Մորմոնականությունը որպես կրոնական շարժում և Ժոզեֆ Սմիթը՝ որպես այդ շարժման հիմնադիր, աղանդավորական շարժումների առաջացման փայլուն օրինակ են հանդիսանում։ Այդ պատճառով այս գլխում մանրամասնորեն նկարագրվում է շարժման յուրահատուկ գծերը, նրա «սրբազան» գրքերի պատմությունը, բովանդակությունը, վարդապետության առանձնահատկությունները։ Մորմոնականությունը բացառիկ ուշադրություն է դարձնում բնագիտական պատկերացումների վրա, ձգտում է ցույց տալ և ապացուցել իրեն «սրբազան» գրքերում ամփոփված բնագիտական տվյալների ճշմարտացիությունը։ Այդ իսկ պատճառով բնագիտական տեսանկյունից ևս ներկայացվում են այդ հարցերը, ցույց է տրվում մորմոնական «բնագիտության» խոցելի կողմերը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երբևէ գոյություն ունեցած աղանդներից ամենազարմանալին ու ամենաարտասովորը մորմոնական շարժումն է։ Ծնունդ առնելով Ամերիկայում, այն եղավ դրոշակակիրը ամերիկյան կրոնական շարժումների։ Մորմոնականությունը նահապետն է այսօրվա գործող կրոնական ուղղությունների, մանավանդ որ նրանց աճի տեմպերը այնպիսի զարմանալի ցուցանիշեր ունեն, որ այն անտեսել չի կարելի։ Սկսելով 1830-ական թվականներին ընդամենը մի քանի հոգով, այսօր նրանց շարքերում հաշվվում է մոտ վեց միլիոն անդամ։ Մորմոն եկեղեցին երկու հիմնական ճյուղավորում ունի. Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին՝ Յութայի Սոլթ Լեյք Սիթիում և Վերափոխված Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին՝ Միսսուրիի Ինդիփենդանսում։ Վերջինն ավելի արմատական է որոշ հարցերում, բայց թվով զիջում է առաջինին։ Լինելով բավականին հարուստ եկեղեցի, նրանք շատ մեծ ակտիվությամբ են գործում և լուրջ մրցակից են համարվում միսիոներական բոլոր շարժումների համար։
Մոտավոր տվյալներով նրանք այսօր ունեն 50.000 գործունյա անդամներ, որոնք զբաղվում են միայն ավետարանչությամբ (այսինքն՝ մորմոնականութան տարածմամբ): Եթե այն համեմատենք Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների թվի հետ, ապա կստացվի հետևյալ պատկերը. Մորմոն ավետարանիչների թիվը՝ 50.000 Մորմոնների ընդհանուր թիվը (1994) թ. Տվյալներով)՝ 6 միլիոն Հայերի թիվն աշխարհում՝ 6-7 միլիոն Հայ հոգևորականների թիվը, ամենակոպիտ հաշվարկներով՝ 2.000-ից ոչ ավել։
Իսկ սա նշանակում է, որ մորմոնների հոգևոր ծառայության մեջ ընդգրկվածները թվով մոտ քսան անգամ գերազանցում են հայ հոգևորականներին, և հասկանալի է, թե ինչ անլուծելի խնդիրների առաջ կկանգնենք շատ մոտ ապագայում։ Մորմոնների ներխուժումը Հայաստան սկսվեց 1988 թվականից հետո, երբ զանազան բարեգործությունների անվան տակ մորմոններն էլ հաստատվեցին մեզանում։ Մորմոնները վերին աստիճանի մաքրակենցաղ են, հրաժարվում են ծխախոտից, չեն օգտագործում ոգելից և ոչ ոգելից զանազան խմիչքներ, անգամ՝ զովացուցիչ հեղուկներ (կոկա-կոլա, պեպսի-կոլա, ֆանտա և այլն):
Մորմոնների աստվածաբանությունը խճճված մի հանգույց է, և այն պարզորեն պատկերացնել իրենք էլ չեն կարողանում, քանի որ ակնհայտ հակասությունները, վրիպակները, իրարամերժ դրույթները դժվարությամբ են քողարկվում։ Դրան հակառակ ծիսական արարողությունները, հրահանգները, պատվիրանները շատ հստակ են ձևակերպվում։ Չնայած որ մորմոնների պաշտոնական անվանման մեջ առկա է «Հիսուս Քրիստոս» հատուկ անունը, նրանց կրոնը բավականին հեռու է քրիստոնեությունից, քրիստոնեական տարրերն էլ այնքանով են ընդունելի նրանց աստվածաμանների կողմից, որքանով որ դրանք չեն հակասում Ժոզեֆ Սմիթ մարգարեի հայտնություններին։ Ավելին, քրիստոնեական դավանաբանությունից միայն անվանումներն են փոխանցվել սմիթյան աստվածաμանության մեջ։ Այս առումով էլ դժվարություններ են ծագում նրանց հետ հարաբերվելիս, քանի որ միևնույն տերմինների տակ տարբեր բաներ են հասկացվելու։ Մորմոն դավանանքին հատուկ է էկլեկտիկորեն ընդօրինակելը և այն նույնությամμ այլ տեղերում և պայմաններում հարմարեցնելը։ Օրինակ հայտնի է, որ Ս. Գիրքը պատմականորեն կապված է Հին աշխարհի ժողովուրդների, երկրների, աշխարհագրության, հավատալիքների հետ, և այդ ցանկում Նոր աշխարհը՝ ամերիկյան մայրցամաքը բացակայում է։ Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս Ժոզեֆ Սմիթի հայտնությունների առանցքը. ամերիկյան մայրցամաքն էլ պիտի ունենա իր ս. Գիրքը, իր նախապատմությունը, իր Երուսաղեմը, իր Սիոնը և այլն։ Այդպես էլ եղավ. Մորմոնի գիրքը փոխարինեց Ս. Գրքին, ուր տրվեց Նոր աշխարհի նախապատմությունը՝ հին ժամանակներից սկսած, նկարագրվեց նոր Երուսաղեմը և Սիոնը, որը տեղադրվեց Նյու Յորքի նահանգում։ Այդ նույն սկզբունքով էլ վերաբնակեցվեց Տիեզերքը։ Մորմոն վախճանաբանության համաձայն, փրկված մորմոնը դառնում է մի նոր աստված ու տեղափոխվում անծայրածիր Տիեզերքի որևէ, նախօրոք որոշված մոլորակ, հիմք է դնում մի նոր քաղաքակրթության, դառնալով Ադամ այդ աշխարհի համար։ Եվ այս վերաբնակեցումը շարունակվում է անվերջ։ Մորմոնների ավետարանչության հիմնական սկզբունքներն են այդ գաղափարների տարածումը, որպես նորագույն աստվածային հայտնություններ, որոնք մինչև Ժոզեֆ Սմիթը թաքնված էին եղել մարդկանցից։ Մորմոնի գիրքը հենց այդպիսի վերնագիր էլ ունի. «Մորմոնի գիրք, նոր հայտնություններ (կամ տեղեկություններ) Հիսուս Քրիստոսի մասին»։ Մորմոն եկեղեցին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նորադարձների՝ եկեղեցուն անդամագրված նոր անդամների վրա։ Դրանով է բացատրվում նրանց եկեղեցու անդամների թվի աճի բարձր ցուցանիշը։ Մորմոն եկեղեցու ներկայիս ղեկավարներից մեկը՝ Մ. Բալլարդը գրում է. «Մորմոն եկեղեցու Բարձրագույն իշխանությունը լրջորեն մտահոգված է ամեն մի նորադարձ անդամի բարեկեցությամբ: Ոչ մի համայնք չպետք է թույլ տա, որ նորադարձը իրեն անվստահ զգա՝ եկեղեցու իր անդամակցությամբ»: Բոլոր նրանց, ովքեր զուրկ են այդ վերջին օրերի հայտնություններից, մորմոնները անվանում են հեթանոսներ։
ԺՈԶԵՖ ՍՄԻԹ ԿՐՏՍԵՐԸ ԵՎ ՄՈՐՄՈՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Ժոզեֆ Սմիթը ծնվել է Վերմոնթ նահանգի Շարոն քաղաքում 1805 թվականի դեկտեմμերի 23-ին։ Նա է ստեղծողն ու առաջին նախագահը մորմոն եկեղեցու՝ որի ծնունդը կարելի է համարել 1830 թվականի ապրիլի 6-ը։ Ըստ Սմիթի կենսագիրների նրա հայրը գանձ որոնող էր։ Այդ տարիներին ոսկու տենդը շատ էր տարածված Ամերիկայում։ 1820 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր, սկսվում է մի նոր շրջան Սմիթի համար. Նա սկսում է հայտնություններ ու տեսիլքներ ունենալ։ 1820 թվականի տեսիլքների մասին, ի միջի այլոց, նա հետո է գրել։ Անտառում, ուր նա աղոթում էր, նրան են հայտնվում Հայր Աստված ու Հիսուս Քրիստոս։ Նրանք հայտնում են Ժոզեֆ Սմիթին, որ այս աշխարհում գոյություն ունեցող և ոչ մի եկեղեցի ճշմարիտ չէ և հաճելի չեն իրենց և միայն նա՝ Սմիթը կարող է վերահաստատել ճշմարտությունը և նա՝ Սմիթն է լինելու նոր մարգարեն այդ նորագույն՝ վերջին օրերի հայտնությունների։ «Ես արդեն տասնհինգ տարեկան էի։ Հորս ընտանիքը համակրում էր երիցականներին։ Ընտանիքից չորսը՝ մայրս՝ Լյուսին, Հայրում և Սեմուել-Հարիսոն եղբայրներս և քույրս՝ Սոֆրոնիան անգամ, անդամ էին այդ աղանդին։ Ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. «Ի՞նչ պետք է անել» եղած խմբերից որո՞նք են ճշմարիտ և որո՞նք՝ սխալ։ Եթե անգամ դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ինչպե՞ս կարելի է իմանալ այդ մասին»։ Հոգեկան այդպիսի վիճակում գտնվելով, ես ընթերցեցի Հակոբոսի ընդհանրական թուղթը. «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս, 1, 5):
Սուրբ Գրքի որևէ հատված թերևս երբեք այնպիսի ազդեցություն չի ունեցել որևէ մարդու, ինչպես դա այն ժամանակ ունեցավ ինձ վրա» (1. էջ 2): Այս համարը (Հակոբոս 1, 5) այն հիմնական համարն է, որին, որպես կանոն, միշտ մատնացույց են անում բոլոր աղանդավորները։ Նրանք, ելնելով դրանից, քարոզում են, որ բոլորն էլ պակասել են իմաստությունից, քանի որ չեն հավատում կամ հետևում իրենց, և պետք է խնդրեն, որ Աստված իմաստություն տա։ Սմիթն էլ բացառություն չէր։ Նա շարունակում էր խնդրել, որ իմաստություն ստանա։
1825 թվականին Սմիթն իր երկրորդ տեսիլքն է տեսնում։ «Ես շարունակում էի հալածվել հասարակության թե՜ հավատացյալ, թե՜ անհավատ խավերի կողմից։ Հալածում էին, որովհետև ես չէի հրաժարվում իմ տեսիլքից։ Եվ այսպես, վերը նշված թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան քնելու պատրաստվելով, ես երեկոյան աղոթք ասելով Ամենակարող Աստծուն, նրան խնդրեցի ներել իմ մեղքերն ու զանցանքները ու նաև իր ցուցումները ուղարկել՝ որպեսզի ես կարողանամ իմանալ իմ դիրքը և վիճակը Նրա առաջ։ Ես վստահ էի, որ կստանամ այդ ցուցմունքները ճիշտ այն ձևով, ինչ ձևով նախկինում արդեն ստացել էի։ Մինչ ես աղոթքով դիմում էի Աստծուն, նկատեցի, որ աստիճանաբար պայծառացող ինչ որ լույս հայտնվեց սենյակում։ Քիչ անց սենյակս այնքան լուսավոր էր, որ կարծես կեսօր լիներ։ Անկողնուս առջև հանկարծ մի անձնավորություն հայտնվեց։ Թվում էր, թե նա կանգնած է օդում, քանի որ ոտքերը չէին դիպչում գետնին» (1, էջ 8)։
Այս տեսիլքն աստիճանաբար իմաստություն է տալիս Սմիթին, պատրաստում նրան այն մեծ առաքելությանը, որի համար ինքը՝ Սմիթը նախօրոք ընտրված էր։ Համեմատելով այդ տեսիլքը Մովսեսի կանչի դրվագի հետ, պարզ երևում է այդ երկու պատմությունների նմանությունը։ Այստեղ Մովսեսի անձը ուղղակի փոխարինված է Սմիթի անձով (Ելք, գլուխ 3)։ Այս տեսիլքի երկրորդ մասն ամենակարևորն է. պարզվում է, որ ոսկե թերթերի՝ սալիկների վրա գրված մի գիրք կա, որը պետք է թարգմանի Սմիթը, ընդ որում այն գրված է հին վերափոխված եգիպտերենով։ Թարգմանության համար էլ այնտեղ կան երկու քարեր՝ Ուրիմն ու Թումիմը, որոնց միջոցով Սմիթը պիտի վերծանի ոսկե սալիկները։ Բայց դեռ այդ օրը չի հասել։ Ինչպես Մովսեսի դրվագում, այստեղ էլ Սմիթին թույլ չտրվեց անմիջապես իր առաքելությանն անցնել։ Մովսիսյան քառասուն տարիները այստեղ փոխարինվեցին մի քանի տարով։ «Նա տվեց իմ անունը և ասաց, որ իրեն կոչում են Մորոնի և ինքը Աստծու կողմից ուղարկվել է ինձ հայտնելու այն մասին, որ Աստված առաքելություն ունի ինձ հանձնարարելու, և որ իմ անունը հավետ կհիշվի բոլոր ազգերի, ցեղերի, ժողովուրդների մեջ՝ մարդկանց ստիպելով իմ մասին պատմել և լավը և վատը։ Նա ասաց, որ ոսկե թերթերի վրա գրված մի գիրք կա պահված, որը պատմում է այս մայրցամաքի հնագույն բնակիչների և նրանց ծագման մասին։ Հավերժական Ավետարանի լրիվությունը, ասաց նա, ամփոփված է այդ գրքում այն ձևով, ինչ ձևով Փրկիչը հանձնել է այս մայրցամաքի հնագույն բնակիչներին» (1, էջ 9-11)։
Այս պատմության մեջ երկնային սուրհանդակը հեռանում է մի որոշ ժամանակ և հետո կրկին ետ վերադառնում. «Պառկած մնալով, ես սկսեցի մտորել այս պատահարի եզակիության վրա՝ մեծապես զարմանալով սուրհանդակի հայտնած բաների վրա։ Իմ մտորումների մեջ հանկարծ զգացի, որ սենյակս սկսում է վերստին լուսավորվել և շուտով երկնային սուրհանդակը հայտնվեց անկողնուս առաջ։ Առանց որևէ փոփոխության նա սկսեց կրկնել այն ամենը, ինչ ասել էր ինձ իր նախորդ այցելության ժամանակ։ Հետո նա ինձ տեղեկացրեց այն մեծ դատաստանների մասին, որոնք սպառնում են երկրին» (1, էջ 11)։ Այս միջանկյալ հայտնությունն ուներ մի նպատակ, ցույց տալ Սմիթին, թե ինչպիսի մեծ արհավիրքներից նա պիտի փրկի երկիրը։ Այդ պատգամը բերելուց հետո դարձյալ սուրհանդակը համբառնում է երկինք։ Եվ վերջապես, այդ նույն գիշերը երրորդ անգամ է սուրհանդակը հայտնվում Սմիթին. «Զարմանքս հասավ գագաթնակետին, երբ երրորդ անգամ երկնային սուրհանդակը հայտնվեց իմ առաջ՝ վերստին ինձ պատմելով այն ամենը, ինչ որ ասել էր իր առաջին հայտնության ժամանակ։ Նա նախազգուշացրեց, որ Սատանան կփորձի գայթակղեցնել ինձ՝ սեփականացնելու համար այդ թերթերը և դրանց միջոցով հարստության հասնելու։ Վերջում նա նորից վեր բարձրացավ՝ ինձ թողնելով խորհրդածել տեսածիս ու լսածիս արտասովորության վերաբերյալ։ Նրա անհետանալուց շատ չանցած աքաղաղը կանչեց՝ ազդարարելով նոր օրվա սկիզբը և ես տեսա, որ արդեն առավոտ է, և ինձ պատահած հայտնությունը տևել է ողջ գիշեր» (1, էջ 12)։
Այսպես սկսում է մի նոր տարեգրություն Սմիթի կյանքում, մի նոր առավոտ, երբ նա մի գիշերվա ընթացքում լուսավորվելով և ստանալով երկնային իմաստությունը, պիտի սկսեր իրագործել երկնային պատվերները։ Այս դեպքից հետո, Սմիթը, համաձայն իր տեսիլքի, գնում և գտնում է այդ պահված գանձը այնպես, ինչպես իրեն հայտնվել էր։ Բայց բացել այդ սնդուկը և տեսնել թերթերը, նրան արգելվում է։ «Հողը հեռացնելուց հետո ես մի լծակ վերցրի և այն մտցնելով կափարիչի տակ՝ մի փոքր ճիգ գործադրելով այն բարձրացրի։ Սնդուկի ներսը զննելով ես իրոք գտա թերթերը, Ուրիմն ու Թումիմը և լանջապանակը՝ ինչպես որ երկնային սուրհանդակը ինձ ասել էր։ Ես փորձեցի դուրս հանել սնդուկի պարունակությունը։ Երկնային սուրհանդակը հայտնվելով ինձ արգելեց այդպես վարվել՝ ասելով, որ դրա ժամանակը դեռ չի եկել և այն կգա ուղիղ չորս տարի հետո» (1, էջ 13)։
Եվ այդ չորս տարին բավական եղավ պատրաստելու Սմիթին՝ իրագործելու համար իր վրա դրված առաքելությունը։ Նրան սովորեցրեցին «խելք և իմաստություն՝ բացատրելով Տիրոջ մտադրությունները իր թագավորության վերջին օրերին կառավարելու վերաբերյալ»։ Վերջապես, երբ անցավ չորս տարին, Սմիթին թույլ տրվեց բացել սնդուկը։
«1827 թվականի սեպտեմμերի 21-ին սովորականի նման գնալով թերթերի գտնվելու վայրը, ես այնտեղ նորից տեսա երկնային նույն սուրհանդակին, որը պահված իրերը ինձ հանձնելով պատվիրեց, որ ես անձնապես պատասխանատու լինեմ դրանց համար։ Աստծու նախախնամությամբ ես կարողացա թերթերը ինձ մոտ պահել այնքան ժամանակ, մինչև վերջացրեցի ինձանից պահանջվող գործը և երկնային սուրհանդակը եկավ դրանց ետևից» (1, էջ 14)։ Ոսկե հորթի հայտնի պատմության մեջ (Ելք, գլուխ 32) երկու անգամ շեշտվում է այն փաստը, որ վկայության երկու տախտակները Աստծու ձեռքի գործն են։ «Տախտակները Աստծու գործն էին։ Տախտակների վրա Աստված էր գրել» (Ելք, 24.12, 32.16)։ Եվ հենց այդ աստվածակերտ տախտակները կոտրվեցին ոսկե հորթի պատճառով։ Բայց Աստված Մովսեսին հրամայեց նորից պատրաստել տախտակներ՝ առաջվա նման (34.1-2), որի վրա դարձյալ Աստված պիտի գրեր օրենքը (34.27)։ Այս սկզբունքը, որն պայմանականորեն կարելի է կոչել երկրորդման սկզբունք, բնորոշ է շատ կրոններին, մանավանդ ժամանակակից աղանդներին։
«Թերթերը ես հանձնեցի սուրհանդակին և դրանք նրա մոտ են մնում մինչև այժմ» (1, էջ 14)։ Այսինքն, աստվածային հայտնության բնագրերը չկան, վերացվել են երկինք և դրանց միակ ճշգրիտ պատճենը՝ սմիթյան տարբերակն է, որն այսուհետև բնագրային արժեք է ներկայացնում։ Սա ճիշտ երկրորդման սկզբունքն է. աստվածային նախախնամությամբ պահված թերթերը տրվեցին միայն Սմիթին, ինչպես Մովսեսին տրվեց 0րինաց տախտակների առաջին օրինակը, ապա նրանք վերցվեցին և մնաց միայն Սմիթի ձեռակերտ տարբերակը, ինչպես Մովսեսի ձեռքով պատրաստած տախտակները։ Տարբերությունն այն էր, որ Մովսեսը օրենքը թարգմանելու կարիք չուներ։ Այս սկզբունքն ավելի բացահայտ առկա է նաև իսլամական ավանդության մեջ։ Սմիթյան պատմությունը այնքան նման է Ղուրանի ստացման իսլամական ավանդությանը« որ կարծես երկու սցենարն էլ նույն մարդու կողմից գրված լինի։ Ղուրանի բնագիրը, իսլամական ավանդության համաձայն, գրված է արաբերեն լեզվով և պահվում է յոթներորդ երկնքում՝ Ալլահի գահի տակ։ Ջեբրայիլ հրեշտակապետը այն աստիճանաբար հայտնում է Մուհամեդին, որն էլ այն հայտնում է մարդկանց։ Նմանությունն ակնհայտ է. Արաբերեն բնագիրը փոխված է ինչ որ վերափոխված եգիպտական լեզվով, մանավանդ որ իր կենսագրության մեջ Սմիթը նշում է ոսկե թերթերի «եգիպտական, քաղդեական և արաբական լինելը» (1, էջ 16)։ Բնագիրը այսօր չկա, տեղափոխված է երկինք, Մորոնի-Մորմոն զույգն էլ փոխարինելու են եկել Ջեբրայիլին։
Ավելին, շիյայական ալղայբայով ներծծված է սմիթյան ողջ շարժումը։ Ալղայբան իմամի անհետացումն է, բայց ոչ վերացումը, ընդ որում անհետացած իմամը շարունակում է ղեկավարել «ուղղափառ հետևորդներին» համայնքի առաջնորդի՝ իմամի միջոցով, որն ամենօրյա կենդանի հաղորդության մեջ է գտնվում ալղայբայում գտնվող իմամի հետ։ Այսպիսով, եթե եկեղեցիները բոլորն էլ սխալ են, այսինքն, Հիսուսի խոստացյալ պարակլետը՝ Սուրբ Հոգին չի գործում, ապա վերջին օրերում պետք է գործի Ժոզեֆ Սմիթ մարգարեն, որի միջոցով ճշմարտությունը հայտվելու է մարդկությանը։
Եվ ինչպես Իսլամ ասելով հասկանում են Մուհամմեդին, այնպես էլ մորմոն եկեղեցի ասելով պետք է հասկանալ և պատկերացնել երկու անգլերեն բառ՝ Ժոզեֆ Սմիթ։ Ժոզեֆ Սմիթից դուրս չկա մորմոն եկեղեցի և այդ եկեղեցու նպատակն էլ հենց այդ է՝ աշխարհին տանել նրան՝ Ժոզեֆ Սմիթին, նրա կյանքը, վարքը, մտքերը, հայտնությունները, տեսիլքները։
Եվ այսպես, 1827 թվականի սեպտեմբերի 21-ին, Սմիթին տրվեցին ոսկե թերթիկները, որոնք նա պահեց իր մոտ մինչև 1838 թվականի մայիսի 2-ը, երբ նա թերթիկները հանձնեց երկնային սուրհանդակին։ Այս դեպքերից հետո՝ Սմիթն անմիջապես ձեռնարկում է ոսկե թերթերի թարգմանությունը՝ Ուրիմի և Թումիմի միջոցով, ինչպես ինքն է գրում, «Բավականին թերթեր պատճենելուց հետո, Ուրիմի և Թումիմի օգնությամբ ես թարգմանեցի դրանցից մի քանիսը» (1, էջ 16)։ Այսինքն, Սմիթը ինքն էլ հստակ չի գրում, թե ինչպես է թարգմանել չիմացած լեզվով գրած թերթերը։ Պարզ է, որ համենայն դեպս ոչ Շամպոլեոնի նման և ոչ էլ ռոզեթյան քարի օգնությամբ։ Այդպիսի մեթոդները ընդունելի չեն Սմիթի համար։ Կենսագիրները նշում են երկու տարբերակ. մի դեպքում, երբ նա նայում էր այդ քարերի միջոցով՝ ինչպես ակնոց, անհայտ մեհենագրերը նա տեսնում էր հստակ անգլերենով և այն արտագրում էր, ընդ որում անգլերեն պատկերը չէր անհետանում այնքան ժամանակ, մինչև որ Սմիթը ամբողջը չէր արտագրում։ Երկրորդ դեպքում Սմիթը Ուրիմը և Թումիմը պահում էր գլխարկի տակ, որն էլ դնում էր իր առաջ։ Նայելով գլխարկին՝ նա հասկանում էր այդ անհայտ թերթիկների բովանդակությունը և շարադրում էր այն անգլերենով։ Երբ Սմիթը իր հայացքը կտրում էր գլխարկից՝ թերթիկների գրությունները անհասկանալի էին դառնում։ Այստեղ հատկանշական է հետևյալը. Սմիթը թարգմանում է մի բան, որը ոչ կարող էր կարդալ, ոչ էլ գիտեր բովանդակությունը։ Բայց արդյունքում ստացվում է անգլերենով գրված գիրքը։ Ի վերջո, Նյու Յորքի մոտ գտնվող Կումորա լեռան մոտ երկնային տախտակները հայտնաբերելուց հետո, ինչպես և պետք է լիներ, Սմիթը ձեռնարկում է դրանց թարգմանության գործը։ Թարգմանության տարիներն են համարվում 1827-1829 թվականները, իսկ գրքի տպագրությունն ավարտվում է 1830-ին։
«Շուտով մեր հավատակից եղբայրներին մենք տեղեկացրեցինք, որ մեզ պատվիրվել է աշխատանքներ սկսել եկեղեցու հաստատման համար։ Այս նպատակով Քրիստոսի ծննդից հետո 1830 թվականի ապրիլի 6-ին, մենք հավաքվեցինք Փիթեր Ուիթմեն Ավագի տանը։ Մեր ժողովը բացվեց հանդիսավոր մաղթանքով առ մեր Երկնային Հայրը, որից հետո մենք, ըստ պատվիրված կարգի, սկսեցինք հարցնել հավատակից մեր եղբայրներին, թե նրանք արդյոք մեզ ընդունում են որպես Աստծո թագավորության վերահաստատողներ և արդյոք նրանք համաձայն կլինեն, որ մենք կարգի համաձայն սկսենք վերահաստատել եկեղեցին երկրի վրա» (1, էջ 25-26)։ Եվ այդպես նրանք հիմնում են մի կրոնական միություն, եկեղեցին երկրի վրա, անվանելով այն «Քրիստոսի եկեղեցի», իսկ հետագայում՝ որպես «Վերջին օրերի սրբերի եկեղեցի» (1834 թ.) և վերջապես 1838 թվականին՝ «Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի սրբերի եկեղեցի»։ Մորմոն եկեղեցու առաջին անդամները դարձան Մարտին Հարրիսը« Դեյվիդ Ուիթմերը և 0լիվեր Քաուդերին« որոնց հայտնի վկայությունը դրվում է Մորմոնի գրքի սկզբում։ Ըստ նրանց վկայության, նրանք «Տեր Հիսուս Քրիստոսի և Հայր Աստծու կամքով տեսել են այն թերթերը, որոնք պարունակում են այն տարեգրությունը, որը պատմում է Նեֆիի ժողովրդի ու նաև Լամանացիների մասին, նրանց եղբայրների, նույնպես նաև Հարեդի ժողովրդի մասին, որոնք առաջ եկան աշտարակից» (1, էջ 22)։ Այդ զավեշտական վկայության համաձայն, նրանք երեքով աղոթել են Աստծուն, որ ցույց տա իրենց այն թերթերը, որոնցից թարգմանվել է Մորմոնի գիրքը։ Եվ, անտառում երկար աղոթելուց հետո, Աստծու հրեշտակը իջեցնում է այդ երկնային թերթերը և նրանք համոզվում են դրանում։ Մորմոնի գրքի սկզբում դրվում է նաև հայտնի ութ հոգու վկայությունը՝ նույն բովանդակությամբ, թե ինչպես իրենք հայտնում են «աշխարհին, ազգերին, ցեղերին, ժողովուրդներին, լեզուներին, որ այս գործի (այսինքն՝ Մորմոնի գրքի) թարգմանիչն է Ժոզեֆ Սմիթ Կրտսերը», և որ այդ թերթերը ոսկուց էին և իրենք իրենց ձեռքով շոշափել և հավաստիացել են, որ նրա վրայի «փորագրությունները հետաքրքրական և հնագույն տեսք ունեն» և իրենք «ամենայն պատասխանատվությամբ» հավաստում են այդ։ Այս վկայության տակ դրված է ութ հոգու անուն. Քրիսչեն Ուիթմեր, Ջեյքըբ Ուիթմեր, Փիթեր Ուիթմեր՝ Կրտսեր, Ջոն Ուիթմեր, Հայրըմ Փեյջ, Ժոզեփ Սմիթ՝ Ավագ, Հայրըմ Սմիթ, Սեմուել Սմիթ։
Մորմոն եկեղեցու ավանդությունը հիշատակում է մի միջանկյալ, երրորդ փաստ ևս, որը «կար և չկա» (դարձյալ երկրորդման սկզբունքը)։ Համաձայն այդ պատմության, Մարտին Հարրիսը՝ երեքից մեկը, վերցնելով Սմիթի թարգմանություններից մի քանի էջ և դրանց համապատասխան պատճենված մեհենագիր էջերը, ցույց է տալիս Նյու Յորքի պրոֆեսոր ոմն Չարլզ Էնթոնին, «որը բավականին մեծ հեղինակություն էր համարվում այդ ասպարեզում։ Պրոֆեսոր Էնթոնին հաստատեց, որ թարգմանությունները կատարված են առավել ճշգրիտ, քան հին եգիպտերեն մյուս բոլոր թարգմանությունները, որոնք ինքը առիթ է ունեցել կարդալու» (1, էջ 16)։ Այնուհետև, երբ պրոֆեսորը իմացել է թերթերի հայտնաբերման «հրեշտակային պատմությունը», ետ է վերցրել իր իսկ տված վկայությունը և պատառոտել՝ ասելով. «Հրեշտակների ծառայության ժամանակը վաղուց անցել է»։ Անշուշտ, Ս. Գրքից հայտնի է «հրեշտակների ծառայության» մասին, մանավանդ Ստեփանոսի հայտնի ճառում ասվածը՝ 0րենքի մասին, որն ստացել են «հրեշտակների մատակարարությամբ» (Գործք, 7.53)։ Հնարավոր է, որ պրոֆեսորը վկայակոչում էր հենց այս համարը, ասելով թե՝ Հրեշտակների ծառայության ժամանակը վաղուց անցել է։ Համենայն դեպս Ստեփանոսի ճառի այդ մեկ հատվածի ազդեցությունը (միգուցե պատճենումը) բացահայտ է սմիթյան հրեշտակային պատմություններում։ Եվ այսպես, ստացվում է, որ գոյություն են ունեցել ընդամենը երեք փաստ այն մասին, որ Սմիթի մոտ եղածը ինչ որ մեհենագրեր են եղել, որոնք թարգմանվել են առավել ճշգրիտ, քան կարելի էր։ Դրանք են՝
Ա) Երեքի վկայությունը,
Բ) Ութի վկայությունը, և
Գ) արևելագետ պրոֆեսորի գրությունը, որը ոչնչացվել է հենց իր՝ պրոֆեսորի կողմից։ Առաջին եռյակին Սմիթը վտարեց եկեղեցուց այն բանի համար, որ նրանք դատարանում իրենց տված ցուցմունքներում հրաժարվել էին վկայությունը հաստատելուց, ասելով, թե այդ տեսել էին «հոգևոր աչքերով» և ոչ թե իրականության մեջ։ Ուրեմն, այդ երեքի վկայությունը վավերական համարել չի կարելի։ Վկաների հաջորդ խումբը՝ ութ հոգին են, որոնցից առաջին չորսը Ուիթմերի որդիներն են, հինգերորդը՝ կինը, մնացածները՝ Սմիթի հայրն ու եղբայրները։ Քանի որ Ուիթմերի ընտանիքին էլ Սմիթը վտարեց մորմոն եկեղեցուց և մերժեց նրանց, իսկ ազգականների վկայությունը ընդհանրապես չի կարելի ընդունելի համարել, ուստի այս Ութի վկայությունն էլ լուրջ փաստ չի կարող համարվել։ Մնում է շատ թե քիչ վավերականության նշույլ ունեցող համարել երրորդ վկայությունը, որը փաստորեն չկա։ Իսկ պատմությունը, չնայած իրական է, բայց սխալ է ներկայացված։ (4)-ում բերված է մի փաստաթուղթ, որի վավերականությունը կասկած չի հարուցում (էջ 197-199). այդ նույն պրոֆեսոի պատասխանն է իր ընկերոջ նամակին, ուր նա խնդրել էր լուսաբանել Հարիսի հետ կապված միջադեպը, քանի որ մորմոնական գրություններում սկսում էին հոլովել արդեն պրոֆեսորի անունը։ Պրոֆեսոր Էնթոնին պատասխանում է ընկերոջը և խնդրում հրատարակել այդ նամակը։ Նա գրում է, որ իրոք, ինչ-որ թերթեր՝ մանկական խզբզանքով, ներկայացվեցին իրեն, խնդրելով կարծիք հայտնել դրանց մասին։ Էնթոնին գրում է, որ այդ գրատեսակները թարս ու շիտակ գրված հունարեն, եբրայերեն, լատիներեն տառեր էին՝ ուղղահայաց սյունակներով շարված, անկապ մանկական բաներ և ոչ մի եգիպտական մեհենագրեր այնտեղ չկային։ Հայտնի է, որ եգիպտագիտությունը այդ տարիներին դեռ նոր էր ձևակերպվում և Շամպոլեոնը (մահացել է 1832 թ.) դեռ չէր հրատարակել իր հանրահայտ աշխատությունները։ Եվրոպայի առաջնակարգ գիտական կենտրոններում դեռ նոր էին ձևակերպվում եգիպտագիտության ամբիոններ, իսկ Շամպոլեոնի «Եգիպտերենի քերականությունը» և «Եգիպտերենի բառարան և հիերոգլիֆային գիրը» լույս է տեսնում նրա մահվանից հետո միայն՝ 1835-1843 թվականներին։ Դրա համար էլ Սմիթին անծանոթ պետք է լինեին եգիպտական մեհենագրերը, իսկ Նյու Յորքի պրոֆեսորը, «ոտքի վրա» աչքի անցկացնելով անհայտ մեհենագրերով ինչ որ թերթեր, եթե դրանք իրոք եգիպտական ծագում ունեին, չէր կարողանա ճշգրիտ որոշել նրանց բովանդակությունը, գրերի տեսակները, և հավաստեր դրանց թարգմանության առավել ճշգրիտ լինելը։ Նրա պատասխանը հակառակն է ասում։ Ավելի անհավանական է բերված վկայության մեջ թերթերի «եգիպտական, քաղդեական, արաբական լինելը» դարձվածքը։ Նախ հայտնի է, որ արաբական գիրը թատերաբեմ է ելել Ղուրանի հետ միասին, կամ դրանից մի քիչ առաջ, այսինքն՝ 7-րդ դարից ոչ շուտ։ Իսկ արաբական գրերին նախորդած գրերը, որոնք հայտնի են Սինայական կամ Կարմատական անունով, գրեթե չեն գործածվել։ Հետևաբար ենթադրել, որ ամերիկյան մայրցամաքում դեռ 5-րդ դարում (421 թ.) և դրանից առաջ, ինչ-որ Մորմոն և Մորոնի անունով հայր ու որդի գրի են առել այդ մայր ցամաքի պատմությունը՝ դեռ գոյություն չունեցող գրերով, անհեթեթություն է։ Հետևաբար ստացվում է, որ չկա մի հավաստի փաստարկ այն մասին, որ Սմիթի մոտ եղել են այդ խորհրդավոր եգիպտական մեհենագրերը։ Եզրակացությունը մեկն է. սմիթյան պատումների վավերական լինելը շատ կասկածելի է և նման «հրեշտակային հայտնությունները» համարել Սուրբ Գրքից ավելի կատարյալ և նրան փոխարինող՝ որպես «վերջին օրերի» կատարյալ հայտնություններ՝ անընդունելի է։ 1831-1844 թվականներին Ժոզեֆ Սմիթը ունեցել է 135 հայտնություն. նրան օգնել և ցույց են տվել, թե ինչ է անելու ինքը, որտեղ է հիմնելու իրենց կենտրոնը։ Նա ստանում է համապատասխան ցուցումներ և հրահանգներ եկեղեցու հիմնադրման, կառուցվածքի և բոլոր անհրաժեշտ բաների մասին։ Դրանցից մեկն էր նաև Սմիթի հայտնությունը բազմակնության վերաբերյալ, որը ներկայացվեց որպես աստվածային հայտնություն։ Իսկ Սմիթի հաջորդներից մեկը, Վիլֆորդ Վուդրաֆը 1890 թվականին մի նոր հայտնություն է ստանում, ուր մերժում է բազմակնությունը։ Իսկ ինչպե՞ս կարելի սմիթյան հայտնությունը աստվածային համարել, եթե ընդամենը հիսուն տարվա կյանք ունեցավ և մերժվեց հաջորդ մարգարեի «աստվածային» հայտնություններով։
«Ես, որպես Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու նախագահ, այսու հայտարարում եմ ամենալուրջ կերպով, որ բոլոր ամբաստանությունները (բազմակնության վերաբերյալ) սուտ են։ Մենք չենք քարոզում բազմակնություն…», – գրում է նա իր այդ հռչակագրում (2, էջ 358-359)։
Համենայն դեպս, չնայած անհամաձայնությունների, մորմոն եկեղեցու պատմական ճանապարհը
ընթացավ Սմիթի հայտնությունների համաձայն։
Խուսափելով հալածանքներից« համաձայն Սմիթի 1831 թվականի հայտնությունների, մորմոնները տեղափոխվեցին 0հայո և Միսսուրի նահանգներ։ Իրենց հաստատման ժամանակներում, ուր որ գնացել են մորմոնները, իրենց բարքի ու տարօրինակ սովորույթների համար, բնակիչները նրանց հետ միշտ թշնամաբար են վերաբերվել։ Իսկ այդ վերաբերմունքը մորմոն առաջնորդները ներկայացրել են որպես հալածանք ճշմարիտ կրոնի համար։ 1839 թվականին Միսսուրիի նահանգապետի կարգադրությամբ մորմոններին դարձյալ վտարում են նահանգից և նրանք տեղափոխվում են Իլլինոյս նահանգ, ուր հիմնում են Նավու ավանը։ Համայնքում Սմիթն ուներ անսահման հեղինակություն և իշխանություն։ Այդ ամենով չբավարարվելով, 1844 թվականին նա նաև իր թեկնածությունն է դնում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ Այդ արարքն անհետևանք չի անցնում. որոշ մորմոններ հեռանում են Սմիթից և միավորվելով սկսում են Սմիթի դեմ պայքարել՝ տպագրելով զանազան նյութեր նրա դեմ։ Սմիթի կողմնակիցները իրենց հերթին սկսում են միջամտել, և, մի օր մտնելով տպարան, ուր տպագրվում էին Սմիթի դեմ ուղղված հոդվածները, ավերում են այն։ Կառավարությունը ստիպված միջամտում է «վերջին օրերի սրբերի» գործին և ձերբակալում Ժոզեֆ և Հայրում Սմիթներին։ Իսկ զայրացած ամբոխը, չսպասելով դատարանի որոշման, հունիսի 27-ին գրոհում է բանտը, դուրս հանում եղբայրներին և գնդակահարում նրանց։ Իհարկե, այս փաստն անմիջապես օգտագործում են մորմոնները և Սմիթ եղբայրներին հռչակում նահատակներ։
Նրանց սպանության պատմությունը դնում են «Վարդապետություն և Ուխտեր» գրքի 135-րդ գլխում, ուր փառաբանում են նրանց, իսկ Ժոզեֆին համարում երկրորդ մարդը Հիսուսից հետո. «Ժոզեֆ Սմիթը, Աստծու Մարգարեն և Տեսանողը, այս աշխարհում մարդկության փրկության համար արեց ավելին, քան որևէ մեկ այլ մարդ, բացի Հիսուս Քրիստոսից»։ Այդպես ավարտվում է Ժոզեֆ Սմիթի կյանքը, որը մորմոնների համար ամենամեծ հեղինակությունն է համարվում, մի մարդ որի հայտնություններն ու խոսքերը նրան հետևողների համար ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան Ս. Գիրքը։ Մի առիթով Սմիթն ասել էր, որ «Հիսուսին հետևողները փախան Հիսուսից, բայց ինձ հետևողները երբեք չեն փախչի ինձանից» (4, էջ 183), և այս խոսքերը եղան նրա միակ մարգարեությունը, որ կատարվեց։ Սմիթին հաջորդում է Բրիգհեմ Յանգը, որը ստանձնելով Մարգարեի և Առաջնորդի պաշտոնը, մորմոններին առաջնորդում է դեպի արևմուտք՝ Յութայի նահանգ և հաստատվում Սոլթ Լեյք Սիթիում (բառացի՝ Աղի լիճ քաղաք)։ Մինչ այսօր այնտեղ է գտնվում մորմոն եկեղեցու կենտրոնակայանը։ Մորմոն եկեղեցու պատմությունն էլ հարուստ է զանազան միջադեպերով, որոնցից մորմոնները սիրում են առանձնացնել ճայերի երամի և մորեխների հայտնի միջադեպը, համարելով այն որպես երկնային նախանշան։ 1848 թվականին, հունձի ժամանակ, մորեխների ամպը ոչնչացնում էր արտերը։ Այդ ժամանակ ճայերի մի ամպ է հայտնվում և ոչնչացնում մորեխներին և այդպիսով հունձը փրկվում է։ Վերջին օրերի սրբերի եկեղեցին այդ դեպքը հռչակեց որպես երկնային նշան և երկնային օրհնություն իրենց եկեղեցուն։
Դրան հակառակ մորմոն պատմաբանները աշխատում են մոռանալ մեկ այլ՝ դաժան մի դիպված, երբ Յանգը 1857 թվականի սեպտեմμերին կարգադրում է իր տեղակալ Ջոն Լիին, կոտորել մոտ 100 անզեն ներգաղթողների՝ ընտանիքներով հանդերձ։ Հավանաբար, այդ ոչ մորմոն գաղթականներից տանգ ակնկալելով, Յանգը հրամայում է դուրս տանել նրանց և լեռնային մարգագետիններից մեկում կոտորել։ Այդ դիպվածը մտավ պատմության մեջ Լեռնային մարգագետինների ջարդ անունով (4, էջ 191)։
ԱՄՆ կառավարությունը միայն 12 տարի անց վերսկսեց այդ դեպքի քննությունը ու մահվան դատապարտեց Ջոն Լիին։ Անշուշտ, դժվար թե գտնվի մեկը, որն այսօր փորձի արդարացնել Յանգի այդ որոշումը, չնայած նրան, որ մորմոնների Մարգարեն ցանկացած որոշում կայացնում է միայն և միայն համապատասխան հայտնություն ունենալու դեպքում։
Համենայն դեպս, մորմոնները հակված են իրենց բոլոր անդամների գլխին «սրբության պսակ» դնել, փաստորեն հաստատելով իրենց եկեղեցու անվանումը, որպես «սրբերի եկեղեցի»։ Մինչդեռ անգամ Սմիթ եղբայրների գնդակահարության ժամանակ նրանց մոտ, ինչ որ ձևով, ատրճանակներ են հայտնվել և նրանք դիմադրություն են ցույց տվել ամμոխին՝ մի քանի հոգու էլ վիրավորելով։ Իսկ նման պարագաներում «սրբերի պսակներ» հանդերձել Սմիթ եղբայրներին, այնքան էլ լուրջ չէ։