Մայիսի 7-ին եղբայրական այցով Վատիկան մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 8-ին Առաքելական պալատում հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
Մինչ երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ հովվապետերի հանդիպումը Առաքելական պալատի գրադարանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առանձնազրույց ունեցան:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմեց Ֆրանցիսկոս Պապին: Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Իր ողորմած կամքով և Ձերդ Սրբության սիրալիր հյուրընկալությամբ վերստին առիթն ունենք քրիստոնեական սիրո ողջագուրումով նորոգելու աստվածախնամ սերը մեր Եկեղեցիների ու մեր եղբայրության և ժամանակների հրամայականների առջև`զորացնելու գործակցությունը մեր Եկեղեցիների: Այսօր սրտի խնդությամբ ողջունում ենք Ձեզ սաղմոսերգուի խոսքով՝ «Զի բարի, զի վայելուչ է, զի եղբայրք բնակեն միասին» (Սաղմ. 132.1):
Տակավին թարմ են Մեր հուշերը կապված Ձերդ Սրբության գահակալության արարողության հետ, որին Մենք ներկա գտնվեցինք Հայաստանի Հանրապետության Նախագահի, մեր քույր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ միասին և առիթ ունեցանք աղոթել Ձերդ Սրբության արևշատության և արդյունալի գահակալության համար: Բովանդակալից ժամանակ է անցել հիշարժան այդ օրից: Ուրախությամբ ենք հետևել բազմերես գործունեությանը Ձերդ Սրբության, ով աստվածպարգև առույգությամբ, որպես քաջ հովվապետ, անձանձրույթ նվիրումով է իր առաքելությունն իրականացնում և գործունեություն ծավալում ի շահ Կաթոլիկ Եկեղեցու պայծառության, բարօրության ու բարեկարգության, այլև մեծ նպաստ բերում ողջ աշխարհում քրիստոնեական հավատքի, հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատմանը: Ձերդ Սրբության առանձնահատուկ ուշադրությունը երիտասարդության հանդեպ, Ձեր հոգատարությունը աղքատների ու նեղյալների նկատմամբ մեծ արձագանք է գտնում մարդկանց հոգիներում և զորացնում սերը Ձեր անձի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հանդեպ: Առաքելահաստատ և հինավուրց մեր Եկեղեցին ևս, թոթափած խորհրդային աստվածամերժ տարիները, նոր եռանդով լծված է տերունապատվեր առաքելության իրականացմանը Հայաստանում` բիբլիական Արարատի երկրում, ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի ճանաչման համար պայքարող Արցախում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում սփռված մեր ժողովրդի կյանքում: Հայ Եկեղեցին մեծ կարևորություն և ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին, մատաղ սերնդի հոգևոր-բարոյական դաստիարակությանը, աղքատներին օժանդակությանը, մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավմանը` մեր հայրերի սուրբ ժառանգության և Ավետարանի սուրբ պատգամների համաձայն:
Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ Եկեղեցու առջև ծառացած շատ մարտահրավերներ հաղթահարելիս, Մենք կարողացել ենք համագործակցության լավ օրինակներ արձանագրել Կաթոլիկ Եկեղեցու հետ: Արդարև, Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններն ունեն իրենց պատմական արմատները: Մեր երկկողմ հարաբերությունները առավել արդյունավորվել են Հայ Եկեղեցու լուսավոր հայրապետներ Գրիգոր 3-րդ Պահլավունու և Ներսես Շնորհալու, ինչպես նաև Հռոմի Ինոկենտիոս 2-րդ և Անաստասիոս 4-րդ պապերի ժամանակներից և այսօր էլ, գոհություն Աստծո, համակողմանի նոր զարգացում են ապրում: Մեր հարաբերություններն արգասավորվում են Եկեղեցիների պետերի փոխայցերով, թեմական և ծխական մակարդակներում միջեկեղեցական գործակցությամբ , համատեղ կրթական ու բարեսիրական ծրագրերի իրականացմամբ: Հայ երիտասարդ հոգևորականներ, ովքեր իրենց կրթությունը շարունակել են Կաթոլիկ Եկեղեցու կրթական հաստատություններում, այսօր իրենց անձնվեր ծառայությունն են բերում Հայ Եկեղեցում: Մենք կարևորում ենք աստվածաբանական երկխոսությունը Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Կաթոլիկ Եկեղեցու միջև, որի նպատակը մեր ընդհանրությունների վերհանումն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեր հանդիպումն այսօր խորհրդանշական է, քանզի մայիսի 8-ին և մայիսի 9-ին շատ ազգեր ու պետություններ տոնախմբում են համաշխարհային չարիքի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների ավերներն ու բռնությունները տեսած մարդկությունը դեռ չի կարողացել ձերբազատվել պատերազմների, հումանիտար ու բնապահպանական աղետների, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի արհավիրքներից: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում բռնկված են հակամարտություններ, որոնք վիշտ ու տառապանքներ են բերում մարդկանց, սփռում ավեր, կորուստ, հավելում կարիք և աղքատություն: Մեր հանապազ աղոթքներում են հակամարտության մեջ հայտնված երկրների ժողովուրդները, ի մասնավորի` Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Սիրիայի, որ քրիստոնեության օրրաներից է և դարեր ի վեր եղել է բնակավայր իսլամ և քրիստոնյա ժողովուրդների խաղաղ գոյակցության: Սիրիայում տեղ գտնող արհավիրքներին վերջերս հավելվեց նաև Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների կողմից ավիրումն ու հայաթափումը գերազանցապես հայորդիներով բնակեցված Քեսաբի: Մենք խստորեն դատապարտում ենք աշխարհի խաղաղությունը խաթարող հակամարտությունները, ահաբեկչությունները, որոնք ամբողջականորեն հակառակ են Աստծո կամքին, ինչպես առաքյալն է ասում` «Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ` խաղաղութեան» (Ա. Կորնթ. 14. 33):
Սիրիայում, Դեր Զորի անապատներում հանգչում են հազարավոր հայորդիներ, որոնք զոհ գնացին 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության: Սիրիան ապաստան տվեց արհավիրքներից մազապուրծ հայ ժողովրդի զավակներին: Ճշմարիտ է ասված, թե ով դասեր չի առնում պատմությունից՝ ստիպված է այն վերապրել: Ցավոք, ժամանակին չդատապարտելով Հայոց Ցեղասպանությունը, աշխարհն ականատես եղավ մեկ այլ ոճրագործության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործվեց հրեա ժողովրդի նկատմամբ: Տակավին թարմ են հիշողությունները նաև Ռուանդայում և Դարֆուրում տեղի ունեցած Ցեղասպանությունների:
Մենք քաջատեղյակ ենք, որ Ձերդ Սրբությունն ինչպես Արգենտինայում իր պաշտոնավարության տարիներին, այնպես էլ որպես Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ՝ իր հստակ դիրքորոշումն է ներկայացրել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Հաջորդ տարի հայ ժողովուրդն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի հիշատակելու է Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ի Քրիստոս սիրեցյալ եղբայր, hրավիրում ենք Ձերդ Սրբությանը 2015 թվականին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հավատավոր Մեր ժողովրդի համար հոգևոր մխիթարություն պիտի լինի Ձերդ Սրբության և Մեր զավակաց միասնական աղոթակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարից աղոթք վերառաքել առ Բարձրյալն Աստված` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի, աշխարհի խաղաղության և մարդկության բարօրության համար:
Անհուն մխիթարության զգացումով տեղեկացնում ենք նաև, որ մեր Սուրբ Եկեղեցին ձեռնարկել է Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման գործընթացը, և Աստծո ողորմած կամքով 2015 թվականին պիտի կատարվի սրբադասումը:
Աղոթում ենք առ Աստված, որ արևշատ գահակալության երկար օրեր պարգևի Ձերդ Սրբությանը` ի պայծառություն Կաթոլիկ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր Ձեր հոտի»: Աղոթքով ամփոփելով իր խոսքը` Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տերն Իր բյուր շնորհներով զորացյալ պահի Իր Սուրբ Եկեղեցին, ամուր` եղբայրությունը երկու Եկեղեցիների և անամպ ու անխռով երկինք պարգևի ամբողջ աշխարհին և համայն մարդկությանը:
Ապա իր հերթին Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությանը: Ֆրանցիսկոս պապը անդրադարձավ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա փոխհարաբերություններին` գոհունակությամբ նշելով, որ վերջին տասնամյակներին դրանք ավելի են սերտացել և ջերմացել: Հռոմի Սրբազան Քահանայապետը նաև շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` երկու Եկեղեցիների միջև երկխոսության զարգացմանը բերած կարևոր զորակցության համար: Մասնավորապես խոսելով մեր օրերին նահատակության մասին Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց. «Իրականում ողբերգական դիպվածներով Քրիստոսի համար իրենց արյունը հեղած նահատակների թիվը անցյալ դարում շատ ավելի է, քան առաջին դարերում: Եվ այս մարտիրոսության մեջ հայ ժողովրդի զավակներն ունեն իրենց պատվավոր տեղը:
…Նահատակների վկայությունը` ողբերգական և բարձր, չպետք է մոռացության տրվի: Ինչպես առաջին դարերում մարտիրոսների արյունը դարձավ սերմը Եկեղեցու, այնպես էլ մեր օրերում շատ քրիստոնյաների արյունը` Եկեղեցու միասնության սերմն է հանդիսանում: Տառապանքի էկումենիզմը, նահատակության էկումենիզմը, արյան էկումենիզմը հզոր կանչ է քայլել Եկեղեցիների միջև համերաշխության երկար ճանապարհով»:
Նվերների պաշտոնական փախանակումից հետո Ռեդեմփթորիս Մայր մատուռում Ֆրանցիսկոս Պապի և Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց համատեղ աղոթք` աշխարհի խաղաղության համար: