Շատերն են հարցնում, թե ինչպիսի մարդիկ են դառնում աղանդավոր կամ մտնում այս կամ այն աղանդի մեջ, եւ կամ` որ խելամիտ մարդը իրեն թույլ կտա մըտնել նման կառույցների մեջ եւ, առհասարակ, հավատալ նման անհեթեթ ուսուցումներին:
Մի՞թե նորմալ մարդը կմտնի մի կազմակերպության մեջ եւ թույլ կտա, որ իրեն խաբեն եւ թալանեն:
Մարդիկ ոչ թե գալիս են եւ ինքնակամ միանում են այս կամ այն աղանդին, այլ իրենց ԲԵՐՈՒՄ են` խաբեության, տեղեկատվության պահման եւ կեղծ գովազդների միջոցով:
Արդյոք մեզանից որեւէ մեկը կարող է մտածել, թե մի օր կարթնանա եւ ինքն իրեն կասի. «Ես երբեք աղանդավոր չեմ եղել, հետաքրքրի է` ինչպես կարող եմ մտնել աղանդի մեջ, գնամ, գըտնեմ մի որեւէ աղանդ եւ միանամ նրանց»: Այո՛, սա հնչում է իբրեւ «ապսուրդ», անհեթեթություն: Հասկանալի է, որ սա չի կարող իրական լինել, ապա ինչպես է դա պատահում:
Ինչպես ասեցի` աղանդավորության չեն գալիս, այլ բերվում են: Հիմա տեսնենք, թե ինչպիսի մարդկիկ են գալիս կամ բերվում աղանդավորության: Մարդուն աղանդի մեջ քաշելու համար անհրաժեշտ է, որ երկու հանգամանքներ համընկնեն: Հավանաբար ամենքս էլ գիտենք, թե որսորդներն ու ձկնորսները ինչպիսի տարբեր հնարքներ եւ խայծեր են գործի դնում որս կատարելիս (նապաստակի համար` գազար, գայլի համար` միս, ձկների համար տարբեր տարբեր խայծեր եւ այլն): Նմանապես մեզանից ցանկացածին հնարավոր է ինչ որ բանի վրա որսալ, քանի որ ամենքս էլ կամա թե ակամա ունենք բարձունքներ, որոնց ձգտում ենք, կամ իրեր, որոնք մեզ հետաքրքիր են եւ ցանկանում ենք դրանք ստանալ: Տարիքային տարբեր շրջաններում այդ ցանկությունները փոխվում են, սակայն ինչ- որ բան նորից մնում է պակաս, որը դեռ հետաքրքիր է մեզ:
Ինչպես հասկացանք, մարդուն բացեիբաց չեն հրավիրում աղանդավորության, այլ գործադրում են խայծեր, օրինակի համար, կարող են հրավիրել անվճար անգլերենի կամ այլ լեզվի դասընթացների, համակարգչի կամ այլ մասնագիտության ուսուցման: նաեւ կարող են առաջարկել հրաշագործ մի բժշկի, որը բուժում է ամեն հիվանդ- ություն: Հատկապես շատերը մտահոգված են իրենց առողջությամբ եւ նման կերպով կարող են ծուղակն ընկնել: Կարող են հրավիրել Աստվածաշնչի կամ որեւէ փիլիսոփայական ուսուցման դասընթացների, կարող են հրավիրել անցնելու դասընթացներ` թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ անձ եւ կարողանալ մարդկանց իրենց ենթարկել, ինչպես գրավել հակառակ սեռի ներկայացուցչին, ինչպես բացել ներքին կարողությունները եւ ալն եւ այն…:
Շատ ժամանակ կարող են հրավիրել ինչ-որ երիտասարդական խնջույքի, կամ պարերի (դիսկոտեկա), որոնք չգիտես ինչու նրանք կատարում են իրենց «եկեղեցիներում»: Սրանք եւ սրանց նման շատ այլեւայլ տարբեր խայծեր գործածելով` նրանք ունենում են միայն մեկ նպատակ` որքան հնարավոր է շատ մարդ տանել իրենց որջը: Օրինակի համար նման աղանդավորական խմբերից մեկի գովազդում ասվում էր հետեւյալը. (անունը չենք նշում, որ գովազդ չլինի) «Դուք մեզ մոտ կգտնեք նոր սկիզբ, նոր հոգեւոր ընտանիք, հանգստի վայր, հավատարիմ ընկերներ, ամուր եւ գործող հավատք, ձեզ հուզող ցանկացած հարցերի պատասխան, անպտղության բուժում, եւ առհասարակ բժշկում ցանկացած հիվանդությունից, անեծքների կամ, ինչպես ասում են, «թուղթ ու գրի» մաքրում եւ ազատում, այստեղ հինը մնում է հետեւում, բացվում են նոր հորիզոններ, դուք այստեղ կգտնեք նոր հեռանկարներ եւ նոր կյանք»:
Տեսնու՞մ եք, թե ի՜նչ հրաշալի է, միանգամից ամեն ինչ` բժշկումից մինչեւ նոր կյանք, մի խոսքով ամեն ինչ, ինչ կցանկանաս: Եվ եթե մարդուն այս ամենից ինչ- որ բան չի հերիքում, եւ շատ ժամանակ իրոք չի հերիքում, մարդը սկսում է մտածել: Սրանք միայն մի մասն են այն ամեն հնարքների, որոնք, այսպես ասած, աղանդավորական «վերբովշիկներն» օգտագօրծում են մարդկանց որսալու համար:
Ինչպես վերը նշեցի, մարդուն աղանդի մեջ քաշելու համար անհրաժեշտ է, որ երկու հանգամանքներ համընկնեն: 1. Թե ե՛րբ աղանդավորական «Վերբովշիկը» կանի իր կարեւոր առաջարկը` գործի դնելով իր խաբկանքները եւ 2. Որպեսզի այդ առաջարկը կատարվի կամ հնչեցվի ճիշտ ժամանակին:
Իսկ որ՞ն է այդ ճիշտ ժամանակը:
Ճիշտ ժամանակը այն է, երբ մարդը կամ տվյալ անձը, ում հետ խոսում է «վերբովշիկը» գտնվի կամ ընկնի ներշնչման կամ զգայուն վիճակի մեջ, որից էլ օգտվելով տվյալ անձին առաջարկում է իր կամ իր «եկեղեցու անսահման» հնարավորությունները:
Կարելի է ասել, որ մարդկության մեկ երրորդը շատ զգայուն են, որից էլ օգտվում են նման «վերբովշիկները»: Որպես օրինակ կարող ենք բերել ցանկացած շարքային էքսրտրասենսի, որն իր շոուների ժամանակ օգտվում է հենց նման զգայուն մարդկանց ծառայությունից: Շոուի սկզբում էքստրասենսը` որոշելու համար, թե ովքեր են ավելի զգայուն, խնդրում է, որպեսզի բոլորը իրենց ձեռքի ափերը վեր բարձրացնեն եւ զգան իրենից ելած այսպես ասած «էներգիան» կամ «ջերմությունը» եւ հայտնեն իրեն: Երբ զգայունները իրենց ցույց են տալիս, էքստրասենսը հիշում է նրանց եւ սկսում աշխատել միայն նման զգայուն մարդկանց հետ:
Սա չի նշանակում, թե մյուսները զգայուն չեն, ոչ զգայուն մարդիկ չկան, այլ կան շատ զգայուն եւ քիչ զգայուն մարդիկ: Անգամ քիչ զգայուն մարդկանց մոտ լինում է ժամանակ, երբ զգայնությունը բարձրանում է: Դա լինում է այն ժամանակ, երբ մարդը մեծ ստրես է տանում, որքան մեծ է ստրեսը, այնքան մեծանում է նաեւ զգայնությունը:
Հավանաբար շատերս լսած կլինենք, թե ինչպես ոմն սուտ մարգարեներ խոստանում էին բուժել մարդկանց կամ, անգամ, հարություն տալ մահացածներին: Շատերը խաբվեցին, քանի որ գտնվում էին ստրեսի մեջ:
Նման կերպով էլ աղանդավորական«վերբովշիկները» հայտնվում են այն վայրերում, ուր տեղի են ունեցել բնական աղետներ, տեռակտներ կամ ուղղակի որեւէ մեծ եւ դժբախտ պատահար: Ժամանակն է հիշել 1988թ.Սպիտակի եիկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմը, որոնց ժամանակ մեր հայրենակիցները ուղղակի դարձան բաց թիրախ շատ եւ շատ աղանդավորականն խմբավորումների, որոնք «բարեգործի» անվան տակ եկան քայքայելու եւ կեղեքելու մեր ժողովրդին:
Սակայն չի կարելի մտածել, թե միայն նման մեծ եւ ահավոր վիճակում են մարդիկ դառնում չափից ավելի զգայուն, ցանկացած իրավիճակ կարող է մարդուն դարձնել զգայուն: Շատ ստրեսային իրավիճակներում մարդիկ կարող են դառնալ զգայուն, օրինակ սիրելի անձի կորուստը, ինչ-որ մեկից կամ ինչ – որ հարցից հուսահատվելը, կյանքի կամ կենցաղի կտրուկ փոփոխությունը: Վերջինն ավելի տարածված է հիմնականում տուրիստական կամ կուրորտային քաղաքներում, ուր եւ վխտում են տարբեր աղանդավորական խմբավորումներին պատկանող «վերբոովշիկները»` փորձելով ավելի ու ավելի միամիտ մարդկանց «զինակոչել» իրենց շարքերը: Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդը, փորձելով հեռանալ իր առօրյա կյանքից, ակամայից դառնում է չափազանց զգայուն եւ առավել բաց, քանի որ, հեռու լինելով իր ընկերական եւ մտերմիկ շրջապա- տից , ցանկանում է ունենալ նոր ծանոթություններ, եւ հենց այդ ժամանակ էլ հեշտանում է «վերբովշիկների» գործը:
Նաեւ մարդկանց կյանքում կան տարիքային երկու շրջան, երբ մարդը ապրում է ստրեսային վիճակ: Առաջինը, այսպես ասած, հասունացման շրջանն է, եւ այս տարիքային խմբի մեջ մտնում են այն երիտասարդներն ու երիտասարդուհիները, որոնք նոր ավարտելով դպրոցը ընդունվում են Բարձրագույն Ուսումնական Հաստատություններ կամ սկսում են աշխատել: Սա կյանքի մի էտապ է, երբ մարդը, հրաժեշտ տալով մանկությանը, մտնում է հասուն կյանք, ինչով եւ փոխվում է նրա աշխարհընկալումը, եւ մարդը դադարում է երեխա լինելուց: Կյանքը փոխվելով` փոխվում է նաեւ անձի հոգեկան վիճակը. մի քանի տարիներ ստրեսային վիճակ եւ մարդը դառնում է չափից ավելի զգայուն, եւ հենց սրանից էլ օգտվում են աղանդավորական խմբավորումները:
Հաջորդ ստրեսային խումբը, այսպես ասած, միջին տարիքի ստրեսային խումբն է, որի մեջ հիմնականում մտնում են թոշակային կամ նախաթոշակային տարիքի անձիք, որոնք ակամայից ավելի ակտիվ կյանքից անցնում են պասիվի: Մարդու համար սկսում են մեծ փոփոխություններ: Նա սկսում է կորցնել իր մտերիմ մարդկանց, սկսում է մտածել իր կյանքի մասին, եւ հենց այդ ժամանակ է, որ աղանդավորները հայտնվում են նրանց կյանքում եւ փորձում գցել իրենց ճիրանները: Հիմնականում նման խմբից լավագույնս օգտվում են «Եհովայի վկաներ» կազմակերպության մարդիկ, որոնք, անցնելով տնից տուն, համարակալում եւ մանրամասն նկարագրում են, թե ովքեր եւ ինչ տարիքային խմբի մարդիկ են ապրում այդտեղ: Նրանք մի տեսակ հաշվետվություն են ներկայացնում իրենց կատարած այցելությունների համար:
Օրինակ, մի այսպիսի դեպք. Իրենց հաշվետվության մեջ ներկայացնում են, թե տվյալ բնակարանում ապրում են երիտասարդ ամուսիններ, որոնք իրենց լավ չընդունեցին, սակայն նրանց հետ ապրում է իրենց մայրը, որը թոշակային տարիքի է, եւ նրանք խորհուրդ են տալիս, որ հաջորդ անգամ նույն տարիքի երկու կին «քարոզիչներ» գնան եւ զրուցեն տվյալ կնոջ հետ, երբ երիտասարդները տանը չեն լինի: Որոշ ժամանակ հետո երիտասարդները հանկարծակի հայտնաբերում են, որ իրենց մայրը արդեն հարում է այդ աղանդին եւ զարմանում, թե ինչպես է դա պատահել:
Հիմա պետք է փորձենք մի անհավանական փորձ կատարել միասին եւ պատկերացնել, թե աղանդնավորական մի խմբակ փորձում է մի նոր կյանք սկսել եւ իր մասին հայտնել միայն ու միայն ճշմարտությունը, ու տեսնենք, թե ինչ կկատարվի: Պատկերացնենք, թե մի երիտասարդ քայլում է փողոցով եւ հանկարծ իրեն են մոտենում հասակակից երկու հոգի եւ ասում. -Բարեւ, մենք աղանդավորներ ենք ու հրավիրում ենք քեզ միանալու մեզ: Քեզ այն դուր կգա: Ինչո՞վ ես զբաղված, հա,՜ ուսանո՞ղ ես, չէ եղբայր չեղավ, պիտի անպայման թողնես ուսումդ, մենք քեզ ամեն ինչ կսովորեցնենք, ավելի լավ, քան թե ցանկացած համալսարան: Ա՜, ընկերուհի՞ էլ ունես, մոռացի՛ր. մեզ մոտ միայն ու միայն մեր աղանդին պատկանող աղջիկներից կարող ես ընկերուհի ունենալ, քանի որ մենք ենք որոշում, թե երբ կամ ում հետ ամուսնանաս: Հետո կորոշենք երեխաներ կունենաք, թե ոչ, եթե հասկանանք, որ երեխա ունենալու ժամանակն է, ապա կթույլատրենք, որ ունենաք, բայց չմտածեք, թե երեխաները ձերը կլինեն, նրանք պետք է պատկանեն աղանդին, եւ մենք կորոշենք, թե ո՛վ կզբաղվի նրանց դաստիարակությամբ, դուք, թե որեւէ այլ ընտանիք մեր աղանդից: Հրաժեշտ տուր ծնողներիդ, կամ ինչիդ են նրանք պետք, նրանք քեզ երբեք էլ չեն սիրել եւ նախանձել են, ուրեմն նրանց հետ անգամ պետք էլ չէ հրաժեշտ տալ… եւ այլն եւ այլն:
Պատկերացրեք, եթե նմանապես մոտենան ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներից մեկին եւ կատարեն նման առաջարկ, միանշանակ բացասական վերաբերմունքի կարժանանան, եւ որեւէ մեկը չի հետեւի նրանց: Սակայն նման բան որեւէ մեկը ձեզ չի ասի, քանի որ նրանից կթաքցնեն այդ ամենը: Եթե չխաբեն, ապա իրենք էլ չեն լինի, եւ որեւէ մեկը չէր համաձայնի այնտեղ գնալ: Դրա համար էլ նրանք հիմնականում փորձում են ամեն տեսակի հնարքներ գործադրել` մարդկանց իրենց տանելու համար, որի մասին արդեն խոսել ենք: Սակայն կկենտրոնանանք միայն անգլերենի ուսուցման դասընթացներին, որից հիմնականում օգտվում են Մորմոնները «վերբովկայի» համար, ինչպես նաեւ այլ աղանդավորական կազմակերպությունները: Հիմա ո՞ր մեկը չի ցանկանում սովորել անգլերեն կամ այլ օտար լեզուներ, եւ նման օտար լեզուների դասընթացների ժամանակ ուսուցիչները, որոնք հիմնականում ուղղակի գիտեն լեզուն եւ ուսուցչական կրթություն չունեն, սկսում են ոչ միայն ուսուցանել լեզուն, այլ նաեւ խոսել տվյալ աղանդի մասին եւ կամաց կամաց հող հարթել այսպես ասած «վերբովկայի» համար:
Նման կերպ կարող են վարվել նաեւ ոչ կրոնական, այսինքն տոտալիտար աղանդավորական խմբակցությունները, որոնց հիմնական խնդիրը ոչ թե կրոնի ներկայությունն է, այլ խաբեությունը «վերբովկայի» ժամանակ` ազդելով մարդկանց ենթագիտակցությանը:
Շատերը երիտասարդներ ուղղակի կարիքն ունեն ուշադրության եւ շփումի, որից էլ օգտվում են աղանդավորականները` հրավիրելով նրանց որոշակի հավաքույթների, ուր նա իրեն մենակ չի զգա եւ ձեռք կբերի «ընկերներ», որոնց նա չի ունեցել: Սա եւս «վերբովկայի» կլասիկ ձեւ է, որից էլ առատորեն օգտվում են աղանդավորական «վերբովշիկները»:
Սիրելինե՛ր, զգուշանա՛նք եւ հիշե՛նք այս ամենի մասին եւ փորձենք հեռու մնալ աղանդավորական «վերբովշիկներից» եւ , կարեւորը` հեռու պահենք մեր երեխաներին եւ հարազատներին նման խաբեություններից, եւ եթե որեւէ մեկին անհրաժեշտ է որոշակի օգնություն, ապա անհապաղ օգնենք այդ անձին, իսկ եթե չհասցնենք դա անել, ապա այն կանեն աղանդավորականները այնպիսի արագությամբ, որ մենք այլեւս չենք տեսնի մեր հարազատներին եւ մենք կկորցնենք նրանց:
«Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N33