Ես. 66.1-24։ Կղ. 2.8-3.7։ Մտ. 22.34-23.38։
Եսայի
66 Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, -եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։ 2Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, -ասում է Տէրը. -ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից։ 3Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհներըեւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ 4Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։ 5Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից։Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն։ 6Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։ 7Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել,նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ։ 8Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկներին։ 9«Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր, -ասում է Տէրը. -մի՞թէ ես չստեղծեցի ամուլին եւ ծննդկանին», -ասում է քո Աստուածը։ 10Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին։ 11Պիտի սնուէք ու յագենաք նրա մխիթարող ստինքներից եւ կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից։ 12Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց։ 13Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում։ 14Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին։ 15Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումըեւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից։ 17«Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը։ – 18Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։ 19Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ։ 20Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը։ – 21Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը։ – 22Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, -ասում է Տէրը, -այդպէս մնալու է եւ ձեր սերունդը։ 23Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, – ասում է Տէր Աստուածը։ – 24Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»։
Կողոսացիներ
8Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ. 9քանի որ նրա մէջ է բնակւում Աստուածութեան ամբողջ լիութիւնը մարմնապէս։ 10Դուք էլ էք լցուած նրանով, որ գլուխն է ամէն իշխանութեան եւ պետութեան. 11նրանով դուք անձեռագործ թլփատութեամբ թլփատուեցիք հաւատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատութեամբ. 12թաղուելով նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք Աստծու զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից։ 13Եւ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, կենդանացրեց իր հետ։ 14Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները եւ ոչնչացրեց հրամաններով հաստատուած այն պարտամուրհակը, որ մեր դէմ էր, վերացրեց այն մէջտեղից եւ մեխեց խաչափայտին։ 15Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ։ 16Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, 17որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է։ 18Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով։ 19Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է։ 20Եթէ մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանութիւնից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում էք կանոններին՝ ասելով. 21«Մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր», 22քանի որ այդ բոլորը, գործածուելով, ապականւում են՝ ըստ մարդկանց պատուիրանների եւ վարդապետութեան։ 23Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ իրենց մարմնի խստակեցութեամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկութիւնները զսպելու համար ոչ մէկ արժէք չեն ներկայացնում։
3 Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, ապա փնտռեցէ՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը։ 2Վերի՛ն բաների մասին խորհեցէք եւ ո՛չ թէ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է, 3քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծու մօտ։ 4Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնուի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կը յայտնուէք փառքով։ 5Սպանեցէ՛ք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է։ 6Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրայ գալիս է Աստծու բարկութիւնը։ 7Դուք էլ էիք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում էիք դրանց մէջ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
34Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. 36«Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»։ 37Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ 38Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ 40Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»։ 41Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ 43Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44«Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ 45Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 46Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։
23 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. 2«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։ 4Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ 5Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։ 6Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ 8Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ 9Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ 10Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։ 11Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի։ 12Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։ 13Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ 14Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։ 15Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 16Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։ 17Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 18Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։ 19Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է։ 20Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ։ 21Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ։ 22Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել։ 23Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս։ 24Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ։ 25Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ 26Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։ 27Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։ 28Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 29«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ 30Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։ 31Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ 32«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։ 33Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 34որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ 37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 38բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։