Ղկ 4.31‐41։ Գրծ 6.8‐7.29։ Հկ 3.13‐4.6։ Հհ 1.18‐28։ Մտ 4.12‐25։ Մր 1.14‐20։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
31Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ 32Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ։ 33Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34«Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»։ 35Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»։ Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան։ 36Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»։ 37Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում։ 38Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը։ 39Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր։ Նրա համար Յիսուսին աղաչեցին։ 40Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան։ Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց։ 41Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում։
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
8Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ 9Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ 10Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա։ 11Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ»։ 12Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան։ 13Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»։ 15Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։
7 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»։ 2Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3«Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»։ 4Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք։ 5Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր։ 6Աստուած այսպէս խօսեց. «Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն։ 7Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, – ասում է Աստուած, – եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»։ 8Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ 9Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրայ։ 11Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում։ 12Եւ Յակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, 13իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ Փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը։ 14Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգի։ 15Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքը եւ մեր հայրերը։ 16Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում։ 17Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին։ 19Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն։ 20Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որն Աստծու առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21եւ երբ նրան ընկեցիկ արեցին, Փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր։ 22Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով։ 23Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը։ 24Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով։ 25Մտածում էր, թէ իր եղբայրները կ՚իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան։ 26Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»։ 27Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեր վրայ. 28մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ 29Եւ այս խօսքերի վրայ, Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները։
Յակոբոս
13Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։ 14Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը։ 15Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան։ 17Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ 18Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։
4 Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։ 2Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ 3Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ 4Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։ 5Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. 6Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է.
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան։ 19Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ։ 21Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Իսկ դու մարգարէ՞ն ես։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 22Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին։ 23Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»։ 24Եւ եկողները փարիսեցիների կողմից էին։ 25Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»։ 26Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, 27որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
12Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա։ 13Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, 14որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15«Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։ 17Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 18Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ 19Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ 20Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից։ 21Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց։ 22Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից։ 23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
14Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. 15«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»։ 16Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին։ 17Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»։ 18Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ։ 19Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում։