Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։
Հռոմէացիներ
Կամ թէ չգիտէ՞ք, եղբայրնե՛ր, – որովհետեւ օրէնքին գիտակ մարդկանց եմ ասում, – որ օրէնքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի նա կենդանի է. 2ինչպէս որ ամուսնացած կինը օրէնքով կապուած է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է. իսկ եթէ մարդը մեռնի, իր մարդուն կապող օրէնքից արձակուած է։ 3Ապա ուրեմն, մինչ մարդը կենդանի է, շուն կը կոչուի, եթէ ուրիշ մարդու կին լինի. իսկ եթէ մարդը մեռնի, ազատ է այդ օրէնքից եւ շուն չի համարուի, եթէ ուրիշ մարդու կին լինի։ 4Այսպէս էլ դուք, եղբայրնե՛ր, օրէնքի հանդէպ մեռած էք Քրիստոսի մարմնով, որպէսզի լինէք ուրիշինը, նրանը, որ մեռելներից յարութիւն է առել, որպէսզի պտղաբեր լինենք Աստծու համար. 5քանզի, մինչ մարմնական ցանկութիւնների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրէնքից մղում էին ստանում, զօրանում էին մեր մարմնի անդամների մէջ՝ մեզ առաջնորդելու համար մահուան։ 6Բայց այժմ բեռնաթափուեցինք օրէնքից, քանզի մեռա՛նք այն բանի նկատմամբ, որով բռնուած էինք, որպէսզի ծառայենք Հոգու նորոգութեամբ եւ ո՛չ գրուածքի հնութեամբ։ 7Իսկ արդ, ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է։ Քա՛ւ լիցի. բայց մեղքը չէի ճանաչի այլ կերպ, քան օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչի, եթէ օրէնքը ասած չլինէր՝ մի՛ ցանկացիր։ 8Մեղքը պատուիրանով առիթ գտաւ եւ իմ մէջ առաջ բերեց ամենայն ցանկութիւն, որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։ 9Կար ժամանակ, որ ես էլ առանց օրէնքի կենդանի էի, բայց, երբ պատուիրանն ինձ հասաւ, մեղքը կենդանացաւ, 10եւ ես մեռայ. եւ նոյն այն պատուիրանը, որ կեանքի համար էր, իմ մահուան պատճառ եղաւ. 11որովհետեւ մեղքը պատուիրանով առիթ գտաւ, խաբեց ինձ, դրանով էլ սպանեց։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
9Յիսուս այստեղից մեկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը։ 10Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր։ Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն։ 11Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, միթէ չի՞ բռնի ու վեր հանի այն։ 12Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»։ 13Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը։ 14Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան։ 15Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց։ Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց։