Այսպես, մինչև մեծ և օրենսդիր Մովսես մարգարեի ժամանակը ընտանիքի գլուխն էր, որ կատարում էր քահանայական պաշտոնը՝ զոհեր և պատարագներ մատուցելով, քանի որ այս ուղղությամբ պաշտամունք կատարելու համար հաստատված ՝մասնավոր օրենք գոյություն չուներ, ամեն մարդ իր ուզած ձևով և իր փափագած տեղում էր զոհ մատուցում։ Առաջին անգամ Մովսեսն էր, որ զոհաբերության կարգ ու կանոն հաստատեց։ Մովսեսի կողմից հաստատված օրենքների համաձայն՝ զոհաբերության տեսակները հետևյալներն են.
Ա. Ողջակեզը Ողջակեզի կենդանին պետք է լիներ մեկ տարեկան արու, անարատ գառնուկ, այծ կամ հորթ, իսկ թռչուններից՝ տատրակ կամ աղավնու ձագ։ Զոհի արյունը Ահարոնի որդիները սրսկում էին վկայության խորանի շուրջը։ Հանում էին նրա մորթը, լվանում էին փորոտիքը և հետո ոտքերը կտոր-կտոր շարում էին խորանի կրակի վրա։ Ամբողջ գիշեր, մինչև առավոտ, կրակի վրա պետք է մնար. քահանան հագնում էր իր քթանե պատմուճանը՝ այրված ողջակեզի մոխիրը սեղանի մոտ դնելու համար, այնուհետև փոխում էր հագուստը, մոխիրը բնակավայրից դուրս, մաքուր տեղ փոխադրում. կրակը միշտ վառված պետք է մնար։ Եվ սա անուշահոտ պատարագ էր Տիրոջը (Ղևտացվոց Ա 1-9)։
Բ. Բարոյական հանցանքի պատարագը Բարոյական հանցանքի ներման համար մորթված մեկ տարեկան կենդանու ճարպոտ մասերն այրում էին« իսկ մնացած կտորները քահանաներին ուտելու μաժին էին մնում (Ղևտացվոց Զ 1-7)։
Գ. Խաղաղության, շնորհակալության և այլ ուխտի պատարագներ Խաղաղության, շնորհակալության և այլ ուխտի կամ կրոնական զգացմունքներին գոհացում տալու նպատակով էլ էին զոհեր մատուցում (Ղևտացվոց Է 1-21)։
Դ. Մշտնջենավոր պատարագը
Մշտնջենավոր պատարագը ամեն օր մատուցվող մեկ տարեկան երկու գառներ են. մեկը՝ առավոտյան՝ արևածագին. մյուս գառնուկը՝ երեկոյան՝ արևամուտին. սա անուշահոտ պատարագ էր Տիրոջը։ Եվ այս մշտնջենական պատարագի շնորհիվ Աստված այսպես է խոստանում. «Ուր պատարագի մեջ պիտի հանդիպեմ՝ քեզ հետ խոսելու։ Եվ այնտեղ Իսրայելի որդիներին պիտի հանդիպեմ, ու խորանը իմ փառքով սուրբ պիտի լինի։ Եվ վկայության խորանը ու սեղանը պիտի սրբեմ. Ահարոնին ու նրա որդիներին էլ պիտի սրբեմ, որպեսզի ինձ քահանայություն անեն։ Եվ Իսրայելի որդիների մեջ պիտի բնակվեմ ու նրանց Աստված պիտի լինեմ։ Եվ պիտի գիտենան, թե նրանց Տեր Աստվածը ես եմ, որ նրանց մեջ բնակվելու համար Եգիպտոսի երկրից հանեցի նրանց։ Ես եմ նրանց Տեր Աստվածը» (Ելից ԻԹ 38-46)։
Ե. Զատիկ-Պասեք կամ Բաղարջակերաց տոնը
Բաղարջակերաց կամ Զատկի տոնը Իսրայելի որդիների՝ Եգիպտոսից դուրս գալու հիշատակին էր նվիրված։ Մովսեսն Աստծո հրամանով հաստատեց Բաղարջակերաց-Պասեքի կամ Զատկի տոնը՝ իր ցեղին տարեցտարի և սերնդեսերունդ հիշեցնելու, թե ինչպես Աստված նրանց.
Ա.- Եգիպտոսից հանեց,
Բ.- Գերությունից ազատագրեց,
Գ.- Մեծ դատաստանով փրկեց,
Դ.- «Եվ ձեզ ինձ ժողովուրդ պիտի անեմ ու ձեզ Աստված պիտի լինեմ» (Ելից Զ 6-7)։
Եվ, որովհետև Տերը զորավոր ձեռքով Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից դուրս հանեց Ապիպ Նիսան (Ապրիլ) ամսվա մեջ, այդ պատճառով էլ այն ամիսների առաջինը պիտի լիներ, և այդ ամսվա մեջ պիտի կատարվեր Զատկական պատարագը։ Այդ ամսվա տասին ամեն մեկը գառնուկ պիտի վերցներ ընտանիքի թվին համապատասխան։ Գառնուկը պետք է լիներ մեկ տարեկան, անարատ և արու։ Այն պետք է պահեին մինչև ամսվա տասնչորսերորդ օրը, ապա Իսրայելի ժողովի ամμողջ բազմությունը պետք է մորթեր այն երկու երեկոների մեջտեղում (14-15)։ Ամսվա տասնչորսը Պատրաստության օր էր, մեր լեզվով Խթումն էր լինում, և արևի մայրամուտին տասնհինգերորդ օրն էր սկսվում, որ է Զատիկ։ Այս տոնը յոթ օր էր տևում, այսինքն՝ ամսվա 15-ից մինչև 25-ի երեկոյան. այս շրջանում բաղարջ (անթթխմոր և անալի հաց) պետք է ուտեին, իսկ խմորված հացը տնից վերցրած էին լինում ամսի 13-ին՝ տասնչորսերորդ օրը չսկսած, ինչպես Մովսեսը պատվիրում է. «Եվ յոթ օր ձեր տներից վերցրեք թթխմորը» (Ելից ԺԲ 15), «Եվ քո սահմանների մեջ յոթ օր բնավ թթխմորով հաց չերևա» (Բ 0րինաց ԺԶ 4)։ Այդ յոթ օրերին ծառայական և կամ որևէ այլ գործ չպետք է անեին ու պետք է սուրբ պահեին դրանք։ Առաջին օրը, այսինքն՝ 15-ին, սուրբ ժողով պիտի լիներ։ Պիտի պատմեին իրենց որդիներին, թե այս տոնին էր, որ Աստված Իսրայելի ժողովրդին ազատագրեց Եգիպտոսի՝ գերության երկրից։ «Եվ սա քեզ նշանի համար պիտի լինի ձեռքիդ վրա և քո աչքերի մեջտեղում՝ հիշատակի համար, որպեսզի Տիրոջ օրենքը քո բերանում լինի։ Քանզի Տերը քեզ զորավոր ձեռքով հանեց Եգիպտոսից» (Ելից ԺԳ 8-10)։
Այդ պատճառով էլ 0րենքների, Սաղմոսների և Մարգարեությունների բոլոր գրքերում հաճախ պիտի հանդիպենք հետևյալ խոսքերին. «Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցի»։ Որով Իսրայելի որդիները միշտ պիտի հիշեն իրենց Ազատարար և Փրկիչ Աստծուն։ Զատկական գառնուկի միսը թեթև կրակի վրա պետք է խորովեին, ամբողջ գիշեր պետք է ուտեին և նրանից բան չպետք է թողնեին. այն պետք է ուտեին բաղարջ հացով ու դառը խոտերով՝ ի հիշատակ Եգիպտոսում ապրած դառն ու դժվար կյանքի։ Ինչպես նաև՝ քարոսեթ, որ մի տեսակ անուշեղեն էր՝ շինված ընկույզից, նուշից, խնձորից, դարինճենիկով համեմված, մեջը գինով եփված թզեր ու մրգեր դրված, աղյուսների ձևով կտրտած և կարմիր գույնի՝ ի հիշատակ հրեաների՝ Եգիպտոսում աղյուսներ շինելու տաժանակիր աշխատանքների։ Խմելու համար էլ էր գինի անհրաժեշտ, որից ամենից աղքատն անգամ գոնե չորս բաժակ պետք է խմեր Զատկական ընթրիքի ժամանակ՝ իբրև գնահատություն, շնորհակալություն և երախտագիտություն Աստծուն՝ հրեա ազգի համար կատարած քառապատիկ շնորհների համար՝
Ա. Եգիպտոսից զորավոր ձեռքով ու հրաշքով դուրս գալու,
Բ. Գերությունից ազատվելու,
Գ. Մեծ դատաստաններով փրկվելու,
Դ. Աստծո ժողովուրդ դառնալու։
Այսպես, երբ ամեն բան պատրաստ լիներ, սեղանի շուրջ էին բազմում։ Ներկաների թիվը տասից պակաս չպետք է լիներ և ոչ էլ քսանն անցներ. այդ պատճառով էլ, եթե անդամները սակավաթիվ էին, պարտավոր էին ազգականների հետ ուտել, որպեսզի փշրանք անգամ չավելանար նրանից (Ելից ԺԲ 10)։ Սեղան նստողներից յուրաքանչյուրը գոտին կապած, կոշիկները հագած, ցուպը ձեռքին, հավանաբար գլխարկն էլ գլխին դրած պետք է լիներ, մի խոսքով՝ կատարելապես ճամփորդի նման։ Նախ և առաջ ջուր և լվացարան էր բերվում, և բոլոր սեղանակիցները ձեռքերը լվանում էին առօրյա սովորության համեմատ (Հովհաննես Բ 6)։ Հետո տանտերն աղոթում էր Աստծուն՝ այս տոնը պարգևելու համար, փառք տալով Նրան։ Ահա այս էր գառնակերությունը կամ Բաղարջակերացը։ Միայն այսքան բան է գրված Մովսեսի հնգամատյանում։ Այս մեծ տոնի ծիսակատարության մասին գաղափար տալու համար հրեաներն ունեին Պասքա-Հակկադա՝ Պասեքի ծիսարան, որ Հին Կտակարանի ժամանակներից է մնացել և Բ դարի վերջերին գրի է առնվել ռաբբի Հուդա Հակկադոյի և նրա աշակերտների կողմից։ Այսպես, այս բոլոր ավանդությունները հավաքվել են Տոսիփատ անվամբ գրքում։ Եվ սա կարծես թե լրացնում է հնգամատյանի Բաղարջակերաց տոնի ծիսակատարությունը։ 2 Տե՜ս Գաթրճեան-Տաշեան, Սրբազան Պատարագամատոյց Հայոց, Վենետիկ-Սուրբ Ղազար, 1897, էջ 11-73։ Առաջին բաժակը լցվում էր, տանտերն օրհնում էր այն՝ գոհություն տալով այգիների բերքերի համար, նախ՝ ինքն էր խմում և ապա՝ հերթով սեղանակիցները։ Նորից տանտերը միայն լվանում էր ձեռքերը և սեղանին մոտենալով՝ օրհնում էր այն. վերցնում էր ոչ դառը բանջարեղեններից, թաթախում էր քացախի մեջ և ուտում էր այն. նույնն էին անում նաև սեղանակիցները։ Այդ պահին Բ 0րինաց գրքից մի քանի հատվածներ էին կարդում։ 0րինակ. «Ով Իսրայել, լսիր. միմիայն մեր Տեր Աստվածն է Տեր։ Եվ քո Տեր Աստծուն սիրես ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ և ամբողջ զորությունովդ։ Եվ այս խոսքերը, որոնք ես այսօր պատվիրեցի քեզ, թող քո սրտում լինեն, և դրանք կրկին ու կրկին անգամ կսովորեցնես քո որդիներին, թե տանդ մեջ նստած ժամանակ, թե ճանապարհ գնալիս, թե պառկելիս և վեր կենալիս դրանց մասին կխոսես, և դրանք որպես նշան ձեռքիդ կկապես և թող ճակատնոցի նման աչքերիդ մեջտեղում լինեն. նաև դրանք տանդ դրանդիքներին ու դռներին կգրես» (Բ 0րինաց Զ 4-9)։
Ինչպես նաև. «Իմ հայրը, թափառական ասորի լինելով, Եգիպտոս իջավ և այնտեղ սակավաթիվ մարդկանցով պանդխտություն անելով՝ մեկ մեծ, զորավոր ու բազմաքանակ ազգ եղավ. և եգիպտացիք մեզ չարչարեցին, նեղեցին և մեզ վրա ծանր ծառայություններ դրեցին, և մենք մեր հայրերի Տեր Աստծուն աղաղակեցինք, ու Տերը, մեր ձայնը լսելով, բարձր բազուկով ու հրաշքներով Եգիպտոսից հանեց մեզ և այստեղ բերեց ու մեզ կաթ ու մեղր բխող այս երկիրը տվեց՚ (Բ 0րինաց ԻԶ 5-9)։ Երկրորդ բաժակն էր լցվում. սեղանակիցների միջից կրտսերագույնը տանտիրոջը հարցնում էր, թե ինչ է նշանակում այս ամենը՝ անթթխմոր հացը, խորոված միսը, քացախի մեջ թաթախված բանջարեղենը, ճամփորդի նման շտապելով ուտելը և այլն։ Եվ տանտերը, բաժակը բարձրացրած, սրանց բոլորի բացատրություններն էր տալիս և կարդում էր Զատկի ծիսարանը« որ սկսվում էր. «Մենք Փարավոնի ծառաներն էինք, բայց Հավիտենականը, մեր Աստվածը կորզեց մեզ, հանեց…»։ Իսկ հետո քարոզում էր. «Այդ պատճառով պարտավոր ենք գոհանալ, բարձրացնել, հռչակել Նրան, որ մեր նախահայրերի և մեզ՝ ամենքիս համար այս ամենը արեց։ Նա մեզ բերեց ստրկությունից ազատության, տառապանքներից՝ ուրախության, սգից՝ տարեկան տոնի, խավարից՝ մեծ լույսի և գերությունից՝ փրկության։ Դրա համար նոր երգ երգենք Նրան, ալելուիա»։ Այդ պահին բոլորը միասին երգում էին ՃԺԲ – ՃԺԳ Սաղմոսները, որոնք Հալլել էին կոչվում։ Տանտերը մի անգամ էլ էր լվանում ձեռքերը, երկու բաղարջ հաց էր վերցնում, դրանցից մեկը երկու մասի էր բաժանում և այս երկու կտորը բոլոր հացերի տակ էր դնում. մյուս հացն էլ երկու մասի բաժանելով, իրար մոտ բռնած դեպի վեր՝ Աստծուն էր բարձրացնում, վրան օրհնություն էր ասում, հետո վերցնում էր դառը բանջարեղեններից, դրանք թաթախում էր քացախի մեջ, ուտում էր ու բաշխում մյուսներին։ Դրանից հետո սկսվում էր բուն ընթրիքը։ Սեղանակիցներից յուրաքանչյուրն իր ուզածն էր ուտում՝ միս, բաղարջ, բանջարեղեն կամ քարոսեթ։ Բաղարջը և բանջարեղենը միշտ քացախի մեջ թաթախելով պետք է ուտեին։ Ընթրիքից հետո բոլորը լվանում էին ձեռքերը և լցվում էր՝ Երրորդ բաժակը, որի առթիվ տանտերը գոհաբանական աղոթք էր ասում Աստծուն՝ շնորհակալություն հայտնելով Նրան՝ շնորհած բարիքների համար, խնդրում էր Իսրայելի ժողովր դին օրհնելու և Մեսիայի գալստյան համար, և բաժակն օրհնելուց հետո՝ դրանից էլ էին խմում։ Ներկաները այժմ երգում էին Հալլելի երկրորդ մասը, Սաղմոս ՃԺԵ-ՃԺԸ, որին միանում էր մեծ Հալլել կոչված Սաղմոս ՃԺԹ-ն և լցվում էր՝ Չորրորդ բաժակը, որ առաջինների պես օրհնվում էր ու խմվում։ Դրանից հետո որևէ μան խմելու պատվեր չկար։ Ընթրիքն ավարտվում էր, ու սեղանակիցները ցրվում էին։ Քրիստոսի մեկ անգամ մատուցած Պատարագն այս ամենն իր մեջ բովանդակում է, և մենք Քրիստոսի Պատարագով այս ամենը կատարած ենք լինում, որովհետև օրենքի պահանջները իրենց պեսպ ես զոհերով ստվերն էին Քրիստոսի Պատարագի, որն իբրև Աստծո անարատ Գառ, զոհվելով և պատարագվելով՝ Սուրբ Հաղորդության խորհրդով բաշխվում է մեզ՝ որպես Տիրոջ Մարմին և Արյուն։