Մեծ էր հեթանոսների մոլորությունը ամբարիշտ Դիոկղետիանոսի թագավորության ժամանակ: Աստծուն չճանաչելով` նրանք ոչ միայն իրենց համար էին խորխորատ պատրաստում, այլև բոլոր մարդկանց հրապուրում էին` հավանելու իրենց անարժան պաշտամունքը: Եվ ովքեր հավանում էին, մանավանդ փառավոր մարդկանցից, ոչ միայն պատիվներ էին ստանում թագավորից, այլև պերճանում էին մեծագույն զինվորական [պատվով]: Իսկ ովքեր խոստովանում էին ամենակալ Աստծուն ու Նրա Բանը և Սուրբ Հոգին, քննության ու տանջանքի էին մատնվում, անհապաղ ընդունում պսակն ու փառքի պատիվը, բայց իբրև մարդ չարաչար տանջանքով մաշում էին իրենց մարմինը:
Այն ժամանակ Հռոմ քաղաքում հաղթանակի պսակն առաջինը վերցրեց Քրիստոսի քաջ ճգնավորը, որի անունը Կալիստրատոս էր, և Տիրոջը հավատացողների համար որպես հաղթության նշան հաստատեց սաստիկ նահատակությունը:
Կալիստրատոսն այս զինվորագրված էր Բյութանացվոց Քղկետոն գնդում, որ Քղկետոնում [տեղակայված] Ակոմբիտացիների գնդից հետո էր: [Եվ մի օր]` տյուրոնաց կարգի համաձայն, այսինքն որպես նորընծա զինվորների, [Բյութանացվոց Քղկետոն գունդն] ակամա տարան Հռոմ:
Կալիստրատոսը Քղկետոնացոց աշխարհից էր, ազատ ազգից, բարեբարո և աստվածային իմաստներով լցված: Նրա նախապապ Ոկորոսը Երուսաղեմում էր եղել մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրերին, Պիղատոս դատավորի մոտ: Այս Ոկորոսը տեսավ Փրկչի խաչվելը, մեռնելն ու թաղվելը գերեզմանում, հարությունը մեռելներից և հավատաց, սուրբ Պենտեկոստեի` Սուրբ Հոգու առաքյալների վրա իջնելու օրը մկրտվեց, եկավ իր քաղաքը և ուսուցանում էր որդիներին ու թոռներին հուսալ ի Տեր Հիսուս Քրիստոս: Եվ նրանք, միմյանցից սովորելով, մինչև երանելի Կալիստրատոսը ուսումնապահ եղան իրենց պապի խրատին: Իր գնդում միայն Կալիստրատոսն էր քրիստոնյա, որ և ամեն ժամ փառավորում էր Տիրոջը Սուրբ Հոգու խոսքերով:
Եվ մի գիշեր Կալիստրատոսը ելավ և սկսեց Աստծուն աղոթք մատուցել: Եվ նրա զինակիցներից ոմանք իմացան այդ և ասացին նրան. «Քեզ վայել չէ միակ մանկաբարոն լինել մեր ամենքի մեջ: Արդ, համաձայնի՛ր և արի՛ Արամազդի արձանի մոտ, ա՛ռ խունկ ու արյուն և ցայտի՛ր նրանց վրա և մեզ հետ եղի՛ր աստվածների սիրելի, եթե ոչ` մեզ մի՛ մեղադրիր, մենք պարտավոր ենք մեր զորավարին պատմել այս ամենը»: Իսկ սուրբ Կալիստրատոսը պատասխանեց, ասելով. «Եղբայրնե՛ր, ինչու լարեց ձեզ սատանան, ձեզնից ոչ մեկին չվնասեցի և ոչ նեղեցի մեկին. պատերազմի մեջ ձեզ հետ եմ, անվանակարգում, թերևս ձեզնից առաջ եմ. հանդեսի մեջ չեմ բաժանվում, գնդի համարի մեջ ձեզ հետ եմ անցնում, այժմ ի՞նչ ունեք չարախոսելու իմ դեմ` չգիտեմ: Բայց գիտեմ, իմ փրկիչ Հիսուսի անճառ մարդասիրությունից և ուղղափառ պաշտամունքից ինձ չեք կարող հրաժարեցնել, ոչ միայն դուք, այլև ձեզ նման բազումները: Այս կվկայի ինձ Քրիստոս, որ վկայեց Պոնտացի Պիղատոսի առջև, որին ականատես է եղել իմ Ոկորոս պապը»:
Այս լսելով` առավոտյան ելան պատմեցին Պրեսինտինոս զորավարին. «Մեկը զինվորներից, որ քո իշխանության տակ են, ապստամբել է աստվածների պաշտամունքի դեմ, Թագավոր և Աստված է անվանում մեկին, որ կոչվում է Քրիստոս, Նրան խաչված է խոստովանում, այլև աղոթք ու պահք է անում անձամբ, և ամբողջ խոզենի օրապահիկն ու հացը բաժանում է կարոտյալներին, իսկ ինքը օրը մի անգամ ուտում է միայն չոր հաց` ջրի մեջ թաթախելով: Որպեսզի բազում մարդկանց չապստամբեցնի մեր զինավառ գնդից, դրա համար պատմեցինք քո պայծառ իշխանությանը»: Իսկ Պրեսինտինոսն ասաց. «Ո՞վ է նա, կամ ի՛նչ է նրա անունը»: Եվ նրանք ասացին. «Բունուս մլքիա, որ թարգմանվում է Կալիստրատոս»1: Եվ զորավարը հրամայեց նրան բերել իր առջև և հռոմայեցոց լեզվով ասաց նրան, որովհետև հռոմայեցիք չեն կարող արագ խոսել հունարեն` այդ լեզվի հարստության պատճառով: Եվ ասում է նրան. «Կյուդ դիկունդ սոկիե տվի, փրոփր տե. կելերիոս դիկե, -որ թարգմանվում է,- Ի՞նչ են ասում ընկերներդ քո մասին, շուտ ասա՛»: Այս պատմությունը հռոմայեցի լեզվից գրվեց. և ովքեր իմաստությամբ թարգմանեցին և տվին մեզ հենց այսպես խոսեցին: Մենք նույնպես ամեն տեղ ուղարկեցինք [նրանց], ովքեր Քրիստոսին աչքի առաջ ունեն սուրբ հավատով:
Կալիստրատոսը պատասխանեց. «Ինչ որ ասեն իմ մասին, տե՛ր իմ, թող ասեն, քանի որ ես խղճիս դեմ բան չգիտեմ»: Պրեսինտինոսը չարախոսներին ասաց. «Ի՞նչ գիտեք Կալիստրատոս բունի մելեկի2 մասին»: Իսկ նրանք ասացին. «Քո առավել պայծառ իշխանությունը թող հրամայի դրան, որ զոհ մատուցի Արամազդ մեծ աստծուն, և կիմանաս դրա չարաթյուր կամքը»: Իսկ զորավարն ասաց. «Կալիստրատո՛ս, զո՛հ մատուցիր Արամազդ աստծուն»: Կալիստրատոսն ասաց. «Ես օրհնության պատարագ եմ մատուցում մեծ Աստծուն, որ Իր իմաստությամբ ստեղծեց երկինքն ու երկիրը և մնացյալ ամենը: [Նրան], որ հողից ստեղծեց մարդուն և դրեց հավիտենական` անանց սահմանը, և չգիտեմ ձեռագործ աստվածներ, այլ ընթանում եմ ինչպես սովորեցի, քանի որ գրված է. «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են» (Սաղմ. ՂԵ. 5), իսկ Տերն ստեղծել է երկինքը և` «Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, մարդկանց ձեռքի գործն են» (Սաղմ. ՃԺԳ. 4, ՃԼԴ. 15): Արդ, ես, ո՛վ տեր կոմս, մարդկանց ձեռքի գործերին չեմ երկրպագում: Բայց եթե քո զինվորն եմ և քո ձեռքի տակ եմ պատերազմի, գոտեմարտի և ամեն ծառայության մեջ հնազանդ եմ քեզ: Մի՞թե և իմ հոգու սպասավորության վրա իշխանություն ունես: Քա՛վ լիցի»: Պրեսինտինոսն ասաց. «Այստեղ, ո՛վ Կալիստրատոս, ճարտասանության կարիք չկա, խոսքը մեզ հետ համաձայնելու մասին է, որի համար զոհ մատուցիր, որպեսզի ինձ չստիպես, որ չարաչար կորցնեմ քեզ: Բայց կարծեմ թե գիտես դու, որ եթե որևէ մեկին բռնեմ` տանջանքից առաջ իմ մռնչյունով կհալեմ նրան»: Կալիստրատոսն ասաց. «Քո մռնչալով սպառնալը ժամանակավոր է, իսկ աչքերի լալն ու ատամների կրճտոցը` հավիտենական: Եթե ես մարդկանց առաջ ուրանամ իմ Տեր Հիսուս Քրիստոսին, ինձ դրսում կփակի տանուտերը, և այնտեղ կլինի աչքերի լալ և ատամների կրճտում»:
Այնժամ զորավարը հրամայեց ամրակապել նրան և ծեծել բրերով. մինչև իրար փոխարինեց ութ [տանջող]: Ու մինչ հարվածում էին, սուրբ Կալիստրատոսն ասաց. «Երդվեցի և հաստատեցի պահել Քո արդարության դատաստանը, Տե՛ր: Նվաղեցի շատ, բայց ապրեցրո՛ւ ինձ, ըստ Քո խոսքի և կորստչին և բազմագլուխ գազանին մի՛ թույլ տա՛ ծիծաղել ինձ վրա, այլ զորացրո՛ւ ինձ, Քրիստո՛ս, և ինձ լեզու եղի՛ր` պատասխանելու, և բժիշկ` առողջացնելու իմ վերքերը, որովհետև այս չարչարանքից բազում տանջանք է բռնել իմ մարմինը»:
Իսկ զորավարը տեսավ նրա արյունը, որ առու դարձած հոսում էր գետնի վրայով, հրամայեց դադարեցնել ծեծելը և ասաց նրան. «Զո՛հ մատուցիր, Կալիստրատո՛ս, աստվածներին և կազատվես առաջիկա տանջանքներից, որովհետև, երդվում եմ ճառագայթագլուխ Արտեմիսով և բոլոր աստվածների խմբով, եթե չլսես ինձ` մսակտոր կանեմ քեզ, իսկ քո մարմինը շները կուտեն, առյուծները կլիզեն քո արյունը»: Կալիստրատոսն ասաց. «Հույսս երկնքի Թագավոր Աստվածն է, որ ինձ կհանի առյուծների բերանից և իմ միամորությունը` շների ձեռքից, որպեսզի միայն ես չօրհնեմ Նրան քո այս գնդում, որովհետև հույս ունեմ առաջադիմելով գնալ Նրա մոտ և հաղթության նշանակ ունենալ բանսարկուի վրա, որը քեզ հանում է իմ դեմ»: Այնժամ զորավարը հրամայեց խեցի մանրել և լցնել նրա տակ և սրբին ամրացնել մեջքի վրա պառկած, որպեսզի նրա ուսերն ու վերքերը բզկտվեն խեցիով, և նրա բերանին ձագար դրին, և հրամայեց սափորով ջուր լցնել բերանը: Իսկ Քրիստոսի քաջ նահատակը արիաբար ընդունեց տանջանքները և ելնելով ասաց. «Աստվա՛ծ Աբրահամի, Սահակի և Հակոբի, զորացրո՛ւ ինձ բանսարկուի հնարագիտության դեմ և փրկիր ինձ նրանից, որ չկորցնի ինձ և տեղ չգտնի ինձ վրա»:
Զորավարն ասաց. «Զո՛հ մատուցիր աստվածներին, Կալիստրատո՛ս, եթե ոչ` կյանքից կզրկեմ քեզ, որ քո պատճառով իմ այս գնդից ոմանք չկորչեն»: Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Անարժա՛ն և անամոթ, շտապում ես մարտնչել քո հայր սատանայի հոտի համար, չգիտենալով, որ սա իմ Քրիստոսի հոտն է, բայց հույս եմ տածում երկնքի Թագավոր իմ Տեր Հիսուս Քրիստոսին, թեպետ և շատ հաջող մրցես բանսարկուի համար, բայց ես կգերեմ նրան և կհափշտակեմ քո զորքի միջից, կլուսավորեմ նրանց և կհաստատեմ Քրիստոսի եկեղեցին այս քաղաքի մեջ»: Իսկ զորավարն ասաց. «Ա՛յ անսուրբ և երիցս թշվառական, ահա իմ խիստ հրամանը քո աչքի առաջ է. անմիջապես իշխանությունս հրամայում է քեզ գցել քուրձի մեջ և կնքել նրա բերանն ու քեզ տանել, գցել ծովը: Դու ի՞նչպես կարող ես հաստատել Քրիստոսի եկեղեցին, կամ ե՞րբ կլուսավորես իմ գնդի զինվորականներից ոմանց»: Եվ հրամայեց բերել կտավի քուրձ և փռել գետնին [մեջը դնել Կալիստրատոսին], և կապարով կնքեց քուրձի բերանը և նավավարների ձեռքը տվեց: Նավավարները տարան մոտ քառասուն ասպարեզ, նրան գցեցին ծովը: Իսկ զորավարը ծովափին էր: Եվ նրան գցեցին: Երբ նավավարները եկան, քուրձն իջած կռվում էր քարերի փապարներում, մինչդեռ Կալիստրատոսը մեջն էր և աղոթում էր, ասելով. «Աստվա՛ծ աներևույթ և անքնին, անհաս և անպատում, Քո փառքի աթոռն անպատմելի է, Քեզնից դողում և սարսում է ամեն ինչ, Քո սպառնալիքը հալում է լեռները, Քո անունը պատռում է անդունդները, Քեզնից դողում է ծովը` գետերով ու կետերով հանդերձ, Դու քննեցիր Հովնանի սիրտը և ընդունեցիր նրա աղոթքները, երբ իջավ երկիր, Քո փականքներն էին իբրև հավիտենականի կողպեք և հանեցիր նրա կյանքը ապականությունից: Ընդունի՛ր նաև իմ` մեղավորիս ու տառապյալիս աղաչանքը, և իմ աղոթքները կգան սուրբ փառքի տաճար: Փրկի՛ր ինձ այս նեղությունից, քանի որ մանկությունից գիտես իմ գործերը: Դու գիտես, Տե՛ր, որ ցանկացա Քո Եկեղեցին հաստատել այս քաղաքում, ինձ բարի գործակից եղի՛ր, զի հավիտյանս սուրբ է Քո անունը»:
Նրա աղոթքից հետո, կիրճի քարերին խփվելով, քուրձը պատռվեց, և նրան ընդունեց դելֆին ձուկը և նրան ծովի խորքից ափ բերեց, դրեց ավազի վրա, այնուհետև փախավ, դարձավ ծովը: Իսկ երբ նրան տեսան զորականներն ու զորավարը, հույժ զարհուրեցին: Իսկ Կալիստրատոսը սաղմոսում էր և ասում. «Ես գնացի ծովի խորքը, և սահանքներն ինձ ընկղմեցին, բայց չչարչարվեցի աղաղակելով, քանզի լսեցիր իմ աղոթքի ձայնը, պատռեցիր իմ քուրձը և ինձ պնդեցիր ուրախությամբ» (Սաղմ. ԿԸ. 3): Այնժամ քառասունինը զինվոր ընկան երանելի Կալիստրատոսի առաջ, ասելով. «Աղաչում ենք քեզ, բարձրյալ Աստծու ծառա, մեզ փրկիր այս աշխարհիս ունայնությունից, որովհետև մենք ևս քրիստոնյա ենք, և արդարև մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ քեզ հանեց այնպիսի անդունդից, Նա կարող է և պատերազմի մեջ օգնել ում ուզի, քանի որ Նա է միակ Աստվածը»: Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Իմ Տեր Հիսուս Քրիստոսը կփրկի ձեզ, և այսուհետև կտեսնեք երկնքի արքայությունը»:
Եվ աղոթեց այսպես. «Տե՛ր, որ բնակվում ես հավիտյան անմատույց լույսի մեջ, նայի՛ր Քո այս հոտի վրա և պահի՛ր սրանց, քանի որ ողորմած ես միշտ և հավիտյանս»: Իսկ Պրեսինտինոսն ասաց. «Երդվում եմ արեգակ թագավորով, սա մեծ կախարդությամբ լի է, որովհետև ծովը հերձեց և մոլորեցրեց սրանց, -և ասում է նրան,- ես քո կախարդությունը կվերացնեմ. իմացի՛ր, թե ով է Պրեսինտինոսը, և ով է Աստվածը, որին դու պաշտում ես»: Եվ նստելով ատյանում` հրամայեց բերել ցուպեր և
հերթով ծեծել տվեց քառասունինը այրերին: Իսկ նրանք ասացին. «Տե՛ր Հիսուս, Քեզ համար ենք չարչարվում, փրկի՛չ Աստված, համբերությո՛ւն տուր մեզ: Պահի՛ր և մեր հովիվ Կալիստրատոսին, որ կատարելապես ուսուցանի մեզ, քանի որ Քո կամքի գիտության մեջ անբան անասունի նման ենք, հաճի՛ր մեզ փրկելու, զի օրհնյալ է Քո անունը հավիտյան»:
Սրանից հետո անարժան զորավարը հրամայեց նրանց բանտ նետել, որ մի բան մտածի նրանց մասին, քանի որ շատ էր տրտմել իր զորականների թվից հիսուն այր կորցնելով: Եվ երբ նրանք բանտ մտան, սուրբ Կալիստրատոսը սկսեց աղոթքով հաստատել քառասունինը հոգուն, որոնց անունները հետևյալներն են. Ակակիոս, Դոմնասիոս, Բիբիանոս, Բասիլիկոս, Բեմարքոս, Դորոթեոս, Գերոնտես, Աղպիոս, Անթիմոս, Արաքսեոս, Անիկտոս, Բետաղիոս, Գրիգորիոս, Գեորգեոս, Գիդանդիոս, Գենադեոս, Դոմնինոս, Դուղկիմիոս, Դոմետիանոս, Դեդաղիոս, Դաղմատիոս, Եվսեբիոս, Եվագրիոս, Եղսիիդոս, Եվտողիոս, Եվարեստոս, Եվագրիոս, Թարասիմիդես, Թեոդորոս, Թերասիոս, Լուսիմաքոս, Լամբլիրիկոս, Լիմինոս, Կոստանտինոս, Կանդիտիանոս, Հեղիադես, Հյուսիքոս, Հեղոդորոս, Մեմնոս, Միլինոս, Մադրինոս, Մարկիանոս, Նիկատիոս, Նիկողայոս, Ողոմբրիոս, Ուտրիպեոս, Ողիպեոս, Քսանթեոս: Սրանք բոլորը ընկան սուրբ Կալիստրատոսի առաջ և խնդրում էին Քրիստոսի գիտությունը: Իսկ Քրիստոսի սուրբ վկան, ձեռքերը երկինք պարզեց, ասելով այսպես. «Աստված, որ ամեն ինչ ստեղծեցիր, որ ամենիմաստ հզորն ես, որ օրհնվում ես հրեշտակների անթիվ զորքերից, որ անվթարների արարչիդ ես, մեր հայրերի Աստված, նայի՛ր այս հոտին, արի՛ և հասի՛ր մեր մեջ: Տե՛ր, կատարիր անսուտ խոստումը Քո, թե` «Ուր երկու կամ երեք [հոգի] հավաքվել են Իմ անունով, այնտեղ Ես նրանց մեջ եմ» (Մատթ. ԺԸ. 20): Լսի՛ր մեզ, Թագավոր հավիտենից, ցրիր, Տե՛ր, բանսարկուի բոցը, անցկացրու, Տե՛ր, հրի հնոցը, որ չբարձրանա քառասունինը կանգունից ավելի, որպեսզի բոլոր հեթանոսները տեսնեն քո փառքը և քեզ փառավորեն, հավիտենից Թագավոր: Տո՛ւր ինձ, Տե՛ր, իմաստություն և գիտություն, որպեսզի հավատացնելով Քո առաջ բերեմ Քո այս ծառաներին, քանի որ օրհնյալ է Քո անունը հավիտյանս»:
Եվ բոլորը միաբան ասացին` «Ամեն»: Նրանցից մեկը ելավ, որի անունը Դաղմատիոս էր, ասաց սուրբ Կալիստրատոսին. «Աղաչում եմ քեզ, տե՛ր իմ Կալիստրատոս, քրիստոնեացրու մեզ և սովորեցրու Աստծու բանը, որ երբեք չերկմտենք. ցո՛ւյց տուր մեզ մեր հույսը և սպասվող օգնականությունը. պատմի՛ր մեզ Աստծու ամբողջ իմաստությունը, որպեսզի և՛ մենք Քրիստոսի շնորհով քեզ հետ փառավորիչ լինենք, քանի որ մեր հայրերը մեզ չսովորեցրին արդարության ճանապարհները»: Այնժամ սուրբ Կալիստրատոսն ասաց նրանց. «Ի՛մ որդյակներ և սիրելի եղբայրներ, Տերը ձեզ շնորհներ և ողորմություն կտա, և իմ Աստված ի լույս կտանի ձեր ցանկությունը, երկնքի և երկրի Աստվածը ձեզ կլցնի ամենայն բարությամբ, որովհետև ես գիտեմ` մեծ ցանկություն ունեք լսելու Աստծու պատվիրանները: Եվ այժմ, որ ծարավի եք արդարության, Տերը ձեզ կլիացնի, կարբեցնի և կզմայլեցնի Սուրբ Հոգու ամենաբարի շնորհներով և ամեն հույսով, որ ունեք առ Տեր Քրիստոս: Սակայն, սիրելիներս, ես հետին և տգետ եմ Աստծու անհաս խորհուրդների առջև, բայց ձեզնից յուրաքանչյուրը ինչ ուզում եք` հարցրեք և աղոթեցեք ինձ համար, քանի որ հույս եմ տածում Տեր Հիսուս Քրիստոսին, որ ձեր աղոթքով Տերն ինձ կտա խոսք` բերանս համարձակությամբ բանալու համար, որպես թարգման հայտնապես քարոզելու Քրիստոսի տնօրինության խորհուրդը»: Այնժամ Բեմարքոսն ընկավ նրա առաջ և հարցրեց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր, ասա՛ ինձ, ի՞նչպես է իմացվում Աստված, կամ ի՞նչպես ծնվեց Քրիստոս, կամ ի՞նչ պատճառով և կամ ի՞նչու խաչեցին և սպանեցին Նրան հրեաները»:
Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Աստված անստվեր լույս է, աներևույթ և անմատչելի. ո՛չ սկիզբ ունի և ո՛չ վախճան. անսպառ կյանք, անփոխարինելի մշտնջենություն. լինելով անսահման և անտեղի` ամեն ինչի մեջ է միշտ, և երբեք չկա մի բան, որի մեջ չլինի. ոչ ոք Նրանից առաջ չէ և Նրանից հետո, և ոչ ոք Նրա հետ. անգիտելի և անիմանալի բնություն է: Բայց մեր տկարությանն ասված է` Լույս և կյանք, իսկություն, անմահություն, մշտնջենականություն, զորություն, իմաստություն, միտք, և այլ բոլոր անունները, որ լսվում են սուրբ Գրքում: Հայր և Որդի, անարատ և անքննելի Ծնունդ. Բան` Հոր սրտից և անբաժանելի Հորից. Ծնունդ անզատելի` ինչպես լույսն արեգակից. Որդի` ո՛չ արարած և ո՛չ ստեղծած, ո՛չ խոնարհության մեջ և ո՛չ ծառա, այլ` իսկակից, էակից և անսկզբնակից: Միշտ Հոր ծոցում` ըստ սուրբ Հովհաննես ավետարանչի, որ ասում է. «Ի սկզբանե Բանն էր, և Բանն էր Աստծու մոտ և Աստված էր Բանը. սկզբից և եթ Նա Աստծու մոտ էր: Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան չեղավ ոչինչ, ինչ որ եղավ: Նրանով կյանք էր, և կյանքը լույս էր մարդկանց, և լույսը խավարում լուսավորում էր, և խավարը նրան հասու չեղավ» (Հովհ. Ա. 1-5): Եվ Աստծուն ոչ ոք չտեսավ երբեք, բացի Միածնից, որ Հոր ծոցում էր: Եվ Սուրբ Հոգին Հորից բխեց և առաջ եկավ, բայց ոչ ծնունդ` ինչպես Բանը, այլ` մշտակա լույսի բխումն ու ծագումը. արարած չէ և խոնարհ չէ, քան Հայրն ու Որդին, այլ` Հորը և Որդուն զուգակից և էակից ու հավասարակից: Հոր ամբողջ էությունը Որդունն է, միայն թե ո՛չ ծնող, այլ ծնունդ. և Որդու ամբողջ էությունը Սուրբ Հոգունն է, բայց որ ծնունդ չէ, այլ բխումն և ոչ բխող, այլ բխած. և Աստվածության միությամբ` Հոր և Որդու հետ հավասարապատիվ, մի փառք, մի աստվածություն Երրորդության, Հոր, Որդու և Սուրբ Հոգու մի անսկիզբ մշտնջենականություն. երեք կատարյալ անձինք, մի ինքնություն ու թագավորություն, մի կամք և մի խորհուրդ: Ամեն ինչով հայեցություն է, ամեն ինչով լույս է, ամեն ինչով լուր է, ամեն ինչով կյանք է և բոլոր մյուս անվանակոչություններով, որ հողեղեններս մեր տկար իմացությամբ կոչում ենք: Մեկ են և զույգ և հավասար. բայց, քանի որ Հայր է, Նրա ծնունդը Բանն է և Նրա բխումը` Սուրբ Հոգին, երեք կատարյալ Անձով:
Արդ, սուրբ և զուգահավասար Երրորդությունը կամեցավ և հաստատեց ամեն ինչ: Հայրը Բանի միջոցով և Սուրբ Հոգով ստեղծեց երկինքն ու երկիրը, երկինքը բաժանեց հրով, իսկ երկիրը` ջրով. ստեղծեց և լույսը. գոյացրեց և երկնային զորքերը. և ջրերից հանեց ջրեր, և ամրացրեց այդ հաստատության բոլորածիրը: Եվ երկիրը զարդարեց բույսերով ու տունկերով, իսկ հաստատությունը` արեգակով, լուսնով և աստղերով. երկիրը չորքոտանիներով, սողուններով և ջրայինների կայտառներով լցրեց, իսկ օդը` թռչուններով. հրաման տվեց և ջրերին կենդանության շունչ բխել երկրում: Երբ ամեն ինչ հաստատեց իր աստվածության ահեղ զորությամբ, որ երկինքը կախեց ոչնչից և երկիրը դրեց ոչնչի վրա, և բոլոր տարրերը գոյացրեց ոչնչից, հետո մարդուն ստեղծեց հողից` ըստ իր անմահ պատկերի, կամքի ազատությամբ տիրելու բոլոր արարածներին, որ երկնքի տակ են: Եվ բնակեցրեց անմեղությամբ դրախտի վայելչության մեջ և փոքր օրենսդրությամբ մեծագույն փառքի հասցնել խոստացավ: Իսկ սատանան նախաստեղծ հրեշտակ էր երկնքում և, քանի որ ընդդեմ ամենակալ Աստծու ներանձնությամբ ինչ որ հպարտ միտք հղացավ, ընդվզեց և ընկավ իր փառքից: Եվ նախանձելով մարդուն` պտղի ճաշակման ճանապարհով խորամանկորեն բազմաստվածություն սերմանեց և աստվածության ձգտմամբ զրկեց մարդուն փառքից և հանեց աստվածասնունդ դրախտից: Բայց քանի որ մարդն անմահ Աստծու պատկերն էր, [սատանան] չկարողացավ իսպառ ջնջել և ապականել, այլ անձնիշխանության միջոցով և խաբեությամբ մարտնչեց մարդկային ցեղի դեմ և պղծեց պեսպես չարիքներով. եղբայրասպանությամբ, անօրեն խառնակությամբ: Առաջին սերունդը չհնազանդվեց արդար Նոյի քարոզությանը, դրա համար եղծվեց ջրհեղեղով, և մնաց միայն Նոյը իր որդիներով` ութ հոգի: Դրանից հետո աշտարակաշինությամբ նրանց լեզուները բաժանվեցին յոթանասուներկու տարբեր ցեղերի` ամբողջ երկրով, ապա սատանան նրանց դրդեց կռապաշտության. ամեն ինչում պաշտամունքով պոռնկել, ինչպես այժմ տեսնում ենք, որ Տերը մեջտեղից կվերացնի և կկորցնի: Եվ այնտեղ սկզբնավորեց բազմաստվածությունը, որ ասում էր Եվային. «[որպես] աստվածներ կլինեք» (Ծն. Գ. 5), -մարդկանց սնոտի պաշտամունքի [մղելով], և ամբողջ երկիրը մեղքի մեջ էր:
Դրա համար մեծ Աստծու ողորմությունը գթաց և Իր սեփական ժողովուրդ ընտրեց նախահայրերին` Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց զավակներին, որոնց Մովսեսի միջոցով հանեց Եգիպտոսից և օրենք տվեց: Բայց և նրանց խոտորեցրեց սատանան, որոնք անապատում որթը ստեղծեցին և պղծվեցին գարշելիների մեջ: Նորից ողորմելով` [Աստված] նրանց տվեց քահանաներ և մարգարեներ: Սակայն սատանայի դրդմամբ ժողովուրդը նրանց ևս չհավանեց. ո՛չ հարվածներով, ո՛չ գերությամբ և ո՛չ հրեշտակների կոչերով չխրատվեցին և չուղղվեցին. և ամբողջ երկիրը միաբան խոտորվեց սատանայի ետևից` որս դառնալով նրա չար կամքին: Իսկ ազնվագութ Աստված, ողորմելով մարդկային ցեղին, իր միածին Բանն առաքեց աշխարհս, որ սրբացնելով կույս Մարիամին` բնակվեց նրա մեջ, հղացավ անապական, առանց այրական սերմի և առանց ախտի ցանկությունների ինքնօրեն ստեղծեց անապական մարմին ըստ հրեշտակապետ Գաբրիելի, որ ասում էր. «Սուրբ Հոգին կգա քեզ մոտ և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ վրա, քանի որ քեզնից ծնվելիքը սուրբ է և Աստծու Որդի, և Նրան կանվանակոչեն Հիսուս, որպեսզի Նա փրկի իր ժողովրդին մեղքերից» (Ղուկ. Ա 35: Հմմտ. Մատթ. Ա. 21): Նա հղացավ անապական և ծնվեց անապական, խանձարուրում փաթաթվեց և իբրև մարդ դրվեց անբանների մսուրը. մոգերից պատվվեց խորհրդավոր պատարագներով և փառավորվեց հովիվներից, որոնք հրեշտակների հետ երգում էին. «Փա՛ռք Աստծուն բարձունքներում և խաղաղությո՛ւն երկրի վրա, հաճություն մարդկանց մեջ» (Ղուկ. Բ. 14): Թլփատվեց իբրև մարդ. տաճարին ընծայվեց իբրև մարդ. իսկ Սիմեոն ծերունին հայցում էր իբրև Աստծուց. հալածվեց Եգիպտոս և այնտեղ կռապաշտության քաղաքը աստվածգիտության դարձրեց. այնտեղից դարձավ և բնակվեց Գալիլեայում` Նազարեթ քաղաքում:
Արդ, ձեզնից ոչ ոք գայթակղվելով չասի, թե Քրիստոս սկիզբն առավ կույսից, որովհետև ըստ մարմնի երևաց կույսից, իսկ ըստ աստվածության հավասար է Հորը, ինչպես նախապես ասացի: Եվ ոչ ոք չասի` երկնքից բերվեց մարմինը, որովհետև կույսից առավ և ոչ թե լոկ Աստված էր կամ լոկ մարդ, այլ` Աստված և մարդ. Աստված` մարմնով և մարդ` աստվածությամբ, անշփոթ և անփոփոխ: Եվ առակների մեջ ասվում է. «Տերն ինձ ստացավ իր գործերի ճանապարհի սկզբին, անդունդների լինելուց առաջ, առաջ քան ջրերի աղբյուրները, և ավելի առաջ ծնեց ինձ, քան բոլոր բլուրները. երբ պատրաստում էր իր աթոռը` Նրա հետ էի, ես էի` ում հետ ուրախանում էր» (Առակ. Ը. 25): Բայց մարմնի մասին ասում է. «Թեպետ Քրիստոսի մարմնավորության խորհուրդը աշխարհի լինելուց առաջ էր, բայց կույսից ստեղծեց անապական»: Արդ, նույն ինքը` Հոր միածին Բանը, որ մարմնացավ սուրբ կույսից, երեսուն տարի լռեց, ապա մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսի ձեռքով, և երբ ջրից ելավ, Նրան բացվեց երկինքը և Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա, և Հայրը բարձունքից վկայեց տեսանելի մարմնի մասին, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որին հաճեցի» (Մատթ. Գ. 17, ԺԲ. 18, ԺԷ. 5, Մարկ. Ա. 11, Ղուկ. Գ. 22, Պետր. Երկ. Ա. 17): Քանի որ Հովհաննեսը տեսնելով զարհուրեց և հրաժարվում էր մկրտել, ուստի Տերն ասաց. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև մեզ վայել է այսպես կատարել ամբողջ արդարությունը» (Մատթ. Գ. 15): Ինչպես վկայեց Զաքարիա քահանայապետի որդի անարատ Հովհաննեսը Քրիստոսի մասին. «Ահա Քրիստոս Գառն Աստծու, որ կվերացնի աշխարհի մեղքերը» (Հովհ. Ա. 36): Քանի որ ծնունդով Հիսուս անվանեց, ինչպես հրեշտակը հուշեց Մարիամին, և Քրիստոս` օծմամբ Սուրբ Հոգու, որ իջավ Հորդանան աղավնու նմանությամբ: Սրանից հետո փորձվեց սատանայից և հաղթեց փորձողին երեք օրինակով, որովհետև քառասուն օր անսնունդ մնաց և սատանայի սնափառության, հպարտության, ագահության և ընչասիրության հաղթող ցույց տվեց մարդուն` նրա մեջ միավորելով Աստծուն: Եվս երեք տարի շրջեց և ավետարանեց երկնքի արքայությունը: Կույրերին տեսողություն շնորհեց, կաղերին ընթանալ տվեց, սրբեց բորոտներին, հալածեց դևերին, լեգեոնին անդունդ ուղարկեց, մեռելներին հարություն տվեց, այլև բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկեց, նաև բազում ուրիշ զորություններ ցույց տվեց ու մեծ հրաշքներ գործեց: Եվ չընդունեցին Նրան ու չհավատացին, ինչպես ասում է սուրբ ավետարանիչ Հովհաննեսը. «Յուրայինների մոտ եկավ, և յուրայինները Նրան չընդունեցին» (Հովհ. Ա. 11), և մարդիկ ամեն ինչով ոչնչի հետ գնացին և գտան ոչինչ:
Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս այն բանի համար եկավ չարչարվելու, որ ջնջի սատանայի զորությունը: Նա ավանակին նստած մտավ Երուսաղեմ և իր սիրելի Ղազարին չորսօրյա թաղումից ետ կոչեց. առաջ ավետարանեց դժոխքի կործանումը, դրա համար հրեաների մանուկները արմավենու ոստերով ընդառաջ ելած` երգում էին. «Ովսաննա՜ ի բարձունս, օրհնություն Դավթի որդուն, խաղաղություն երկնքում և փառք բարձունքներին» (Մատթ. ԻԱ. 9, Մարկ. ԺԱ. 10): Եվ հենց Թաբոր լեռան վրա նախապես տպավորեց իր հարության խորհուրդը` Մովսեսի ու Եղիայի վկայությամբ: Եվ գալով Երուսաղեմ Մեծ Զատիկի` հին օրինավոր տոնի օրը, երբ և՛ աշակերտների ոտքերը լվաց, և՛ սուրբ Խորհրդին հաղորդակից դարձրեց, իր մարմինն ու արյունը բաժանեց աշակերտներին. եկավ և անօրեն հրեաների ձեռքով խաչին բևեռվեց և հաստատեց մարգարեների խոսքը, որ Նրա մասին կռահելով քարոզեցին: Իսկ Նրա խաչելության պահին արեգակը խավարեց, վեմերը պատռվեցին, երկիրը շարժվեց, տաճարի վարագույրը երկու կես եղավ. և այն նույն ժամին, երբ Ադամը դրախտից ելավ, այդ նույն ժամին ավազակին դրախտ մտցրեց, նրան ասելով. «Այսօր ինձ հետ ես, դրախտում» (Ղուկ. ԻԳ. 43): Եվ մենակ իջավ դժոխքը և այնտեղից ելավ մեծ բազմությամբ. արձակեց սատանայից կապվածներին, իսկ նրան անքակ կապաններով խավարի մեջ կապեց և խավարի գանձերը ի լույս բերեց. երրորդ օրը հարություն առավ մեռելներից, նույն անապական մարմնով համբարձավ երկինք, նույն մարմնով նստեց Հոր աջ կողմը և նույն մարմնով կգա դատելու բոլոր արարածներին:
Իսկ այն ժամանակ, ո՛վ եղբայրներ, ողորմելի էին նրանք, որ մոլորությամբ խաբվել էին, բայց այժմ Քրիստոսի խաչի միջոցով բարձրացան անճառ փառքի: Իսկ ով ուրանա Նրան` մարդկանց առջև կմատնվի դժոխքի ձեռքը: Բայց դուք չկարծեք, թե քիչ են Քրիստոսի հավատացյալները, կամ շատ են ձեռակերտների երկրպագողները: Հույս ունեմ ի Տեր Հիսուս Քրիստոս, որ մեր հավատքն այնքան կբազմանա, մինչև որ առավել կտարածվի ամբողջ երկրի վրա: Իսկ դուք, սիրելինե՛րս, հաստատվեցեք այս հավատքով, որ սովորեցրի ձեզ սրտի մտերմությամբ` իբրև հարազատ եղբայրների»:
Իսկ երբ սուրբը ավարտեց այս խոսքը, Հեղադորոսը ելավ և հարցրեց նրան. «Աղաչում եմ քեզ, [ասա՛], ի՛մ տեր Կալիստրատոս, երբ մարդը վախճանվում է, ի՞նչ է լինում նրա հոգին, ո՞ւր է գնում, կամ ի՞նչ է անում, կամ ո՞ւր է բնակվում` տանջանքի՞, թե հանգստյան մեջ»:
Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Ինչպես Քրիստոս հարություն առավ մեռելներից, նույնպեսև մեզ հարկ է հառնել և լինել նրա ատյանի առաջ, և մեզնից յուրաքանչյուր ոք դատաստանի օրը պատասխան է տալու իր գործերի համեմատ` բարի և չար: Իսկ դրախտը պատրաստված է իր արժանիների համար: Երբ գալիս, հասնում է մարդու վախճանի օրը, հրեշտակները գալիս են նրա
մոտ: Երբ տեսնում են, թե մարդու հոգին արդար է` ուրախանում են, վերցնում, սաղմոսներով և օրհնությամբ տանում են դեպի արևելք և անցկացնում վեց պարունակներով, կարկուտի և ձյան շտեմարաններով, անձրևի վտակներով, բոլոր շտեմարաններով և չարության դևերի միջով, որ օդում են: Եվ նրան հանում են յոթերորդ պարունակն ու կանգնեցնում Աստծու փառքի դեմ հանդիման: Եվ նա յոթերորդ պարունակում` հաստատության ներքո երկրպագում է Աստծուն, ըստ Ժողովողի` «Մարմինը կդառնա հող, որից ստեղծվեց, և հոգին կդառնա առ Աստված, որ տվեց նրան» (Ժող. ԺԲ. 7): Եվ հոգին դարձյալ Աստծու հրեշտակների առաջնորդությամբ տեսնում է դրախտը և ըստ իր բարի գործերի` հատուցում է և զվարճանում է հանդերձյալի հույսով: Բայց առանց մարմնի չի կարող հատուցում ստանալ և այս դեպքում Աստծուն փառավորում է լուռ բերանով: Եվ կայանատեղերն հաստատության ներքո են, արեգակից վերև: Քանի որ երբ Քրիստոս մահացավ և իջավ դժոխք` հոգով ծածկեց աստվածությունը, քանի որ անբաժանելի մնաց աստվածությունը մարմնից ու հոգուց, և երբ ավերեց դժոխքը և ազատեց հոգիները, որ բանտում էին, երբ նրանց հանձնեց Հոր ձեռքը և նրանց բնակեցրեց օդում` հաստատության տակ, այնտեղ, որ վեր է սատանայի իշխանությունից և օդի չարությունից. քանի որ օդային չարությունները պատերազմում են հոգիների համար, այդ պատճառով հոգիներն ավանդվում են հրեշտակների ձեռքով և բարձրանում են ավելի վեր, քան բանսարկուի և նրա զորքի կայանները: Արդ, ինչպես բարի հոգին բարի հրեշտակների ձեռքով է ավանդվում, նույնպեսև մեղավորը` չար հրեշտակների: Բայց ոչ թե հրեշտակները չար են, քանի որ միայն բանսարկուն է չար և նրա չար կամքին հավանած դևերը, այլ չարագործ մարդկանց և աղտեղի ընթացքի համար նրանց հրեշտակները ևս չար են կոչվում: Այսպես իմացեք. մի զինվոր թագավորից ուղարկվում է բարիներին և առաքինիներին գովելու և պատվելու, իսկ չարագործներին` սպանման ու տանջանքի: Արդ միևնույն է, սրանց հրեշտակները բարի են, իսկ նրանցը չար` իրենց գործերի համար: Այդպեսև հրեշտակները բարի են ու մարդասեր, մարդասեր Աստծու կամքը կատարող պաշտոնյաներ` սուրբ և անարատ:
Իսկ երբ վախճանվում է մեղավորը, հրեշտակն առնում է նրա հոգին և տանում սգով ու տրտմությամբ, ամաչելով նրա գործերից: Այդ ժանամակ պարերգելով գալիս են օդային դևերը` պատերազմ հրահրելով և իրենց մոտ կանչելով նրան, ծափահարելով վազում են: Բայց հրեշտակը հարվածելով նրանց` հետ [է մղում], մռնչում նրանց վրա, անցկացնում նրանցից և հանում յոթերորդ պարունակը` ջրամած այդ հաստատության տակ, և նրան կանգնեցնում է Աստծու փառքի հանդեպ և ամոթով երկրպագում է Աստծու առջև, ինչպեսև գրված է սաղմոսում. «Բոլոր ազգերը, որ ստեղծեցիր, կգան երկրպագելու Քո առջև, փառավոր կանեն Քո անունը հավիտյան» (Սաղմ. ՁԵ. 9): Եվ հրեշտակի միջոցով տեսնում է դատաստանի տեղը և իր գործերի հատուցումը, և տրտմությամբ սգում է հանապազ իր անձի կորուստը, քանի որ երբ հոգին հեռանում է մարմնից, առավել իմաստնանում է և տեսնում լինելիքները` ասես աչքի առաջ: Բայց մինչև դատաստանը հոգիները ո՛չ վարձ են ընդունում, ո՛չ տանջանք: Սակայն իրենց գործերից գիտենալով, թե ինչ են ստանալու` իրենք իրենց ուրախանում կամ տրտմում են և անմռունչ ձայնով անհոգությամբ օրհնում Աստծուն:
Եվ արդարները մեծ փափագով ցանկանում են տեսնել հատուցման օրը, իսկ մեղավորները, նայելով իրենց գործերին` սգում և ողբում են, գիտենալով, թե ինչպիսի տանջանք են կրելու դատաստանի օրը: Աստծու բարերարությամբ երկու կողմին ներողամտություն և հանգիստ է պարգևված, մինչև վրեժխնդրության օրը: Բայց քրիստոնյաները մեծ հույս ունեն և մահից հետո, որովհետև ունեն ծնողներ կամ եղբայրներ, որդիներ կամ ազգակիցներ և կամ առհասարակ բարեգութ քրիստոնյաներ, որ աղոթք են մատուցում, պատարագ անում և ողորմություն տալիս և սրբերին բարեխոս ունենալով` կարող են մեծ հանգիստ ապահովել նրան, ում տանջանք էր սպասում, որ Աստված հաշտվի և ների ննջեցյալների մեղքերը Քրիստոսի զենումով, որ սուրբ սեղանի վրա կզոհվի ի փրկություն ի կենդանություն, ի քավություն կենդանիների ու մեռյալների:
Արդ, եղբայրնե՛ր, ձեր սրտում մի՛ խաբվեք, թե վախճանի պահին արդարն ընկալեց իր արդարության վարձքը և կամ մեղավորը` հատուցման դատաստանը, քանի որ ինչպես կարող է դա լինել, երբ մեր մարմիններն այստեղ են մնում և լոկ հոգին է լինում վերոհիշյալ տեղում: Քանի որ եթե հարություն չլինի, որ մեր մարմինները գերեզմանից հառնեն և կանգնեն ահավոր ատյանի առաջ և յուրաքանչյուրն ըստ իր գործի ստանա, մի՞թե հնարավոր է մեղավոր մարմնի կորչելը և միայն հոգու դատվելը: Թերևս պատճառները միանան մարմնին` հանելով մեղքի մասը. ո՛չ արդարներին հնար է վարձք ընդունել, և ո՛չ մեղավորներին տանջանք, մինչև այն օրը, որի մասին Պողոսն ասում է. «Փողը կհնչի և մեռելները հարություն կառնեն ակնթարթում» (Ա. Կոր. ԺԵ. 52): Որովհետև ինչպես մեռավ Քրիստոս և հարություն առավ անապական մարմնով, ոչ թե հարությունից հետո անապական եղավ, քավ լիցի, այլ անապական կույսից հագավ Ադամի մեղավոր մարմինը և անապականության մեջ ընկղմվեց աստվածությամբ և նույն աստվածացած մարմնով մեռավ ու հառնեց, ինչպես Երուսաղեմում սուրբ առաքյալներից ստույգ լսեց և սովորեց իմ պապ Ոկորոսը, որ և իր աչքով տեսավ Նրան խաչի վրա, և գերեզման դրվեց և թաղումից հետո հարություն առավ, և երբ եկավ աշակերտների մոտ` Վերնատուն և այնտեղ փարատեց Թովմասի թերահավատությունը` Նրան տեսավ իմ պապ Ոկորոսը և Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու իջմամբ հավատաց ու մկրտվեց սուրբ առաքյալներից: Արդ և ես նրա ավանդածից սովորեցի սա, նաև սուրբ ավետարանիչներից ու առաքյալներից և ավելի հին մարգարեներից, ինչ որ այժմ ուսուցանում եմ ձեզ. ճշմարիտ եմ ասում ի Քրիստոս և չեմ ստում, քանի որ ինչպես հարություն առավ Քրիստոս, մենք ևս կհառնենք նույն անապական մարմիններով, և կկանգնենք Քրիստոսի բեմի առաջ և կվայելենք յուրաքանչյուր գործի պտուղը` Քրիստոսի արդար և անաչառ հատուցմամբ: Այս ևս հայտնեմ ձեզ, եղբայրնե՛ր, երբ հարություն են առնում մեռելներից, այնուհետև մեղքերի քավություն կամ թողություն չկա, և ոչ բարեխոսություն, քանի որ արքայության դուռը փակվում է նրանց առջև, ովքեր այստեղ մարմնով չմտան: Իսկ այսուհետև գիտենալով այս ամենը, եղբայրնե՛ր, բարի գործերի նախանձախնդիր լինենք, շտապենք մտնել նախքան կփակվեն դռները»:
Դոմետիոսն ասաց. «Ի՞նչ ես ասում, ի՛մ տեր Կալիստրատոս: Իսկ ովքեր մեղանչում են և այս աշխարհում բնավ չեն դատվում և հատուցում չեն ստանում այստեղ, այլ բոլորն այնտե՞ղ, դատաստանի օրվա՞ն են մնում»: Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Աստված ներողամիտ է ու բազումողորմ, չի ուզում մահն այն մեղավորի, որ զղջում է իր մեղքերի համար և հայտնելով իր հանցանքները` խոստովանում և պաղատանքով ընկնում Աստծու առաջ, արտասվում է և սրտի մտոք ասում` «Աստվա՛ծ, քավիր մեղավորիս»: Այնուհետև անում է արդար դատաստանը. թեպետև բազում են մեղքերը, բայց կարող է ջնջել աղոթքի, պահքի և ողորմության միջոցով: Բարեգութն Աստված, որ անոխակալ է և ուզում է, որ ամեն մարդ ապրի և գա ճշմարտության գիտության` կների նրան: Ապա եթե մեկը բազում մեղքերով շաղախվի երկար ժամանակ, հայհոյի Աստծուն, հափշտակի և զրկի որբերին և նեղի այրիներին, սուտ երդվելով և արհամարհելով, վաշխ ու տոկոս ավելացնելով, անիրավությամբ հարստանա և կուտակի իր կորուստը, և այս ամենին շնություն և պես-պես պոռնկությունների աղտեղի պղծություն խառնի` մարդասերն Աստված, նայելով, որ նա երկարելով մնում է իր չար գործերի մեջ, այնժամ նրան կտա իր չարիքների հիշատակարանը, չարիքներից ետ չկանգնելուց հետո այդպիսի մեկի կյանքը կկորչի և կհափշտակվի, նրա մարմինը կապականվի և միայն չար գործերը վերցրած` չարորեն կելնի կենդանությունից` չթաղվելով իր երկրում: Նրա որբերը կհափշտակվեն, և նրա կյանքն անհետ կլինի: Այս է բաժինը հարստությամբ և անիրավությամբ պերճացածների, որոնք Աստծու պատվիրաններով չընթացան: Իսկ եթե աղքատ է և նույն չար ճանապարհով է ընթանում` մեղքով լի ու թշվառացած, չարաչար կտառապի իր կյանքում, և աստվածային զորությունը նրան գործակից չի լինի, քանի որ Աստված ատում է չարագործներին, որ չեն դառնում իրենց չար ճանապարհից: Այդպիսին մեծության չի հասնի և զրկված կլինի այս կյանքի բոլոր բարիքներից, այլև մարմնի հարկավոր կարիքները չեն հաջողի նրան: Եվ եթե նրա ողորմելի կյանքը երկարի, և աղոթքով չպարապի ու չգործի արդարություն` նա բոլորից եղկելի է, և իսկույն նրան կհասնեն անհնարին վիշտ ու տառապանք, անճառելի նեղություններ և այս կյանքի ոչ մի բան նրան չի հաջողվի, այլ նրան կպատահեն ցնորքներ և հոգս, նաև բազում չարչարանքներ և իժի պես կմաշեն նրա մարմինը և քարբի պես կծծեն նրա արյունը, և նա կընկնի գարշելի ցավի մեջ` ուրկության և բորոտության, կցանկանա գեթ օրվա պարեն և չի գտնի և բոլորին ատելի ու արհամարհելի կլինի, ծաղր և այպ, գարշանք ու ծանակ տեսնողների համար. որոգայթներ կլարվեն նրա դեմ, և չի իմանա, թե որտեղից կլինեն անսպասելի պատահարները: Շատերը իրենց կդավեն և անողորմ կխողխողեն ինքնիրենց անտանելի ցավերի պատճառով և նրա հիշատակը չարապես կջնջվի իր կյանքից: Այս է լինում աղքատին, երբ շաղախվի պես-պես մեղքերով և չզգուշանա Աստծու պատվիրաններից:
Բայց նաև այլ բան կա երկու կողմին, որոնք աղքատության և հարստության մեջ չարիք են գործում. եթե բարեգութն Աստված այստեղ ներում է, և երկար ժամանակ առողջությամբ և ըստ պատշաճի հաճախ հաջողություն է շնորհում ամեն կողմից. մարմնի առողջություն, հանդերի բարեբերություն, անասունների շահեկանություն, հարգանք ու մեծարանք մեծամեծներից ու փոքրերից, և բոլորովին անհոգ, երկար ու փառավոր կյանք, ծերություն` շուքով ու պատվով, փառքի ու գովեստի մեջ և երանելի վախճան, մեծ ու երևելի թաղում: Եվ արդ, ով այսպիսի կյանքի մեջ է և չի շարժվում Աստծու պատվիրաններով, որոնք լույս են և լույս են տալիս աչքերին, և ամբողջ ժամանակը վայրենությամբ ու մերժելի գործերով պղծում է ինքնիրեն, չի գոհանում Աստծուց և բարի գործերով չի փառավորում Նրան, չի ճանաչում բարիքներ տվողին, չի երկնչում Նրանից` ինչպես արժան և օրենք է, այլ չարով է հատուցում Աստծու երախտիքին և Աստծուց շնորհված բարիքը արժանի է համարում իրեն. այդպիսին չի ուրախանա, որովհետև առավել տանջվելու է գեհենում` ըստ մեծատունի, որ Աբրահամից լսեց, թե` «Քո բարիքն ընդունեցիր քո կյանքում, և մեծ վիհ է մեր և ձեր միջև» (Ղուկ. ԺԶ. 25-26): Այլև Դավիթն ասում է. «Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, յոթնապատիկ իրենց գիրկը վերադարձրո՛ւ, Տե՛ր» (Սաղ. ՀԸ. 12): Դարձյալ. «Ամբարիշտին տեսա բարձրացած Լիբանանի մայրիների նման, անցա և չկար, փնտրեցի և չգտնվեց նրա տեղը» (Սաղմ. ԼԶ. 35-36): Որովհետև. «Նրա ավարտը դժոխքի հատակին է»,- ըստ առակողի (Առակ. ԺԴ. 12). այս է բաժինը ամեն մեղավոր մարդու. թե՛ մեծատուն, թե՛ աղքատ, որ վայելում է Աստծու բարիքներից ու չի կատարում Նրա կամքը: Բայց նրանց համար ևս կան հարվածներ աշխարհի վրա. կա՛մ թշնամիների հարձակումներ, կա՛մ մահ տարաժամ, կա՛մ սով, կարկուտ կամ այլ պես-պես հարվածներ, բոլոր մարդկանց մեղքերի համար, ինչպես ջրհեղեղն ու սոդոմցիների հուրը: Քանի որ երբ մեղավորը բարկացնում է իր Արարչին, այնժամ աստվածային ցասումն է գալիս նրա վրա` իբրև մեղքերի ակամա ապաշխարություն:
Եվ արդ, քանի որ դուք նորահավատ եք և չեք կարդացել սուրբ Գիրքը, քանի որ Թագավորության գրքում կա Աքաբի և Հեզաբելի մասին, որոնք սաստիկ բարկացրին ամենքի արարիչ Աստծուն, կռապաշտությամբ զրկելով ու հափշտակելով, սպանում էին Նրա մարգարեներին, կործանում Նրա սեղանները. մնաց միայն մի մարգարե` Եղիա անունով. նախանձեց ամենակալ Աստծուն և իր աղոթքով սանձեց ամպերի բնությունը, որ անձրև չլինի, և արգելվեց երկնքի ցողը, որ երկրի վրա ի բնե բույս չերևա. քանի որ խոսքը Եղիայից ելավ և փակեց հավիտենից սահմանները, երեք տարի և վեց ամիս անձրև չեղավ, և աղբյուրները չհոսեցին, քանի որ ցամաքեցին. նվազեցին և բոլոր սողունները, չորքոտանիներն ու թռչունները, քանզի բարկացավ Տերը. և բոլոր բույսերն ու տունկերը, որ կային երկրի վրա, չորացան. կորավ աշխարհի ամբողջ վայելչությունը, երկինքը ծարավից պատռվեց մինչև խորքերը. և երկրի բոլոր իշխաններն ու մեծահարուստները սարսում էին. երկինքը հնչում էր պղնձի նման և երկիրը բառաչում երինջի պես: Եվ բոլոր կենդանիները սաստիկ սովից ակամա ապաշխարության մեջ էին. և միայն մի մարգարեի խոսքը իշխանություն ուներ այս ամենի վրա, որ շինեց Աստծու սեղանը և հուրն իջեցրեց երկնքից և կոտորեց Բահաղի սուտ մարգարեներին` ութ հարյուր հիսուն հոգու, և իջեցրեց բարկությունը. և ապա Աստծու ողորմության դուռը բացվեց աշխարհի վրա:
Այսպիսի հարվածները մարդկանց մեղքի պատճառով են լինում, որ խրատվեն, թեպետ չեն իմանում, որ Աստված, որ արդար ու հզոր է, ամբարիշտներին անմեղ չի դարձնում, բայց և անմիջապես չի կորցնում, որովհետև ողորմած է ու համբերող, ներում է մարդկանց չարիքները, որ թերևս դառնան ապաշխարության: Իսկ ովքեր չարիքի մեջ մնում են անդառնալի, նրանց կորցնում է ամբողջապես, ինչպես Ռոբովամին և Բասսային և Աքաաբին, Իսրայելի թագավորներին, որոնք ազգովին ջնջվեցին անարգությամբ: Իսկ ովքեր դառնան չարիքից և ապաշխարեն` թողություն է շնորհում` ինչպես Հուդայի թագավոր Մանասեին և Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորին: Իսկ ով նախատում է Աստծուն` Աստված կորցնում է նրան, ինչպես Ասորեստանի թագավոր Սենեքերիմին և Անտիոքոսին: Արդ, Աստված այսպես է խրատում` ոմանց այստեղ, ոմանց հանդերձյալ կյանքում: Եվ մենք, եղբայրնե՛ր, այժմ հետևենք առաքինությանը, որպեսզի փառավորվենք Քրիստոսի հետ այստեղ և հանդերձյալ կյանքում»:
Արեստոսն արձագանքեց և ասաց. «Տե՛ր իմ Կալիստրատոս, Աստված աշխարհը կործանելու է օրերի՞ հաշվով, թե՞ պատահականորեն: Եվ կամ ինչու մարդիկ մեռնում են հանկարծակի. կամ սովից, կամ ծառերից, կամ ծովի մեջ, կամ գետերի, կամ հրից կամ այլ պատահարներից մարդիկ զրկվում են կյանքից, կամ ընկերն է ընկերոջն սպանում, կամ դևից, կամ հանկարծակի մեռնում են: Արդ, երբ մարդ մեռնում է կամ մանկությանը, կամ ծերությանը` լրացած է լինում օրերի թիվը: Եվ կամ նրանք, որ ընկնում են պատերազմներում, ինչպես ահա շատերը մեր զորքերից ընկան պարսից պատերազմում»:
Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Սովորեցե՛ք և դա, եղբայրնե՛ր, որ Աստված սկզբում ասաց Ադամին` «Հող էիր և հող կդառնաս» (Ծն. Գ. 19): Եվ իսկույն մահվան հրաման եղավ բոլոր մարդկանց` ծնունդից մինչև ծերություն: Եվ ոչ թե բնությունից, ինչպես որ մյուս կարգերը կշռված են անսխալ, թե այդպես է և մահը, այլ սա միայն Աստծուց է, որ Տերն է կյանքի և մահու և ոչ թե կարգված է, ինչպես ասացի, որ բոլորը հասնեն ծերության, որովհետև բազում անգամ հայրը երիտասարդ մեռավ, իսկ որդիները խոր ծերության հասան, կամ որդիները մանուկ հասակում հայրերի առաջ մեռան, ինչպես սկզբում եղավ, որ Ադամ ապրեց ինը հարյուր երեսուն տարի, իսկ նրա որդի Սեթը` ինը հարյուր տասներկու, իսկ մյուս որդին անգամ հարյուր տարվան չհասավ և սպանվեց իր Կայեն եղբորից: Արդ, մահը սահմանված է. կան, որ երկարակյաց են լինում արդար գործերի համար, և կա, որ Աստված կրճատում է մեղքի առավելության պատճառով, կա, որին [Աստված] ողորմում է արտասուքներին և ավելացնում կյանքը, ինչպես Եզեկիային, և կա, որ այրիների ու որբերի աղոթքով է ավելացնում, և կա, որ ծնողներին` որդիների արտասուքի համար, և որդիներին` ծնողների համար ետ է դարձնում մահից: Եվ աշխարհի բազում պիտույքների համար ավելացնում և պակասեցնում է մարդկանց կյանքը: Այլև մահվան հարվածներ են գալիս մեղքերի համար. երբեմն սրով, երբեմն` հրով, երբեմն` ջրով, և այլ հարվածներով ու պես-պես ցավերով: Բայց եթե մեկը հակառակվի, թե` «Մահվան օրը չի հասել, չեմ մեռնի»,- և դրա համար հանդգնի մտնել մրրկյալ ծովը կամ վարարած գետը, կամ [արհամարհի] սարի բուքը կամ դաշտի տապը, կամ [գնա] գազաններին ընդառաջ, կամ վնասակար կերակուր համտեսի, այդպիսի մահը ո՛չ որոգայթ է և ո՛չ պատահար, այլ ինքնակամ զրկումն կյանքից: Սրանցից են համարվում և անմեղ մեռնողները: Կան մահվան այլևայլ տեսակներ` մարմնի խառնվածքից, մաղասից կամ մաղձից, արյունից կամ այլ դիպվածից ընդհատվում է կյանքը:
Արդ, ինչպես նախապես ասացի, մահը սահմանված է մարդու կյանքին տնկակից, որի համար Տերն ասաց. «Աղոթեցե՛ք, որ չմտնեք փորձության մեջ» (Ղուկ. ԻԲ. 46),- որովհետև անհրաժեշտ է ամեն ժամ անձանձիր աղոթել և ասել. «Մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից» (Մատթ. Զ. 13, Ղուկ. ԺԱ. 4),- որովհետև բազում որոգայթներ են լինում չարից. մեր ամբողջ կյանքում մահվան որոգայթ է դնում. գետերում, ծովերում, լեռներում, դաշտերում, հրի մեջ, չար մարդուց, ինքն իսկ խեղդվելով, նեղսրտությունից` ինչպես Հուդասը և Ագիտոփելը: Եվ մահվան բազում այլ որոգայթներ է դնում մարդկանց. լինում է և մահ, երբ բռնվում է օրհաս: Բայց պետք է հանապազ աղոթել Աստծուն, որ պահի չար պատահարներից և բարի վախճան շնորհի:
Կան և այլ [կարգի] մահեր. միամիտ` քար է ընկնում պատից, կամ մարդն ընկնում է ծառից կամ ձիուց, կամ եզն է հարվածում, կամ ընկնում է սուսերի վրա, կամ գազանի է պատահում, կամ օձն է կծում, չար պատահար է լինում: Սա լինում է այն պատճառով, որ մարդ հպարտանում է իր զորությամբ, և Աստված դադարեցնում է իր օգնությունը, և նա, ծաղրալից լինելով, պատահում է ամեն տեսակ մահաբեր որոգայթի: Դրա համար պետք է արթուն մնալ և աղաչել Աստծուն, քանի որ ով աղաչի Աստծուն ամբողջ սրտով` որոգայթը նրան բարիքի պատճառ կլինի, ըստ Պողոսի, թե` «Փորձության մեջ և ելքը կտա, թե համբերել կարողանանք» (Ա. Կորնթ. Ժ. 13): Արդ, անգիտության դեպքում կա և սատանայի նախատեսությունը, բայց նա քիչ գիտե մարդու մահվան ժամը. թեպետև գիտե` մնում է հանապազ մարդու չարի մեջ: Եվ եթե Աստծու ողորմությունը ամեն մարդու չհասներ [սատանան] կկորցներ բոլորին առհասարակ: Դրա համար Տերն ասում է. «Զգո՛ւյշ եղեք, թերևս ձեր սրտերը ծանրանան շվայտությամբ, արբեցությամբ և աշխարհական ոգով, և հանկարծակի ձեզ կհասնի այն օրը, որ որոգայթի պես հասնելու է բոլորի վրա, որ բնակվում են ամբողջ երկրի երեսին: Արթուն կացեք և ամեն ժամ աղոթեցեք, որ արժանի լինեք ազատվելու այն ամենից, որ պատահելու է և լինելու մարդու որդու առաջ» (Ղուկ. ԻԱ. 34): Իսկ պատերազմի մահը հայտնի է և ոչ ծածուկ, որովհետև յուրաքանչյուրը, որ սուր է առնում և գնում պատերազմ` կա՛մ սպանում է, կա՛մ մեռնում, իսկ եթե ողջ է մնում` Աստծու նախախնամությամբ է լինում:
Արդ, մարդու կյանքի ամեն մի ժամանակը օրհաս է, և ամեն որոգայթ դիպչում է նրան իր կենդանության օրոք: Եվ եթե մարդը խոնարհվի և ընկնի Աստծու առաջ` կփրկվի դրանցից, որովհետև թեպետև մարմինն իրենն է պահանջում, բայց հոգին ուրախությամբ գնում է իր արարչի մոտ, ինչպես որ վերևում ասացի:
Բայց մենք, եղբայրնե՛ր, հաստատուն մնանք, քանի որ, հավատում ենք Քրիստոսին, որ Նրա հույսով կհաղթահարենք բանսարկուի բոլոր հնարագիտությունները և կստանանք հաղթության նշանակ: Լսեցե՛ք ինձ, եղբայրնե՛ր իմ, եթե պատահի, որ ես ավելի շուտ մահանամ, քանի որ դուք հավատարիմ եք, ուզում եմ, որ գիտենաք` սատանան բազում անգամ մարտնչեց իմ դեմ մանկությունից սկսած, բայց հույսս Տերն է, որ այժմ կհաղթահարեմ, որովհետև ես շատ ողորմություն եմ տվել, պերճանում էի, կարծես ամբողջ արքայությունն էի ստացել: Որովհետև երբ մարդ ողորմություն է անում, չի ասում` որտեղից տվեց ինձ Աստված, այնտեղից եմ մատուցում, այլ իբրև թե ինքն է տալիս` հպարտանում է, ասելով` Մեծ գործ կատարեցի: Մանավանդ որ հրաման ունենք դեղ տանել աղքատներին, բայց մենք այնպես տանք, որ վերցնի աջը, ձախը չիմանա. այսինքն բարիի կողմի արգասիքը ձախակողմյան բանսարկուն չկողոպտի: Իսկ դուք զգո՛ւյշ եղեք, սիրելինե՛ր, որովհետև այս ամենը բանսարկուից է, որ հակառակ է ամեն բարիքի, քանզի բազում անգամ աշխատեց գողանալ իմ միտքը. երբ տեսնում էր, որ արտասուքով աղաչում էի Աստծուն օգնելու ինձ` զբաղեցնում էր միտքս, այնժամ հուզելով կյանքի բոլոր հոգսերը` հիշեցնում էր ինձ և հորդորում էր հորանջել: Իսկ ես արհամարհում էի նրան, որի համար ընդդիմացողը չկարողացավ գողանալ, քանի որ ոչ միայն եկեղեցում սաղմոսողներին ու աղոթողներին է հաշվում Աստված, այլև ոտքերի քայլերը և գարշապարների հետքերը նրանց, որ ամբողջ հավատով մտնում են Աստծու տաճարը: Եվ ինչոր մարդ կամենում է խնդրել` Նա գիտե նախապես և շնորհում է խնդրածները, որ իր կամքի համաձայն են լինում. եթե մի տեղ կա մարդ, որ ծունր կդնի և իր բոլոր սրտով կխնդրի` Աստված լսում է և տալու է և շնորհում է խնդրվածները, քանի որ եթե ասես` Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, գիտե` ինչպես ասացիր և ճանաչում է ձայնի կերպը: Ուրեմն, սիրելինե՛ր, թշնամին ոչինչ չի շահում, երբ ուզում է հափշտակել մեր միտքը, բայց բազմապիսի խորհուրդներ է հանում աղոթքի դեմ: Իսկ սա մարդկանցից ո՞վ չգիտե, որ մարդս անդանդաղ է մեղքի մեջ ու անաշխատ և փութաջան` հանցանք գործելիս, և աղոթելիս թուլանալով ծուլանում և տկարանում, ձանձրանալով նիրհում է և կարծում է, թե դա բնական կիրքն է, և ոչ բանսարկուի գյուտը: Բայց իմացեք սա, եղբայրնե՛ր, որ այդ ամենը չարի ազդմունք է, որից պետք է փախչել և ուշադիր մտերմությամբ փառավորել Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և ամեն ինչ դրանց մեջ»:
Լյուսիմաքոսն ասաց. «Արդարև՞, տե՛ր իմ Կալիստրատոս, երկինքն ու երկիրը, ծովը, լուսինն ու աստղերը Աստված ստեղծեց»: Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Ձեզ չասացի՞, թե մինչդեռ սովորում կամ աղոթում եք` նիրհում եք. չընկալեցիք պատասխանս եղբայր Բեմարքոսի հարցին, բայց ահա դո՛ւք ասացեք, ի՛նչպես սովորեցիք ձեր հայրերից, կամ ի՛նչպես էիք երկրպագում ձեռակերտներին, որոնց աստվածներ էիք անվանում»:
Միաբերան պատասխանեցին և ասացին. «Մենք այսպես ենք սովորել. երկինքը ինքնիրեն եղել է, նույնպեսև երկիրը, իսկ արեգակը աստվածների աստվածն է, որովհետև նա է լույս տալիս. աստղերը աստվածների պատկերներն են»:
Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Այդ ևս սովորեցե՛ք, եղբայրնե՛ր, որ սատանան ձեզ չգայթակղեցնի. այս ամենը, որ տեսանելի են` երկնավորի, միակի, անսկզբի, անեղի, սուրբ Երրորդության և միակ աստվածության ստեղծածն է. Նա հիմնեց երկինքն ու երկիրը, երկինքը ձգեց որպես խորան և պրկեց փեղկերի նման, և ջրահարկ բոլորածիրի հաստատությունը հիմնեց իր խոսքով` կամարաձև` գնդի նման` և երկիրը ջրերի վրա կանգնեցրեց, իսկ ջրերը ոչնչի վրա, այդ պատճառով երկիրը դողում և սարսում է, քանի որ այդ հաստատության պատռվածքը Օվկիանոսի հորձանքների անհուն լայնության վրա է, որ իրենով պահում է բոլոր` վերին ու ներքին տարրերը: Նմանապես և աստղերը` ստեղծեց և դրեց կամարաձև հաստատության վրա` գիշերը լուսավորելու համար: Իսկ արեգակը անդադար մի հրամանով կատարում է իր ընթացքը, քանի որ ելնում է արևելյան դռան կողմից, անիվի պես թավալվելով գնում է հարավ, մինչև գալիս հասնում է արևմուտք և մտնում է արևմուտքի դռնից: Այնուհետև խավար է տիրում ամբողջ երկրի վրա` գիշեր սփռելով: Եվ մտնելով հարավի անհուն փականքի տակ` ներքին հաստատության մոտ` գնում է դեպի աջ, մինչև գալիս հասնում է արևելքի դուռը, և արևի լույսը ծածկում է խավարը: Այսպես և լուսինը նույն օրինակով կատարում է իր ընթացքը. աճում և պակասում է` մոտենալով արեգակին և հեռանալով երեսնօրյա ժամանակում:
Ի՞նչպես է ճշմարիտ ձեր ուսումը, թե արեգակն աստված է: Եթե աստված էր, ինչո՞ւ էր հնազանդվում հրամանին և ծառայում մեզ, կամ ինչու է ընկել կարիքի մեջ` երբեմն ամպով է ծածկվում, երբեմն խավարում է: Նմանապես և լուսինը, նույնպեսև աստղերը, ընթացքը կատարում են ըստ հրամանի. նույն կերպ շարժվում են արևելքից, գնում են մինչև արևմուտք, դառնում հյուսիսի աջ կողմը, չմտնելով երկնքի դռնից, այլ հաստատության վրա շրջելով` ամբողջ ընթացքը ցերեկը կատարում են յուրաքանչյուրն ըստ կարգի, մինչև հասնում են արևելքից դեպի հարավ, որով մեզ երևում են նրանց անցած շավիղները:
Բայց շատերը, որոնց խոսքերը դատարկ են, առասպելաբանելով երկնքի ոլորտի մասին, ասում են թե` «Շրջանաձև է, քանի որ հաստատությունն անշարժ է, և աստղերից շատերը շրջանաձև են ընթանում, իսկ մի մասը տեղակայված` իրենցով շրջեցնում են [մնացյալ] աստղերը, ինչպես հյուսիսային աստղերն են», -որ ոմանք Արքտորոս են կոչում, իսկ ոմանք Հեփտասագրոն, իսկ երկրագործները` Սայլ, իսկ նավավարները` Բազմույթ, քանի որ սրանք ընթանալիս չեն այլափոխվում, այլ շրջանակվում են: Բայց այլ աստղեր, ունենալով իրենց ժամանակը` կատարում են ընթացքը, ինչպես Արուսյակն ու Մաղարովթը, Ալավսունքն ու Հայկը, յուրաքանչյուրն իր ժամանակին է ծառայում, ինչպես կարգվեցին, ինչպեսև գրված է. «Լուսինն ու աստղերը, որոնք Դու հաստատեցիր» (Սաղմ. Ը. 4): Իսկ որ մարգարեն հաստատություն է ասում, ոչ թե անշարժության պատճառով է, այլ կոչում է հաստումն, որովհետև իրենց Աստծու առաջև անսխալ ծառայում են անհաղթ հրամանին [հնազանդ]:
Եվ այժմ, եղբայրներ իմ, մի կողմ թողեք ունայն վարդապետությունը, որովհետև բոլոր արարածներին Աստված ստեղծեց և միայն մարդուն պատվեց իր պատկերով, և ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ. և պետք է մարդը ճանաչի Նրան, որովհետև իր համար ստեղծվեցին բոլոր արարածները ոչնչից, իր համար է արեգակը անսխալ կատարում հրամանը, և լուսինն իր ընթացքը` ըստ Նրա հրամանի, իր համար կարգվեցին աստղերի բույլերը, որոնց ունայնամիտներն աստված անվանեցին և նրանց վրա կենդանու անուններ դրեցին, ինչպես Խոյն ու Ցուլը, Այծեղջյուրն ու Կույսը, Լուծը և սրանց նմանները, ուստի հարցնում են և խոստանում նրանցից ստանալ լիություն և սով, այլև ասում են մարդկանց բախտն ու կյանքի սահմանը նրանցով է լինում, որպեսզի սնոտի խոսքերով խաբեն մարդկանց: Մինչդեռ դրանք կարգված են իբրև ժամանակների հայտնիչ և ծովում նավորդների ճանապարհի նշաններ:
Գետերն ու աղբյուրները և ամեն ծաղիկ, խոտ ու տունկ Բանը երևացրեց երկրի վրա, և միայն մարդը երկրի վրա պատվվեց անմահ և բարերար Աստծու` իր արարչի պատկերով: Բայց հավատալով խաբկանքին` ընկավ մեղքի տակ և եղավ մահկանացու և [խաբվեց] չարաբարո հեթանոսներից` սուտ և անմիտ փաղաքշանքներով: Եվ արդ, եղբայրնե՛ր, մեծ ջանք է պետք այս երկրի վրա, որ մարդ կարողանա ապրել: Բայց մենք ճգնենք վերցնել հաղթության նշանը այս պատերազմում, որ բանսարկուի կռիվն է և քաջաբար ընդդիմանանք չար մարտնչողին և անօրեն գոռոզին հաղթող լինենք, և նա կպարտվի մեզնից անկանգնելի բեկումով, իսկ մենք, ազատվելով այս կյանքի խաբեությունից, անթառամ փառքի պսակն ընդունենք մեր Տիրոջից ու փրկչից` Հիսուս Քրիստոսից, որին փառք, հավիտյանս հավիտենից. ամեն»:
Երբ այս ասաց, դադարեց խոսելուց, քանի որ արդեն երեկո էր, և ամբողջ գիշերը աղոթեց մինչև առավոտ: Բայց կար մեկը` ատենադպիր, բանտին մոտ լինելով, ուշք դարձնելով սուրբ Կալիստրատոսի խոսքերին և սղագրելով մագաղաթի վրա` տվեց մեզ, և մենք ճշմարտապես կարգեցինք այս խորհրդի պատմությունը: Իսկ առավոտյան զորավար Պրեսինտինոսը նստեց դատաստանի աթոռին, հրամայեց նրանց բերել իր առաջ: Եվ նրանց բերին մեծ հրապարակը, ուր կանգնեցրած էին բազում կուռքերի արձաններ: Այնտեղ հավաքվեցին նա, զորքի գլխավորներն ու բոլոր զորականները: Զորավարն ասաց. «Կալիստրատո՛ս, ինչպե՞ս է, որ համոզեցիր քեզ և թագավորի զորքից քո հրապուրածներին, որ զոհ մատուցեք աստվածներին և ազատվեք տանջանքներից»: Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Ես իմ մասին ունեմ այս հաստատ պատասխանը, որ ինձ ոչինչ չի համոզի հեռանալու իմ հույս Քրիստոսից, իսկ ինչ վերաբերում է սրանց` հենց իրենք չափահաս են, իրենց հարցրու»: Զորավարն ասաց. «Դուք ի՞նչ եք ասում, որ խաբվելով հավատացիք այդ շաղակրատին»: Պատասխանելով ասացին. «Ո՛վ անարժան և անամոթ, եթե կամենում ես մեզ ունենալ գնդի կազմում, չենք ընդդիմանա, իսկ մեր պաշտամունքի համար` հավատում ենք երկնքի ու երկրի Թագավորին և բոլորի Աստծուն, և Նրա ծնունդ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն, որովհետև Նա երեքանձնյա Աստված է, Երրորդություն և մի աստվածություն և մի զորություն, այն անարատին և իմաստունին, որ Էն և Է և կա հավիտյան, ինչպես մեզ սովորեցրեց մեր ուսուցիչ Կալիստրատոսը»:
Եվ նա հրամայեց տանջել նրանց դալար ճյուղերով: Տանջելուց հետո հրամայեց կապել նրանց ոտքերն ու ձեռքերը և բոլորին քարշ տալ ծովափ և ասաց նրանց. «Զոհ մատուցեցեք աստվածներին, եթե ոչ կխեղդվեք այդ ջրում»: Նրանք ասացին. «Մենք հավատում ենք ճշմարիտ Աստծուն, դու ինչ ուզում ես արա՛»: Իսկ երբ պատրաստվեցին ընկնելու մեծ ծովը, որի անունը Օվկիանոս էր, սուրբ Կալիստրատոսն սկսեց աղոթել, ասելով. «Աստվա՛ծ հավիտենական, որ անհասդ ես և ամենակալ, որ հաստատեցիր երկինքը Քո աթոռի իշխանություն` հավիտյան անշարժ, իսկ երկիրը Քո ոտքերի պատվանդան, նայի՛ր այս հոտիս և եղի՛ր մեզ հետ և ազատի՛ր մեզ ապականությունից և այս ջրերը շնորհի՛ր սրանց վերստին ծնունդի մկրտության համար. արժանի՛ արա հավիտենական և սուրբ լվացումով լվացվելու, ի բաց մերժելու հին մարդու ունայնությունը և բաժին ստանալու Քո խաչի համար չարչարվողների հետ: Պարգևի՛ր մեզ, Տե՛ր, հասնելու Քո շտեմարանը այս լվացվելով, Քո Սուրբ Հոգու գործակցությունը բերելով այս ջրերի մեջ, քանի որ փառավորված է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունը, հավիտյանս հավիտենից. ամեն»:
Իսկ երբ բոլորը միաբան ասացին` «Ամեն»,- նրանց կապած գցեցին ջուրը և անմիջապես քանդվեցին սրբերի կապանքները, ջրերի վրայով գնալով ցամաք ելան` պայծառացած Սուրբ Հոգու շնորհներով: Երբ ջրից ելան` երկնքից ձայն եկավ և ասաց. «Քաջալերվեցե՛ք, սիրելիներ Իմ, որովհետև ես ձեզ հետ եմ, ուրա՛խ եղեք, զի ահա տեղ պատրաստեցի ձեզ Իմ արքայության մեջ, ցնծացե՛ք, որովհետև ձեր անունները գրեցի կյանքի` Իմ դպրության մեջ»: Եվ ահագին որոտմունք ու մեծ շարժում եղավ, այնպես որ կուռքերի արձաններն ընկան և փշրվեցին: Իսկ երբ տեսանք լույսը, որ ծագեց սրբերի վրա և լսեցինք երանավետ ձայնը, կուռքերի շարժումն ու խորտակումը, հավատացինք հինգ հարյուր հինգ զորականներին:
Այնժամ Պրեսինտինոսը մեծ երկյուղով բռնվեց և հրամայեց նրանց տանել բանտ: Երբ մտան բանտ, սուրբ Կալիստրատոսը դարձյալ ուսուցանում էր նրանց ու ասում. «Եղբայրնե՛ր, ահավասիկ Տերը մեզ կանչեց Իր մոտ: Եվ քանի որ ես իմ մանկությունից ընդունեցի մկրտությունը, իսկ ձեզ հիմա կանչեց, այժմ եկեք աղոթենք»: Եվ բարձրացրեց իր ձեռքերը, ասելով. «Տե՛ր, Տե՛ր, որքան սքանչելի է Քո անունը հավիտյան, որ առաջ քան ամբողջ անսահմանը Քո խոսքով հաստատեցիր ամբողջը: [Դո՛ւ], որ անապական և աներևույթ գանձերի Տերն ես, պահի՛ր այս հոտս` ազատելով առյուծի բերանից և սրանց հասցրու հավիտենական փրկության, մեզ արժանի արա՛ վախճանվելու Քո խոստովանությամբ, փրկի՛ր մեզ այս մեղսասեր կյանքից` անբիծ և անարատ, մեզ նեղ դռնով մտցրո՛ւ թագավորական տաճարը, որ սուրբ անհանգիստ ձայներով օրհնենք ամենօրհնյալ անունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ»:
Իսկ անօրեն և ամբարիշտ զորավար Պրեսինտինոսը խորհեց Վերոնի Փողարի հետ և ուղարկեց բանտ, և կոտորեց նրանց: Եվ Քրիստոսի զորականները թվով հիսուն էին: Եվ սրբերը նահատակվեցին Հոռի ամսի քսանյոթին: Իսկ մենք` զինվորներս, որ հավատացինք սքանչելի տեսիլքին և մկրտվեցինք հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, գիշերով գաղտնի եկանք, վերցրինք սրբերի նշխարները և դրինք վայելուչ տեղ: Որի համար Տերը մեզ արժանի արեց Հռոմում եկեղեցի հիմնելու սրբերի անունով: Եվ սուրբ Կալիստրատոսի անունով կառուցեցինք մեղավորների քավարան և հրեշտակների ու մարդկանց միաբանության ժողովատեղի` ի փառաբանություն և երկրպագություն ամենասուրբ Երրորդությանը` Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.