Ինչո՞ւ է քարկոծվում եկեղեցին: Լրագրողների հետ այս թեմայով հանդիպման եկած Տեր Ղազար քահանա Պետրոսյանը քննադատությունները բաժանեց առողջ քննադատության և դիտավորյալ հարձակման. “Եթե խոսելու լինենք առողջ քննադատությունից, ապա եկեղեցին ինքն իր ներսում դարեր շարունակ ունեցել է այն` ինքն իրեն մաքրելու, որոշ անձանց կարգի հրավիրելու, շտկելու համար: Ինչ վերաբերում է միտումնավոր հարձակումներին և անարդարացի քարկոծումներին, կարծում եմ, որ սա ուղղակի թշնամություն է մայր եկեղեցու դեմ, որը շատ կարևոր է որոշ ուժերի համար, ովքեր ուզում են ավիրել մայր եկեղեցին: Հետևաբար, ես որպես Հայ առաքելական եկեղեցու քահանա և զավակ, պիտի հորդորեմ մեր եկեղեցու զավակներին և նրանց պատգամ հնչեցնեմ, որ քննադատելուց առաջ փորձեն հասկանալ, թե ում ջրաղացին են ջուր լցնում և հետո նոր քննադատեն, եթե իհարկե այդ քննադատությունը եկեղեցու առողջացմանը կծառայի: Իսկ եթե ոչ, ապա կհորդորեի, որ իրենք չմասնակցեին այդ նպատակադրված և ուղղորդված հարձակումներին, որովհետև իրենք իրենց վրա վերցնելու են մեղքի մի մեծ բաժին Աստծո դեմ` վնասելով և իրենց, և մայր եկեղեցին”:
Կոնկրետ հարցադրումները շատ էին քահանային` ինչո՞ւ են եկեղեցու բարձրաստիճան այրերը քաղաքականացվում, մասնակցում իշխանական միջոցառումներին, օրհնում նրանց համագումարները, օգտվում թանկ նվիրատվություններից: Քահանայի ասելով`եկեղեցին միշտ պետության հետ կողք կողքի է եղել, օրհնել է իր ազգի զավակներին և ամեն առիթ օգտագործել նրանց բարի խոսք փոխանցելու: “Պատմությունը ցույց է տալիս, որ երբ հզորացել է հայոց պետությունը, ծաղկել է եկեղեցին: Իսկ երբ այն ավիրվել է, վնասվել է նաև եկեղեցին: Օրինակ, երբ Արշակունիների դեմ ներսից ընդվզում եղավ, դրան չմասնակցեց եկեղեցու հովվապետ Սահակ Պարթևը` ասելով` իմ հիվանդ ոչխարը լավ է օտարի առողջ գայլից, և հայկական թագավորությունը կործանվեց: Հետևաբար եկեղեցին պիտի գուրգուրի պետությանը: Եվ ոչ մի պախարակելի բան չկա պետության առաջին դեմքերի կողքին լինելու մեջ”,-ասում է տեր Ղազար քահանան: Նա հիշեց ոչ վաղ խորհրդային ժամանակները, որտեղ տարվում էր հոգևորականներին արհամարհելու, հասարակությունից մեկուսացնելու, հեղինակազրկելու, նրանց հասցեին ամենատարբեր վարկաբեկիչ խոսքեր ասելու քաղաքականություն: Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդային իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակ իրականացված այս քաղաքականությունը չանցավ ժողովրդին: “Ես ուզում եմ բոլոր հարցերին խորքային պատասխան տալ: Նախկին մասնագիտությամբ երկրաբան եմ: Գիտե՞ք սովորական մարդու և երկրաբանի հայացքի միջև տարբերությունը որն է: Երկուսն էլ նայում են`սար է, քար է, ժայռ է: Բայց երկրաբանը մտածում է` ոնց առաջացան դրանք, ինչը եղավ դրանց առաջացման պատճառ: Եվ երբ սկսում ես խորքային վերլուծությունն անել այսօրվա իրավիճակի, հասնում ես իմ ասած ժամանակներին ու պատճառահետևանքային կապին”: Հայ առաքելական եկեղեցու սպասավորը խնդրում է չմոռանալ, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ եղել է հալածական և արնաքամ վիճակում, և յուրաքանչյուր անտեղի քննադատություն ևս մի վերք է հասցնում մայր եկեղեցուն: “Մենք սիրում ենք խոսել “Բենթլիի” մասին, բայց երբեք չենք սիրում խոսել, թե 70-ականներին ովքեր կարող էին իրենց թույլ տալ գնալ ճեմարան սովորելու: Եվ այն մարդը, որ եկեղեցու համար այդ արհամարհված տարիներին գնաց դարձավ հոգևորական, այդ լուծը վերցրեց իր վրա, հաստատ “Բենթլի” ունենալու համար դա չարեց, ոչ էլ` պետական այրերի կողքին կանգնելու: Նա գնում էր պարզապես Աստծուն ծառայելու: Եվ ծառայեց, և դժվար փորձությունների միջով անցավ` նախատինքներ և հայհոյախոսություններ հանդուրժելով: Ժողովրդի` սովետից եկած արհամարհանքը հոգևորականի հանդեպ այսօր էլ նախանձի է փոխվել ու մի այլ կարգի անհանդուրժողականության”: Տեր հայրը համեմատական անցկացրեց Հիսուսի գլխին թանկարժեք յուղ լցնելու պահին Հուդայի արած դիտողության և ժողովրդի չարախոսության միջև. “Մեր թվաբանությամբ այդ յուղի շիշը պիտի արժենար 3-5 հազ դոլար: Հուդան ասաց` ինչո՞ւ իզուր վատնվեց այս յուղը, կարելի էր այն վաճառել և գումարը բաժանել աղքատներին: Հուդան խոսեց ճշմարտություն, բայց խոսեց կեղծ, չար նպատակով: Այսինքն` եթե ցեխ շպրտելու առիթ ես փնտրում, առիթ միշտ կգտնվի: Եթե դուք ձեր որդուն վաղը ուղարկեք ճեմարան, դրանից հետո կսկսեք այլ կերպ դատել և հաստատ այսօրվա դատողությունները չեք անի: Կմտածեք, որ միակողմանի եք դատել: Մի դատեք, որ չդատվեք: Ձեզանից քանիսն է մի թանկ նվեր ստացել ու վաճառել, գումարը տվել աղքատներին: Եթե այդպիսի բան ասեր մի սրբակրոն մարդ, գուցե իրավունք կունենար ասելու: Խորհուրդ տվողներ շատ կան, գործ անողներ չկան: Դարձեք հոգևորական և ձեր օրինակով փոխեք մթնոլորտը”: Եվ որպես իր խոսքի ապացույց, տեր Ղազարը աստվածաշնչյան հայտնի պատմությունն արեց, երբ Նոյ նահապետը հարբեց ու զգեստները հանեց, նրա Քամ որդին բոլորին պատմեց այդ մասին, իսկ Նոյի մյուս երկու որդիները, որոնցից մեկն էլ Հաբեթն էր, ումից սերվեց հայ ազգը, առանց հոր մերկությանը նայելու, զգեստներն առան և ծածկեցին օտար աչքից նրա մերկությունը: “Չնայած հայրը մեղանչել էր, բայց իրենց հայրն էր, և այս երկուսը ճիշտ որդիական վերաբերմունք դրսևորեցին”,- իր եզրահանգումն արեց քահանան` խորհուրդ տալով լրագրողներին լրագրող լինելուց առաջ լինել նախ և առաջ եկեղեցու զավակ և հարգալից մոտեցում դրսևորել իրենց հրապարակումներում մայր եկեղեցու և նրա սպասավորների հանդեպ:
Աղբյուր՝ www.report.am, պատրաստեց՝ ԱՐԱՔՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ