Ելք 4.1‐21։ Հվլ 3.9‐21։
ԵԼՔ
4 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»։ 2Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Սա ասաց. «Գաւազան»։ 3Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»։ Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում։ 5«Այդպէս կ՚անես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։ 6Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում։ 7Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը։ 8Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին։ 9Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կը դառնայ»։ 10Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»։ 11Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին։ Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս։ 12Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»։ 13Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»։ 14Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի։ Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ։ 15Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք։ 16Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած։ 17Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»։ 18Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»։ Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»։ 19Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»։ 20Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս։ Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն։ 21Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը։ Ես խստասիրտ կը դարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին։
Յովել
9Յայտարարեցէ՛ք ազգերին. «Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք եւ ելէ՛ք, բոլո՛ր ռազմիկներ։ 10Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք եւ ձեր գերանդիներից՝ գեղարդներ։ 11Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք եւ նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ»։ 12«Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին։ 13Գործի՛ դրէք մանգաղը, որովհետեւ հասել է հունձը, եւ մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետեւ լցուել է հնձանը, եւ փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը»։ 14Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում։ 15Արեգակն ու լուսինը կը խաւարեն, եւ աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը։ 16Տէրը Սիոնից կը կանչի, Երուսաղէմից ձայն կը տայ, եւ կը շարժուեն երկինքն ու երկիրը. 17սակայն Տէրը կը խնայի իր ժողովրդին, կը զօրացնի իսրայէլացիներին։ 18«Դուք կը ճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լերան վրայ. Երուսաղէմը կը սրբանայ, եւ այլազգիները այլեւս չեն անցնի նրա միջով»։ 19Այո՛, կը լինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կը բխեցնեն, բլուրները կաթ կը յորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կը բխեցնեն, Տիրոջ Տանից աղբիւր կը բխի եւ կ՚ոռոգի շրջակայքի ձորը։ 20Եգիպտոսը եւ Եդոմը ամայի դաշտ կը դառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում։ 21Սակայն Հրէաստանը յաւիտենապէս կը բնակեցուի, նաեւ Երուսաղէմը՝ սերնդից սերունդ։