Ղկ 5.27‐39։ Գրծ 8.26‐40։ Ա Պտ 1.1‐12։ Հհ 2.1‐11։ Մտ 6.22‐34։ Մր 2.13‐22։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
27Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր։ Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»։ 28Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից։ 29Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ 30Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»։ 31Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին։ 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»։ 33Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»։ 34Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է։ 35Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»։ 36Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ։ 37Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան։ 38Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն։ 39Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
26Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը՝ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»։ 27Նա վեր կացաւ ու գնաց։ Եւ ահա եթովպացի մի ներքինի, եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում։ 29Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»։ 30Եւ Փիլիպպոսը առաջ վազելով՝ լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31ու ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»։ Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»։ Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի։ 32Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար.եւ ինչպէս անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ,այնպէս էլ նա իր բերանը չի բացում. 33իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ.եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի.քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»։ 34Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»։ 35Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան։ 36Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ։ Եւ ներքինին ասաց. «Ահա՛ ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»։ 37Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծու Որդին է»։ 38Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան. ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին։ Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան։ 39Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ։ Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում։ Եւ, շրջելով, աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա։
Ա Պետրոս
1 Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, 2ընտրեալներիդ՝ ըստ Հայր Աստծու կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդուելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործուելու նրա արեան հեղումով. շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեր վրայ։ 3Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 4ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, 5ձեզ, որ Աստծու զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում։ 6Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլ եւ այլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, 7որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, 8որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ 9ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը։ 10Այդ փրկութեան համար է, որ փնտռտուքներ կատարեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակուած էր ձեզ։ 11Քննում էին, թէ ո՛ր եւ ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին։ 12Աստուած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց համար, այլ մեզ համար էին տրուած այդ պատգամները, որոնք այժմ պատմուեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանուեցին Սուրբ Հոգով, որն ուղարկուեց երկնքից. մի բան, որ կը ցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
2 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր։ 2Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները։ 3Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»։ 4Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ 5Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»։ 6Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր։ 7Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»։ Եւ լցրին բերնէբերան։ 8Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»։ Եւ նրանք տարան։ 9Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), 10խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»։ 11Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
22քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն։ 23Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի։ 24Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի։ Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի»։ 25«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»։ 26«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը։ 27Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք։ 28Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 29Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում։ 30Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման։ 31Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր։ 32Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, 33որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ 34Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ։ 35Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
13Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց։ 14Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից։ Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից։ 15Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում։ 16Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»։ 17Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»։ 18Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն։ 20Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն։ 21Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի։ 22Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան։ Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի։ 23Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով։ Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։