Ղկ. 22.1-30։ Գրծ. 28.17-31։ Յդ. 1.17-25։ Յհ. 13.31-14.13։ Մտ. 24.1-26.2։ Մր. 14.1-26։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
22 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ 3Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։ 4Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։ 7Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»։ 12Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։ 13Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։ 14Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։ 17Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։ 19Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։ 21Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։ 22Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։ 24Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի։ 25Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում։ 26Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը։ 27Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»։ 28«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ 29Եւ ես խոստանում եմ ձեզ, – ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, – 30որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
17Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան։ 19Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի։ 20Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»։ 21Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին։ 22Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»։Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից։ 23Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում։ 24Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր հայրերին՝ 25ասելով. «Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք, եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք. 26որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է,եւ իրենց ականջներով ծանր են լսումու իրենց աչքերը փակել են,որպէսզի երբեք աչքերով չտեսնենու ականջներով չլսենեւ հոգով չիմանան եւ դարձի չգան,ու ես էլ դրանց չբժշկեմ»։ 27Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն»։ 28Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին։ 29Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով։ 30Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ։ 31Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին։
ՅՈՒԴԱ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ
17Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը։ 18Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»։ 19Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին։ 20Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, 21պահենք մենք մեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար։ 22Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. 23փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից։ 24Արդ, ով կարո՛ղ է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, 25նրան՝ միա՛կ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում։ Ամէն։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
31Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան։ 33Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, – այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ 34Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ 35Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»։ 36Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»։ Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»։ 37Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»։ 38Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»։
14 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ։ 2Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք։ 4Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»։ 5Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ 6Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։ 7Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»։ 8Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»։ 9Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր։ 10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ։ Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը։ 11Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ։ 13Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
24 Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները։ 2Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»։ 3Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»։ 4Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն։ 6Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ 7Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ 8Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց։ 9Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։ 10Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն։ 11Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի։ 13Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի։ 14Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»։ 15«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ։ 19Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին։ 20Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. 21որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի։ 22Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն։ 23Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. 24որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի։ 25Ահա ձեզ առաջուց ասացի։ 26Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. 27որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի։ 28Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»։ 29«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ 30Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 31Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»։ 32«Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է։ 33Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ 34Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի։ 35Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ 36«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։ 37Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. 38որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ։ 40Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ 41Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի։ 42Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը։ 43Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն։ 44Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»։ 45«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց։ 46Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած։ 47Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ։ 48Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, 49եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, 50եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, 51նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»։
25 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան։ 2Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ 3Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ 4Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին։ 5Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ 6Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ 7Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։ 9Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»։ 10Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ 11Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ 12Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։ 13Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։ 14«Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. 15մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց։ 16Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց։ 17Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց։ 18Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց։ 19Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ։ 20Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»։ 21Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 22Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»։ 23Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 24Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ 26Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է։ 28Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ 30Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։ 31«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։ 37Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ 40Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»։ 44Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ 45Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ 46Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։
26 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
14 Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն։ 2Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 3Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին։ 4Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»։ Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ։ 6Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց։ 7Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք։ 8Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու։ 9Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»։ 10Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց։ 11Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան։ 12Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»։ 13Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից։ 14Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»։ 15Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»։ 16Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ 17Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին։ 18Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»։ 19Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ։ 20Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ։ 21Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ 22Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ 23Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին։ 24Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար։ 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»։ 26Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը։