Ես. 65.8-25։ Փպ. 3.1-4.9։ Ղկ. 17.20-18.14։
Եսայի
8Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ «Մի՛ փչացնիր դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ», այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար.յանուն նրա չեմ կործանելու բոլորին։ 9Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այնեւ բնակուեն այնտեղ։ 10Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտռել։ 11Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ 12Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։ 13Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու։ 14Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախութեամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցաւից աղաղակելու էք, ձեր հոգու կսկծից ողբալու էք։ 15Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ։ 16Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստուծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն։ 17Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշենեւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն։ 18Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ։ Ահա ես Երուսաղէմն ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար։ 19Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի։ 20Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը,քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի։ 21Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։ 22Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։ Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։ 23Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են։ 24Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում։ 25Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց։ Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», -ասում է Տէրը։
Փիլիպեցիներ
3 Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրա՛խ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է։ 2Զգուշացէ՛ք շներից, զգուշացէ՛ք չար մշակներից, զգուշացէ՛ք թլփատութեան կողմնակիցներից. 3քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, 4թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ։ Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես՝ առաւե՛լ եւս. 5թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարիսեցի, 6ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան՝ անբասիր։ 7Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ 8Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար։ Նրա համար ամէն ինչից զրկուեցի, – եւ այդ բոլորը աղբ եմ համարում, – որպէսզի շահեմ Քրիստոսին 9եւ գտնուեմ նրա մէջ. ո՛չ թէ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով, 10որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան, 11որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն։ 12Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից։ 13Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. 14ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով։ 15Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բանը խորհեցէ՛ք. եթէ ուրիշ բան խորհէք, Աստուած ձեզ ա՛յդ էլ կը յայտնի։ 16Միայն թէ ինչի որ հասանք, նո՛յնը խորհենք եւ նո՛յն կանոնի համաձայն ընթանանք։ 17Եղբայրնե՛ր, նմանուեցէ՛ք ինձ եւ լա՛ւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար. 18որովհետեւ շատերը, – որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, – ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. 19նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամօթը։ Նրանք միայն երկրաւոր բաներն են խորհում։ 20Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, 21որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը։
4 Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր։ 2Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։ 3Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։ 4Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ 5Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։ 6Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ 7Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։ 8Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք։ 9Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
20Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»։ 21Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 22եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ 23Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի։ 24Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ», մի՛ շտապէք գնալու, 25որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում։ 26Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից։ 27Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով։ 28Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց։ 29Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ 30Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց։ 31Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու։ 32Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ։ 33Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը։ 34Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ 35Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ 36Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»։ 37Պատասխան տուին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»։ 38Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները»։
18 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան։ 2Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ 3Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»։ 4Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»։ 6Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը։ 7Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի։ 8Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»։ 9Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին։ 10«Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր։ 11Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ 13Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»։ 14Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»։