Հելվիդիոս կոչվող մեկի սխալ տեսության պաշտպանում է ս. Կույսի մշտակուսությունը։ Արդի բողոքական բոլոր հայացքներն այս նյութի մասին հիմնված են Հելվիդիոսի տեսության վրա։
Սուրբգրային այն խոսքերը, որոնց վրա են հիմնվում սուրբ Կույսի մշտակուսությունը մերժողները
ա) «Նրա անդրանիկ որդին» խոսքը (Ղուկ. Բ 7, Մատթ. Ա 25), որի «անդրանիկ»¬ը բողոքականները հասկանում են իբրեւ առաջին՝ ուրիշ զավակների մեջ։
բ) Ս. Կույսի մասին Հովսեփին ասված «քո կինը» արտահայտությունը (Մատթ. Ա 20) եւ ընդհանրապես «կին» բառի գործածությունը, երբ խոսվում է սուրբ Կույսի մասին։
գ) «Չգիտեր նրան, մինչեւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն»
(Մատթ. 1; 25) եւ «Նախքան նրանց՝ իրար մերձենալը պարզվեց, որ հղի է Սուրբ Հոգով» (Մատթ. 1; 18) խոսքերը։
դ) Այն համարները, որոնք նշում են «Նրա եղբայրներին», այսինքն՝ Տեր Քրիստոսի եղբայրներին, ինչպես՝ Մատթ. 12; 46, 13; 54-56, Մարկ. 6; 1-3, Հովհ. 2; 12, Գործք 1; 14, Գաղ. 1; 19։
Այժմ Աստծո օգնությամբ կպատասխանենք այս բոլորին։ «Նրա անդրանիկ Որդին» «Սուրբ Գիրքը» հստակորեն ցույց է տալիս «անդրանիկ» բառի նշանակությունը։ Նախքան ահարոնյան քահանայության հաստատումը Աստվածային Ներշնչանքն ասում է. «Սրբագործիր դու Ինձ համար ամեն անդրանիկ ծնունդ, որ բացում է ամեն արգանդ Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչեւ անասուն, քանզի այն Իմն է» (Ելք 13; 2)։ Արգանդ բացող ամեն արու զավակ նվիրվում էր Աստծուն, անկախ նրանից, թե ուրիշը ծնվում էր նրանից հետո, թե ոչ։ Անշուշտ, ծնողները չպիտի սպասեին, մինչեւ ծնեին եղբայր նրա համար (որով եւ նա անդրանիկ էր դառնում), որպեսզի նրան նվիրեին Աստծուն, ոչ էլ անասուն պահողներն անդրանիկ արու կենդանու ծնվելուց հետո պիտի սպասեին, որ նրանից հետո մի ուրիշն էլ ծնվեր, որ առաջինին նվիրեին Աստծուն։ Ընդհակառակը՝ անդրանկի ծնվելու պահից իսկ նա նվիրվում էր Տիրոջը, ոչ թե որ նա եղբայրների մեջ առաջինն էր, այլ որ բացել էր մոր արգանդը։ Հետեւաբար, հնարավոր էր նաեւ, որ անդրանիկը լիներ ծնողների միակ զավակը։ Ուստի Տեր Քրիստոսն անդրանիկ եւ միածին Որդին էր։ Եվ Հերոնիմոսն իրավացի է, երբ ասում է, որ ամեն միակ որդի անդրանիկ որդին է, սակայն ոչ ամեն անդրանիկ միակ որդին է։ «Անդրանիկ» բառը վերաբերում է ոչ թե այն անձին, ով իրենից հետո ծնված եղբայրներ ունի, այլ ով իրենից առաջ ծնված ոչ ոքի չունի։ Անմաքուր կենդանիների առաջին ծնունդներին կարող էին փրկել, երբ մեկամսական էին, իսկ սուրբ կենդանիների առաջին ծնունդներն իբրեւ զոհ էին մատուցում Տիրոջը (Թվեր 18; 16¬17), առանց սպասելու ուրիշ ձագերի ծնվելուն։ Նրանք անդրանիկ էին, եթե նույնիսկ նրանցից հետո ուրիշը չէր ծնվում։ Այդպես եւ Տեր Քրիստոսն էր սուրբ Կույսի անդրանիկը, եւ Նրա ծննդից քառասուն օր հետո (ծննդաբերությունից հետո Կույսի մաքրման օրը) զոհ մատուցվեց Նրա համար, ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Երբ նրա սրբագործման օրերը լրացան Մովսեսի Օրենքի համաձայն, Նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2; 22¬24)։
Այստեղից երեւում է, որ անդրանկի այս օրենքը Տեր Քրիստոսի համար գործադրվել է Նրա ծննդից հետո քառասներորդ օրը, եւ իհարկե այստեղ ոչ մի կապ չկա անդրանիկ ծնունդի եւ նրանից հետո այլ եղբայրների ծննդյան միջեւ։ Այս առնչությամբ Հերոնիմոսը հարցնում է. երբ Տերը հարվածեց եգիպտացիների բոլոր անդրանիկներին, Նա հարվածեց միայն նրանց, ովքեր եղբայրնե՞ր ունեին, թե՞ ամեն անդրանկի, որ բացել էր իր մոր արգանդը, անկախ նրանից՝ եղբայրներ ուներ, թե ոչ։ «Քո կինը» «Կին» բառով կոչում էին ցանկացած նշանված կնոջ՝ անմիջապես նշանադրությունից հետո։ Հովսեփին հրեշտակի ասած «Մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու քո կին Մարիամին, որովհետեւ նրանում հղացվածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. Ա 20) խոսքը մեկնելիս ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Այստեղ հրեշտակը նշանվածին կոչում է «կին», ինչպես Սուրբ Գիրքը նշանված զույգին նախքան ամուսնությունը կոչում էր «այր եւ կին»»։ Ս. Հովհանը նաեւ ասում է. «Ի՞նչ է նշանակում «վերցրու նրան քեզ մոտ» արտահայտությունը։ Նշանակում է՝ պահիր նրան քո տանը…. իբրեւ Աստծուց եւ ոչ թե նրա ծնողներից քեզ հանձնվածի։ Նա քեզ է հանձնվել ոչ թե նրա հետ ամուսնության համար, այլ թույլ տալու, որ նա ապրի քեզ հետ, ինչպես Տեր Քրիստոսն Ինքը հետագայում հանձնեց նրան Իր աշակերտ Հովհաննեսին» (Մատթեոսի Ավետարանի մեկնություն, Ճառ 4, հատված 11)։ Հերոնիմոսը նույնպես ասում է, որ «կին» էին կոչվում նաեւ նշանված օրիորդները։ Սա հստակ երեւում է հետեւյալ խոսքերից. «Եթե մի կույս աղջիկ նշանված լինի տղամարդու հետ եւ նրան քաղաքում գտնի մի մարդ ու ննջի նրա հետ, երկուսին էլ հանեք նրանց քաղաքի դուռը, քարկոծեք նրանց, եւ թող մեռնեն։ Աղջկան՝ որովհետեւ քաղաքում չաղաղակեց, իսկ տղամարդուն՝ որ լլկեց իր ընկերոջ կնոջը» (Բ Օր.22; 23¬24)։ Եվ՝ «Այն մարդը, ով նշանվել է կնոջ հետ եւ դեռ չի ամուսնացել….» (Բ Օր. 20; 7)։ Այսպիսով, Սուրբ Գիրքը նշանված աղջկան «կին» է կոչում իբրեւ կին արարածի եւ ոչ թե իբրեւ ամուսնացած մեկի։ Մեր մայր Եվան առաջինը կոչվեց «կին», որովհետեւ ստեղծվելիս վերցվել էր Մարդուց (Ծննդ. 2; 23)։ Այնուհետեւ կոչվեց «Եվա», որովհետեւ մայրն է բոլոր ողջերի (Ծննդ. 3; 20)։ Հետեւաբար «կին» բառը ցույց է տալիս նրա ստեղծումը եւ իգությունը, մինչ «Եվա» անունը՝ նրա մայրությունը։ Որ սուրբ Կույսի համար գործածված «կին» բառը նրա նշանված եւ ոչ թե ամուսնացած լինելն է ցույց տալիս, հստակ երեւում է մեկ այլ վկայությամբ՝ ս. Ղուկաս ավետարանչի հետեւյալ խոսքում. «Գնաց նաեւ Հովսեփը Գալիլեայի Նազարեթ քաղաքից…. մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի՝ իր նշանած կնոջ հետ, ով հղի էր» (Ղուկ. Բ 4¬5)։ Նշանակում է «Մի վախեցիր քեզ մոտ վերցնել քո կնոջը» խոսքում «քո կնոջը» արտահայտությունը նշանակում է «քո նշանածին»։ Ուրեմն, ս. Մարիամը «կին» էր կոչվում ո՛չ որովհետեւ կորցրել էր կուսությունը, քա՛վ լիցի, Սուրբ Գիրքը վկայում է, որ Հովսեփը «չգիտեր նրան», այլ որովհետեւ սա էր հրեաների մեջ տարածված սովորական ձեւը նշանված կույսի համար։ Եվ իգական սեռի ցանկացած ներկայացուցիչ նույնպես սովորաբար կոչվում էր «կին», ինչպես Եվան, ով այսպես կոչվեց անմիջապես իր ստեղծումից հետո եւ նախքան դրախտից վտարումն ու զավակներ ծնելը։
Նկատելի է, որ հրեշտակը «քո կինը» արտահայտությունը չի գործածում Տեր Քրիստոսի ծնունդից հետո։ Նա ասում է Հովսեփին. «Վե՛ր կաց, վերցրու Մանկանն ու Նրա Մորը, փախիր Եգիպտոս» (Մատթ. 2; 13)։ Եվ Եգիպտոսից նրանց վերադարձի համար հրեշտակը Հովսեփին ասում է. «Վե՛ր կաց, վերցրու Մանկանն ու Նրա Մորը եւ գնա Իսրայելի երկիրը» (Մատթ. 2; 20)։ Եվ Հովսեփն էլ վարվում է թելադրվածի համաձայն, թե՛ Եգիպտոս գնալիս, թե՛ այնտեղից վերադառնալիս, երբ «վեր կացավ, վերցրեց Մանկանն ու Նրա Մորը» (Մատթ. 2; 14, 21)։ Այսպիսով, Սուրբ Գիրքը «քո կինը» արտահայտությունն այլեւս չի գործածում։ Այս բառերը գործածվում են միայն ս. Մարիամի հղիությունից առաջ եւ հետո՝ նրան պաշտպանելու համար, որպեսզի հրեաները չքարկոծեին նրան նախքան ամուսնությունը հղիացած լինելու համար։ Տեր Հիսուսի ծնունդից հետո Աստվածային Ներշնչանքը չի գործածել այս բառերը ո՛չ հրեշտակի՝ Հովսեփին ուղղած խոսքում, ո՛չ երբ պատմում է, թե Հովսեփն ինչ արեց, ո՛չ արեւելքի իմաստունների մասին խոսելիս, ուր ասվում է, թե նրանք տեսան Մանկանն Իր Մայր Մարիամի հետ (Մատթ. 2; 11), ոչ էլ հովիվների մասին խոսելիս, երբ ասվում է, թե նրանք գտան Մարիամին ու Հովսեփին եւ մսուրում պառկած Մանկանը (Ղուկ. 2;16)։
«Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը» արտահայտությունը Ավետարանիչը կամենում էր ցույց տալ, որ Տեր Քրիստոսը հղացվել է կույսից, ով տղամարդ չգիտեր՝ երկու պատճառով.
ա) Նախ՝ ապացուցելու համար, որ Տեր Քրիստոսը բնական ծննդյամբ չի ծնվել՝ հորից ու մորից, ինչպես մնացած մարդիկ, այլ կույսից՝ իբրեւ վկայություն Նրա Աստվածության. «….որովհետեւ նրանում հղացվածը Սուրբ Հոգուց է» (Մատթ. 1; 20)։
բ) Երկրորդ՝ որպեսզի տղամարդ չգիտեցած կույսից Նրա ծնունդով հավատայինք, որ Նա չի ժառանգել սկզբնական մեղքը եւ, հետեւաբար, կարող է փրկել մեզ. որովհետեւ մեղք չունենալու դեպքում է, որ Նա կարող էր մեռնել մեղավորների համար։ Նշանակում է՝ առաքյալի համար կարեւոր էր պարզապես նշել այն փաստը, որ Կույսը Տեր Քրիստոսին ծնելուց առաջ ոչ մի տղամարդ չգիտեր, այսինքն՝ որ Քրիստոսը կույսից է ծնվել։ Իսկ որ նա տղամարդ չգիտեր նաեւ ծնելուց հետո, սա ինքնըստինքյան ակնհայտ է։ «Չգիտեր նրան, մինչեւ….» արտահայտությունը «Մինչեւ» բառը վերաբերում է նախորդող պնդմանը եւ չի տարածվում որեւէ հետեւող պնդման վրա։ Սա լուսաբանելու համար կարելի է բերել շատ օրինակներ։
ա) Սուրբ Գիրքը Սավուղ արքայի դուստր Մեղքողի մասին ասում է, թե նա մինչեւ իր մահը զավակներ չունեցավ (Բ Թագ. Զ 23)։ Անշուշտ իր մահվանից հետո նույնպես նա զավակներ չծնեց։
բ) Տեր Քրիստոսն ասում է. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը» (Մատթ. ԻԸ 19)։ Անշուշտ աշխարհի վերջից հետո նույնպես Նա մեզ հետ է լինելու։
գ) Հայր Աստված ասում է Տեր Քրիստոսին. «Նստիր Իմ աջ կողմում, մինչեւ թշնամիներիդ քո ոտքերի համար պատվանդան դնեմ» (Սաղմ. 109 1)։ Անշուշտ Տեր Քրիստոսը սրանից հետո էլ պիտի շարունակի մնալ Իր Հոր աջ կողմում։ Հետեւաբար, պարտադիր չէ, որ «մինչեւ» բառին հաջորդող եւ նախորդող պնդումները հակառակ իմաստն արտահայտեն։ Հովսեփը չգիտեր Մարիամին, մինչեւ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, ոչ էլ գիտեցավ դրանից հետո։ Որովհետեւ եթե նա հրաժարվել էր Մարիամին դիպչելուց նախքան Տեր Քրիստոսի ծնունդը, առավել տրամաբանական էր, որ նրան չպիտի դիպչեր նաեւ Տիրոջ ծնունդից եւ այն բանից հետո, որ դարձավ վկա հրաշքներին, հրեշտակներին, Արեւելքից եկած մոգերին ու մարգարեությունների իրականացմանը եւ համոզվեց, որ Տերը ծնվել է Սուրբ Հոգուց եւ Բարձրյալի Որդին է, Սուրբը, Էմմանուելը եւ Փրկիչը, ում վրա իրականացավ Եսայի մարգարեի կանխատեսությունը. «Ահա Կույսը կհղիանա եւ Որդի կծնի, եւ Նրան կկոչեն Էմմանուել» (Ես. Է 14)։ Եվ՝ «Որովհետեւ մեզ համար Մանուկ ծնվեց, մեզ Որդի տրվեց, ում իշխանությունն Իր ուսերին է։ Եվ Նրա անունը կոչվեց Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի, խորհրդակից, Հզոր Աստված, Իշխան, Հայր գալիք աշխարհի։ Եվ Ես խաղաղություն կբերեմ Նրա իշխաններին եւ առողջություն՝ Նրան։ Մեծ է Նրա իշխանությունը, եւ Նրա խաղաղությանը չկա սահման։ Դավթի աթոռին կնստի, Նրա արքայությունը կհաջողեցնի, այն կզորացնի իրավունքով ու արդարությամբ՝ այսուհետեւ եւ հավիտյան» (Ես. 9; 6¬7)։ Հավանաբար հրեշտակն այս մարգարեության վերջին տողերն է մեջբերել ս. Կույսին Տիրոջ ծննդյան ավետիսը տալիս։
«Նրա եղբայրները» արտահայտությունը. «Եղբայր» բառը եբրայերենում կարող է նշանակել նաեւ խորթ եղբայր, ինչպես նաեւ մերձավոր ազգական։ Սուրբ Գրքում կան այս մասին վկայող շատ օրինակներ։
ա) Հակոբն ու նրա քեռի Լաբանը։ Սուրբ Գիրքը Հակոբի եւ Ռաքելի հանդիպման մասին պատմելիս ասում է. «Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին եւ իր մորեղբայր Լաբանի ոչխարները, մոտեցավ, տապալեց քարը ջրհորի բերանից եւ իր մորեղբայր Լաբանի ոչխարներին ջուր խմեցրեց։ Եվ Հակոբը համբուրեց Ռաքելին եւ բարձրաձայն լաց եղավ։ Եվ Հակոբը պատմեց Ռաքելին, որ ինքը նրա հոր եղբայրն է» (Ծննդ. 29; 10¬12)։ Հակոբը Ռաքելի հորը կոչում է իր եղբայրը, թեեւ իր մորեղբայրն էր, ինչի մասին մի քանի անգամ նշվեց այս հատվածում։ Լաբանը նույնպես նույն բառն է գործածում, երբ հարցնում է Հակոբին վերջինիս վարձատրության մասին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ձրի չպիտի ծառայես ինձ։ Ասա՛ ինձ՝ ո՞րն է վարձդ» (Ծննդ. 29; 15)։ Լաբանը Հակոբին եղբայր է կոչում, թեեւ իր քրոջ որդին էր։ Նշանակում է՝ վերաբերյալ օրինակում «եղբայր» բառը գործածվում է մերձավոր ազգականի իմաստով։
բ) Աբրահամ եւ Ղովտ։ Ղովտն Աբրահամի զարմիկն էր (նրա եղբայր Առանի որդին Ծննդ. 11;31)։ Սակայն երբ Սուրբ Գիրքը խոսում է Սոդոմի ժողովրդի հետ Ղովտի գերի վերցվելու մասին, ասում է. «Երբ Աբրահամը լսեց, որ իր եղբայրը գերեվարվել է, զինեց իր երեք հարյուր տասնութ ընդոծին ծառաներին» (Ծննդ. 14; 14)։ Այստեղ Ղովտն Աբրահամի եղբայրն է կոչվում, թեեւ նրա եղբորորդին է, եւ պատճառը մերձավոր ազգականությունն է։ Այս նույն կերպ նաեւ Տեր Քրիստոսի զարմիկներն էին կոչվում «Հիսուսի եղբայրներ»։
Ովքե՞ր են Տիրոջ եղբայրները։
Երբ Տերը եկավ Իր հայրենի գավառ, մարդիկ ասացին. «Սա հյուսնի որդին չէ՞։ Սրա մոր անունը Մարիամ չէ՞։ Եվ Սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չե՞ն։ Եվ Սրա քույրերը՝ բոլորը մեզ մոտ չե՞ն» (Մատթ. 13; 55¬56, Մարկ. 6; 1¬3)։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ տեսել է Տիրոջ եղբայր Հակոբոսին (Գաղ. 1; 19)։ Այս Հակոբոսը կոչվում է «Փոքրիկ» (Մարկ. 15; 40)՝ տարբերվելու համար Զեբեդեոսի որդի Հակոբոսից։ Նա կոչվում է նաեւ «Ալփեոսի որդի» (Մատթ. 10; 3) եւ մեկն էր առաքյալներից, ինչպես երեւում է (Գաղ. 1; 19 , 51)։ Ս. Մատթեոս առաքյալն ասում է, որ Տիրոջ խաչի մոտ շատ կանայք կային, որոնց թվում էին «Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի եւ Հովսեսի մայր Մարիամը եւ Զեբեդեոսի որդիների մայրը» (Մատթ. 27; 56)։ Ո՞վ էր ուրեմն Հակոբոսի եւ Հովսեսի մայր Մարիամը։ Ս. Կույս Մարիա՞մը։ Արդյո՞ք տրամաբանական է ասել, թե ս. Կույսը ծնեց այս բոլոր երեխաներին։ Իհա՛րկե ոչ։ Այդ Մարիամը Ալփեոսի կամ Կղեովպասի կին Մարիամն էր, ում ս. Հովհաննես առաքյալը հիշատակում է Հովհ. 19; 25 համարում. «Հիսուսի խաչի մոտ կանգնել էին Նրա Մայրը, Նրա մորաքույրը՝ Կղեովպասի կին Մարիամը, եւ Մարիամ Մագդաղենացին» (Հովհ. 19; 25)։ Հետեւաբար, պարզ է, որ «Տիրոջ եղբայրները» Նրա մորաքույր Մարիամի՝ Կղեովպասի կնոջ՝ Հակոբոսի, Հովսեսի եւ նրանց եղբայրների մոր որդիներն են։ Իսկ ինչ վերաբերում է Կղեովպաս եւ Ալփեոս անունների տարբերությանը, դա կարող է արտասանության տարբերություն լինել, կամ ինչպես Հերոնիմոսն է ասում, «սովորաբար Սուրբ Գիրքը մեկից ավել անուններ է տալիս մեկ անձի։ Օրինակ՝ Մովսեսի աները՝ Հռագուելը, կոչվում է նաեւ Հոթոր (Ելք 2; 18, 4; 18)։ Գեդեոնը կոչվեց Հերոբաաղ (Դատ. 6; 32), Պետրոսը՝ Սիմոն եւ Կեփաս (Մատթ. 10; 2), եւ Հուդա Նախանձահույզը՝ Թադեոս (Մատթ. 10; 3)»։
Որոշ լուսաբանություններ
ա) Անտրամաբանական է, որ Տեր Քրիստոսը խաչի վրա Իր Մայր Մարիամին հանձներ Իր աշակերտ ս. Հովհաննեսին, եթե ս. Մարիամն ուներ վերոնշյալ բոլոր որդիներին։ Եթե նրանք լինեին, ապա ս. Մարիամը նրանց խնամքին կհանձնվեր։
բ) Նկատելի է, որ Սուրբ Գիրքը Հովսեփի եւ Մարիամի՝ Եգիպտոս գնալու եւ այնտեղից վերադառնալու մասին պատմելիս, Հիսուսից բացի, Մարիամի ուրիշ զավակների մասին չի նշում (Մատթ. Բ 14, 20,21)։ Նույնը վերաբերում է նրանց ուղեւորությանը Երուսաղեմ, երբ Տեր Քրիստոսն արդեն տասներկու տարեկան էր (Ղուկ. Բ 43)։
գ) Ճիշտ չէ որոշ մարդկանց այն պնդումը, թե «Հիսուսի եղբայրները» Հովսեփի զավակներն են ուրիշ կնոջից, ով արդեն մահացել էր։ Որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, որ Հակոբոսի եւ Հովսեսի մայր Մարիամը Տիրոջ խաչելության եւ թաղման ժամանակ ներկա էր, ինչպես արդեն նշել ենք (Մարկ. 15: 47)։
դ) Կա մի հստակ աստվածաշնչյան համար Եզեկիելի մարգարեության մեջ, որ ցույց է տալիս ս. Մարիամի մշտակուսությունը։ Եզեկիել մարգարեն տեսնում է մի դուռ, որը նայում է դեպի արեւելք, եւ նրան ասվում է. «Այս դուռը փակ պիտի մնա եւ չբացվի։ Դրանով ոչ ոք պիտի չանցնի, որովհետեւ Իսրայելի Տեր Աստվածը դրանով մտավ, եւ պիտի փակվի» (Եզեկ. 44: 2)։ Այս դուռը ս. Կույսի որովայնն է, որով Տերը մտավ, ուստի այն մնաց փակված, եւ ոչ մի այլ զավակ այնտեղ չմտավ։