Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Որ ի հրեղէն աթոռ ընդ Հօր ես բնակեալ եւ ի հրեշտակաց սպասաւորեալ, այսօր կամով Հօր ի յերկրի երեւեցար մարմնով կուսական ծննդեամբ, զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք»
(Շարական Ս. Ծննդյան):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Շարականագրի աղոթամատույց այս օրհներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության սքանչելի ավետիսը:
Երկնային բարձունքներում Ամենակալ Հորն աթոռակից և հրեշտակներից սպասավորյալ Աստծո Որդին մարմնացավ և աշխարհ եկավ, որպեսզի ընդունենք փրկության հույսն ու շնորհը և միշտ նորոգվող կյանքը, որ Փրկիչ մեր Տերն է պարգևում: Բեթղեհեմում ծնված Մանուկը նոր սիրտ ու հոգի է բերում աշխարհին` ճանաչելու Աստծո սերը մարդկանց հանդեպ և այն դարձնելու արդարություն, խաղաղություն ու սեր միմյանց հանդեպ: Բերում է զորությունը` փարատելու անհուսության խավարները և երկրի վրա հաստատելու սիրով լի այն կյանքը, որն ունի հավիտենական կյանքի ավետիսը:
Սուրբ Ծննդյան ավետարանական պատումը մարդկության կյանքում Աստծո ներկայության մեծ խորհուրդն է պատկերում: Բեղթեհեմի քարայրը նախատիպն է Սուրբ Եկեղեցու, հասարակ հովիվները և իմաստուն մոգերը աստվածպաշտության համար մեկտեղված հավատացյալներն են, իսկ մատուցված ընծաները` առ Աստված հավատքով ապրված բարի ու երկնահաճո կյանքն ու գործերը: Բեթղեհեմյան երկնակամարում Տիրոջ փառքի ծագումը, և լուսափայլ հրեշտակների հնչեցրած պատգամը երկնային հրավերն է աշխարհին` խաղաղության ու մարդկանց մեջ սիրո և հաճության, որոնց այսօր էլ փափագում է նեղություններով ու մարտահրավերներով բեռնավորված աստվածաստեղծ օրրանը մարդկության:
Նյութատեխնիկական մեծ ձեռքբերումներ արձանագրած, գիտական բարձունքներ նվաճած ներկա աշխարհում չեն դադարում կյանքի խաղաղությունն ու բարօրությունը խաթարող տագնապներն ու ցնցումները: Քաղաքական հակամարտությունները, ռազմական բախումները, խորացող ֆինանսական, տնտեսական ճգնաժամերը բերում են ավեր, վիշտ ու տառապանք, կարիքի և անապահովության նոր խնդիրներ: Մարդկային ըմբռնումներում խեղաթյուրվում են աստվածադիր հիմնարար սկզբունքները` մարդը չի ընկալվում որպես Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված, կյանքը` որպես երկնաշնորհ գերագույն պարգև և մերձավորի հանդեպ սերը` որպես աստվածնմանություն: Այս իրավիճակները և մտածողության այսպիսի աղավաղումները հեռացնում են մարդուն հոգևորից, առաջնորդելով աստվածամերժ ընթացքների` մարդու և ազգերի իրավունքների ոտնահարման, ընտանիքի գաղափարի, բարոյական արժեքների աղճատման:
Հակառակ Աստվածային կամքին մարդու հակոտնյա ընթացքների` մարդեղության մեծ խորհրդով Տերը ցույց տվեց, որ Իր անսահման սիրո ու խնամքի մեջ է աստվածաստեղծ մարդը, և երկրային գոյությունը բաժանված չէ հավիտենությունից, իսկ մարդկության պատմությունը` Աստծո ներկայությունից: «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20),-ասում է Փրկիչ մեր Տերը: Մարդկային կյանքում Փրկչի մշտական ներկայությունը նոր իմաստ է պարգևում, բարձր ու վեհ բովանդակություն հաղորդում մարդու և աշխարհի ընկալմանը` բերելով մարդկանց Աստծո ժողովուրդ լինելու գիտակցությունն ու պատասխանատվությունը և հրավերը` մնալու և հարատևելու «սիրեցեք միմյանց» Տիրոջ նոր պատվիրանի մեջ (Յովհ. ԺԳ 34): Մերձավորի հանդեպ սերը վեհացնում և արժևորում է մարդուն և նրա գործերը, պահում աստվածնմանության շնորհի մեջ և հանրության կյանքը հաստատում բարու մեջ: Միմյանց հանդեպ սիրով առաջնորդվող հասարակությունը կարող է բխեցնել կյանքը ոռոգող հոգևոր ներուժի անսպառ աղբյուրներ, լինել ճշմարտապես արդարամիտ և իրավադատ, կարեկից ու ողորմած: Տերունապատվեր այս ուղիով մարդկությունը կարող է ձերբազատվել աղետաբեր իրավիճակներից և հոգսերից, դիմակայել նեղություններին, արդարությամբ հարթել հակառակությունները և համերաշխ գոյակցությամբ կերտել նոր օրը մարդկության կյանքի:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան օրհներգին ու փառաբանությանն այսօր միախառնվում են մեր սրտաբուխ աղոթքները հանուն Հայոց Ցեղասպանության մեր անմեղ նահատակների, ովքեր չուրացան Փրկչին, իրենց ինքնությունն ու սուրբ հավատքը: Եղեռնի դառնաղետ տարիների ամենադաժան փորձությանց մեջ անգամ չլռեց Փրկչին ուղղված մեր ժողովրդի հոգու օրհներգը: Մեր Տիրոջ հետ գտանք ոգին և ուժը վերածննդի, պետականություն կերտեցինք, ազգային մեր կյանքը բարձրացրեցինք, մեր իրավունքների համար պայքարեցինք հավատով, որ արդարության և ճշմարտության ուղիները պիտի կերտեն բռնությունից զերծ, մարդասեր ու խաղաղ աշխարհ:
Հայոց Ցեղասպանության ոճրից 100 տարի անց նույն հավատով ու վստահությամբ շարունակում ենք մեր պայքարը` հանուն մեր արդար դատի, մեր խաղաղ կյանքի` չդադարող շրջափակման և պատերազմի վերսկսման պայմաններում: Այսօր մեր կյանքում առկա բազմաթիվ հրամայականների ու խնդիրների առջև, սիրելիներ, առավել ջանք ու նվիրում ներդնենք, հանձն առնենք հայրենաշեն ու ազգաշեն ծրագրեր ու գործեր` ի սեր մեր ժողովրդի բարօրության, մեր երկրի հզորացման, մեր իղձերի իրականացման: Մեր կյանքը ապրենք հայրենյաց ավանդներով, հավատարիմ քրիստոնեական մեր արժեքներին, նյութապաշտությանը դիմակայելով աստվածպաշտությամբ, շահամոլության դեմ դնելով Տիրոջ կողմից գովաբանված ողորմությունը (Մատթ. Ե 7), ուժի և ստիպողականության փոխարեն` քրիստոսապատվեր սերը (Յովհ. ԺԳ 34-35), եսասիրության և շահագործման փոխարեն` բարի սամարացու նման կարիքավորին օգնելը (Ղուկ. Ժ 30-37), եղբայրատյացության փոխարեն` առաքյալի հորդորած եղբայրսիրությունը (Հռոմ. ԺԲ 10) և մեր մեծերի օրինակով` «ես»-ի փոխարեն` «ազգ»-ը: Բարգավաճենք և զորանանք ընտանիքներում նոր զավակների ծնունդով, ազգանվիրումի, հայրենասիրության նոր վկայություններով` մեր ազատ երկրից, Սփյուռքի եզերքներից, վերականգնված և նորակառույց մեր եկեղեցիներից, հանուր հայ կյանքից երկինք բարձրացնելով մեր հայրերի օրհներգը. «զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք»:
Սուրբ Ծննդյան խնդագին ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին` մաղթելով Տիրոջ զորակցությունն իրենց առաքելությանը` ի զորացում մեր ժողովրդի հոգևոր կյանքի և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:
Ողջույն ենք հղում մեր Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին` Փրկչի ամենառատ շնորհները հայցելով իրենց և իրենց հավատավոր հոտին:
Հայրապետական օրհնությամբ Մեր բարեմաղթանքներն ու ողջույնն ենք բերում Պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն` աղոթքով, որ Տիրոջ օրհնությամբ արգասավորվեն մեր երկրի և ժողովրդի խաղաղությանն ու բարօրությանը և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված նրանց ջանքերը:
Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին` մաղթելով արգասաբեր գործունեություն` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության և համագործակցության և տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման:
Սուրբ Ծննդյան ողջունաբեր ավետիսով Հայրապետական Մեր օրհությունն ենք բերում համայն մեր ժողովրդին` մաղթանքով, որ ջերմ սիրով սրտում պահպանի Տիրոջն ուղղված օրհներգը և մնա Բարձրյալի ամենախնամ Աջի հովանու ներքո, հավատարիմ` վերազարթոնքի իր տեսիլքներին և լավատես, որ երկնային արդարության լույսով պիտի բացվի իր հանդեպ արդարությունը վերականգնելու օրհնյալ օրը:
Աղոթք ենք բարձրացնում, որ Փրկիչ մեր Տիրոջ շնորհները սփռվեն մարդկանց սրտերում` խաղաղություն, համերաշխություն, ապահով առաջընթաց բերելով աշխարհին: Թող մարդեղացյալ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ամեն ժամ օրհնի և առաջնորդի մեր կյանքը, խաղաղ, հավատքով ամուր, սիրով ու միասնական պահպանի մեր ժողովրդին` այսօր և միշտ փառաբանելու Իր Սուրբ Անունը` Հոր և Սուրբ Հոգու հետ. ամեն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս: