Եփ 6.1-9։ Ղկ 9.10-17։
Եփեսացիներ
6 Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը։ 2Պատուի՛ր քո հօրն ու մօրը, – որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով, – 3որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ։ 4Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։ 5Ծառանե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին. 6ո՛չ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպէս մարդահաճոյ անձեր, այլ՝ որպէս Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծու կամքը։ 7Յօժարութեա՛մբ ծառայեցէք, ինչպէս պիտի ծառայէիք Տիրոջը եւ ոչ թէ՝ մարդկանց։ 8Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ եւ թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյնն էլ կը ստանայ Տիրոջից։ 9Եւ դուք, տէրե՛ր, նո՛յնն արէք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
10Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում։ 11Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց։ 12Եւ օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»։ Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»։ 15Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին։ 16Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։