Բազում քրիստոնյաներ են սպանվել իրենց անխախտ հավատքի համար ոչ միայն քրիստոնեության վաղ շրջանու, այլև մեր ժամանակներում, երբ հատկապես համայնավարության տարիներին բազմաթիվ հոգևորականներ բանտարկվեցին և հերոսաբար նահատակվեցին` հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց հավատքին։ Ընդունելի չէ մարդասպանությունը. այն խախտումն է աստվածային մի՛ սպանիր պատվիրանի։ Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական կանոնները ևս դատապարտում են սպանությունը և նույնիսկ պատվիրում անգամ խաղաղ ժամանակ իր վրա հարձակված մարդկանց սպանող քահանային կարգալույծ անել։ Սրբերի պարագային տեսնում ենք, որ նրանց դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հեթանոսները հավատքի պատճառով։ Սակայն պատերազմների ժամանակ սպանություն գործած քրիստոնյա զինվորի վերաբերյալ եկեղեցական կանոնը նշում է, որ Եկեղեցու Հայրերը դա մեղք չեն համարել, բայց այդպիսի մարդն իր անձը մաքրելու համար երեք տարի, ըստ եկեղեցական կանոնի, պետք է հեռու մնա Սուրբ Հաղորդությունից։
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ավետարաններում Հիսուս Քրիստոսի ուրվագծած կատարյալ մարդը նա է, ով լի է բոլորի հանդեպ սիրով և երբեք սպանություն չի գործում, ինչպիսին որ եղավ Քրիստոս Ինքը։ Սակայն ճակատագրական պահերին զենքի դիմելու թույլտվությունը տրվել է մարդկանց խստասրտության պատճառով, ինչպես որ Քրիստոս ապահարզանի մասին հրեաներին ասաց, որ այդ օրենքով Մովսեսը ոչ թե աստվածային կատարյալ կամքն է արտահայտել, այլ հրեաների խստասրտության պատճառով է թույլ տվել կանանց արձակելը (Մատթ. 19.8, Մարկ. 10.5)։ Իսկ պատերազմի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով զենքի դիմելու արդարացիությունը կարող ենք ցույց տալ նաև Նոր Կտակարանով։ Երբ Հովհաննես Մկրտչի մոտ մկրտության եկած զիվորները նրան հարցրեցին` իսկ մենք ի՞նչ անենք, Հովհաննեսը պատասխանեց նրանց. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկ. 3.14), և ոչ թե ասաց՝ զենք վերցնել չի կարելի, բանակը վատն է, թողեք և հեռացեք։ Նաև Պողոս առաքյալը, խոսելով այն մասին, որ ինքը փորձել է նեղություն չտալ ոչ ոքի, ասում է. «Ո՞վ երբևէ զինվորություն կանի իր ծախսով» (Ա Կորնթ. 9.7)։ Ինչպես նաև եբրայեցիներին ուղղված իր թղթում առաքյալն ասում է, թե հավատքի շնորհիվ էր, որ Սամսոնը, Դավիթը և այլ զորականներ կարողացան հաղթել օտար բանակների (Եբր. 11.3234)։ Սակայն թշնամին ևս մարդ է, նա գուցե մի փոքրիկ աղջնակի կամ տղայի հայրն է, ինչոր մեկի սիրեցյալ ամուսինը, մեկի սիրելի զավակը։ Բացի դրանից յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով։ Այդ իսկ պատճառով նույնիսկ պատերազմի ժամանակ սպանություն գործած մարդը պետք է դիմի Եկեղեցու կողմից կարգված ինքնամաքրման։ Ոմանք գուցե համաձայն չեն այս մտքի հետ, սակայն հոգեբանները կարող են ապացուցել, որ անգամ պատերազմների ժամանակ անընդհատ սպանող մարդը կարող է շատ լուրջ հոգեբանական խնդիրներ ունենալ։ Հովհան Մանդակունին իր ճառերում ասում է, որ կապ չունի` որևէ մեկը թագավորին է սպանել, թե աղքատին, ծեր մարդու, թե երեխայի. դրանք բոլորն էլ սպանություններ են։ Եվ նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով կամ պատահաբար սպանություն կատարած մարդու զղջման և ապաշխարության անհրաժեշտությունը շեշտվում է եկեղեցական կանոններով, որոնք ընդգրկված են «Կանոնագիրք Հայոց» ժողովածուի մեջ։ Նշենք այդ կանոննեից մի քանիսը։ «Եթե մի անմեղ մարդ միայնակ ճանապարհ է գնում, և ճանապարհին նրա դեմ են ելնում գողերն ու ավազակները, և այս մարդն սպանում է նրանց, ապա Սուրբ Եկեղեցին նրան թող չդատի իբրև սպանողի։ Բայց Ահեղ Սեղանին, այսինքն` Սուրբ Հաղորդությանը մոտենալու համար սպանություն կատարած այդ մարդը թող սակավ օրերի ընթացքում սրբի իր անձը` մտածելով, թե ինչու այս ամենը հենց իր հետ պատահեց»։ Կանոնագրքում նշվում են այն մեծ և փոքր մեղքերը, որոնք գործած մարդկանց պետք է խոստովանության բերել։ Սպանողների պարագային նշվում են այն մարդիկ, ովքեր սպանել են կամ նախանձից, կամ իշխանությամբ, կամ արբեցությամբ, կամ պատերազմի ժամանակ և այլն։ Սակայն հոգևորականները միշտ պատերազմի են ելել ճակատագրական պահերին, մարդկանց ոգեշնչելու ու քաջալերելու, երբ, ինչպես նշում է Եղիշե պատմիչը Հովսեփ Կաթողիկոսի, Ղևոնդ Երեցի և մյուս հերոս հոգևորականների պարագային, պատերազմը բացի մարմնական կռիվ լինելուց համարվել է նաև հոգևոր առաքինություն։ Եվ այսօր ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները շարունակում են մեր հայ զինվորների կողքին լինել, օգնում են նրանց իրենց սիրով, աղոթքով, խրատներով և խորհուրդներով, որպեսզի մեր զիվորները երբեք չմոռանան Վարդանանց քաջարի օրինակը և նրանց սխրանքից ծնված խոսքերը` չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն։
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)