Մեր հասարակությունը տարաբնույթ վերաբերմունք ունի “Եհովայի վկաներ” կազմակերպության հետևորդների նկատմամբ: Ոմանք նրանց հանդիպելիս վիրավորում են, ոմանք խղճում են, ոմանք փախչում են, սակայն մեծամասնությունը միանշանակ կարծիք են արտահայտում, որ նրանց քարոզչության հիմնական մոտիվացիան այն առասպելական եկամուտներն են, որոնք Եհովայի վկաները ստանում են յուրաքանչյուր անձին իրենց կազմակերպություն ներքաշելու համար (մոտ 50 կամ 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր անձի համար): Որտեղից են վերցված այս տվյալները, այդպես էլ մինչ օրս բացահայտված չէ: Առհասարակ մի կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ներքաշվում են աղանդների մեջ ֆինանսական կամ սոցիալական կարիքներից դրդված և դրանք ապահովում են լավագույնս ձևով: Եվ միայն իսկապես աղանդները ուսումնասիրած մասնագետները և տնտեսագետները կարող են բացահայտել, որ աղանդները ոչ թե հոգում են իրենց անդամների ֆինանսական կամ սոցիալական կարիքները, այլ հակառակը` որոշ աղանդներ գոյատևում են, զարգանում են և հարստանում են իրենց անդամների շնորհիվ, նրանց ջանքերով, ուժերով և եկամուտներով: Ավելի մանրամասն անդրադառնանք Եհովայի վկաներ կազմակերպության կառուցվածքային մանրամասնություններին և եկամտաբերության որոշ աղբյուրներին, որը հանդիսանում է մարդկային ռեսուրսները և որի չարաշահումը տեղի է ունենում զարգացած երկրների իրավական մարմինների, սոցիալական ծառայությունների, աշխատանքի տեսչության և մարդու իրավունքների այլ պաշտպանների և հսկողների աչքի առաջ, և այդ երևույթը անկեղծ սրտով կարելի է անվանել արդի ստրկատիրություն:
Եհովայի վկաներ կազմակերպությունը չափազանց հարուստ կազմակերպություն է: Զարմանալի չէ, քանի որ յուրաքանչյուր նոր անդամ այսուհետ հանդիսանում է Կազմակերպության համար հիմնական և մշտական եկամտի աղբյուր: Համաձայն Կազմակերպության գաղափարախոսության “Այն ինչ ունի մարդն, մկրտությունից հետո պատկանում է Եհովային”: Արևմտյան տնտեսագետները Եհովայի վկաներ կազմակերպությունը բնութագրում են որպես կրոնի վրա հիմնված դասական բիզնես:
Ինչպես է դա տեղի ունենում: Նախ և առաջ յուրաքանչյուր անդամ դառնում է <Դիտարան> և <Արթնացիր> ամսագրերի և այլ գրականության մշտական բաժանորդ: Իր հաշվին ձեռք բերված որոշակի քանակությամբ գրականության օրինակներից մեկը նա պահում է իրեն, մնացած օրինակները պետք է պարտադիր տարածի: Ընդ որում, տարածված գրականության քանակը խիստ վերահսկվում է, որովհետև յուրաքանչյուր անդամի Կազմակերպության մեջ ունեցած ներդրումը որոշվում է նաև նրա կողմից ձեռք բերված և տարածված գրականության քանակով: Այժմ միայն <Դիտարան> ամսագիրը տպագրվում է ամսական երկու անգամ պարբերականությամբ 180 լեզուներով մոտ 39 000 000 տպաքանակով (տեղեկությունը վերցված է Եհովայի վկաների պաշտոնական կայքից): Այդպիսի միլիոնանոց օրինակներով հրատարկվում է նաև Ընկերության այլ գրականությունը, որը տպարգվում է մինիմալ ծախսերով Բեթել համակարգի շնորհիվ, որը և մեր նյութի քննարկման բուն թեման է:
Համաձայն Եհովայի վկաների բացատրական բառարանի` “Բեթելը` դա Աստծո Տունն է, որի տարածքում հիմնականում գտնվում են “Եհովայի վկաներ” կազմակերպության մասնաճյուղերը: Բեթելցին` դա կամավորականն է, որը ծառայում է Բեթելում և գործունեություն է իրականցում Բեթելի համար: Դա ներառում է աշխատանք տպարանում, ֆերմաներում, մասնաճյուղերի տարբեր բաժիններում: Բեթելի աշխատողները աշխատավարձ չեն ստանում, այլ ապահովվում են ամեն անհրաժեշտ պարագաներով”: Առաջին հայաց քից ոչ մի տարօրինակ բան: Սակայն տեսնենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Բեթել համակարգը:
Դա Եհովայի վկաների համար նախատեսված մի աշխատանքային կենտրոն է և ընտանեկան հանրակացարան, որտեղ աշխատում և ապրում են հատուկ չափանիշներով (որոնցից մեկը նաև տարածված գրականության քանակն է) և մոտեցումներով ընտրված Կազմակերպության “էլիտար” անդամները: Այնտեղ նրանց ապահովում են սննդով, հագուստով, և վճարում են մինիմալ անհրաժեշտ “գրպանի” ծախսեր, որի չափը որոշվում է ղեկավարության կողմից: Դրա փոխարեն նրանք աշխատում են չնորմավորված աշխատանքային ռեժիմով (նվազագույնը շաբաթական 44 ժամ), ներդնում եմ իրենց ողջ մասնագիտական, ֆիզիկական կարողությունները, թարգմանություններ են կատարում մի քանի լեզուներով (հաշվի առնելով շուկայի ներկա գնագոյացումը, ասենք, որ սովորաբար թարգմանիչները մեկ ժամվա աշխատանքի դիմաց ստանում են այնքան, ինչքան Բեթելի աշխատակիցները մեկ ամսվա ընթացքում չնորմավորված աշխատանքային ժամերով մի քանի լեզուներով թարգմանություններ իրականացնելու դիմաց), աշխատում են տպարանում, ճաշարանում, մաքրության ծառայություններում` առանց բժշկական և սոցիալական ապահովագրության, տարեկան 12 օր արձակուրդով` “որը դեռ պետք է վաստակել, անվերապահորեն կատարելով ղեկավարության ցուցմունքները”: Սենյակներում բնակվում են սովորաբար երկուսով: Բեթել հանրակացարանում ապրել և աշխատել կարող են միայն հատուկ ընտրված անձնավորությունները, որոնք նախօրոք դիմում եմ ներկայացրել Եհովայի վկաների կենտրոնական գրասենյակ: Սովորաբար աշխատանքի են ընդունում 19 տարեկանից սկսած եռանդուն, ձգտող, առանց որև է ֆիզիկական և մտավոր թերությունների, առողջ երիտասարդներին: Որպես պարտադիր պայմաններ նշվում են ֆիզիկական և հոգևոր (իհարկե` Եհովայի վկաների չափանիշներով) առողջությունը, եղբայրների կողմից դրական կարծիքի արժանանալը, Կազմակերպության նկատմամբ ունեցած այլ դրսևորումները: Ընկերության ամսագրերով և ժողովներում գովաբանվում է, թե “ինչ մեծ արտոնություն է ապրել Բեթելում, աշխատել եղբայրների մեջ ամեն օր, ծառայել նրանց, ինչ մեծ հնարավորություններ է դա տալիս հոգևոր զարգացման համար: Բեթելում աշխատողը կարող է հիանալ Եհովայի գեղեցկությամբ և վայելել բազմաթիվ օրհնություններ”: Այսպիսի գրավիչ արտահայություններով զմայլված անդամները փորձում են ամեն ջանք գործադրել, զբաղվել ինքնազարգացմամբ, սովորել լեզուներ, ձեռք բերել և տարածել հնարավորինս շատ գրականություն, ամեն կերպով վայելել եղբայրների լավ վերաբերմունքը, համապատասխան քայլեր ձեռնարկել այդ “պատվաբեր” կոչմանը և “աշխատանքին” արժանանալու համար: Եվ այդ ամենը իրականացվում է սեփական ֆինանսական, հոգեկան և մտավոր ներդրումներով:
Այն ընտրյալները, որոնց հաջողվում է անցնել վերոհիշյալ բոլոր պայմանները, աշխատանքի ընդունվելիս ստորագրում են աշխատանքային պայմանագիր, որում ներառված են հետևյալ դրույթները. “Իմ համագործակցությունը Ընկերության հետ կամավոր է և անվճար, եթե անգամ իմ աշխատասիրությունը, եռանդը և ժամանակը կպահանջեն ավելի մեծ ներդրում, քան նախատեսված է
աշխարհիկ համակարգով: Իմ ամենօրյա կարիքների համար Ընկերության կողմից ստանձնած հոգսը (բնակության վայր, հագուստ, սնունդ և այլն) գտնվում է Ընկերության հայեցողության տակ: Իմ կողմից որև է պահանջներ դրա վերաբերյալ, անգամ ընթացիկ կարիքների համար, անհիմն են: Ես հավաստում եմ, որ չունեմ և հետագայում չեմ ներկայացնելու որևէ պահանջներ իմ աշխատանքի ընդունման և պայմանների վերաբերյալ”: Հասկանալի է, որ իրավաբանական կողմը լիովին ապահովված է ցանկացած ոտնձգություններից, հարկային և սոցիալական ստուգումներից պաշտպանվելու համար:
Բեթելը ունի իր ներքին ղեկավարությունը, որը կոորդինացնում է բոլոր բաժինների աշխատանքները` թարգմանչական բաժին, տպարան, իրավաբանական, մաքրության, բժշկական, ուսումնական, սննդի, շինարարության, անվտանգության բաժիններ: Յուրահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում մաքրության հարցը (միայն սենյակի մաքրությանը վերաբերող կանոնները բաղկացած են 9 գլուխներից` իրենց ենթակետերով): Հանրակացարանների անդամներին պարտադրվում է լոգանք ընդունել հատուկ ժամերին, իրենց և շրջակա միջավայրը 24 ժամ պահպանել իդեալական մաքրության մեջ` առանց որևէ հարմարավետ արտոնություններ ստեղծելու: Հանրակացարանում արգելվում է ընտրել սենյակ, հարևան (նշանակվում է ղեկավարության կողմից), քննարկել ղեկավարներին, սեփական սենյակում պահել կենդանիներ, հագնել կիսատաբատներ, պատերի մեջ երեք անցքից ավել անցք բացել, ուշ վերադառնալ հանրակացարան, տեղափոխել կահույք, մահճակալը թողնել անփույթ վիճակում, խոսել աշխատավարձի վերաբերյալ որև է մեկի հետ, առավել ևս հարազատների: Նրանք պարտադիր արթնանում են ժամը 6-ին, որի մասին տեղեկացնում է ամբողջ տարածքով մեկ տեղադրված ձայնային համակարգը (որը օգտագործվում է նաև այլ հայտարարություններ իրականացնելու համար), մասնակցում են կազմակերպության փառաբանությանը, Աստվածաշնչի սերտողությանը, միասնական աղոթքին: Երեկոյան` աշխատանքի հայտարարաված ժամի ավարտից հետո կրկնվում է նույն ծրագիրը:
Աշխատանքային օրը նորմավորված չէ` “հաճախակի անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար քեզանից կարող է պահանջվել ութժամյա աշխատանքային օրվանից ավել ժամանակ: Դա վերաբերվում է այնպիսի աշխատանքներին, ինչպիսիք են ափսեները լվանալու հերթապահություն, ընդունարանի հերթապահություն, գիշերային պահակի հերթապահությունը և այլն: Լրացուցիչ հանգիստ այդպիսի ծառայությունների համար նախատեսված չէ: Չէ որ ծառայության մեջ սովորականից ավելին անելը` դա ուրախություն է”: Արգելվում է հրաժարվել որև է աշխատանքից, չհասցնելու դեպքում պետք է հրաժարվել քնից, չհանգստանալու դեպքում արգելվում է աշխատանքի ժամը օգտագործել հանգստի նպատակով: Եթե անդամը հայտարարում է, որ ուժ չունի կամ հիվանդ է, նրան փորձում են բուժել, սակայն ծախսատարության դեպքում նրան հեռացնում են: Կազմակերպության` աշխատակիցներին ուղղված նամակում ասվում է. “Խնդրում ենք հասկանալ, որ Ընկերությունը չի կարող ձեր մասին հոգ տանել ձեր ողջ կյանքի ընթացքում”: Չկան նաև հանգստյան օրեր, առավել ևս տոնական` թեկուզ այն պարզ պատճառով, որ Եհովայի վկաները չեն ընդունում տվյալ երկրներում ընդունված քրիստոնեական և այլ տոնական օրերը, ինչպես նաև չեն նշում ծննդյան օրերը: Դա ունի իր նպատակը ինչպես անձին կտրել հասարակությունից, այնպես էլ իր սեփական անցյալից և անձնային հատկություններից, սեփական ցանկություններից:
Բեթելի տարածքից կարելի է դուրս գալ աշխատանքից և ժողովներից ազատ ժամանակ, ինչպես նաև շաբաթական մեկ հանգստյան օր` կիրակի, մի քանի նպատակներով` հաճախել Կազմակերպության մեկ այլ հավաքները և ժողովները, տարածել գրականություն, Ավետարանի բարի լուրը հասցնել մյուսներին, ինչպես նաև այցելել ծնողներին: Ընդ որում, չեն խրախուսվում այն ծնողների այցելությունները, որոնք չեն հանդիսանում Եհովայի վկա:
Բեթելում ապրում են ինչպես միայնակ անդամներ, այնպես էլ ամուսնական զույգեր: Միայնակ հակառակ սեռի ներկայացուցիչներին արգելվում է իրենց հարաբերություններում որև է անձնական երանգ ունենալը: Եթե երիտասարդ տղան անտարբեր չէ երիտասարդ աղջկա հանդեպ, ապա երկուսին էլ հեռացնում են Բեթելից: Երիտասարդ տղան իրավունք չունի սենյակում մենակ գտնվել երիտասարդ աղջկա հետ, և եթե որևէ մեկը նրանց տեսնի, եթե անգամ իրենց մեջ ոչինչ չի եղել, պիտի անմիջապես տեղեկացնի ղեկավարությանը, և նրանց երկուսին էլ հեռացնում են: Առհասարակ, տեղեկություններ հավաքելը, իրար հետևելը, խոսակցություններ վերլուծելը և ղեկավարությանը զեկուցելը` դա Բեթելի բնակիչների ապրելակերպի հիմնական բաղադրիչներից է:
Եթե ամուսնական զույգը երեխա է սպասում, ապա նրանց հեռացնում են նախքան երեխայի ծնվելը: Ամուսնական զույգերին արգելվում է երեխա ունենալ, և քանի որ աբորտները նույնպես արգելված են, զույգերը ստիպված են լինում օգտագործել հակաբեղմնավորիչներ: Սակայն հակաբեղմնավորիչները թանկ են, և անդամներին տրվող գրպանի ծախսերի համար նախատեսված գումարները շատ փոքր են, այդ իսկ պատճառով զույգերը կամավորապես համաձայնվում են դիմել վիրահատական մեթոդների` այն է ստերիլիզացիային, որն անդառնալի է և որն իրականացվում է Կազմակերպության սոցիալական կարիքների համար նախատեսված ծախսերից: Հնարավոր է այլ ազգեր շատ արագ են բազմանում, չեն ունեցել Եղեռնի, պատերազմների և սոցիալական դժվարությունների արդյունքում առաջացած ծնելիության մակարդակի նվազում, սակայն մեր ազգի համար դա ցավոտ հարցերից մեկն է, մինչդեռ իշխանությունները մտածում են ինչպես խրախուսեն երիտասարդներին մեկ երեխայից ավել ունենալ, Եհովայի վկաները աշխատում են այն ուղղությամբ, որ հայ ազգը ոչնչացնեն նաև այս ձևով: Եվ դա զարմանալի չէ, որովհետև Եհովայի վկաների համար չկան ազգային պատկանելիություն, իշխանություններ, ավանդույթներ:
Շատ տարօրինակ է դրված նաև ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Բեթելի նախկին բնակիչներից շատերը հավաստում են, որ եթե անգամ դու երբեք ալկոհոլ չես օգագործել, ապա Բեթելում անպայման կսովորես դրան, որովհետև ալկոհոլային խմիչքները չեն արգելվում:
Կանանց նկատմամբ վերաբերմունքը Եհովայի վկաների մոտ առհասարակ շատ առհամարական է, և կինը համարվում է ցածր դասի անձնավորություն, նա իրավունք չունի իր խոսքի մեջ օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են դիտվել որպես դաստիարակչական կամ ուսուցանող` Բեթելի ընտանիքի անդամներին: Սեղանի շուրջ նստելիս կինը պետք է անպայման կողքից նստի, և ոչ մի դեպքում սեղանի գլխին:
Հետաքրքիր փաստ, որ համաձայն իսկ Եհովայի վկաների կազմակերպության վերլուծությունների, Բեթել հանրակացարանները առավել արդյունավետ և եկամտաբեր են աշխատում նախկին Սովետական Միության տարածքում ընդրկված երկրներում: Իսկ սոցիլոգները պարզաբանում են, որ Բեթել համակարգում ներգրավվում են այն մարդիկ, որոնք սովոր են
ավտորիտար ռեժիմի կառավարությանը: Միգուցե դրա պատճառներից է այն, որ վերոհիշյալ կանոններն արդեն ծանոթ են մեզ սովետական համակարգից, ինչպես նաև որ սովետական միության դաստիրակություն ստացած ժողովուրդը իր գաղափարախոսության և հոգևոր արժեքների համար պատասխանատվությունը սովոր է թողնել բարձրաստիճան անձանց հայեցողությանը: Ընդհանրությունները ակնհայտ են:
Կազմակերպության անդամների անդամավճարները շատ ավելիով գերազանցում են որև է կառավարության կողմից որևէ երկրում հաստատված եկամտի դիմաց վճարվող հարկային վճարները, չնայած Կազմակերպության կողմից մեկ աշխատակցի վրա ընկնող և վճարվող նվազագույն ծախսերի: Բեթելից դուրս վաստակվող ողջ աշխատավարձը` համաձայն կանոնակարգի, պետք է հատկացվի Բեթելի ֆոնդին: Սովորաբար յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատելիս աշխատակցի կողմից համապատասխան ունակություններ, ձգտումներ և զարգացման այլ միտումներ ցուցաբերելիս նրա թե աշխատավարձը, թե սոցիալական դիրքը բարելավվում են, ի հակառակ Եհովայի վկաների կազմակերպության, որտեղ ունակությունների և կարողությունների զարգացման գործընթացը բերում է ստրկատիրական պայմաններում աշխատանքի արժանանալուն` նվազագույն <գրպանի ծախսեր> բնութագրվող աշխատավարձով` կտրելով նրանց հարազատների միջավայրից, սոցիալական դիրքից, աշխարհընկալման նորմալ հնարավորություններից, և իհարկե այլ կազմակերպությունում հետագա աշխատանքային կարիերայի հնարավորություններից, որովհետև Բեթելում ոչ մեկի համար չի վարվում աշխատանքային գրքույկ, չի բացվում կենսաթոշակային հաշիվ և չեն արվում համապատասխան հատկացումներ:
Աշխատակիցների վրա շարունակաբար հոգեբանական ճնշում է գործադրվում` նրանց կողմից Կազմակերպությանը տրվող ժամանակը և ջանքերը ավելացնելու նպատակով: Ամենախոցելի են դառնում պարտաճանաչ և ազնիվ մարդիկ: Նուրբ ազդակներով նրանց հասկացնում են, որ քիչ ժամանակ են հատկացնում ամսագրերի, քարոզների ուսումնասիրությանը, ժողովների հաճախելուն, որը մեղքի զգացողությունն է առաջացնում և հիմք հանդիսանում խրոնիկ անհանգստության և դեպրեսսիայի համար: Երբ ուժերը սպառվում են և մարդը չի կարողանում ավելին տրամադրել Ընկերությանը, նրա մոտ սկսվում է նյարդային գերլարվածություն, հոգեկան անհավասարակշռություն, որը կարող է մի շարք հոգեկան հիվանդությունների նախադրյալ լինել: Բազմաթիվ մասնագետների կարծիքով, Եոհայի վկաների մոտ հոգեկան հիվանդությունների շեղումները գերազանցում են միջին մակարդակը: Նրանց մեջ շատ են հանդիպում շիզոֆրենիան, դեպրեսսիայի ծանր դեպքերը, հարբեցողությունը (ինչի պատճառը հիշատակվեց վերևում) և այլ հիվանդություններ: Ընդ որում Եհովայի վկաների ուղեղներում այնքան հստակ է դրված Կազմակերպության գաղափարախոսությունները, որ նրանց մտքով անգամ չի անցնում, որ իրենց հիվանդությունների բուն պատճառը Կազմակերպության ղեկավարությունն է:
Կազմակերպության անդամները կարող են աշխատել ոչ միայն տպագրատանը, այլ նաև այլ աշխատանքային խմբերում: Օրինակ` ԱՄՆ-ում ստեղծված Կազմակերպության գյուղատնտեսական տարածքներում, որտեղ ներառված են անասնաբուծական համալիրներ, պտղատու այգիներ և այլն: Այսպիսի ֆերմաներում աշխատակիցները ստանում են ամսական 14 ԱՄՆ դոլար: Նմանատիպ խմբավորումներ հնարավոր է ստեղծված լինեն և այլ երկրներում:
Այժմ Հայաստանի տարածքում գործում են մի քանի այդպիսի կենտրոններ` Աբովյան քաղաքում, Երևանում` Կիլիկիայում և Քեռու փողոցի վրա, եվ բոլոր շենքերը նորակառույց: Մի գուցե այդ շենքերի փայլն է շլացնում, գեղեցիկ վերանորոգումը, մի գուցե լավ հագնված, միշտ կոկիկ տեսք ունեցող “արտասահմանցիները”, գունազարդ գրքերը և ամսագրերը, և դրա կողքին մեր սոցիալական աղքատիկ իրականությունը, ինչև է, պատճառները կարող են տարբեր լինել, բայց փաստն այն է, որ Հայաստանի տարածքում գործող Բեթել ընտանեկան հանրակացարաններում մեր` հայ երիտասարդներն են, որոնք իրենց կամավոր ստրկատիրության են հանձնել` նվիրաբերելով իրենց կյանքի ամենաեռանդուն, ամենալավ, ամենագեղեցիկ տարիները և որի դիմաց արդյունքում ստանալու են մի փոքր ավելի ուտելիք, մի քանի հագուստ ավելի, մի քանի արձակուրդային օրեր ավելի, դրա փոխարենը վաճառելով իրենց հոգիները և ապագան: Մենք բոլորս պատասխան ենք տալու Աստծո առաջ մեր սուրբերի վաստակած ժառանգությունը վատնելու համար մեր անտարբերությամբ և կեղծ հանդուրժողականությամբ այն անձանց հանդեպ, ովքեր ծրագրավորված եկել են քանդելու մեր արմատները, մեր երիտասարդության հաշվին հարստանալու: Մեր կողքին են այն մարդիկ, որոնք չդիմանալով այդ համակարգի ճնշմանը, գերլարվածության պատճառով տարբեր հիվանդություններ են վաստակում, ինքնասպանությանն են դիմում: Մենք ծաղրում ենք և անպատվում ենք այն մեր հայրենակիցներին, ովքեր փողոցում Եհովայի վկաների գրքերն են տարածում` մինչդեռ նրանք կարեկցանքի կարիք ունեն, բայց հենց գեղեցիկ “արտասահմանցի” ենք տեսնում, ժպտում ենք և փորձում ենք ամենաբարի ձևով ներկայանալ, առանց հետաքրքրվելու, թե ովքեր են նրանք, ինչի համար են Հայաստանում գտնվում: Մինչդեռ հենց նրանք են, որ ղեկավարում են և տարածում են այդ ուսմունքները` Մորմոններ, Եհովայի վկաներ, Ավետարանականներ, Կյանքի խոսք և այլն: Մեր հյուրասիրությունը և հյուրապաշտությունը մեր դեմ է դուրս գալիս: Կոչ չեմ անում վատ վերաբերվել բոլոր զբոսարջիկներին և այլազգիներին, բայց եկեք ավելի զգոն լինենք մեր ազգային արժեքները պաշտպանելու նկատմամբ, չխոնահրվենք այն կազմակերպությունների առաջ, որոնք լավ տարածքներ են վարձում, գեղեցիկ տներ են կառուցում, լավ մեքենաներ են վարում և իրենց խաբուսիկ գեղեցկությամբ և փայլով փորձում են մեզանից ամենաթանկը խլել` մեր ազգային և անհատական քրիստոնեական ինքնությունը:
(նյութի մեջ օգտագործված տեղեկությունները, ինչպես նաև չակերտներում բերված մեջբերումները վերցված են Բեթելի բնակիչների համար նախատեսված կանոնակարգից, որը կոչվում է “Ինչ հաճելի է եղբայրներին միասին բնակվելը”)
Հեղինակ՝ Մարիամ Երանյան