Աստվածային անճառելի և անիմանալի խորհուրդը, անհասանելի և անպարագրելի սքանչելիքը, անհասանելի և անպատմելի բարերարությունը, Նրա անբավ մարդասիրության ողորմությունը, սքանչելի և առատաբաշխ պարգևները, ո՞վ ի վիճակի կլինի պատմելու կամ իմանալու, որը մեր մտքին անտեսանելի է և գիտանքին անիմանալի, որ ո՛չ լեզվով է պատմվում, ո՛չ մարդու հանճարով է իմացվում, ո՛չ բերանով է ճառվում, ո՛չ աչքի տեսողությամբ է բացահայտվում. մեծահրաշ և սքանչելի բարիքը` պատրաստված Աստծու կողմից իր սիրելիների համար, որոնք ընդունել են արարչական հրամանի պատվերը. «Թե մեկը թողնի հորն ու մորը, գյուղեր ու ագարակներ, նրանն է երկնքի արքայության ժառանգությունը» (Մատթ. ԺԹ. 5, Մարկ. Ժ. 7, Եփե. Ե. 31),- և խոստումը անճառելի բարիքի, «որ աչքը չի տեսել և ականջը չի լսել, և մարդու սիրտ չի ընկել» (Ա. Կորնթ. Բ. 9): Այս պատվերը, առավել քան սա, ստացան երանելի սուրբ վկաները, որովհետև ոչ միայն տները, գյուղերն ու ագարակները թողին, այլև ամբողջ աշխարհը իր բոլոր վայելչություններով. և ոչ միայն հորն ու մորը և ազգը, այլև իրենց անձերը տվին տանջանքի ու մահի. իրենց կյանքը փոխանակեցին երկնային կյանքով, և իրենց արյունը հեղեցին Փրկչի արյան փոխարեն, և իրենց խաչերը շալակած ընթացան Կենարարի կոչի ետևից: Եւ այսպիսիները քիչ չէին ոչ մասնավոր մի կողմում երկրի, այլ բազում անգամ բազում տեղեր բազմություններ անբավ, որոնք Աստծու սիրով վառված միացան Աստծուն: Բայց հիմա շատերի մասին չէ այս պատմությունը, այլ երիցս երանյալ մեծ ու հռչակավոր վկա սուրբ Անդրե զորավարի և նրա աստվածանման զորքի` ընտրյալ մարտիրոսների, որ Դեոկղետիանոս և Մաքսիմիանոս անօրեն ու ամբարիշտ թագավորների ժամանակ էին: Երկրի վրա արթնացավ սատանայական խորհուրդը չարարվեստ թագավորների անաստված հրամանների միջոցով, ջանում էին հանգցնել աստվածային պատվիրանների ճառագայթները և բոլորին հորդորում պաշտելու սնոտի ու խավարային կուռքերի պաշտամունքին:Նույն ժամանակ էր սուրբ երանյալ Անդրեաս նահատակը, կենդանի Աստծուն հավատացել և աստվածային հույսով էր վառվել, իր անձը պահում էր քրիստոնեական հավատով և ուրիշ ոմանց քաջալերելով հորդորում էր արդարության ճանապարհի և հաստատում ճշմարիտ հավատի մեջ` խոստովանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Բայց չէր համարձակվում հայտնապես պատվել քրիստոնեության հավատը, որովհետև ամբողջ աշխարհը և թագավորները և իշխանները աշխարհների` մոլությամբ պաշտում էին կուռքերին: Եւ այս երանելին զորավար էր Անտիոքի բռնակալի մոտ, Ասորիների կողմերը, քաջ և առաքինի, հաղթող պատերազմի մեջ, արիաբար քաջամարտիկ լինելով անօրեն բարբարոսների դեմ, հարձակվող թշնամիներին վանում էր պատերազմում Քրիստոսի մարտակցությամբ, և ծաղկում էր քրիստոնյա հավատի բարեպաշտությամբ, մեծ զորությամբ ախոյան էր թշնամիների զորքերի դեմ և խրատելով ուսուցանում էր յուրայիններին ի սեր Աստծու պատվիրանների: Խորտակելով հեթանոսների մանր զորությունները` Ավետարանի խոսքն էր քարոզում նրանց լսելիքներին, ովքեր հետևում էին նրան պատերազմում. նահատակվում էր արիաբար ընդդեմ հակառակորդների բռնության և վարդապետ լինում Աստծուն ճանաչողներին` հաստատուն մնալ երկնային փառքի հույսին. զորությամբ պատերազմում էր սաստկացած հակառակորդների դեմ և մեծ հաղթությամբ վանում էր նրանց` Քրիստոսի զորությամբ: Եւ սիրելի էր Անտիոք Մեծի և բոլոր նախարարների ու մեծամեծների աչքին և մեծարվում էր բոլորից` նրանց մոլար օրենքի կարգի համաձայն: Այն ժամանակ թշնամական բազում զորքերը հարձակվեցին գավառի վրա, եղավ պատերազմական հուզմունք` հռոմայեցոց թագավորության դեմ: Եւ մեծ երկյուղ ընկավ աշխարհի այն կողմերում, և մեծ տագնապի մեջ էին: Եւ Անտիոքոսն ասում է իր զորավար Անդրեասին. «Քո արիության ու քաջության համբավը ամեն կողմում տարածված է, քանի որ բոլոր պատերազմների [հաղթական] ավարտը քեզնից իմացան բոլոր մարդիկ, որի համար և այդպիսի պատվի արժանացար և հիմա առավել կցուցադրես այս պատերազմում քո հաղթական քաջությունը, որ ավելի պատվի, գովեստի ու մեծարման արժանանաս: Իսկ արի և առաքինի նահատակ զորավար Անդրեասը Աստծուն հուսալով` որ խորտակում է պատերազմները, ինքնիրեն Աստծուն հանձնեց և բռնավորի հրամանին, իր համար ընտրեց 599 այրերի և ընդառաջ գնաց թշնամուն` հանդիպելու մեծ պատերազմում: Տեսնելով թշնամիների բազմությունն ու իր զորքի տկարությունը` քանի որ քիչ էին իրենք, երկնչեցին հակառակորդների բազմությունից, [Անդրեասը] իր մեջ արիացավ և սկսեց քաջալերել իր զորքին և աստվածապաշտության հավատն էր սովորեցնում քարոզելով նրանց և դրանով խոստանում էր, որ Աստված թշնամու դեմ հաղթանակ կշնորհե, ասելով. «Եղբայրնե՛ր, այժմ Աստծուն ճանաչելու, կուռքերի մոլորությունից դառնալու և երկնքի ու երկրի Աստծուն հավատալու ժամանակն է` վերին օգնականությունից հայցելով մեր փրկությունը: Քանզի Նա է Աստված արարիչն ամենայնի և անհաղթելի Թագավոր և օգնական է լինում բոլորին, որ դիմում են իրեն և կփրկե ամեն նեղությունից: Այսուհետև հավատացեք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն և այդպես մտնենք պատերազմի մեջ: Եւ իմ Աստծու մարդասիրությանը վստահելով գիտեմ, որ իբրև իրեն հավատացող ժողովրդի կգթա` զորավիգ լինելով մեզ, թշնամիներին կմատնի մեր ձեռքը` մեր առջևից հալածական, որպեսզի ըստ մարգարեի խոսքի` ճմռենք փողոցի կավի նման» (Սաղ. ԺԷ. 43): Այս լսեց զորքը, իսկույն նրանց մեջ ծագեց աստվածգիտության լույսը և լուսավորեց նրանց մտքերը, և միաբերան աղաղակեցին ու ասացին. «Մենք ևս հավատում ենք ամենակալ Հորը, Միածին Որդուն և Սուրբ Հոգուն` մեկ Աստված, որ փառքով, զորությամբ և իշխանությամբ օրհնյալ գովվում ու փառաբանվում է երկնայիններից ու երկրայիններից և օգնում է իր հավատացյալներին, ինչպեսև մեզ քարոզվեց, և նրա զորությամբ կհաղթենք թշնամիներին»: Եւ ապա Աստծու հույսին հանձնվելով քաջալերեցին միմյանց, հարձակվեցին թշնամու վրա: Եւ պատերազմը բորբոքվեց, և Տերը մեծ հաղթություն տվեց այն օրը սորբ Անդրեասին ու իր հավատացյալ զինվորներին: Եւ վանելով փախուստի մատնեցին թշնամական բոլոր զորքերը, որ մարտնչում էին սուրբ բանակի դեմ. նրանցից շատերին սպանեցին, իսկ մնացածներին ցրիվ տալով` ամենքին մի կողմ վտարեցին: Եւ Տերը նրանցով մեծ հաղթություն արեց ի փառս իր անվան: Հաղթանակից հետո սուրբ Անդրեասն ասում է իր հավատացյալ զորքին. «Տեսեք Աստծու մեծությունը` ինչպես փրկեց այսօր և ազատեց մեզ մեր նեղիչների ձեռքից և մեր հալածիչներին հալածական արեց մեր առջև: Այսուհետև հաստատուն մնացեք հավատի մեջ, որպեսզի արժանանաք հավիտենական երանության, որ պահվում է իր հավատացյալներին»: Իսկ բանսարկուն, լույսի հրեշտակի կերպարանք առած, կանգնեց սուրբ Անդրեասի առաջ, համոզկեր բաներ խոսելով` իբր երկնքից եկած: Իսկ նա Քրիստոսի շնորհով իմանալով` ասում է. «Ո՛վ ատեցող բարու և թշնամի ամեն ճշմարտության, չե՞ս դադարում խորամանկել, որի համար երկնային դասերից ընկար կորստյան վիհը»: Այնժամ կշտամբելով ասում է բանսարկուն. «Մինչև վերջ չեմ հրաժարվի փորձելու քեզ»: Իսկ սուրբ Անդրեասն ասում է. «Ետ կդառնաս Քրիստոսի զորությամբ»: Եւ մեծ պատերազմի հաղթությունից, թշնամու զորքը վտարելուց հետո վերադարձան Անտիոք` խրոխտացած իշխանի մոտ և Քրիստոսի հաղթության գովքն արեցին: Անտիոքոս Մեծը, որոշ չար մարդկանցից լսելով, որ հաղթության փառքը իրեն չեն վերագրում, այլ Քրիստոսին, նաև բանսարկուի խարդախությունից չարացավ, բայց իր չար գաղտնիքը իր սրտում էր պահում: Նրան սպասավորելու համար 200 զինվոր է ուղարկում ընդառաջ, նաև գիտենալու իր լսածը, թե [Անդրեասը] Քրիստոսին է փառաբանում իր զորքով և արհամարհում է իրենց աստվածներին ու նրանց պաշտամունքը: Ու երբ հասան նրա մոտ` նա խոսեց ամենասուրբ Երրորդության հավատի մասին, ե՛ւ առաքինի վարքի, ե՛ւ մեռելների հարության, ե՛ւ արդարների ու մեղավորների հատուցման, մեծ ահ զգացին նրանք, և հավատացին Աստծուն, որովհետև ի վերուստ նրանց իջավ աստվածգիտության շնորհը: Եւ օրհնում, գովում ու փառաբանում էին Աստծուն` զորավար Անդրեի սուրբ բանակով հանդերձ: Եւ երբ սուրբը քաղաք եկավ իր սուրբ զորականներով` պատմեց իշխանին պատերազմում հաղթելը և թշնամիների կործանումը, իշխանը գոհություն էր մատուցում իր կուռքերին: Իսկ սուրբ Անդրեասն ընդդիմացավ և փառք էր տալիս սուրբ Երրորդությանը և ասում էր` «Քրիստոսով է հաղթությունը»: Իսկ նա հակադրվում էր` դարձնելու նրան ճշմարիտ խոստովանությունից և ասում Անդրեասին. «Չգիտե՞ս թե ինչքան բազմություն, ի՞նչպիսի տանջանքով ոչնչացրի` ովքեր Քրիստոսին հավատացին, և ոչ մեկին չողորմեցի: Այժմ դու ինչո՞ւ ես այդպես համառորեն պնդում Խաչեցյալի վրա, Աստված խոստովանելով Նրան և հաղթությունը Նրանն ես համարում, որ չի փրկում իր հավատացյալներին մեր ձեռքից:
Իսկ սուրբ Անդրեասն ասում է. «Բոլոր սրբերը, որ Քրիստոսի անվան համար չարչարվեցին ու մեռան, վերստին կնորոգվեն և կպսակվեն Քրիստոսի հայտնության ու գալստյան օրը: Այս հույսով ես սպասում եմ, միգուցե արժանի լինեմ արժանավորների հետ` այցելության օրը»: Բռնավորը լցվեց բարկությամբ ու զայրույթով, բայց ակնածելով նրանից` հրամայեց գնալ, որպեսզի խորհի թե ինչ անի նրան: Եւ սրանք այսպես եղան, չարի խորհրդածությամբ կամեցավ նրան բոլորի հետ, ովքեր միաբանեցին նրա հետ` հալածել հեռավոր աշխարհ: Եւ հրամայեց երկու հազար զինվորների` սուրբ բանակը հանել քաղաքից, քանի որ իմացավ բոլորի անփոփոխելի միտքը: Նաև ակնկալում էր, թե յուրաքանչյուրը կզղջա և կվերադառնա իր ազգին ու երկիրը: Իսկ նրանք երկնքի արքայության համար հանձն առան չարչարանք, քան ժամանակավորապես մեղքի մեջ վայելելը ապականացու կյանքում: Եւ սուրբ Անդրեասը բարձրացրեց իր ձայնը, ասաց սուրբ բանակին. «Հիշեցե՛ք Ավետարանի խոսքը, որ ասաց Քրիստոս Փրկիչն աշխարհների. «Երանի,- ասում է,- [նրանց], որ հալածվում են արդարության համար, քանի որ իրենցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե. 10): Արդ` ձեզնից ոչ ոք չթյուրանա խորհրդով և վրիպի այն երանությունից, որովհետև կյանքը սասանելի ու քակտելի չէ և երբեք չի քայքայվի, այլ կա և մնում է հավիտյան»: Լսեց այս բաները սուրբ բանակը, խրախուսվեց Աստծով, սրտի ուրախությամբ գոհանալով Աստծուց` օրհնում, գովում ու փառավորում էին ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Իսկ երկու հազար [զինվորները] այդ լսելով` զղջացին իրենց հոգում, Սուրբ Հոգու շնորհներն ազդեցին նրանց, և արտասվելով աղաչում էին ամենակալ Աստծուն` սուրբ բանակի հետ հավատով որդեգրվելու շնորհ ստանալ: Եւ բոլորը միաբան օրհնություն էին վերառաքում ամենասուրբ Երրորդությանը: Սա հասավ չարամիտ ու ամբարիշտ Անտիոքոս իշխանին, խռովքով զարհուրեց և չգիտեր թե ինչ ելք գտնի: Իր մոտ կանչեց սինկղիտոսին ու բոլոր խորհրդականներին, նրանց հետ մտածեց նամակ գրել Սելևկիոսին` այսպես. «Անտիոքոս մեծ և հռչակելի և հաղթող, իշխեցող և հրամանատար Ասորեստանի կողմերի ամբողջ նահանգի, մեր սիրելի եղբայր Սելևկիոս Մեծ կուսակալին` ողջույն: Որպեսզի քո զորությունն անտեղյակ չլինի մեր Անդրեաս զորավարի մասին` մեզնից մեծ հարգանքով պատվված, ապստամբելով արհամարհեց մեր պատիվն ու աստվածներին, հեռացավ դեպի խաչած Քրիստոս: Որի համար հալածվեց մեր կողմից, շատերին իր կողմը գրավեց, բոլորով խոստովանելու Քրիստոսին Աստված և հավիտենից Թագավոր, հակառակ ինքնակալ թագավոր կարծվողների: Արդ` այստեղ կերևա մեր եղբոր քաջությունը, ուր հանդիպես` սուր ու սուսերով մաշես նրանց: Ո՛ղջ եղիր, քաջդ Սելևկիոս»: Երբ թուղթը տարան և կարդացին նրա առջև` իսկույն իբրև չար գազան զայրացավ [Սելևկիոսը`] դառնության թույնով լի, մտածում էր, թե ինչ կերպ կամ ինչ հնարքով կարող է որսալ նրանց: Պատրաստվում է ինքը և իր բոլոր զորքերին հրամայում է պատրաստ լինել: Իսկ երանելի Անդրեաս զորավարը հանուն Քրիստոսի հալածական եղավ սուրբ բանակի հետ, Ասորվոց Անտիոք մայրաքաղաքից եկավ Աղեքսանդրիա, ճանապարհ բռնեց Օվկիանոսի ծովեզերքով դեպի Կիլիկիո գավառը: Հասան Կիլիկիայի Տարսոն [քաղաքը], հանդիպեցին Տարսոնի [Պետրոս] եպիսկոպոսին, նաև Բերիա քաղաքի Նունոս եպիսկոպոսին, մկրտվեցին նրանց ձեռքով զորավար Անդրեասն ու ամբողջ զորքը` ի Հայր, Որդի և Սուրբ Հոգի, և լուսավորվեցին աստվածգիտության լույսով: Եւ նույն պահին նրանց վրա ի վերուստ լույսի տեսիլ երևաց ջրում մկրտվելիս, նաև նահատակության պսակը, որով հանդիպելու էին առաջիկա երանություններին: Եւ սուրբ եպիսկոպոսները ողջունելով օրհնեցին նրանց, և [նրանք] ճանապարհ ընկան դեպի Տարսոն: Այնուհետև Սելևկիոսն իմացավ, այլագունեց նրա դեմքը, առյուծի պես` մռնչացող ու հափշտակող, հետապնդելով հալածում էր սուրբ բանակը, և ուր հասնեին` գազանաբար հարձակվելով` ուզում էին անխնա կոտորել բոլորին: Բայց նրանք ի վերուստ օգնություն ստանալով հաղթահարում էին նրանց, այնքան որ չէին կարողանում ընդդիմանալ երանելի նահատակներին, որովհետև Սուրբ Հոգին առաջնորդում էր նրանց մինչև Աստծուց սահմանված տեղը, ուր նահատակվելու էին: Հասան մինչև Տարմեղինե, Եքսոնի կողմը, և բանակեցին այն վայրում, որ կոչվում է Քափսորիոս և Քարափաթոն. դժվարին տեղ էր լեռնամիջի հովտում, և մեջտեղով փոքր գետ էր անցնում:
Սելևկիոսը հետապնդեց նրանց, հասավ Քափսորի նեղուցին և պաշարեց նրանց: Իսկ սուրբ բանակը իրենց ամբողջ երիվարներով ու զենքով մարտնչեցին նրանց դեմ, և [Սելևկիոսի բանակը] չէր կարողանում հաղթահարել ու բռնել նրանց: Որովհետև Սուրբ Հոգին առաջնորդեց այնտեղ, ուր նահատակվելու էին, ուր և բանակեցին որպես Աստծու բանակ: Եւ սուրբ զորավարն սկսեց քաջալերել իր զորքին, ասել այսպես. «Եղբայրնե՛ր, իմ սիրելի և քաջ նիզակակիցներ, ահա ժամը արիաբար քաջանալու և հաճո լինելու երկնավոր Թագավորին. ահա ժամը մարտի և հաղթության, որ անթառամ պսակի արժանանանք: Այսուհետ հաստատուն մնացեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատին, պինդ բռնեցեք շնորհը, որ ձեզ տրվեց, հիշեցեք երանավետ պարգևները` ձեզ խոստացած Տեր Հիսուս Քրիստոսից: Ձեզնից ոչ մեկը մտքով չշեղվի ընկալյալ շնորհներից, ոչ մեկը հավիտենական կյանքից չզրկվի` ցանկանալով երկրային կյանք: Հասել ենք գավթի դուռը, ոչ մեկը ետ չդառնա և վրիպի հարսանյաց առագաստից: Բարվոք պատերազմը պատերազմեցինք, ընթացքն ավարտեցինք և ահա պատրաստ ենք հատուցման վարձքին, և շուտով Թագավորը երկնային փառքով պսակելու է մեզ: Ցանկալի է մեռնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար, որ նրա հետ կենդանանանք և փառավորվենք անճառ ու անապական բարիքով: Ցանկալի է այս սնոտի և ապականացու կյանքը փոխանակել անմահական կյանքով, ցանկալի է ուրանալ աշխարհական մեծությունները, որ հանդերձյալում շահենք բազմապատիկ արդյունք, մեկին` 30, մեկին` 60, մեկին` 100 ու առավել ևս, որ հաշվից վեր է: Որ փոխանակ երկրավոր թագավորից հալածվելու` մերձավոր լինենք երկնային Թագավորին և նրա հետ թագավորենք: Եւ փոխանակ երկրային սիրելի եղբայրների ու ազգականների, որոնց թողնում ենք երկրում, խառնվելով միանանք երկնքի զվարթուններին և նրանց հետ զվարճանալով պարենք անճառելի ուրախության մեջ: Փոխանակ հայրական ժառանգությունների, որոնցից անջատվելով հեռացանք` ժառանգենք երկնի արքայություն և վայելենք անպատում բարություններից` ի Քրիստոս Հիսուս մեր Տեր»: Այս և սրանից ավելին խոսեց սուրբ Անդրեասը իր զորքին, և նրանք քաջալերված Քրիստոսի շնորհներով` զորացան և դիմեցին առհասարակ սրա դեմ` հոժարակամ մեռնելու մեծ հույսի համար, որ ակնկալում էին: Իսկ Սելևկիոսը զայրացկոտ մեծ ցասումով, բարկությամբ ու զայրույթով լի, հրամայեց կոտորել բոլորին: Սուրբ զորավար Անդրեասն այսպես էր ասում իր սուրբ բանակով հանդերձ. «Տեր Աստված ամենակալ, որ մեզ որդեգրության շնորհ արեցիր և զորացրիր քո ողորմության կամքով, մեզ արժանացրու սրբերի դասերին, որովհետև քեզ համար ենք մեռնում, իբրև ոչխար սպանդի տարված: Մեզ մի՛ թող քո բարեգթությունից` քեզ հուսացողներիս ու ապավինածներիս: Տե՛ր, տո՛ւր ողորմության շնորհները մեր հանգստյան վայրում և բուժիր ցավերն ախտաժետների. Յուրաքանչյուրի հոգուն և մարմնին` հայցածի համաձայն, և հալածիր պիղծ դևերին, և բոլոր վտանգներից փրկիր քեզ հավատացածներիս, որպեսզի փառավորվի քո սուրբ անունը»: Այս ասելով` բոլորը սպանվեցին սուր ու սուսերով, բարի խոստովանությամբ ի փառս ամենասուրբ Երրորդության: Ի վերուստ լսվեց ձայն, որ ասում էր. «Եկեք բոլորի Արարչից մխիթարություն ստացեք, և ձեր արյան հեղման վայրում կբխի բժշկության աղբյուր, և բոլոր վտանգածներին` առողջություն ամեն ախտից, և հալածումն պիղծ դևերի»: Այսպես զոհվեցին սուրբ նահատակները Քրիստոսի, օգոստոս ամսի 19-ին: Եւ սուրբ բանակի թիվն էր երկու հազար ութ հարյուր: Իսկ անօրեն թագավորները որոնեցին երանելի եպիսկոպոսներ Պետրոսին ու Նունոսին, որոնք մկրտեցին սուրբ բանակը, և նրանք փախան Աստծու երկյուղած իրենց պաշտոնյաների հետ, եկան մինչև սրբերի կատարման վայրը և տեսան բժշկության աղբյուրը և սուրբ բանակի նշխարները, աննկատելի ամփոփեցին հանգստյան վայրում, փառավորելով ամենասուրբ Երրորդությունը: Եւ ամեն մեկն իր տեղը դարձավ, և հալածանքը դադարեց: Եւ նրանց վկայության հիշատակը տոնում են ամեն տարի ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009