Հայր մերից հետո սկսվում է Սուրբ Պատարագի երրորդ մասը, երբ պատարագիչը արժանավորներին վերացուցանում (վերցնելով ցույց տալ) է Տիրոջ փրկագործության խորհրդի տեսանելի առարկան, այսինքն՝ Մարմինն ու Արյունը, նույնիսկ արդեն ճիշտ կլինի ասել՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Պատարագիչը բարձրացնում է մատներով բռնած Սուրբ Հացը, որպեսզի ամբողջ ժողովուրդը տեսնի, և բարձր ձայնով ասում է. «Ի սրբութիւն սրբոց»՝ սրբերի սրբության համար, այսինքն՝ Սուրբ Հաղորդությանը հավատով և արժանապես մասնակցողներն են միայն սրբանում։ Սրբություն Սրբոց կոչվում էր Երուսաղեմի հրեական տաճարի խորանի հետևում գտնվող կրկնակի վարագուրված մասը, որի մասին մանրամասն խոսեցինք արդեն (էջ 35)։ Այսպիսով, ի սրբություն սրբոց ասելիս, Սկիհը բարձրացնելով և ցույց տալով, պատարագիչն ուզում է ասել, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Նա է, որ Իր Հոր մոտ է. ինչպես մի ժամանակ քահանայապետն էր Սրբություն Սրբոց խորանում գառնուկ զոհաբերելուց հետո։ Իսկ Սա՝ Աստծո Գառը, մարդկությանը մեղքերից փրկելու համար, ինքն իրեն զոհել ու Հոր մոտ է մտել և հավատով Սուրբ Հաղորդություն վերցնողներին իր մոտ պիտի ձգի (Հովհաննես ԺԲ 32)։
Նույն պահին երգվում է «Միայն Սուրբ, միայն Տէր, Հիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր» մեղեդին։ Այդ միջոցին քահանան նախ ծածուկ սրբագործված նշխարը թաթախում է գինու մեջ՝ ի նշան Քրիստոսի Արյան հեղման մարդկության փրկության համար, իսկ քիչ անց թաթախված նշխարը բարձրացնում է, որպեսզի ժողովուրդը տեսնի՝ դառնալով դեպի արևմուտք և ավելացնելով. «Ի սուրբ« ի սուրբ. պատուական Մարմնոյ և յԱրենէ Տեառն մերոյ և Փրկչին
Յիսուսի Քրիստոսի…», որ երկնքից իջած՝ պիտի բաշխվի մեզ։ Եկեք ու ճաշակեցեք։ Սա է «կյանք, հույս, հարություն, քավություն և մեղքերի թողություն», միաժամանակ հրահանգելով, որ հոգով պատրաստվեն օրհնության և սաղմոս երգեն Աստծուն՝ Երկնավոր Հորը՝ անմահ Թագավորին, որ նստում է քերովբեական կառքերի վրա։ Պատարագիչ քահանան այս խոսքերն ասելիս Սկիհով խաչակնքում է ժողովրդին, որը ծնկի եկած աղոթում է։ Հետո շրջվում է դեպի Սուրբ Սեղանը, և վարագույրը փակվում է։ Համաձայն վերջերս ընդունված սովորության՝ այս միջոցին դպիրները և ժողովուրդը «Տեր ողորմեա» են երգում՝ ամեն մեկն իր անձի, ընտանիքի, ազգի կամ համայն աշխարհի համար երկնային և երկրային ողորմություն և բարիք խնդրելով։ Այնուհետև երգում են դպիրները. «0րհնեալ է Աստուած. Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում, ալելուիա»։ Իր Մարմինը տալիս է մեզ իբրև կերակուր և իր սուրբ Արյունը ցողում է մեր մեջ, ալելուիա։ Ճաշակեցեք և տեսեք՝ ինչքան քաղցր է Տերը, ալելուիա։ 0րհնեցեք Տիրոջը երկնքում, ալելուիա։ 0րհնեցեք նրան բարձունքներում, ալելուիա։ 0րհնեցեք նրան, նրա բոլոր հրեշտակներ, ալելուիա։ 0րհնեցեք նրան, նրա բոլոր զորություններ, ալելուիա։
Այս ընթացքում պատարագիչը, ծածուկ աղոթելով, ընծան (հացը) ամբողջությամբ Սուրբ Սկիհի գինու մեջ թաթախում, բաժանում է չորս մասի և թողնում Սկիհի մեջ՝ ասելով. «Լրումն Հոգւոյն Սրբոյ՚« այսինքն՝ Սուրբ Հոգու կատարումը։ Այս պահին պատարագիչը սրտագին աղոթում է իր անձի, ընտանիքի, Եկեղեցու, ազգի և աշխարհի խաղաղության համար։ Նաև կարդում է Հովհան Ոսկեբերանի մեկ աղոթքը, որով նույն խնդրանքներն է ուղղում Աստծուն՝ լինի իր անձի, լինի հավատացյալ ժողովրդի համար։