Բ Կր 11.30-12.9։ Մր 10.28-33։
Բ Կորնթացիներ
30Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ։ 31Աստուած եւ մեր Տէր Յիսուսի հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում։ 32Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը՝ ինձ բռնելու համար. 33բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից։
12 Արդ, ես պէ՛տք է պարծենամ, թէեւ ոչ մի օգուտ չունի պարծենալը։ Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին։ 2Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր՝ չգիտեմ, եւ թէ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ) յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք։ 3Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ), 4որ յափշտակուեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնուած չէ խօսել։ 5Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնո՛վ չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով. 6որովհետեւ, եթէ ուզենամ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանզի ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկը աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից։ 7Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ։ 8Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։ 9Բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
28Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»։ 29Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ, 30այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք։ 31Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին»։ 32Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն։ 33«Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն.