Ղկ 4.42‐5.11։ Գրծ 7.30‐8.2։ Հկ 4.7‐17։ Հհ 1.29‐34։ Մտ 5.1‐16։ Մր 1.21‐34։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
42Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»։ Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է։ 43Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից։ 44Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»։ 45Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում։
5 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին։ 2Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում։ 3Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ 4Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»։ 5Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»։ 6Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին։ 7Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն։ Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան։ 8Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»։ 11Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
30Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լերան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը՝ մի մորենու կրակի բոցերի մէջ։ 31Եւ Մովսէսը այս տեսնելով՝ զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. 32«Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը, զարհուրած, չէր համարձակւում նայել։ 33Եւ Տէրը նրան ասաց. «Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, որովհետեւ այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է։ 34Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»։ 35Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ «Ո՞վ քեզ մեր վրայ իշխան եւ դատաւոր կարգեց», նրա՛ն Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ։ 36Նա՛ դուրս հանեց նրանց՝ նշաններ եւ զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ։ 37Ա՛յս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք»։ 38Ա՛յս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լերան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա՛ է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։ 39Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան 40եւ Ահարոնին ասացին. «Մեզ համար աստուածներ կերտի՛ր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց նրան»։ 41Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։ 42Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում.«Միթէ անապատում քառասուն տարիզոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. 43այլ դուք վերցրիք Մողոքի վրանըեւ Հռեմփա աստծու աստղըեւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար.ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը»։ 44Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր։ 45Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից։ 46Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։ 47Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում. 49«Երկի՛նքն է իմ աթոռը,եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի։Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, – ասում է Տէրը, – կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. 50չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»։ 51Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք։ 52Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին։ Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, 53դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքն ստացաք, բայց այն չպահեցիք»։ 54Եւ այս բաները լսելով՝ ժողովականները սրտներում զայրանում էին եւ նրա վրայ ատամներն էին կրճտացնում։ 55Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծու փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։ 56Նրանք բարձրաձայն աղաղակելով փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ։ 57Եւ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ։ 58Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որը աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ 59Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»։ Եւ երբ այս ասաց, մեռաւ։ Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը։
8 Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը։ 2Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին։
Յակոբոս
7Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։ 8Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. 9տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան։ 10Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի։ 11Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէ՛ք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր։ 12Կայ մէ՛կ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին։ 13Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կը գնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կը մնանք այնտեղ, կը վաճառենք եւ կը վաստակենք»։ 14(Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում)։ 15Մինչդեռ դուք ասելու էք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։ 16Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ։ Այսպիսի ամէն պարծանք չար է։ 17Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
29Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 30Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար։ 31Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։ 32Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ։ 33Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ 34Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ 13«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի։ 14Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ 15Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են։ 16Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
21Եւ մտան Կափառնայում։ Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց։ 22Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները։ 23Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. 24«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»։ 25Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»։ 26Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից։ 27Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»։ 28Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում։ 29Եւ ժողովարանից դուրս ելնելով, անմիջապէս եկաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ։ 30Սիմոնի զոքանչը տաքութեան մէջ պառկած էր. իսկոյն ասացին նրա մասին Յիսուսին։ 31Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց։ 32Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին։ 33Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ։ 34Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է։