Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 22 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը

Published 18 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 11 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Բացման խոսքով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` հանգամանորեն անդրադառնալով եկեղեցական-ներկայացուցչական ժողովի աշխատանքների կարևորությանը` ուղղված Հայ Եկեղեցու պայծառությանն ու առաքելության արգասավորմանը:
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակից 155 պատվիրակներին:
«Սիրելի hոգևոր Հայրեր, Սիրեցյալ հավատավոր զավակներ Մեր, Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ ազգիս նվիրական հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի օրհնաբաշխ հովանու ներքո Աստծո կամոք վերստին համախմբվել ենք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի` այս նոր, ընդլայնված կազմով: Ողջունում ենք ներկայությունը Նվիրապետական մեր Աթոռների ներկայացուցիչների` Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը ներկայացնող Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
Մենք մեծապես կարևորում ենք մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները և աշխարհասփյուռ մեր թեմերը ներկայացնող այս ժողովի գործունեությունը, որը պիտի զբաղվի Հայ Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման, ներեկեղեցական կյանքի կազմակերպման և եկեղեցական հոգեխնամ առաքելության լավագույնս արդյունավորման հարցերով: Այս առումով կարևորում ենք նաև նախորդ տարի մեր Եկեղեցու` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց աննախադեպ ժողովի գումարումը, որը նույնպես պիտի դառնա պարբերական` զորացնելով տիրավանդ մեր առաքելությունը: Արդի ժամանակների նոր պայմանները և մարտահրավերները բերում են եկեղեցական ոլորտում առավել կազմակերպված ու հետևողական գործունեության հրամայականը: Այսօր մեր ժողովրդի հոգևոր- եկեղեցական կյանքում հառնած խնդիրները կարիքն ունեն հրատապ լուծման և միասնական առավել քաջեռանդ գործունեության և գործակցության:
Սիրելիներ, Եկեղեցու կենսունակության և զորության ակունքները բխում են անխորտակ վեմից քրիստոսապատվեր սիրո, որը միմյանց է շաղկապում ու միավորում Եկեղեցու յուրաքանչյուր զավակի, համայնքի յուրաքանչյուր անդամի սիրտը, կյանքն ու գործերը: Այսպես և եկեղեցական մեր կառույցների գործունեությունը, ինչպես և` դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու ջանքերը շարունակ պիտի իրագործվեն միմյանց հանդեպ սիրո և ծառայության ոգով, որի վերաբերյալ մեր Տերը հանձնարարեց. «Ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը. և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի. որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մարկ. 10.43-45): Եղբայրական սիրո և միմյանց հանդեպ նախանձախնդրության այս ոգին պիտի դարձնենք ուժն ու լծակը հոգևոր-եկեղեցական և ազգային մեր կյանքի բարեփոխման ու զորացման, որին կոչված է նաև այս ժողովը:
Ժողովի գործունեությունն առավել կազմակերպված և արդյունավետ իրականացնելու նպատակով օրակարգում ներառնված է նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի քննարկումը: Ժողովի օրակարգում է շարունակում մնալ նաև Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացին վերաբերող հարցը: Գնահատանքով անդրադառնալով այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, պիտի արձանագրենք, որ տակավին ավարտին չեն հասել թեմական կանոնադրությունների բարեփոխման աշխատանքները` համաձայն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից հաստատված կանոնադրության ուղենիշի: Եկեղեցական կյանքի կանոնակարգման հապաղումները տկարացնում են Եկեղեցու առաքելությունը` շարունակելով տեղիք տալ կամայական դրսևորումների: Վերստին ընդգծենք, որ կանոնադրության ուղենիշը հիմնված է մեր եկեղեցական իրավունքի ու կանոնների վրա և երբեք չի սահմանափակում թեմերի իրավասություններն ու լիազորությունները: Նախորդ տարիներին այս առումով հնչել են թյուր մեկնաբանություններ, դրսևորվել անհարկի կասկածամտություն, որոնք արդյունք են մեր Եկեղեցու կանոնական դրույթներին, ինչպես և առաջարկվող ուղենիշի սկզբունքներին անտեղյակության, նաև հարմարվողականության հոգեբանության և ամրագրված կարծրատիպերի: Մինչ օրս իրականացվել են բացատրական և տեղեկատվական ընդգրկուն աշխատանքներ: Ներկայիս այլևս անհասկանալի և անընդունելի է որոշ թեմերում Թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման գործընթացի անավարտ վիճակը, և հարկ է պատշաճ նախանձախնդրություն դրսևորելովª մոտ ժամանակներում ավարտին հասցնել աշխատանքները:
Անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի նաև այն իրողությանը, որ թեմական-համայնքային մեր կյանքը մեծ ազդեցություն է կրում մեր ժողովրդի տեղաշարժերից: Համայնքները համալրվում են նոր անդամներով, սակայն տարիներ շարունակ ընթացող այս փոփոխությունները չեն արտացոլվում թեմական կառույցների գործունեությունից ներս: Առկա է համայնքի անդամների անհամաչափ ներգրավվածություն թեմական գործընթացներում: Կարող ենք արձանագրել, որ հաճախ թեմի տարածքում բնակվող հայորդյաց թվի համեմատ բավական նվազ է հոգևոր-եկեղեցական կյանքին, միջոցառումներին ու ձեռնարկներին նրանց մասնակցությունը: Այս խնդիրների առջև անհրաժեշտ է առավել զորացնել քարոզչությունը, հոգեխնամ առավել ընդգրկուն գործունեություն ծավալել, Եկեղեցու գործուն անդամների շարքերում ներգրավել թեմի կամ ծուխի հոգևոր իրավասության ներքո ապրող և դեռևս եկեղեցական կյանքին միայն մասնակիորեն հաղորդակցվող հայորդյաց: Սփյուռքում շարունակում են մտահոգող մնալ նոր սերնդի ազգային գիտակցության պահպանման, մայրենի լեզվի իմացության ու գործածության, խառն ամուսնությունների մարտահրավերները: Անհրաժեշտ է նոր ծրագրեր իրագործել` երիտասարդներին ազգայինի ծիրից ներս պահելու, հոգևոր և ազգային արժեքներով դաստիարակելու և կրթելու ուղղությամբ:
Մեր օրերի աշխարհայնացման ընթացքները, բարոյական ընկալումների հաճախակի աղավաղումը, հասարակության կյանքում քրիստոնեության ունեցած կարևոր դերի գիտակցման նվազումը ավերիչ ներգործություն են ունենում նոր սերնդի աշխարհընկալման ու հավատքի հարցերում: Արդարև, յուրաքանչյուր թեմում ունենք եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություններ, Մայր Աթոռի հովանու ներքո ստեղծվել է բոլոր թեմերից երիտասարդներ ընդգրկող Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպությունը, գործում են կիրակնօրյա դպրոցներ, Հայորդյաց տներ: Կատարված աշխատանքներով հանդերձ` հարկ է մեծ ջանքեր ներդնել Հայաստանում և Սփյուռքում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության մեջ երիտասարդներին լայնորեն ներգրավելու, նրանց հոգևոր-կրոնական գիտելիքները, հավատքն ու նախանձախնդրությունը զորացնելու համար:
Առաջիկա տարի ազգովի նշելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խնկարկելու ենք մեր նահատակների հիշատակի առջև` ամրանալով մեր կամքի ու հավատի մեջ` արդար ավարտի հասցնելու մեր դատը: Մեծ տարելիցը ջանալու ենք դարձնել ազգային մեր կյանքի զորացման և Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ազդակ ու հանգրվան: Այս առիթով մեր Եկեղեցին պիտի կատարի մեր անմեղ զոհերի սրբադասումը: 2015 թ. Սուրբ Էջմիածնում կատարելու ենք նաև սրբազան Մյուռոնի օրհնություն` ի մխիթարություն մեր ժողովրդի և ի զորացում մեր հավատքի ու քրիստոնեական արժեքների, մեր ժողովրդի միասնականության և Մայր Աթոռի ու Մայր հայրենիքի շուրջ համախմբման:
Սիրելիներ, քաջ գիտեք, որ մեր Սուրբ Եկեղեցու փրկարար առաքելության անբաժան մասն է հայապահպան և հայրենաշեն գործունեությունը, որի իրականացմանը Աստծո օրհնությամբ իրենց նպաստն են բերում աշխարհասփյուռ մեր թեմերի բազում հավատավոր հայորդիներ: Մեր ժողովրդի հոգում անքակտելիորեն կապված են հավատքի եռանդը և հայրենիքի սերը, որոնք միշտ արթուն ու վառ պիտի պահպանենք: Անտարակույս է, որ մեր լուսավոր ապագան պիտի կերտենք հայրենի պետականության ամուր հիմքերի վրա: Ազգային պետականությունն է այն բարեբեր հողը, որի վրա ժողովուրդները բացահայտում և դրսևորում են իրենց հոգևոր ներուժը, կայանում իրենց ինքնությամբ, կյանքի կոչում իրենց իդեալները: Ներկայիս մեր հայրենիքը անկախության երկու տասնամյակների ձեռքբերումներով հանդերձ` կանգնած է նաև տնտեսական, սոցիալական խնդիրների ու դժվարությունների, քաղաքական մարտահրավերների առջև: Վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի սահմաններում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը վկայեցին, թե որքան անկայուն է խաղաղությունը: Մեր ժողովրդին հուզում են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի անօրինական շրջափակման վերացման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հիմնախնդիրները, Մերձավորն Արևելքում, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքների, հայորդիների խնդիրներն ու դժվարությունները, որոնց մասին մեր Եկեղեցին բարձրաձայնում է միջեկեղեցական ատյաններում, դրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնում պետությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու այրերին, ինչպես և մշտահունչ հորդորում ու քաջալերում է համայն հայությանը` միասնական ուժերով լուծելու ազգային հիմնախնդիրները: Ներկայացուցչական այս ժողովը կոչված է նաև խորհելու և քնննարկելու Հայրենիքին սատարելու, համազգային կյանքում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ այն ծրագրերն ու առաջարկները, որոնք կարող ենք իրականացնել մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցական կառույցների միջոցով:
Հավատում ենք, որ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գործունեությունը նպաստելու է մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորմանը, մեր ժողովրդին հուզող հարցերին հրատապ անդրադառնալով, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնելով և համապատասխան որոշումներ կայացնելով աջակցելու է Ազգային-եկեղեցական ժողովի աշխատանքներին` միասնական առաքելությամբ նոր ձեռքբերումներ արձանագրելու ազգային-եկեղեցական կյանքում:
Աղոթում ենք ի խորոց սրտի, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ բազմարդյուն լինի ընթացքը այս ժողովի, և Բարձրյալն Աստծո զորակցությունն ու աջակցությունը ուղեկից լինեն մեզ հավատավոր մեր ժողովրդին սպասավորության ճանապարհին: Հայցում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու առաջընթաց շնորհի համայն հայությանը և մեր Մայր Հայրենիքին և Իր ամենախնամ Սուրբ Աջով միշտ անսասան ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղեցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն», – ասաց Նորին Սրբությունը:
Հայրապետական օրհնությունից ու պատգամից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունից ժողովականներին ողջունեց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: «Հավաքված ենք այստեղ միասնաբար քննարկելու հույժ կարևոր եկեղեցական և ազգային հարցեր, որոնք լուծման կարոտ են: Ցանկալի է, որ այդ հարցերին մոտենանք խորը գիտակցությամբ և լրջությամբ ի շահ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և համայն հայ ժողովրդի», – ասաց Արիս Սրբազանը` անդրադառնալով նաև Միջին Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակին, որը վտանգում է նաև հայ քրիստոնյաների ներկայությունը Միջին Արևելքի այդ երկրներում:
Ժողովականներին ողջունեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` գոհություն հայտնելով Երկնավորին, որ առիթ է ընծայել մեկ անգամ ևս համախմբվելու Մայր Աթոռի հովանու ներքո: «Նման ժողովների գումարումները շատ կարևոր իրադարձություններ են, մանավանդ ներկայումս, երբ Հայ Եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի դրսևորելու միասնականությամբ զորացած կեցվածք` դիմադրելու համար այլազան անբաղձալի հոսանքների ավերիչ զորությանց: Դարձյալ` նման ժողովներն իրենց գոհացուցիչ արդյունքները կունենան, երբ կծառայեն Հայ Եկեղեցու գոնե մեկ անդամի հավատքի ամրապնդմանը և հոգևոր կյանքի շինությանը», – նշեց Արամ Սրբազանը` այս ժողովն արտահայտությունը նկատելով Եկեղեցու հոգևորական և աշխարհական դասերի միասնականության, որով ժողովականներն առ Աստված ապավինությամբ պետք է աշխատեն` ի մտի ունենալով Հայ Եկեղեցու անսասանությունն ու բարեկարգությունը, հոգևոր բարգավաճումն ու զորացումը:
Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), փոխատենապետեր ընտրվեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և տիար Հովհաննես Հովհաննիսյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ): Հաշվիչ հանձնախմբի անդամ ընտրվեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, դոկտոր Լին Չետին (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և տիկին Ռուզաննա Չոփիկյանը (Արթիկի թեմ):
Եռօրյա ժողովի օրակարգում կքննարկվեն Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու հարցը, ինչպես նաև Թեմական ուղենշային փաստաթղթի թեմական կանոնադրություններում ներդրման արդյունքները և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը: Ժողովին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի մասին:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 19 Ուր. Տօն է Ս. Խաչի
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 20 Շբ. Տօն է Ս. Խաչի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?