Ոչ միայն զարմանալի են երանելի Թեոդորիտոս վկայի առաքինի և աստվածասեր հոժարությունը և համբերության կարծրությունը, այլև հաստատուն և անշարժ հավատը, որ ուներ առ Աստված: Նա Հուլիանոս արքայի ժամանակ, մանավանդ բռնավորի և ոչ արքայի, վկայեց Անտիոք քաղաքում. ոչ միայն իր անձը բարի օրինակ ցույց տվեց մարդկանց, լինելով Քրիստոսի հավատարիմ վկա, այլև սքանչելի և զարմանալի երևաց բոլորի մեջ, անպարտելի և հաղթող ախոյան եղավ սատանայի դեմ, որ և անեղծության պսակ ստացավ և երկինք մտնելու արժանավոր եղավ և` վերին քաղաքի քաղաքացի: Ինքը եղավ հալածանքների սկիզբ և ավարտ, և Քրիստոսի բոլոր մյուս ծառաներին շեղեց սպառնալիքներից, որ սպասվում էին, Քրիստոսի թագավորության անպարտելի և հաղթող վկա եղավ:
Հուլիանոսի թագավորության առաջին տարում, մինչդեռ նորընծա էր իբրև թագավոր` կասկած ուներ Կոստանդիանոս մեծ արքայի թշնամությունից. մտածում էր, թե նույն սրով, որով իր հայրը մեռավ` կմեռնի, որ այնքան և այնպիսի եպիսկոպոսներով երբեմն փրկվեց մահից, թաքնվելով Աստծու սուրբ սեղանի ետևը, եղավ աստվածային Գրքի գիտակ ու ընթերցող: Ինչ–որ ժամանակ անց, հանգավ աստվածասեր Կոստանդիանոսը, և Հուլիանոսը վերցնելով թագավորությունը` ոչ միայն հավատքը անարգեց, այլև թշնամանքի ու անհնարին վտանգի էր ենթարկում Աստծու մտերիմներին, և կռապաշտներից շահում էր պարգևներ ու պատիվներ, բազմաթիվ մարդկանց մոլորեցնում էր այդպիսի բաներով, մինչև իր քեռուն և անվանակցին` Հուլիանոսին ապստամբեցրեց Աստծու հավատից ու հույսից, ընդունելու կուռքերի մոլորությունը: Իր քեռի Հուլիանոսը նրան հայտնեց, որ Անտիոքի եկեղեցին ոսկու և արծաթի բազում նվերներ ու սպասքեղեն ունի, [հուշելով, թե պետք է] վնասակար պատճառ գտնել կողոպտելու ոչ միայն սպասքն ու նվերները Աստծու եկեղեցու, որին հավատարիմ չեղավ Հուլիանոսը, այլև բոլոր քահանաներին փախստական դարձնելու, մինչև որ Աստծու սուրբ եկեղեցիները փակվեցին, և հալածանքների և սպասքը կողոպտելով ցրելու պատճառով բոլորը [փախան]` ով ուր կարող էր, ապրել և ծառայել Աստծուն:
Իսկ սուրբ Թեոդորիտոսը Անտիոքի կաթողիկե եկեղեցու երեցն էր, ո՛չ քաղաքից մեկնեց և ո՛չ խափանեց պաշտամունքը` եղբայրներով հանդերձ մտնելով եկեղեցի, հավաքելով ժողովրդին, պարտ ու պատշաճ աղոթք մատուցելով: Ժամերգության պահին վրա է հասնում Հուլիանոս արքայի քեռին. սա ևս իշխանություն էր ստացել և արքունի բոլոր գործերին հավատարիմ էր: Եվ բնավ չէր դադարում հանապազորդ աղոթք մատուցել Աստծուն ամեն առիթով: Եվ դա կայսրի համար ավելի հպարտություն էր համարում: Հրաման տվեց բռնել և առաջինին` ամենօրյա խոսքերով և շղթաներով, աղտեղի տեղերում արգելափակելով ահ էր տարածում, հետո նաև դուրս հանել և մինչև վերջ թշնամանել ու նախատել հրամայեց նրանց, որ ինչպես ինքը, չէին ճանաչում Աստծուն, և կամքով ու մտքով նման էին իրեն: Բայց զնդանում ոմանք այնպիսի աստվածասեր այրի մեծաշուք վեհությունից ակնածում էին, այլև հասու լինելով նրա գիտությանը` գիտեին պիտանի մարդու ուղիղ կարգերն ու պարկեշտ վարքը, քանի որ միշտ և հանապազ, ամեն ժամանակ աղոթք էր անում: Շատերը մտքում վարանում էին այնպիսի աստվածասեր մարդուն թշնամանել և երբեք չէին համարձակվում որևէ անարգանքի: Բազում օրեր հետո Հուլիանոսը հասու եղավ վկայի անպարտ և անշարժ մտքին, որ օր–օրի զորանում էր և վառվում հավատքով: Խորհուրդ արեցին մինչև իսկ տանել ատյան և գիշերով սպանել նրան: Բայց ավելի լավ համարեցին ուրիշներին ահաբեկելու համար հարվածներով վնասել այնպիսի մարդուն: Բայց դա ևս Աստծու շնորհներից էր, որ այդպիսի հավատացյալ այրը անփորձ և աննշան մահով չվերջացնի իր կյանքը: Ոչ թե չէր եղել բոլորի աչքի առաջ, Աստծու հանդեպ վաստակների վարձը կորցնում էր, այլ իր անձը օրինակ էր դարձնում Քրիստոսի բոլոր հավատացյալների համար:
Երբ բերին մտցրին ատյան, ձեռքերը ետևը կապած և մի ձող թիկունքին անցկացրած, անօրեն դատավորն ասաց. «Դո՞ւ ես Թեոդորիտոսը, որ Կոստանդիանոս կայսեր ժամանակ կործանում էիր աստվածների արձանները և ավերում աստվածների մեհյանները, կառուցում եկեղեցիներ ու մեռելների գերեզմաններ, որոնք և մատուռ էիք անվանում»: Թեոդորիտոսն ասաց. «Ես քրիստոնյա եմ և աղոթում եմ, որ մինչև վերջ նույնը լինեմ և դառնամ Քրիստոսի հավատարիմ վկա: Ես երբեք ո՛չ եկեղեցի եմ կառուցել, ո՛չ մատուռ, որովհետև հաստատել և կառուցել են նախնիները»: Հուլիանոսն ասաց. «Աստվածների արձանները կործանեցիր և այժմ չքմեղանում ես ու չես պատասխանում»: Թեոդորիտոսն ասաց. «Ես աստվածներին երբեք չեմ կործանել, որովհետև չեղածը ի՞նչպես կործանես, այլ կործանեցի անշունչ արձաններն ու նրանց տները, կարողանալու համար փրկել կռապաշտությունից մոլորված մարդկանց հոգիները, որովհետև սուրբ Գիրքը հենց այդ պատվիրեց»: Հուլիանոսն ասաց. «Քանի որ ինքդ խոստովանեցիր` կրիր պատուհասի պատիժը, որ հանդգնեցիր այդպիսի գործ անել»: Թեոդորիտոսն ասաց. «Աստվածապաշտ և աստվածասեր Կոստանդիանոսի ժամանակ կատարեցի դա, և չզայրացավ [նա], որ իշխանություն ուներ: Բայց զարմացած եմ քեզ վրա` ինչո՞ւ այժմ կուռքերի վրեժխնդիր դարձար»:
Հուլիանոսն ասաց. «Հարվածեցեք դրա կողերին, որ համարձակվեց աստվածներին կուռք կոչել»: Եվ գանահարվելուց հետո Թեոդորիտոսն ասաց. «Հանցանք ես գործում, Հուլիանո՛ս, որ միակ ճշմարիտ Աստծու և ամենակալի անունով կոչում ես կուռքերին, աստված ես անվանում այժմ կռածներին ու արարվածներին»: Հուլիանոսն ասաց. «Խփեցե՛ք հանդուգնի երեսին, որ համարձակվեց հայհոյել աստվածներին»: Թեոդորիտոսն ասաց. «Դարձյալ տակավին քեզ սովորեցնում եմ, Հուլիանոս, արձանները, որ դու աստված ես անվանում, կրտսեր են արձանագործներից և նրանց հետ, նրանց նման ապականելի են. ոչ բարիք և ոչ չարիք կարող են պատճառել արարածներին: Իսկ դու հրամայում ես գանահարել ինձ, որովհետև քեզ ճշմարիտն եմ ցույց տալիս»: Հուլիանոսն ասաց. «Այժմ ծեծ կերար և ըմբոստացած փոքր–ինչ, այնպիսի տանջանք կկրես, որով չես կարող հանդարտվել, եթե չկատարես աստվածների արժանին ու օրենքը, որովհետև այդպես հրամայեց քաջ արանց արքա Հուլիանոսը»: Թեոդորիտոսն ասաց. «Ես քեզ նախապես ասացի և դարձյալ ասում եմ` մի՛ մեղանչիր և աստված մի՛ կոչիր մարդկանց ձեռակերտներին, այլ հրաժարվիր ժամանակավոր ամբարտավանությունիցդ, որով հանդգնեցիր աստվածամարտ լինել, ճանաչիր միակ Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը»: Հուլիանոսն ասաց. «Քրիստոսին ևս Աստված չես համարում, որ քեզ քրիստոնյա ես կոչում»: Թեոդորիտոսն ասաց. «Քրիստոսը մարդկանց փրկիչն է, որ թվում է գիտես, բայց չգիտես, Հոր Բանն ու զորությունն է և իմաստությունը, Աստծու միածին Որդին, որ Հորից առաքվեց մարդկանց փրկության համար և մարդկային մարմին հագավ, որպեսզի ազգականությամբ մարդկանց մերձեցնի Աստծուն, ազատի մոլորությունից ու կռապաշտությունից և սովորեցնի ճանաչել ճշմարիտ Աստծուն»: Հուլիանոսն ասաց. «Խոսքի ճշմարտության մասին ճոռոմաբանելով ետ ես շրջվել մանկությունից ի վեր և առասպելներ ես հոդում, որով կարող ես մոլորեցնել մարդկանց»: Թեոդորիտոսն ասաց. «Երբեմն դու ևս ճանաչում էիր Աստծուն և խոստովանում ճշմարտությունը, իսկ այժմ դարձար խաբեության, երբ աշխարհական ամբարտավանությամբ հպարտացար և կուռքերին աստված համարելով ճշմարտությունը խաբեություն ես անվանում»:
Հուլիանոսն ասաց. «Ա՛յ չարագործ և դրուժան, ինձ թվում է, դու այժմ Աթենքից ես եկել»: Թեոդորիտոսն ասաց. «Ես Աթենք քաղաքից չեմ եկել և աշխարհական գիտության խրատը չեմ վայելել, այլ աստվածային Գրքի իմաստությամբ եմ համակվել: Պատասխանում եմ ըստ քո հարցումների և աղոթում եմ, որ դու վերստին լավության դառնաս»: Հուլիանոսը զայրանալով հրամայեց կապել նրան մի ձողի և ամրացնել: Եվ դահիճները հրամանը կատարեցին, պարանով և անիվով պրկեցին երանելի վկայի բոլոր անդամները, և ջիլերը այնքան երկարեցին, մինչև որ այրը թվում էր ութ կանգունանի: Եվ երբ այսպես եղավ, Հուլիանոսն ասաց. «Գոնե այժմ տանջանք զգացի՞ր, Թեոդորիտո՛ս, հրաժարվելով մի մեռած կախարդից` կերկրպագե՞ս կուռքերին»: Իսկ սուրբը և առավել սուրբ վկան, բարձրաձայն խոսելով, լուրջ և զվարթ դեմքով պատասխանեց. «Մոռացա՞ր, – ասում է,– Հուլիանո՛ս, գեղեցիկ խրատը, որ տվի քեզ, թե աստված մի՛ անվանիր փայտեղեն ու քարեղեն, մեռելների ոսկորներից պատրաստված արձանները, այլ ճանաչիր Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ նրանց մեջ է, և Նրա Բան միածին Հիսուս Քրիստոսին` փրկիչ մարդկանց և ամբողջ աշխարհի, աշխարհաստեղծ»: Հուլիանոսն ասաց. «Մի մարդու, որ խաչվեց, մեռավ և թաղվեց, աշխարհի արարիչ ես կոչում, ա՛յ ընդդիմացած հանդուգն»: Թեոդորիտոսն ասաց. «Քեզ սովորեցնում եմ պաշտել Խաչվածին, մեռածին և թաղվածին, որ մարմնով հանդերձ երկինք բարձրացավ, Հոր անծին Որդուն, որ Բանն Աստված է, և քարոզիչ ու գուշակ եղավ աստվածային գաղտնիքների` ըստ Հոր կամքի, որ պատվիրեց արհամարհել անմռունչ կուռքերը, որ հենց քո աչքի առաջ կտոր–կտոր կկոտորեմ, և չեն կարող ինձ որևէ վնաս պատճառել, քանի որ ինձ օգնական ունեմ Աստծուն»: Հուլիանոսն ասաց. «Եթե աստծուց վախենում ես` հնազանդ եղիր թագավորների հրամանին, քանի որ գրված է. «Թագավորների սիրտը Աստծու ձեռքին է» (Առակ. ԺԱ. 1): Թեոդորիտոսն ասաց. «Եթե կարդացել ես այն, որ ասացիր, պարտավոր ես կարդացածդ ըմբռնել, իսկ եթե լսել ես և կարգին չես հասկացել` սովորիր ինձնից: Արդարև ճշմարիտ է` «Թագավորի սիրտը Աստծու ձեռքին է»,– ո՛չ կռապաշտի, այլ Աստծուն ճանաչողի, որովհետև նրան, որ այնքան անագորույն է մարդկանց նկատմամբ և չի հավատում Աստծուն` պետք է կոչել բռնավոր և ոչ թե թագավոր: Թագավորի սիրտը Աստծու ձեռքին է, իսկ բռնավորինը` ամենևին ոչ»: Հուլիանոսն ասաց. «Կյանքից ձեռք քաշած հանդուգն, համարձակվեցիր արքային բռնավոր կոչել»: Թեոդորիտոսն ասաց. «Ով այսպես է հրաման տալիս և այնպես է ինչպես դու ես ասում, ոչ միայն բռնավոր է, այլև ամբարիշտ քան բոլոր մարդիկ»:
Հուլիանոսը ցասումով լցվեց և հիշելով մոլորությունը` հրաման տվեց այծյամի կճղակներով քերել նրան: Եվ այնքան քերեցին նրան, մինչև երկու կողերից գետնին արյան առուներ էին իջնում, և սակայն նրա երեսը ուրախությունից տխրության չփոխվեց: Երբ երեք ժամ քերեցին, նրա բերանից ոչինչ դուրս չէր գալիս, և չփոխվեց երեսի գույնը: Հուլիանոսն ասաց. «Գոնե այժմ ճանաչո՞ւմ ես աստվածներին, Թեոդորիտո՛ս, այդպիսի տանջանքի ենթարկվելուց հետո»: Թեոդորիտոսն ասաց. «Ձեռակերտները երբեք Աստված չհամարեցի, չեմ համարում և չեմ համարի: Միայն մեկ ամենակալ Աստծուն եմ ճանաչում և Նրա Բան միածին Որդուն: Ինչը որ դու աստված ես համարում, նրանց հետ կլինի քո բաժինը, իսկ ես ժառանգավոր կլինեմ խոստացված բարիքներին մինչև վերջ հավատարիմ Նրան, որ երևաց»: Հուլիանոսն ասաց. «Այնպես ես երևում, կարծես բնավ տանջանք չես զգացել»: Թեոդորիտոսն ասաց. «Խաղ էիր համարում և ուզում էիր տանջանքով վախեցնել»:
Դարձյալ զայրացավ Հուլիանոսը և հրամայեց նույն կճղակներով քերել նրան ևս երկու ժամ: Այլևս նրա բերանից ոչինչ դուրս չեկավ, միայն բարձրաձայն արագ աղոթում էր. «Հիսո՛ւս, օգնի՛ր ինձ»: Իսկ Հուլիանոսը սուրբ վկայի մեծ համբերության վրա զարմացած` դահիճներին հրամայեց հանդարտեցնել, ասաց. «Ինձ թվում` է արքունիքին կամ ուրիշի պարտք ես և չես կարող հատուցել: Եթե արքունիքին ես պարտք` ինքնակալը կբաշխի, իսկ եթե ուրիշի` կհրամայեմ մուրհակը տալ առանց տուգանքի և վնասի»: Բայց կարծես թե ամենևին լլկանք չէր կրել Թեոդորիտոսը, ասաց. «Ձեր արծաթը կորչի ձեզ հետ: Ես ոչ մեկին պարտք չեմ: Եվ միայն Աստծուն եմ ճանաչում, որի համար աղոթում եմ զգուշությամբ պահել և հասնել խոստացված բարիքին»: Հուլիանոսն ասաց. «Ա՛յ խեղճ ու թշվառական, իջիր հպարտությունից, փրկիր անձդ, որ ազատվես նոր տանջանքներից»: Թեոդորիտոսն ասաց. «Ա՛յ խեղճ ու թշվառական, ապաշխարիր և փրկիր հոգիդ ու մարմինդ»: Դարձյալ զայրացավ Հուլիանոսը և հրամայեց քերել նրան, որից հետո ասաց. «Ինչու այդքան դիմադրելով չես հնազանդվում ինքնակալին և մի խաչված մարդու Աստված ես համարում»: Թեոդորիտոսն ասաց. «Խաչյալը, որին դու մարդ ես համարում, իսկ մենք Աստված, քեզ` ամբարիշտ արյունարբու բռնավոր, դատաստանի օրը կհրամայի գցել հրի գեհենը»: Հուլիանոսն ասաց. «Առայժմ այստեղ կստանաս հրի փորձությունը»,– և հրամայեց երկու կանթեղ վառել և այստեղից ու այնտեղից մոտեցնել կողերին: Երբ դահիճները կանթեղները վառեցին, երանելի վկան, աչքերը երկինք հառած, սկսեց աղոթել և ասաց. «Տեր Աստված ամենակալ, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ամենը, ինչ որ նրանց մեջ կա, կենարարի և ամբողջ աշխարհի հայր, որ քո հավատացյալներին պատիվ խոստացար, ինձ ևս հասցրու քո ողորմությունը և ամբարիշտներին ցույց տուր իմաստությունդ ու զորությունդ, որ բոլորը իմանան, թե ինչքան է քեզ հուսացողների և անհավատ ամբարիշտների հեռավորությունը»: Եվ վերջացրեց աղոթքը և վերառաքեց: Հանկարծակի գետին տապալվեցին կանթեղավորները, երբ երանելիի շուրջը տեսան չորս հրեշտակների, որ խոսում էին նրա հետ: Երբ Հուլիանոսի կատաղությունը մեծացավ, եկան այլ զինվորներ, բարձրացրին դահիճներին և հրամայեցին նորից մոտեցնել կանթեղները: Կանթեղավորներն ասացին. «Քո քաջությունը թող ուրիշների հրամայի մոտեցնել, քանի որ մենք տեսանք չորս հրեշտակ, որ խոսում են պատվարժանի հետ, և չենք համարձակվում մոտենալ, որովհետև հաստատ իմացանք` քրիստոնյաների Աստվածը մեծ և հզոր Աստված է»: Հուլիանոսը դարձյալ կատաղեց, հրամայեց իսկույն դահիճներին տանել, ծովը գցել:
Երբ նրանց վերցրին և գնացին, սուրբը և առավել սուրբ վկան ձայն էր տալիս նրանց. «Շտապեցեք, եղբայրնե՛ր, ահա ես ևս հասնելու եմ ձեզ: Եվ հակառակորդի դեմ հաղթության նշան կանգնեցնելով և պարգև ստանալով կհասնեմ [ձեր] ետևից` իբրև խրախույս Աստծու ծառաների»: Երբ զինվորներն առան, գնացին, Հուլիանոսն ասաց. «Ո՞վ է քո հակառակորդը»: Սուրբն ասաց. «Հակառակորդը սատանան է, որ քո միջոցով այժմ չար գործ է կատարում, իսկ հաղթությունն ու պարգևը տալիս է Հիսուս Քրիստոս` մարդկանց փրկիչը, ամբողջ աշխարհի արարիչը` միածին Որդին, Նրան փառք հավիտյանս. ամեն»:
Եվ երբ ժողովրդից և ամբոխից շատերը աղոթեցին, արագ շուրջը նայեց Հուլիանոսը, որ թերևս նրանցից որևէ մեկին կարողանա ճանաչել, և ասես միտքը ցնորեց, խավար եկավ աչքերին և ասաց. «Ա՛յ խեղճ ու թշվառական Թեոդորիտոս, նրան բոլորը գիտեն, որ հարյուր կամ փոքր–ինչ պակաս կամ ավելի տարի առաջ ծնվեց կնոջից, իսկ դու ասում ես, թե աշխարհը Նա ստեղծեց»: Թեոդորիտոսն ասաց. «Դու պիղծ և անսուրբ, նույնիսկ արժանի չես այնպիսի գաղափարը սովորելու, բայց որպեսզի Աստծու ծառաները չկարծեն, թե ամեն կողմից շրջապատված եմ կամ չեմ կարող քո խոսքերին պատասխան տալ, հասկացիր ինչպես նախապես ասացի քեզ` Աստված, որ [երկիրն] ամեն ինչով ստեղծեց, ողորմեց մարդկային ցեղին, որ երկրպագում էին անսուրբ և պիղծ դևերին, առաքեց իր Բան միածին Որդուն, որ մարդկային մարմին հագնի և չարչարակցությամբ մարդկանց մոտեցնի Աստծուն, քանի որ մարդկանցից ոչ ոք չէր կարող տեսնել Նրա հայտնի զորությունը, ինչպեսև գրված է. «Ոչ մի մարդ չի կարող տեսնել Իմ երեսը, և ապրել» (Ել. ԼԳ. 20): Եվ հիմա, նույն ինքը` Բանը մարմնացավ անարատ կույսից, հագավ և երևաց մարդկանց, մարմնով երևում էր և ամեն մեծություններ գործում, որին ականատես լինելու արժանացան աշակերտները, զորացան և հավատացին, որոնք և մեզ ավանդեցին Նրա անպատում զորության հավատը: Նրան ճանաչիր և դու` գոնե ուշացումով, որ կարենաս փրկվել»:
Հուլիանոսն ասաց. «Լավ ես երկարացնում ճոռոմաբանությունդ, համառոտ լսիր ինձնից. եթե հանձն չառնես պաշտել աստվածներին` ըստ թագավորի կամքի, կհրամայեմ սրով սպանել քեզ, քանի որ տեսնում եմ` դիմադրում ես և տանջանքդ արհա մարհում»: Թեոդորիտոսն ասաց. «Դու ջանում ես նմանվել քո հայր սատանային, իսկ ես աղոթում եմ, որպեսզի անարգել ու անխափան ավարտեմ իմ ընթացքը: Բայց դու հիշիր, որ այդ ամբողջ հանդգնությանդ համար Աստծուց քեզ մեծ բարկություն կգա` ինչ որ արեցիր և ինչ անելու ես: Դրա համար բռնակալը քեզնից շնորհակալ չի լինի»: Մինչդեռ նա այս էր խոսում, Հուլիանոսն ասաց. «Ինչ ուզում ես ասել, ասա՛, բայց կտեսնենք, թե կլինի ասածդ»: Թեոդորիտոսը պատասխանեց և ասաց. «Դու չարաչար հիվանդությամբ մահիճ կընկնես, դու ինքդ կերակուր կլինես և որդերից քայքայված կելնես աշխարհից: Իսկ քո բռնավորը մարտում, ուր հույս ունի արիություն ցուցաբերել` չի ստանա ոչինչ և այլազգիների ձեռքով կմեռնի` բնավ չիմանալով ումից կխոցվի, և այստեղից չի դառնա Հռոմայեցոց աշխարհը»: Եվ Հուլիանոսը վախեցավ, թե գուցե նաև ուրիշ մեծամեծ ու անվայել բաներ կխոսի, հրամայեց տանել նրան և սպանել սրով: Սուրբը և առավել սուրբը գնում էր ցնծալով և բոլորին` մեծերին ու փոքրերին, պատվականներին ու անարգներին հանձնում Աստծուն: Իսկ Հուլիանոսը, քանի որ ուշ գնաց ատյանից, օրվա մնացորդը և ամբողջ գիշերը տրտմությամբ անցկացրեց թագավորական ապարանքում:
Երբ առավոտը բացվեց, շտապ ելավ, մտավ կայսեր պալատը, և երբ երկրպագեց, թագավորը նրան հրամայեց նստել: Եվ նա նրան ցույց տվեց սուրբ սպասքի ցուցակը, որ առել էր սուրբ եկեղեցուց, ասաց նրան. «Թեպետև ուշացած բերի սպասքի ցանկը, բայց ստույգ և մանրամասն գրեցի բոլորը, որպեսզի ձեր աստվածները գիտենան, թե այնտեղից ինչքան գանձ բերվեց: Այն ևս իմացիր, որ խանգարիչ Թեոդորիտոսին, որին փնտրում էիր եկեղեցու ունեցվածքի համար, հազիվ բռնեցի, սաստիկ տանջանքով չարչարեցի և սպանեցի սրով»: Երբ կայսրը լսեց, հանկարծակի բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Իմ կամքը չէր այն, որ արեցիր: Ես շատ ջանացի պատճառ գտնել քանդելու քրիստոնեից կրոնը, բայց ոչ մեկին չսպանել սրով: Դու չարիք գործեցիր, որ պատճառ տվիր ժանտ գալիլիացիներին` իմ մասին բազում չար բաներ գրելու, ինչպեսև արեցին առաջին թագավորներին. տեսակ–տեսակ պատճառներ հնարեցին չարագործների համար, որ կոտորեցին, որոնց և վկա են անվանում, ուստիև դու պարտավոր ես խնայել և ոչ թե բոլոր գալիլիացիների աչքի առաջ սպանել մեկին, և բոլոր ուրիշներին պատվիրել նույնը անել»: Երբ այս ասաց, նայեց քեռուն և տեսավ, որ ամաչեց և երեսի գույնը թռավ, ամբողջ մարմինը մեռածի պես եղավ: Ուզեց նրան արձակել, ասաց. «Գնանք աստվածներին զոհ մատուցենք, կատարենք աստվածպաշտություն, որ կարողանաս քեզ մաքրել և փրկվել ժանտերի ապականությունից»:
Իսկ Հուլիանոսը, թեպետ մեծ տրտմության մեջ էր, բայց ելավ, ակամա գնաց կայսեր հետ, և երբ կատարեցին անարժան գործը, զոհեր մատուցեցին դևերին, հանեցին լյարդը մի հավքի, որ ինչպես ժանտագործներն են ասում Հնդկաստանից էր, նա ամոթից և ակամա առավ, ճաշակեց և հեռացավ կայսրից: Եվ երբ գնաց իր հազարապետության տեղը, ո՛չ ուտել և ո՛չ ըմպել կամեցավ, զղջալով գործած չարիքների համար: Առավոտյան որովայնում ինչ–որ ցավեր եղան, որ չարաչար տանջում էին նրան, որովհետև լյարդը, որ կուռքի զոհից ճաշակեց, իջավ, նստեց նրա լյարդի վրա, մանր կտրատում էր և տագնապեցնում: Երբ այգը բացվեց` իր լյարդից վերև, բերանն էր գալիս, և նա ծամում էր, կեսը թքում, իսկ կեսը նորից կուլ տալիս: Եվ բազում օրեր, բազում անգամ եղավ դա: Այնուհետև երբ չէր կարողանում դիմանալ տանջանքին, դիմեց կայսերը և աղաչեց բանալ եկեղեցին: Եվ նա ասաց. «Փակեցիր` դու ինքդ բաց»: Եվ դարձյալ ասաց. «Քեզ համար, արքա՛, չարաչար տանջվում եմ և կորչում»: Եվ կայսրը պատասխանեց. «Թերահավատ եղար աստվածների նկատմամբ և այդ պատճառով չարչարվում ես այդպիսի տանջանքով»: Խեղճ ու թշվառական Հուլիանոսը անկարող էր այլ կերակուր ճաշակել, միակ կերակուրը իր լյարդն էր` ըստ վկայի և երանելիի մարգարեության: Ու նաև որդերով լցվեց, որոնք ուտում էին նրա մարմինը: Եվ ապա, վերջապես հանեց դառնացած հոգին: Երբ անօրեն թագավորը լսեց, ասաց. «Կասկածեց աստվածներին և չհավատաց, դրա համար կրեց այդ [պատիժը]»: Եվ երբ թաղեցին, գետինը չընդունեց նրան, բազում անգամ ծածկում էին, և երբ գալիս էին, դուրս ելած էին գտնում, մինչև որ թռչունների ու գազանների կեր դարձավ:
Քիչ օրեր անց բռնավորը գնաց Պարսկաստան պատերազմի: Երբ կռվեց ու հաղթեց համարում էր, թե ինչ որ հերոսություն է կատարել. հանկարծակի նրան երևաց հրեշտակների զորքը: Իր զորքերին հրամայեց զինավառվել և ուզեց գնալ որպես մարդկանց` նրանց հետ մարտնչել: Եվ խեղճ թշվառականը չգիտեր, որ երկնքից բարկություն էր եկել–հասել իրեն: Հանկարծակի օդից մի նետ եկավ և հարվածեց նրան կրծքի տակ, և սաստիկ արյուն թափվեց նրանից, այնուհետև տագնապի մեջ էր ցավերից: Եվ նրան այնպես էր թվում, թե Քրիստոս եկել կանգնել է իր հանդեպ և կպատուհասի իրեն: Խեղճն ու թշվառականը կարծում էր` Նրան մոտ էր, և չգիտեր, որ կարող է երկնքում լինել և երկրում մոտիկ երևալ. արյունից վերցրեց և օդն ի վեր ցանեց, և աղաղակեց ու ասաց. «Արդեն բավ է, Քրիստո՛ս, բավական է, հաղթեցիր»,– և հանեց դառնացած հոգին:
Երբ բոլոր մարգարեությունները կատարվեցին` որ մարգարեացավ սուրբ վկա Թեոդորիտոսը, մենք, որ պալատում էինք և տեղյակ էինք գործին և ամեն ինչում հետևում էինք Աստծու ծառային, հաստատ իմանալով գրեցինք և ուղարկեցինք բոլոր եղբայրներին, ովքեր ճշմարտությամբ հետևում եք մեր Կենդանարարին, որպեսզի ամեն ինչ հավաստի գիտենաք: Եվ սուրբ վկայի ծննդյան օրը, որ ապրիլի չորս կաղանդներից առաջ է, այսինքն արեգ ամսին, երբ ուրախությամբ փառավորում ենք Աստծուն, ուրախությամբ փառավորեք Աստծուն և կատարեք նրա հիշատակը և աղոթեք մեզ համար, որ գրեցինք: Եվ օրհնություն ու գովություն առաքեցեք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ