Պսակը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ չկան ազգակ֊ցական, խնամական եւ կնքահայրական չհասական արգելքներ:
ա) Ազգակցական չհասութիւն. ազգ կամ ցեղ համարւում է մի որեւ է նախահօրից առաջացած արական եւ իգական արիւնակցական կա֊պով միացած որդիքը, որոնք կոչւում են ազգականներ, արիւնակիցներ:
Նախկին բոլոր հին ազգերի մէջ ազգակցութիւնը պսակման խնդրում միշտ որոշ չհասական աստիճաններ ունէր, ազգակից լինելը աւելի պատուաւոր էր, քան խնամի դառնալը: Մովսէսից սկսած հրէաները որոշ օրէնքներ ունէին ազգակցական պսակների մասին. յունահռոմէական շրջանում որոշուեց կանոնաւոր կերպով ազգակցական պսակների հե֊ռաւորութեան մերձաւորութեան չափը, դրուեցին գծեր եւ աստիճան֊ներ, որոնցով ամենադիւրին կերպով կարելի եղաւ չհասական աստիճաններ որոշել:
Աստիճան կամ պորտ անուանւում էր մէկի կապը մյուս անձի հետ ծննդեամբ. աստիճանների կապը անընդհատ շարունակուող` գիծ (լի֊նիա, օրդօ):
Գիծը սկսւում է այն անձից, որից ծնւում է որդին, սրանից էլ յաջոր֊դող անձը եւ շարունակաբար գնում է ցած դէպի թոռներ ծոռներ, այս գիծը կոչւում է ստորագիծ, դէպի ցած գնացող գիծ: Երբ հաշւում ենք ծոռնից սկսած դէպի վերեւ, հայրը, պապը, պապի պապը, այս գիծը կոչւում է վերագիծ, դէպի վերեւ գնացող գիծ: Երբ հաշւում ենք ո՛չ ուղիղ գծով, այլ դէպի կողքերը գնացող ուղղութեամբ, դէպի եղբայրներ, քոյրեր, հօրեղբայրներ, հօրաքոյրեր, այն դէպքում ստանում ենք կողագիծ, այսինքն կողքերը գնացող գիծ: Առաջինի օրինակ. պապս, որդին, թոռը, ծոռը, թոռան թոռը, ծոռան ծոռը: Երկրորդի, օրինակ, ծոռը, ծոռան հայրը, ծոռան պապը, ծոռան պապի հայրը: Երրորդի օրինակ. հօրեղբօրս որդիքը, հօրաքրոջս աղջիկները, մօրաքրոջս թոռները: Աստիճանները եւ մերձաւորութիւնը հաշւում են շատ դիւրին կերպով. ամէն մի ծնունդը համարւում է մի աստիճան կամ մի պորտ հօրից սկսած. օրինակ՝ որդին հօր վերաբերմամբ մի աստիճան է, թոռը պապի վերաբերմամբ երկրորդ աստիճան է, որովհետեւ երկրորդ ծնունդն է: Երկու եղբայր միմեանց նկատմամբ երկու աստիճան են, որովհետեւ երկու ծնունդ են, երկու պորտ են:
ա) Մարդ եւ կին չեն կազմում առանձին աստիճան, նրանք համարւում են մի մարմին, ուստի մարդ ու կին պիտի հաշուել միացած:
բ) Որդիքը՝ տղայ եւ աղջիկ, դէպի ծնողները մի աստիճան են:
գ) Որդիքը՝ տղայ եւ աղջիկ դէպի միմեանց երկու աստիճան են:
դ) Մի հօր եւ խորթ մօր, կամ մի մօր եւ խորթ հօր որդիքը բոլորը համարւում են մի մօր, մի հօր, հարազատի աստիճանով պիտի հաշուել:
ե) Կանայք եւ մարդիկ իբրեւ ծնունդներ հօր վերաբերմամբ միեւ֊
նոյն կանոնին են ենթարկւում: Օրինակ՝
1) Ա նախահայրն է, 2) Բ եւ Ե` որդիք, 3) Գ եւ Զ` թոռներ, 4) Դ եւ Է` ծոռներ: Ձախ կողմից՝ Բ կազմում է դէպի հայրը՝ Ա, մէկ աստիճան, Գ կազմում է դէպի Ա երկրորդ աստիճան,Դ կազմում է դէպի Ա երրորդ աստիճան: Աջ կողմից՝ Ե կազմում է դէպի Ա մէկ աստիճան, Զ կազմում է դէպի Ա երկրորդ աստիճան, Է կազմում է դէպի Ա երրորդ աստիճան: Ուրեմն երեք աստիճան ձախ կողմումն է, երեք աստիճան` աջ, որ կանի բոլորը 6 աստիճան: Որովհետեւ Բ եւ Ե երկու եղբայր են, կամ երկու քոյր, երկու ծնունդ են, դէպի միմեանց երկու աստիճան են, Գ եւ Զ թոռներ են, երկու ծնունդ իրանք են, երկու ծնունդ էլ իրանց հայրերը, կլինի 4 աստիճան, Դ եւ Է ծոռներ են, երկու իրանք են, 4 էլ նախորդները, բոլորը` 6 աստիճան:
Վերոյիշեալ ճիւղագրութիւնը ազգակցական է, որի մէջ նախահայրը Ա կազմում է վեց աստիճանով մեծ ընտանիք, որդիք, թոռներ, ծոռներ, տղայի թոռներ, աղջկայ թոռներով նա կազմում է հարազատ ազգ, արիւնակից մեծ ընտանիք, որ խառն չէ ուրիշ ընտանիքի հետ:
բ) Խնամական չհասութիւն. պսակի միջոցով յարաբերութեան մէջ են մտնում երկու օտար ընտանիք, որոնք միմեանց վերաբերմամբ կոչւում են խնամի. ստանում ենք երկու ցեղի բարեկամութիւն, երկցեղ խնամութիւն: Խնամութիւնը կազմում է. 1) ամուսինը եւ կնոջ բարեկամները, 2) երկու ամուսինների երկու կողմերը, 3) մեկ ամուսնու եւ միւսի առաջին ամուսնութեան ստորագիծ ծնունդները (խորթ որդիք), 4) փեսան դէպի հարսի բարեկամները այն աստիճանի մէջ է, ինչ աստիճանի մէջ որ գտնւում է հարսը դէպի իւր արիւնակիցները, 5) հարսը դէպի փեսայի արիւնակիցները գտնւում է այն աստիճանի մէջ, ինչ աստիճանում որ գտնւում է փեսան դէպի իւր ազգակիցները: Այս երկու դէպքերում էլ հարսն ու փեսան մի մարմին՝ մի աստիճան են կազմում, 6) հարսը եւ փեսան ջոկ-ջոկ աստիճաններ են կազմում, եթէ երկու կողմի բարեկամների աստիճանները հաշւում ենք: Աստիճանները հաշւում են միշտ ուղղահայեաց եւ թեք գծերով, մարդ ու կնոջ պսակը միացնւում է հորիզոնական (մ. կ.) գծով: Օրինակ՝Ա, Բ, Գ կազմում են մի ընտանիք, հայրը եւ երկու որդիք. Դ, Ե, Զ կազմում են մի ուրիշ ընտանիք` մի հայրով եւ երկու որդով: Երկու ընտանիքը ուզում են խնամի դառնալ. Գ առնում է Ե-ին. Գ տղայ է. Ե` աղջիկ. կստանանք այս. Գ եւ Ե մարդ ու կին են, միացած հորիզոնական գծով: Ի՞նչպէս հաշուենք աստիճանները: Բ եւ Գ եղբայր եւ քոյր են, ուրեմն երկու ծնունդ՝ երկու աստիճան են: Ե եւ Զ եղբայր եւ քոյր են, ուրեմն երկու ծնունդ՝ երկու աստիճան են: Երկու կողմը միասին կը լինեն 4 աստիճան: Իսկ եթէ այսպէս լինի`կունենանք երկու աստիճան, որովհետեւ եւ հարսը (Ե) փեսայի հետ մի է, փեսայի ազգականների հետ նոյն աստիճանում է, ինչ որ փեսան: Կամ թէ եթէ այսպէս լինի`
էլի կունենանք երկու աստիճան, որովհետեւ փեսան (Գ) հարսի հետ մի է, ուստի եւ հարսի ազգականների հետ այն աստիճանումն է, ինչ որ ինքը` հարսը:
Իսկ եթէ հարսն ու փեսայի ազգականները հաշւում են, այն դէպքում հարսը եւ փեսան դառնում են ջոկ-ջոկ աստիճաններ իրանց ազգի հետ (վերեւի քաշածի պէս): Խնամական բարեկամները կոչւում են. աներ, զոնքանչ, փեսայ, հարսը, տալ, քենի, սկեսուր, սկեսրայր, պատրոն, տէգր, տէգրակին, աներձագ, խորթ հայր եւ մայր, խորթ տղայ եւ աղջիկ:
Խորթութիւնը մտնում է թէ ազգակցութեան եւ թէ խնամութեան մէջ, նա կանգնած է երկուսի մէջ տեղը: Նրա աստիճանները պիտի հաշուել ընդհանուր կանոնով:
Օրինակ՝ Ա մարդն է, Բ` կինը. որդին է՝ Գ: Ա մեռնում է, Բ գնում է մարդու Դ-ին եւ տանում է հետը որդուն` Գ-ին: Գ կոչվում է եկովի, բերովի տղայ, խորթ տղայ նոր հօր (Դ-ի) վերաբերմամբ: Խորթ որդին (Գ) նոր հօր վերաբերմամբ (Դ) կազմում է մէկ աստիճան: Գ պսակուեց Ե-ի հետ. Ե-ի եղբայրը` Զ, կլինի Գ-ի վերաբերութեամբ երրորդ աստիճանում. այստեղ՝
կայ երեք ցեղ, Դ-ի, Գ-ի եւ Ե-ի ցեղը, որ կոչւում է եռացեղ խնամութիւն: Պսակների աստիճանների մերձաւորութեան եւ հեռաւորութեան կարգը եկեղեցին վերցրեց Մովսիսական օրէնքից: Մովսէս Ղեւտացոց ԺԸ գլխում սահմանեց, որ ոչ ոք իրաւունք չունենայ մօտենալ հօր, մօր, հօրը կնոջ (մօր), քրոջ` թէ հարազատ, թէ խորթ, որդու աղջկան, աղջկայ որդուն, հօրը կնոջ աղջկան, հօրաքրոջ, մօրաքրոջ, հօրեղբօր եւ սրա կնոջ, հարսին (որդու կնոջ), նորա տղայի աղջկան (ծոռան), եղբօր կնոջ, եղբոր աղջկան եւ թոռան, երկու քրոջ. ազգակցական մինչեւ չորրորդ աստիճանը եւ խնամական երկրորդ աստիճանը արգելեց Մովսէս: Ա առաք. 33 կանոնը (Ա գիրք, 66 երես) մատնացոյց արաւ Մովսէսի օրէնքը եւ հրամայեց կատարել: Այնուհետեւ Նէոկեսարիայի 2 եւ Բարսեղի 23, 78 եւ 87 կանոնները Մովսէսի սահմանումները հաստատեցին: Մեր մէջ առաջի վճիռը կայացրեց Ներսէս Մեծ Աշտիշատի ժողովում, արգելելով մերձաւոր ազգակցութեամբ եղած պսակները, առանց որոշելու աստիճանները. Շահապիվանի 447-ի ժողովը երկրորդ անգամ սահմանեց ժողովական կանոնով հետեւեալը. «Ոչ ոք չհամարձակի ամուսնանալ քեռորդու, եղբօրորդու կամ հօրաքրոջ, կամ ազգականի հետ մինչեւ չորրորդ ծնունդը»: Այսպիսի պսակը անվաւեր է հրատարակում եւ պսակադիր` թէ եպիսկոպոս, թէ քահանայ, կարգալոյծ լինում: Է եւ Ը դարերում չորրորդ աստիճանը իսպառ արգելուեց. Մովսէս Կաղանկատուացին 252 երեսում խօսելով Աղուանից իշխանի պսակը իւր թոռակցի հետ` ասում է. «Տէր Միքայէլը մերժում էր նրան, թէ` մի՛ յանդգնիր առնել, որովհետեւ թոռներ էք»: Պարտաւի 771-ի ժողովը նոյն վճիռը կայացրեց, որ չորրորդ զարմը պսակել չի կարելի (Ա գիրք, 302): Նոյն ժամանակներում ընդհանուր եկեղեցու մէջ համարեա թէ նոյն կանոններն էին պահպանւում. Ամբրոսիոս Մեդիոլանցին խօսելով այդ բանի վրայ՝ թէ կարելի է՞ արդեօք հօրը՝ պսակել որդուն իւր խորթ թոռան հետ, աւելացնում է, որ առաջին դարերում պսակը արգելւում էր ոչ միայն ուղղագիծ ազգականների մէջ մինչեւ չորրորդ աստիճան, այլ եւ կողագծերով մինչեւ չորրորդ աստիճան: Բարսեղը խօսելով նոյն արգելքների մասին, ասում է` այս կարգերը մտել են աւանդաբար, գործադրուել են կեանքի մէջ եւ օրէնքի ոյժ ստացել: Օգոստինոս ասում է. «Եղբօրորդիների մէջ մեր ժամանակ արդէն պսակը շատ հազիւ էր թոյլատրւում, ըստ սովորութեան եւ եղբայրական կապի մօտիկութեան պատճառով, թէ եւ դրա համար օրէնք չկայ, որովհետեւ Մովսէսի օրէնքը այդ չի արգելում, եւ քաղաքական օրէնքները դեռ չեն արգելել» (Обз. пост… пр.соб., 1858, 1859): Յունա-հռոմէական օրէնքներով ուղղագիծ ազգակ֊ցութեան մէջ պսակը անսահման կերպով արգելւում էր, օրինակ, հայրը՝ աղջկայ, թոռան, ծոռան, ծոռան ծոռան եւ այլն, եւ այլն հետ. եկեղեցին էլ ընդունեց նոյնը: Կողագիծ ազգականների համար քաղաքական օրէնքը արգելում էր մինչեւ 3 աստիճանը. իսկ եղբօրորդիների մէջ մինչեւ Թէոդոս պսակը արգելուած չէր, որը ոչ միայն արգելեց, այլ եւ մեծ պատիժ նշանակեց: Թէոդոսի որդիքը եւ Յուստինիանոսը թոյլ տուեցին նոյնպէս պսակը: Արեւմտեան եկեղեցու ժողովները արգելեցին պսակները Զ դարում մինչեւ 5 աստիճան: Է դարում Տրուլլի ժողովը 54 կանոնով արգելեց խնամական 4 աստիճանի պսակը երկու եղբօր եւ երկու քրոջ մէջ, իսկ արիւնակցականը թողեց հին կարգով, եղբօր որդիների մասին ոչինչ չորոշելով: Հռոմի եկեղեցին Է դարում պսակ թոյլ էր տալիս 5 աստիճանում, բայց 3 եւ 4 աստիճանում եղածները չէր լուծում: Թ դարում Վասիլ Մակեդոնացու պրօխիրօնում եւ Լեւոնի ու Կոստանդինի էկլօգում եւ բազիլիկում ( Նկատի ունի բյուզանդական իրավունքի հուշարձանները, որոնց մի մասը ԺԲ դարում թարգմանել է Ներսես Լամբրոնացին) մտցրուեց իբրեւ դրական օրէնք, որ ոչ միայն եղբօրորդիք չեն կարող պսակուել, այլ եւ նրանց որդիք, միայն նրանց թոռները կարող են պսակուել (պրօխ. 7, 39, էկլօդ. 12, բազիլ. 28, տե՛ս пр.соб., 1858-59): Անպայման արգելուեց վեց աստիճանի պսակը եւ թոյլատրուեց ութ աստիճանինը, իսկ 7 աստիճանի վերաբերմամբ որոշ ոչինչ չասուեց: Այս մասին Թ դարում Պօլսում վէճ ծագեց 7-րդի վերաբերմամբ, որի համար Ալէքսի կայսեր հրամանով Պօլսում ժողով եղաւ եւ որոշեց, որ եթէ պսակը 7-րդումն է, կամ մի կողմից 7, միւս կողմից 6 աստիճան է, դեռեւս կատարեալ չէ, պսակել չի կարելի, եթէ պսակը կա֊ տարուած է, չքանդել, այլ ապաշխարանքի ենթարկել (Кормч., 50 գլ.):
ԺԲ դարում Ղուկաս պատրիարքի օրով, 1168 թուին արգելուեց պսակը 7-րդ աստիճանում, պսակը լուծել եւ պսակադիր քահանային կարգալոյծ անելու սպառնալիքով. ժողովի վճիռը հաստատեցին Նիկիփօր եւ Մանուէլ կայսրները: Խորթական չհասական աստիճանները չորս էին մինչեւ 9-րդ դարու վերջերը; Ժ դարում սահմանուեց յունական եկեղեցում վեցերորդ աստիճան (Кормч., 50 գլ.), որը հաստատուեց Միքայէլ պատրիարքի կազմած ժողովում 1057 թուին, 7-րդ աստիճանը թոյլատրելի համարելով, այս կարգադրութիւնը հաստատուեց քաղաքական օրէնքով: Հայոց մէջ խորթութիւնը աւելի կապ ունի ազգակցականի, քան խնամականի հետ. խորթութիւնը նայելով որակին, մի երկու աստիճանով պիտի աւելի համարել, քան իսկապէս է. օրինակ. եթէ խորթական աստիճանները պարզ հաշուած 6 է, պէտք է համարել 7 եւ ո՛չ 6. խորթ ծոռները 6 աստիճանի են, խորթութիւնը մի աստիճան աւելացնում է եւ դարձնում 7. այնպէս որ խորթ ծոռները կարող են պսակուել: Խորթութեան մէջ նշանակութիւն ունի միայն հայրականը, այսինքն երբ երկու հօրից են եւ մի մօրից որդիքը. իսկ եթէ երկու մօրից են եւ մի հօրից, այդպիսի խորթութիւնը հարազատների աստիճանով պիտի հաշուել: Խնամական աստիճանները նոյն կարգով ընթացան յունական եկեղեցում, մինչեւ 8-րդ դարը 4-րդ աստիճանն էր, 997-1001 թ. Պօլսոյ պատրիարք Սիսինի օրով արգելուեց մինչեւ վեցերորդը, որոշուեց 6-րդը թոյլատրել, 7-րդը` ո՛չ, ԺԱ դարում թէ յունական եկեղեցին եւ թէ քաղաքական իշխանութիւնը փոփոխակի կերպով 6 եւ 7 աստիճանի պսակները թոյլատրում, երբեմն արգելում էին, բայց սովորաբար 6-րդը թոյլատրւում էր: Մեր եկեղեցին հետեւում էր ընդհանուր եկեղեցու քայլերին. մեր մէջ 7 եւ 8-րդ դարերում, ինչպէս ասացինք, չորրորդ աստիճանը արգելւում էր: Շնորհալին (1166-1173 թթ.) որոշեց, որ երկու կողմից չորս-չորս աստիճանը լրանայ եւ ապա 9 եւ 10 աստիճաններում պսակ լինի, որովհետեւ, ասում է, մարմնի բնութիւնը չորս տարերքից է բաղկացած, երկու եղբայրները կէս են անում հօր արիւնը, թոռները հայրերի արեան կէսն են ընդունում, ծոռները` նրանց կէսը, իսկ վերջին ծնունդները արեան չորրորդ մասն են ստանում: Վերջնական ժողովական կարգադրութիւն այդ մասին մեր մէջ եղաւ 1243-46-ի Սսի ժողովում, որի 7-րդ կանոնն ասում է. «Պսակը ընտրութեամբ անեն, վեց ծննդով հեռացած ազգակցական արիւնից». այսինքն ազգակցական պսակ կարելի է միմիայն 7-րդ աստիճանում. այս կանոնը դարձաւ վերջնական եւ մինչեւ այսօր տիրող կարգն է, ժողովրդական «օխտը պորտը» այդ կարգադրութեան հետեւանքն է: Խրիմեան Հայրիկ 1899-ին հայրապետական կոնդակով վաւերացրեց նոյն կարգը (տե՛ս Ա գիրք, 316 եւ 467 երես): Վերջին կարգադրութիւնը նրա համար էր, որ կային մարդիկ, որոնք առաջնորդւում էին Շնորհալու կանոնով, ոմանք Յակոբ Խրիմեցու կազմած ճիւղագրութեամբ, ոմանք էլ Սսի վճռով: Խնամութեան մասին մեր եկեղեցական կանոններում որոշ կերպով ասուած կանոն չունենք. Շահապիվանի ժողովի կանոնները արգելում են երկրորդ աստիճանը. Ը դարու Դուինի ժողովի կանոնները ընդհանրապէս արգելում են 4-րդ աստիճանը, թոյլ տալով միայն 5-րդը` թէ ազգակցական, թէ խնամական: 18-րդ դարում ունենք պատմական փաստ, որով պարզ ասւում է, թէ խնամութեան 5-րդ աստիճանն է թոյլ տրւում: 1734-ին Աբրահամ կաթողիկոսի «Հայր Յօհաննու վանից թեմին» անուամբ գրած կոնդակում ասում է. «Այլ եւ կանոնադրեմք եւ դուք հնազանդ լերուք, ազգականութեան Ժ ճիւղ, խնամութեան Ե ճիւղ եւ կնքաւորութեան Ը ճիւղ կոյս ընդ կոյսի եւ այր ընդ այրւոյ» («Տեղագիր Գեղարքունի գաւառի», 44 երես):
Այս կոնդակը պարզ սահմանում է խնամութեան 5-րդ աստիճանում թոյլատրել պսակը: Վերջին կարգադրութիւնն էր Խրիմեան Հայրիկինը 1899-ին, որով թոյլատրուեց խնամական 5-րդ աստիճանը (Ա գիրք, 467 երես):
Հատված՝ Ներսես արք. Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը» գրքից