Ղկ. 9.18-36։ Գրծ. 13.16-43։ Ա. Պտ. 5.1-14։ Յհ. 5.19-30։ Մտ. 11.25-30։ Մր. 4.26-34։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
18Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները։ Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։ 19Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել»։ 20Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծու Քրիստոսը»։ 21Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ։ 22Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»։ 23Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։ 28Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու։ 29Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ։ 30Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ։ Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում։ 32Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին։ 33Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»։ Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում։ 34Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ 35Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»։ 36Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
16Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, եւ դո՛ւք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում, պանդխտութեան ժամանակ, ժողովրդին բարձրացրեց եւ հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց։ 18Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց։ 19Եւ Քանանու երկրում եօթը ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց։ 20Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն։ 21Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի։ 22Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. «Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»։ 23Աստուած, ըստ իր խոստման, սրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար մի փրկչի՝ Յիսուսին։ 24Նրա գալստից առաջ, նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել։ 25Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»։ 26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ 28Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ 30Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում.«Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ»։ 34Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում. «Ձեզ պիտի տամԴաւթին խոստացուած վստահելի սրբութիւնները»։ 35Ուստի եւ մի ուրիշ տեղ էլ ասում է.«Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ»։ 36Սակայն Դաւիթը իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծու կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ։ 37Բայց Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ։ 38Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. 39եւ այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կ՚արդարանայ, ով հաւատում է։ 40Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում. 41«Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր,եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. որովհետեւ ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու,այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք,եթէ մէկը ձեզ պատմի այն»։ 42Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց։ 43Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից եւ հրէութան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մէջ։
Ա Պետրոս
5 Ուրեմն՝ աղաչում եմ երէցներին, ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ. 3ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4որպէսզի, երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք։ 5Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութի՛ւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»։ 6Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ 7Ձեր բոլոր հոգսերը նրա վրայ գցեցէ՛ք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին։ 8Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։ 9Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները։ 10Եւ բոլոր շնորհների Աստուածը, – որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ 11Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։ 12Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծու ճշմարիտ շնորհն ա՛յս է. դրանում հաստա՛տ մնացէք։ 13Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը։ 14Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով։ Խաղաղութիւն ձեզ բոլորիդ,
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
19Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում, 20քանի որ Հայրը սիրում է Որդուն, եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կը տայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք. 21որովհետեւ, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ։ 22Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, 23որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը։ Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ։ 25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կը գայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կը լսեն Աստծու Որդու ձայնը, եւ նրանք, որ կը լսեն, կ՚ապրեն, 26որովհետեւ, ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ։ 27Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. 28դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը 29եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար։ 30Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
25Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 27Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզենայ յայտնել։ 28Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ 29Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
26Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կ՚աճեն, 28եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ։ 29Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»։ 30Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայ եղող բոլոր սերմերը. 32իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»։ 33Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ։ 34Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր։