Ազգերի գաղթի ժամանակ, երբ պետութիւնն անզօր ու անկարող էր հռովմէական տարրի միութեան կապ հանդիսանալ, զգալի կերպով հեղինակութիւն ստանալ է սկսում Հռովմի եպիսկոպոսը: Ինչպէս Երուսաղէմը գերեալ և ցրիւ եկած Իսրայէլի միութեան կապն էր և սրբազան քաղաքը, այնպէս էլ, և դեռ աւելի, Հռովմը դառնում է հռովմէական տարրի սուրբ քաղաքը, յուսոյ և ակնկալութեան առարկան: Հռովմի եպիսկոպոսների համար այս վիճակը շատ բարեյաջող էր, և այդ դրութիւնից օգտուելու ոչ մի ջանք չխնայեցին նրանք: Դ. դարու վերջերից՝ Սիրիկիոսից սկսած մինչև Լևոն Մեծն անընդհատ յառաջադիմութեան մի շրջան էր Հռովմի եպիսկոպոսութեան համար. իսկ Լևոնի յաջորդները շարունակեցին նոյն ուղղութեամբ գնալ:
Սիրիկիոս եպիսկոպոս եղաւ 384-ին, և 15 տարի շարունակ մինչև 399-ը ամենայն եռանդով աշխատեց այն բոլոր գաղափարների իրագործման համար, որոնք մեծ չափով նպաստել կարող էին Հեռովմի հեղինակութեան բարձրանալուն: Ամենից առաջ նա կարգաւորեց եկեղեցու իրաւունքը, իւր ժողովի վճիռներն յայտնելով ու պարտադիր դարձնելով գաւառի եպիսկոպոսներին: Առաքելական աթոռի վճիռները պէտք է իմանային բոլոր եպիսկոպոսները: Այդպիսով Սիրիկիոսը դարձաւ պապական հրամանների ու սահմանադրութիւնների հիմնադիրը, որ նա գործադրեց ա. անգամ սպանիական եպիսկոպոսների նկատմամբ: Այդ բանը հիմնում էր նա այն հին սովորութեան վրայ, որ զանազան տեղերի եպիսկոպոսներ խորհուրդ էին հարցնում Հռովմի եպիսկոպոսից և նրա կարծիքի համաձայն էլ շարժւում: Սիրիկիոսն աշխատեց ո՛չ թէ մերժել, այլ աւելի տարածել և ընդունել տալ կայսրների և ժողովների նախկին վճիռները.-ինչ որ թերի էր նոցա մէջ կամ մութ, այն կարող էր բացատրել ու լրացնել միայն առաքելական աւանդութիւններով հարուստ Պետրոսի աթոռը: Ամեն տեղ պէտք է միատեսակ կարգ ու կանոն լինէր և դորա բարձրագոյն հսկողութիւնը անշուշտ կենդրոնանար Հռովմի եպիսկոպոսի ձեռքում: Հռովմի եպիսկոպոսն է նաև եկեղեցու ամենաբարձր դատաւորը: Այդ իրաւունքը Հռովմի եպիսկոպոսներն հիմնում էին Սարդիկայի 341-ի ժողովի Գ. Դ. և Ե. կանոնների վրայ: Այդ կանոնները շատ նպաստաւոր էին Հռովմի հեղինակութեան համար: Սովորաբար արևմուտքում եպիսկոպոսին աթոռից զրկելու վճիռը հաստատելը կամ բողոքի դէպքում՝ նոր քննութիւն նշանակելը կայսրի իրաւունքն էր համարւում. Սարդիկայի 341-ի ժողովի Գ. Դ. և Ե. կանոններն այդ իրաւունքն յատկացնում են Հռովմի եպիսկոպոսներին և այդ պատճառով էլ վերջիններս աշխատում են օգուտ քաղել այդ աննշան ժողովի որոշումներից: Արդէն կայսերական հրովարտակներով (Գրատիանոս և Վալենտինիանոս 378) սրբագործուել էր պապերի այդ իրաւունքը: Իննոկենտիոս պապն արդէն (401-471) այդ կանոնները Նիկիական է համարում և աւելի ընդարձակ իմաստով բացատրում: Պապերի իրաւունքն է նոյն իսկ ժողովների վճիռները նոր քննութեան ենթարկել: Սիրիկիոսը ամեն ջանք գործ է դնում այս սկզբունքներն իրագործել ամբողջ Իտալիայում և ուրիշ նահանգներում: Բացառիկ դիրք ունէր միայն Մայլանդը, այն էլ Ամբրոսիոսի ժամանակ. բայց եպիսկոպոսութեան Ռաւեննա տեղափոխուելուց յետոյ այս մետրոպոլիտութիւնն էլ կամաց կամաց ենթարկւում է: Հռովմը պետութեան մայրաքաղաքն էր, նրա եպիսկոպոսին պիտի ենթարկուէին բոլոր մնացած եպիսկոպոսները:
Եւ Իննոկենտիոսը (401-417) նոր սկզբունք է ստեղծում, այդ դրութեան համար: Պետրոսը առաքեալների գլուխն էր, ուրեմն նրան էին ենթարկուած բոլոր միւս առաքեալները. եպիսկոպոսների աւագութիւնը կախուած է այն հանգամանքից, թէ ինչ յարաբերութիւն ունին նոքա Պետրոսի աթոռի կամ նրա փոխանորդի հետ: Արևմուտքում առաջնութիւնը անվիճելի կերպով Հռովմինն էր, իսկ արևելքում կային նոյնպէս հեղինակաւոր համայնքներ: Բայց Աղէքսանդրիայի աթոռը Պետրոսի աշակերտ Մարկոսի աթոռն է, իսկ Անտիոքում Պետրոսը միայն քարոզել է կարճ ժամանակ. ուրեմն նոքա աւելի ստոր են կանգնած, քան թէ Հռովմի աթոռը, ուր Պետրոս 25 տարի եպիսկոպոսութիւն է արել: Սրանով պապերը միևնոյն ժամանակ մեծ հարուած էին հասցնում Կ.Պօլսին: Բոլոր արևմուտքը հետզհետէ ենթարկւում է Հռովմին:
Սակայն պապականութեան հեղինակութիւնը բարձրանալուն ամենից աւելի նպաստեց Լևոն Ա. (440-461) թէ իւր խելքով ու քաղաքականութեամբ և թէ բարեյաջող պատմական հանգամանքների օգնութեամբ: Բարբարոսների արշաւանքների ամենխիստ ժամանակն էր. նահանգները նուաճուած, Իտալիան ենթակայ աւարառութեան և յափշտակութեան. Հոներն ու Վանդալները հասել են արդէն Հռովմի առաջ և Ատիլլան պատրաստւում է յարձակուել քաղաքի վերայ. բայց նա զիջանում է Լևոն պապի խնդիրքներին և Վաղենտինիանոս Գ-ի հետ (425-455) խաղաղութեան դաշն է կապում: Այս իրողութիւնը պապին այնքան բարձրացրեց ժողովրդի աչքում, որ մինչև անգամ աւանդութիւն յառաջ եկաւ, թէ Ս. Պետրոսն է Հոներին իւր սրով յետ դարձրել: Լևոնը վերին աստիճանի աշխատասէր և եռանդուն անձնաւորութիւն էր, իւր բոլոր զօրութեամբ հետամուտ բարձրացնել Պետրոսի աթոռի գերիշխանութիւնը: Քրիստոս Պետրոսին է յանձնել իւր հօտի հովւութիւնը: Միւս եպիսկոպոսները միայն նրա յաջորդի միջնորդութեամբ պէտք է իշխանութիւն և հովութեան իրաւունք ստանան: Լևոնը աշխատում էր միևնոյն ժամանակ կարգաւորութեան մէջ պահպանել եպիսկոպոսների յարաբերութեան աստիճանաւորութիւնը: Եպիսկոպոսից բարձր էր նահանգական ժողովից գլխաւոր եպիսկոպոսը՝ Պրիմասը, իսկ ամենամեծն էր Ս. Պետրոսի յաջորդը: Բայց Լևոնը իւր գործունէութեան մէջ միշտ զգոյշ էր և խոհեմ. ուր թոյլ էր Հռովմի ազդեցութիւնը, այնտեղ նա աչք էր գոցում. իսկ ուր գործել կարող էր, կոնդակներով, ժողովներով ու անձնական վճիռներով գործադրում էր իւր բոլոր իշխանութիւնը: Կանոնների ու եկեղեցական բարձրագոյն օրինաց բարձրագոյն հսկողը, օրէնստուն ու դատաւորը Հռովմի եպիսկոպոսն է. եկեղեցու կարգաւորութիւնն ու միութիւնը նրա անձի հետ է կապուած: Եկեղեցու իրական նպատակը՝ կրօնական-բարոյական կեանք յառաջ բերել, Լևոնի ուշադրութեան ամենևին չի արժանանում: Նրա թղթերի մէջ այդ մասին ո՛չ մի խօսք չկայ:
Լևոնի աշխատութիւնը առանց հետևանքի չմնաց. նրա կեանքի վերջին օրերում համարեա ամեն տեղ ընդունւում էր Հռովմի գերիշխանութիւնը: Նրա յաջորդ Հիլարիոսը կարող էր արդէն իւր կողմից Գաղղիայի եկեղեցու համար Արելատում փոխանորդ նշանակել և այնպէս կառավարել, ինչպէս ինքն էր ցանկանում: Անկախ էր միայն Մայլանդը: Գալլիայի նուաճումը գերմանական ցեղերից ո՛չ միայն չխզեց Գալլիայի յարաբերութիւնը Հռովմի հետ, այլ ընդհակառակը՝ բնիկներն այժմ աւելի ևս կարիք էին զգում սերտ կերպով միանալ Հռովմի հետ իրենց գոյութիւնը բարբարոսների դէմ պահելու համար: Հռովմի յարաբերութիւնը արևելքի հետ տեսանք արդէն մասամբ նախորդ գլխում. Եփեսոսի Բ. ժողովից յետոյ Կ.Պօլսի Ֆլաւիանոս, Կիւրոսի Թէոդորետ և Դորիլէումի Եւսեբիոս եպիսկոպոսները դիմեցին պապին, որ նա անձամբ կամ ժողովով իրենց դատը պաշտպանէ:
Առաջին անգամն էր, որ այսպիսի խնդրի համար պապին էին դիմում, բայց Թէոդոս Բ.-ը մերժեց պապին այդպիսի իրաւունք տալ արևելքի նկատմամբ, մինչ Մարկիանոսն էլ հակառակ Լևոնի ցանկութեան տիեզերական ժողովը ո՛չ թէ Հռովմում գումարել տուեց, այլ Քաղկեդոնում: Քաղկեդոնի ժողովում թէև Լևոնի տումարն ընդունուեցաւ իբրև դաւանաբանութեան հիմք, բայց միւս կողմից ԻԸ. կանոնը բարձրացնում էր, հակառակ Հռովմի, Կ.Պօլսի պատրիարքի հեղինակութիւնը: Ֆելիքս Բ.-ը յարաբերութիւնը կտրեց արևելքի հետ և այդ հաղորդակցութիւնների ընդհատումը 35 տարի տևեց, բայց ոչ մի նշանակութիւնը չունեցաւ: Առաջնութեան պատիւ տալիս են Հռովմի եպիսկոպոսին արևելքում էլ, բայց առանց այդ հանգամանքից որ և է քաղաքական-իրաւական եզրակացութիւն հանելու: Նա միայն առաջինն է հաւասարների մէջ (primus inter pares): Արևելքի եկեղեցու տէրը կայսրն էր պատրիարքի հետ, իսկ արևմուտքի միակ տէրը պետութեան կործանումից յետոյ մնում էր պապը: Միայն գերմանների տիրապետութեան ժամանակ, վերջիններիս թագաւորներն սկսեցին ազդեցութիւն ունենալ պապերի վրայ: Այդպէս Թէոդերիխը աթոռից զրկեց Յովհաննէս Ա-ին և ինքը ընտրեց Ֆելիքս Դ-ին:
Սակայն հին դարու ամենանշանաւոր և վերջին պապը, որ կանգնած է միւս կողմից կարելի է ասել Միջին դարու շէմքում, Գրիգոր Մեծն է (590-604): Նա ծագում էր սենատորական մի ընտանիքից, երիտասարդ ժամանակ վարժուել էր Հռովմէական պաշտօնէութեան մէջ, իսկ Պելագիոս Բ. պապի ժամանակ (579-590) մտնելով վանականութեան մէջ, իւր օգտաւետ ծառայութեանց համար Պելագիոսի աջ ձեռքն էր դարձել. նա կարողացաւ ոչ միայն իւր նախորդների ձգտումներն իրականացնել, այլ և այնպիսի նոր ձեռնարկութիւններ սկսել, որոնց շնարհիւ Հռովմի եկեղեցու հեղինակութիւնն ու իշխանութիւնը ապագայում աւելի պէտք է հաստատուէր ու տարածուէր հեռու ազգերի մէջ: Գրիգոր Մեծի նախորդների ժամանակ արդէն այնքան զօրացել էր Բիւզանդիոնի ազդեցութիւնը, որ պապերը հաստատւում էին Բիւզանդական կայսրների կողմից. Լանգոբարդների տիրապետութիւնը միայն նուազեցրեց Բիւզանդիայի ազդեցութիւնը. այս հանգամանքից օգուտ քաղեցին պապերը, որովհետև Լանգոբարդները ամենևին չէին միջամտում պապերի և քրիստոնեաների յարաբերութեան խնդրում: Գրիգոր Մեծը խոհեմ քաղաքագիտութեամբ բարեկամական յարաբերութիւն է սկսում ազգերի արշաւանքներից յետոյ առաջ եկած բոլոր նոր պետութիւնների հետ, այն ինչ նրա յարաբերութիւնները Բիւզանդիոնի հետ լարուած կերպարանք են ընդունում: Քաղկեդոնի ԻԸ. կանոնը հանգիստ չէր տալիս պապերին. այդ բաւական չէր. Զ. դարու սկզբներից Կ.Պօլսի եպիսկոպոսներն սկսեցին »Տիեզերական Պատրիարք« տիտղոսը գործածել: Ի զուր անցան Գրիգոր Մեծի բոլոր ջանքերը Մաւրիկիոս կայսեր ձեռքով (582-602) վերջացնելու այդ տիտղոսի գործածութիւնը: Այդ էր պատճառը, որ գազանաբարոյ Փոկասի կայսրութեան լուրը (603-610) Հռովմում ցնծութեամբ ընդունուեցաւ:
Գրիգոր Մեծի նշանաւոր գործերից մէկն էր նաև Հռովմի եկեղեցու նիւթականի բարելաւումը. այդ եկեղեցին կալուածներ ունէր ոչ միայն Իտալիայում այլ և հեռաւոր երկիրներում. այդ կալուածների կառավարութիւնը Գրիգոր Մեծը կենդրոնացրեց իւր ձեռքում և այնպիսի խոշոր նիւթական միջոցներ ստեղծեց դրանով, որ կարող էր առանց օտար օգնութեան ամենամեծ ձեռնարկութիւններ սկսել: Մայլանդի եկեղեցին, որ Լանգոբարդների շնորհիւ մեծ նիւթական և բարոյական հարուած էր ստացել, կարողացաւ կապել Հռովմի հետ: Պալիումի պարգևը գործադրում էր մեծ առատութեամբ, միշտ այդ պարգևն ուղարկելով Հռովմէական մի եպիսկոպոսի ձեռքով: Նա կարողացաւ ո՛չ միայն Սպանական եկեղեցին միացնել կրկին Հռովմի հետ, որ Վեստգոթերի արշաւանքների պատաճառով կտրուել էր Հռովմից, գլխաւորապէս օգտուելով նաև Լատին քահանաների և Րոմանական սպանացիների գործակցութիւնից, այլ և նա սկսեց մեծ ուշադրութիւն դարձնել նաև Գալլիայի եկեղեցու վրայ, որ շնորհիւ Խլոդովեխի և իւր յաջորդների գործունէութեան ազգային բնաւորութիւն էր սկսել ստանալ՚ Գրիգոր Մեծը Բրունհիլդէ թագուհու միջնորդութեամբ կարողացաւ կանոնաւորել նաև Հռովմի և Ֆրանկների յարաբերութիւնը: Հռովմի եպիսկոպոսն սկսեց այստեղ էլ իբրև Ա. եպիսկոպոս և եկեղեցու գլուխ ճանաչուել. միայն պապը անմիջական յարաբերութիւն չունէր եպիսկոպոսների հետ, այլ Պալիում կամ այլ պարգև ուղարկելիս պէտք է անէր թագաւորի միջոցով: Գրիգորի մահուանից յետոյ սակայն կրկին խզուեցին յարաբերութիւնները և Սպանիայում ու մանաւանդ Գալլիայում կրկին զօրացաւ ազգային եկեղեցու գաղափարը: Գրիգորը փորձում է Աֆրիկայում ևս իւր գերիշխանական իրաւունքները ճանաչելի դարձնել: Այդ եկեղեցին թէև մեծ վնաս էր կրել Վանդալների շնորհիւ, բայց սկսել էր Է. դարու սկիզբներից նորից ծաղկել և անշուշտ շատ յառաջ կգնար, եթէ արաբական արշաւանքները չջլատէին նրան վերջնականապէս: Գրիգորը կարողացաւ նաև ամբողջ Իլլիւրիկումի՝ Բալկանեան թերակղզու վրայ տարածել իւր իշխանութիւնը, թէև նրա մի մասը գտնում է Կ.Պօլսի իրաւասութեան ներքոյ: Իտալիայում նա բացարձակ միապետ էր: Կալուածների կառավարիչ հոգևորականները միևնոյն ժամանակ հսկում էին եպիսկոպոսների վրայ ամեն տեղ: Որովհետև քաղաքային վարչութեան մէջ էլ եպիսկոպոսները մեծ կշիռ ունէին, ուստի պապը քաղաքական տեսակէտից էլ դառնում է Իտալիայի առաջին անձնաւորութիւնը: Երբ Հռովմը Լանգոբարդների արշաւանքների ժամանակ կայսեր և էկզարխի կողմից անպաշտպան էր մնացել, Գրիգոր Մեծն է յառաջ անցնում պաշտպանելու քաղաքը և դաշն է կապում Լանգոբարդների հետ: Նա նիւթապէս օգնում էր ճնշուած Հռովմայեցիներին, հաց ու կերակուր էր տալիս թշուառներին և փրկանքով ազատում էր գերիներին: Աւելորդ է ասել, որ այս բոլորը անսահման կերպով նպաստում էին նրա հեղինակութեան բարձրանալուն: Մինչև անգամ Բիւզանդական գաւառներում նա փորձում է իւր գերիշխանութիւնը գործ դնել. խոհեմութեամբ չմերժելով կայսեր իշխանութիւնը: Միւս կողմից բարեկամական դիրք բռնելով դէպի Լանգոբարդները, վերջապէս նրան յաջողւում է Թէոդելինդէ թագուհու միջոցով, որ Աթանաս Մեծի վարդապետութեան հետևող էր և պաշտպանում էր կաթոլիկներին, կաթոլիկ եկեղեցու գիրկը մտցնել նաև արիոսական Լանգոբարդներին, նրա ժառանգին՝ Ադալվալդին կաթոլիկ մկրտելով: Կոլումբիա նշանաւոր միսիոնարը հիմնեց Բոբիօ վանքը, որ կաթոլիկութեան տարածման կենդրոն դարձաւ: Է. դարում լանգոբարդները արդէն կաթոլիկ էին դարձել:
Գրիգորի ամենամեծ գործերից մէկն է Անգլօ-Սաքսոնական եկեղեցու հիմնադրութիւնը: Գրիգոր 596-ին Բրիտանիա ուղարկեց Աւգուստին երէցին ուրիշների հետ, նպատակ ունենալով Բրիտանիան անմիջապէս կապել Հռովմի հետ: Կէնտի Էդիլբրեխտ թագաւորի կինը կաթոլիկ էր. Գրիգորն յարաբերութիւններն սկսում է հէնց այդ կնոջ միջնորդութեամբ: 597-ին Աւգուստինը մկրտում է թագաւորին, իսկ ժողովուրդն հետևում է թագաւորի օրինակին: Աւգուստինը ձեռնադրւում է Կենտրբրիի եպիսկոպոս և նրան են ենթարկւում միւս նոր առաջ եկած եպիսկոպոսութիւնները: Յետագայում Բրիտանիայից դուրս եկած միսիոնարների միջոցով Հռովմը նուաճում է նաև Գերմանական ազգերին:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ