Մարդու ուղեղում «ավելորդ» ոչինչ չկա. յուրաքանչյուր հատված պատասխանատու է օրգանիզմում որեւէ կարեւոր գործառույթի համար, այդ պատճառով ուղեղի ցանկացած վնասվածք մահացու վտանգավոր է: 21-ամյա տանկիստ–մեխանիկ Դանիել Դավթյանը, այնուամենայնիվ, ողջ է մնացել ծանրագույն վնասվածքից հետո. պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ: Նրան մկրտելուց կարճ ժամանակ անց` հենց վերակենդանացման բաժանմունքում, նա կոմայից դուրս է եկել եւ սկսել է ապաքինվել:
Դանիելը վնասվածք է ստացել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Բազմաթիվ մանր բեկորներ են հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել է ուղեղում:
Դանիելը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ հիշում է, թե ինչպես է տանկից իրեն հանել Գյումրիից իր ընկերը, իսկ առաջին օգնությունը տրամադրել են բուժկետի տղաները: Շուտով նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ հետո` Երեւան:
Արդեն Երեւանում նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը վիրահատություն է կատարել եւ հեռացրել է ուղեղային դետրիտը (ուղեղի վնասված հյուսավածքները` խյուսանման ջախջախված ուղեղային հյուսվածքը, որը ուղեղի գորշ եւ սպիտակ նյութի մասնիկներ է պարունակում, մանր օտարածին մարմիններ), ինչը պետք է օգներ ապահովելու ուղեղի մնացած մասի նորմալ աշխատանքը: Ինքը` բեկորը չի հեռացվել. դրա հեռացումը, վիրաբույժի խոսքով, կապված էր մեծ ռիսկերի հետ եւ հեռացման ցուցումներ չկային:
Դանիելի վիճակն այն ժամանակ ծայրաստիճան ծանր էր, եւ ոչ ոք հույս չուներ, թե նա ողջ կմնա: Երկար ժամանակ նա կոմայում էր, այժմ վերհիշում են նրա ազգականները: Մի անգամ զինվորական հիվանդանոցում հոգեւորականը, որտեղ պառկած էր Դանիելը, կապվեց նրա ազգականների հետ եւ առաջարկեց մկրտության ծես կատարել:
Հենց վերակենդանացման բաժանմունքում Դանիելին մկրտեցին եւ երկու օր անց, ինչպես պատմել են նրա ազգականները, նա կոմայից դուրս է եկել եւ սկսել է հետեւողականորեն ապաքինվել:
«Մկրտությունից հետո Աստված նրան ուժ է տվել, եւ նա բացել է աչքերը: Աստված նրան երկրորդ կյանք է տվել», – վստահ է Դանիելի մայրը:
Ինքը` Դանիելը մտածում է, որ չնայած գերբնական ուժերն անկասկած իրենց դերը խաղացել են, իր փրկության գործում ավելի մեծ դեր է խաղացել նյարդավիրաբույժը: Չի բացառվում, որ մի օր, ամուսնանալով եւ հայր դառնաով, նա իր առաջնեկին Հրայր կկոչի` վիրաբույժի պատվին:
Այժմ Դանիելն իրեն անհամեմատ ավելի լավ է զգում: Նա գիտակից է, նրա մտածողական գործառույթները չեն խախտվել: Նրան արդեն դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից եւ նա իր բուժումը շարունակում է սովորական պալատում: Վնասվածքից հետո նա առայժմ չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ ոտքը, բայց հույս կա, որ կկարողանա վերականգնվել համապատասխան բուժումից եւ վերականգնումից հետո:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը հայտնել է, որ Դանիելը դեռ երկար պետք է բուժվի: Այժմ նա գանգի դեֆեկտ ունի, որն ապագայում անհրաժեշտ կլինի շտկել:
Դանիելի վերականգնումը կկազմակերպվի Կարմիր Խաչի կլինիկայում, իսկ վերականգնման արդյունքները կախված կլինեն նրա օրգանիզմից: Հայտնի են շատ դեպքեր, երբ ուղեղի համանման վնասվածքներով մարդիկ վերադարձել են լիարժեք կյանքի, եղել են նաեւ դեպքեր, երբ մարդիկ մասամբ են վերականգնվել, բայց գոնե կարողացել են հոգ տանել իրենց առանց կողմնակի օգնության:
Դանիելը վստահ է, որ կկարողանա վերականգնվել, ինչպես իրեն խոստանում են բժիշկները:
Աղբյուր՝ http://med.news.am/