Յոթանասունամյա աստվածմերժության թմբիրից հետո Տիրոջ խոսքն այսօր անարգել մատուցվում է ոչ միայն սուրբ տաճարների պատերից ներս, այլև նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում, եկեղեցասիրաց երիտասարդաց կազմակերպություններում: Քրիստոնեական կրթությունն ու դաստիարակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր իրագործումներից է, որն հասկանալի պատճառներով առավել հրատապ հարց է սփյուռքում ապրող հայերի համար: Ինչպես սովորեցնել երեխային մշտապես եկեղեցի գնալ և աղոթք անել, ինչպես ձևավորել պատկերացում Աստծո և առ Աստված հավատքի մասին: Հարցերին պատասխանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
–Սրբազան հայր, որ տարիքից պետք է զբաղվել երեխայի քրիստոնեական դաստիարակությամբ և որտեղ պետք է այն իրականացվի` ընտանիքում, թե կրթօջախում:
– Երկու միջավայրն էլ, մեկը մյուսին լրացնող, համարժեք նշանակություն ունեն: Կարծում եմ, որ հավատքի սերմերը վաղ տարիքից ընտանիքում պետք է գցվեն: Եթե ընտանեկան միջավայրը նպաստավոր չէ քրիստոնեական գիտակցություն ձևավորելու համար, դժվար կլինի երեխայի համար, նույնիսկ այն պարագայում, եթե դպրոցում այդ ոգով դաստիարակեն: Աստվածճանաչողությունը պետք է սկսվի ընտանիքից: Ծնողներին է վերապահված հոգևոր կյանքի արթնացումն ու ձևավորումը: Նրանց օրինակով պետք է մանուկը դաստիարակվի: Երեխան պետք է տեսնի, որ ողորմասեր, բարեգութ Աստծո կամ եկեղեցու սրբությունների մասին պատմող մայրը կամ հայրը, համարժեք պահվածք են դրսևորում. ապրում են քրիստոնեական կենցաղով, չեն չարախոսում, չեն գողանում, կիրակի օրը մասնակցում են պատարագին, հաղորդություն են ստանում, հետևում են եկեղեցու բարեպաշտական ավանդույթներին և այլն: Այդպես երեխան ինքնըստինքյան հաղորդակից է դառնում հոգևորի հետ և երկատվածության խնդիր այլևս չի առաջանում, քանի որ հավատքն առ Աստված և Եկեղեցին ընկալվում են իրական կյանքի մի մաս, որի մեջ ապրում է նաև ինքը` երեխան: Մանուկ տարիքից պետք է կարդալ երեխայի համար մանկական Աստվածաշունչ, գունավոր նկարազարդումներով մանկական հոգևոր գրքեր: Երեխային հետաքրքիր են աստվածաշնչյան իրադարձությունները, որոնք հեքիաթի նման են ընկալվում և մեկընդմիշտ դաջվում են հիշողության մեջ: Ծնողները, սակայն, պետք է զգույշ լինեն հոգևոր գիտելքիներ փոխանցելիս, որպեսզի սահմանը չանցնեն:Պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, հետաքրքրությունները, էմոցիոնալ վիճակը, որպեսզի աստվածաշնչյան պատմությունները սխալ չընկալվեն կամ ձանձրույթ չառաջացնեն: Հետագայում երեխան առավել խորը գիտելիքներ է ստանում հավատքի ու Եկեղեցու մասին ուսուցչի շուրթերից ու համապատասխան գրքերից:
–Հայ մանուկները բացառիկ հնարավորություն ունեն դպրոցում ուսումնասիրելու հայ եկեղեցու պատմություն, որը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ արդեն տասը տարի դասավանդվում է հանրակրթական դպրոցներում:2011 թվականից քրիստոնեական դաստիրակություն են ստանում նախադպրոցական հիմնարկների սաները ևս: Սրբազան հայր, ինչպե՞ս է տեղի ունենում հավատքի ձևավորումը` դաստիարակչական մեթոդների շնորհիվ, թե երեխայի անձնական ներաշխարհի ու բնավորության համաձայն:
-Միջավայրը, որտեղ երեխան ապրում է, շփվում, սովորում ևս մեծ ազդեցություն ունի, որովհետև ձևավորվող երեխան չի կարող ապրել առանձնացված, մեկուսի, նա սովորում է այն համայնքի կարգ ու կանոնից, որտեղ ապրում է: Համյանքն է թելադրում կյանքի ձևը, բարոյական նորմերն ու արժեքները: Այստեղ է, որ քրիստոնեական արժեքների գաղափարը բախվում է անհատապաշտությայն հաստ պատնեշին: Շատերից կարելի է լսել, որ մարդն ազատ է և պետք է ապրի իր ուզած ձևով: Քրիստոնեական մտածողության մեջ ազատությունը կամայականության հետ չի նույնացվում, այլ ամբողջական մարդ լինելու, մարդկային բնությանը հարազատ դրսևորվելու հետ է կապվում:Համայնքի յուրաքանչյուր անդամի կյանքն ու վարքագիծը դաստիարակիչ նշանակություն ունի երեխայի համար, այն կարող է լավ կամ վատ ազդել: Ընտանիքից հետո, դպրոցին հավասար դեր է կատարում այն համայնքը, որտեղ երեխան մեծանում է:Այս իմաստով մեծ կարևորություն է ստանում համայնքում եկեղեցու ներկայությունն ու հովվի գործունեությունը: Դաստիարակությունն այնպիսի մի բան է, որ չի կարող ընդհատումնեորվ կատարվել: Այնպես չէ, որ ծնողը դաստիարակեց և ուղարկեց դպրոց, այնուհետև դպրոցը պետք է շարունակի:Դաստիարակող բոլոր պատասխանատու օղակները իրար հետ փոխկապակցված հարաբերությունների մեջ են գտնվում, նրանք լրացնում են միմյանց:Դաստիարակությունն ամբողջական է, եթե համապատասխան իմպուլսները բոլոր էական օղարկներից ընկալվում են երեխայի մոտ:Վերջապես, համայնքի յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատու է բոլոր այն երեխաների համար, ովքեր ապրում են միևնույն համայքնում: Նա պատասխանատու է որպես համայնքի արժեքները կրող:Սրանով է համայնքը համայնք դառնում, այլ ոչ թե անհատների մի խումբ, որոնք պարզապես որոշակի տարածք են զբաղեցնում, մի երևույթ որը գնալով խորանում է արևմտյան արժեհամակարգում:
Որոշ տարիքից հետո եկեղեցու հովիվն է աշխատանք տանում` համայնքային կյանքում երեխային ներգրավելու համար: Հոգևորականը պետք է կարողանա մտնել ընտանիք` իր փորձով ու գիտելիքով ծնողներին օգնելու հանար: Այլ խոսքով` դառնա ընտանիքի լիիրավ անդամը, հոգևոր խորհրդատուն:
–Սրբազան հայր, ինչպես երեխային սովորեցնել պարբերաբար եկեղեցի հաճախել և աղոթք անել, որպեսզի դրանք ձանձրալի չթվան:
-Քանի որ երեխաների մոտ զգայական ընկալունակությունն է առավել բարձր, ապա ծնողները պետք է ճանապարհներ գտնեն երեխայի ներկայությունը եկեղեցում իմաստավորելու համար: Օրինակ, եկեղեցական գեղեցիկ շատ տոներ կան` Ծաղկազարդը, Վարդավառը, Տեառնընդառաջը, երբ երեխաները կարող են ծիսակատարություններին ներկա գտնվել և շատ դրվագներով հիացած նորից եկեղեցի գալու ցանկություն հայտնեն: Որպեսզի երեխան սիրով մտնի եկեղեցի, իրեն օտար չզգա այնտեղ և առավել ևս չձանձրանա պատարագին, որտեղ իր համար անհասկանալի բառերով երգեր են հնչում, ապա պետք է վաղ տարիքից երեխաներին սովորեցնել մասնակցել նախ ժամերգություններին, որոնք ավելի կարճ են տևում, լսել հոգևոր երաժշտություն, մանկական կարճ աղոթքներ սովորել:Հասակն առնելուն զուգընթաց պարտաճանաչ պետք է մասնակցել պատարագներին, եկեղեցական այլ արարողություններին` բացատրելով դրանց խորհուրդն ու կարևորությունը մարդու կյանքում: Իմ օրինակով կարող եմ ասել, թե որքան տեղին ու կարևոր է, երբ մանկուց ծնողների ուղեկցությամբ երեխան պարբերաբար եկեղեցի է գնում, ինչն ի վերջո սովորություն է դառնում, առանց որի կիրակին պատկերացնել հնարավոր չէ:Մայրս հավատացյալ կին էր և Սուրբ Գիրքն ինքն է առաջինն ինձ համար կարդացել, ինքն է ինձ առաջին անգամ եկեղեցի տարել:
-Ընտանիքում քրիստոնեական դաստիարակություն չստացած երեխային հնարավո՞ր է լիարժեք կերպով տալ այդ դաստիարակությունը:
-Հոգևոր փորձառությունը տարիքի հետ է աճում: Մեկը քրիստոնեական դաստիարակություն ստանում է մոր կաթի հետ, մյուսը դարձի է գալիս ծերության շրջանում:Մարդիկ տարբեր են, հանգամանքներն էլ` տարբեր են:
– Աստվածաշնչյան և կրոնական գիտելիքները, արդյոք, բավարար են հավատքի ձևավորման համար:
-Հոգևոր կրթությունը կարող է օգնել աստվածճանաչողությանը: Սակայն միայն գիտելիքով չի կրթվում Աստծուն իրապես ճանաչող քրիստոնյան: Միթե հոգևոր կյանքի արթնացման համար բավական է, որ երեխան իմանա ջրհեղեղի պատմությունը կամ Հիսուս Քրիստոսի տասներկու աշակերտների անունները:Նա պետք է զգա, ապրի Տիրոջ խոսքը, խոր երկյուղ ու խոնարհում ունենա Բարձրյալի հանդեպ:Երբ տանն անընդհատ ասվում են «Տեր Աստված» կամ «Փառքդ շատ լինի, Աստված» բառերը, երեխան լսում է ու, երբ կրկնում է դրանք մեծ հավատքով, զգում է իր ներաշխարհում այդ բառերի իմաստը, ուրեմն հոգևոր կյանքը սկսվել է: Քրիստոնեական կրթության և դաստիարակության գլխավոր մեխը ծնողի, մանկավարժի ու հոգևորականի համար Դավթի հետևյալ խոսքերը պետք է լինեն.«Եկեք, երեխաներ, լսեք ինձ, ձեզ սովորեցնեմ Տիրոջ երկյուղն ունենալ»: /Սաղմ. 30:12/
Աղբյուր` www.armenianchurch.ru, հեղինակ`Ալվարդ Նազարյան