Հռ 10.5-17։ Մտ 13.31-42։
Հռոմէացիներ
5Մովսէսը գրում է այն արդարութեան մասին, որ օրէնքից է. եթէ մարդը կատարի այն, նրանով կ՚ապրի։ 6Իսկ հաւատից եղող արդարութեան մասին այսպէս է ասում. «Քո սրտում մի՛ ասա՝ ո՞վ է ելնելու երկինք»։ Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար։ 7Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»։ Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից։ 8Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մօտ է խօսքը քեզ, քո բերանում եւ քո սրտում»։ Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք. 9որովհետեւ, եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, թէ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կը փրկուես. 10քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում բերանով. 11քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». 12որովհետեւ չկայ խտրութիւն հրեայի եւ հեթանոսի, քանզի նո՛յն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան. 13որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի։ 14Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ՝ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ՝ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելուն. 15կամ՝ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին։ Ինչպէս գրուած էլ է. 16Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին։ Եսային աղաղակում է. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը»։ 17Ապա ուրեմն հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
31Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ 32Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»։ 33Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»։ 34Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»։ 36Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»։ 37Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներ են։ 40Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին։ 41Մարդու Որդին կ՚ուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում։ 42Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում։