Դիոկղետիանոս թագավորի տասնիններորդ և հալածանքների առաջին տարում, սա ստեղծեց յոթանասուն ոսկե արձան, և արուներից մեծ աստված կոչեց Ապողոնին, իսկ էգերից` Աստղիկին: Եվ իր թագավորության մեջ հրաման տվեց, թե` «Նրանք են աստվածները, որ ստեղծեցին երկինքն ու երկիրը, և ով սրանց հնազանդվի` կապրի և բազում պարգևներ կստանա, իսկ ով չհնազանդվի Աստծուն զոհ մատուցել և երկրպագել` կտանջվի չարաչար տանջանքով, որովհետև արհամարհում է իմ հրամանը»:
Այնժամ Դիոկղետիանոսը կուռքերը տվեց չորս առավել պատվավոր զինվորների, որ ուներ արքունիքում: Նրանց անուններն են Բասոս, Եվսեբիոս, Եվտիքոս, Բասիլիոս: Սրանց տվեց, որ պահեն: Եվ սրանք տարան Բասիլիոսի տունը` պահելու, և այնտեղ էին երեք ամիս: Երբ անաստված Դիոկղետիանոսը կամենում էր [աստվածներին] զոհ մատուցել և երկրպագել քուրմերին, հրամայում էր կուռքերը բերել հրապարակ: Քուրմերը բերում էին դրանք, սրբում վրայի փոշիները, մաքրում և շողացնում էին և այլ պես–պես պաճուճանքներ անում, քարոզ էին կարդում, ասելով. «Սրանք են աստվածները, որ ապրեցնում են ամբողջ աշխարհը»: Եվ բոլոր ազգերին մեծ սարսափ էին պատճառում: Եվ երբ թագավորը տեսնում է կուռքերը` արագ ընկնելով երկրպագում է նրանց, ծիրանին դնելով նրանց ոտքերի տակ` զոհ մատուցում և ասում. «Սրանք են աստվածները, որ ապրեցնում են մեզ»:
Երբ սա այսպես եղավ, հանկարծակի մոտեցավ եպիսկոպոսը, որի անունը Թեոպոնթոս էր, որ առաջ կրել էր հալածանքներ, ասաց Դիոկղետիանոս թագավորին. «Իմացի՛ր, թագավո՛ր, որ դրանք աստված չեն, այլ ոսկի և արծաթ, փայտ և քար, մարդկանց ձեռքի գործ. ունեն աչք, և չեն տեսնում, ունեն ականջներ և չեն լսում, ունեն ձեռքեր և չեն շոշափում, ունեն ոտքեր և չեն ընթանում: Ձեռքի գործեր մարդկանց` հյուսնի, ոսկերչի, արձանագործի, և չեն կարող որևէ մեկին չարիք կամ բարիք պատճառել: Այլ է կենդանի և ճշմարիտ Աստված` երկնքի, երկրի և ծովի և դրանց մեջ եղած [ամեն ինչի] արարիչ, աներևույթ և անհաս, որ մնում է հավիտյանս հավիտենից: Նա երկինքն ու երկիրն ստեղծեց իր Խոսքով, Նա մեզ շնորհեց կենդանության շունչ. Նրան պետք է երկրպագել և երկյուղ կրել Նրանից, [ինչպեսև] Իր միածին Որդուց` մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որով ստեղծեց արարածներիս. Նա է ճշմարիտ Աստված: Քանի որ հոգ տանելով մարդկանց փրկության մասին, Իր միածին Որդի և մեր Տեր Հիսուս Քրիստոսին առաքեց, որ մեզ ազատի աշխարհիս մոլորությունից, և Նա եկավ մեզ փրկեց, Ինքնիրեն մատնեց մեզ համար` ներողամիտ և բազումողորմ: Արդ, պարտավոր ենք Նրան ճանաչել և գոհանալ, գիտենալով Նրա համբերատարությունը, քանզի Նա է Աստված: Իսկ սրանք, որ դուք աստված եք կոչում, սին են, որովհետև հալչում են հրով և ապականվում, և եթե ինձ իշխանություն տաս սրանց վրա` կտեսնես դրանց ոչնչությունը»:
Թագավորը բարկանալով ասաց նրան. «Ի՞նչ դիրքի ես, որ հանդգնում ես այդպես խոսել»: Երանելին պատասխանելով ասաց. «Քրիստոնյա եմ և Աստծու երկյուղած»: Թագավորն ասաց. «Քրիստոնյա՞ ես, թե նաև եպիսկոպոս»: Երանելին պատասխանեց. «Քրիստոնյա եմ և եպիսկոպոս և այժմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, հավիտենականի և անապականի լավագույն եպիսկոպոսության ցանկացող: Որովհետև այս աշխարհիս եպիսկոպոսությունը ժամանակավոր է, իսկ որին հույս ենք տածում` անանց է: Եվ երանելի է այն մարդը, որ իր կյանքը անբիծ է վարել այս աշխարհում և եպիսկոպոսության պարծանք կստանա հանդերձյալ աշխարհում»:
Թագավորն ասաց նրան. «Դու կանչված ես, ոչ թե հակաճառելու, այլ հավանության համար, զոհ մատուցելու Աստծուն, մանավանդ մեծն Ապողոնին, որ կարող է քեզ փրկություն շնորհել: Այժմ իմացիր` եթե այդ անես ինձնից նվերներ ու պարգևներ կստանաս, քանի որ ինչպես կարող եմ մեծապես պատվել իմ պատվիրաններին հետևողներին, նույնպեսև տանջել ընդդիմացողներին: Այժմ խնայիր քեզ, ազատվիր տանջանքներից, զոհ մատուցելով, իսկ եթե ոչ` խիստ ընդդիմանաս, ինձ կստիպես վճիռ կայացնել քո դեմ»:
Եպիսկոպոսն ասաց. «Իմացիր, թագավոր, որ այս աստվածներին չեմ պաշտի և զոհ չեմ մատուցի, քանի որ աստվածներ չեն և քո տանջանքների, խոշտանգումների և կտտանքի համար բնավ չեմ հոգ տանի հանուն իմ Տիրոջ սիրու, քանի որ գրված է. «Մի՛ վախեցեք մարմինն սպանողներից, որ չեն կարող սպանել հոգին» (Մատթ. Ժ. 28): Արդ, իմ մարմնի վրա իշխանություն ունես` ինչպես ուզում ես վարվիր դրա հետ, քանի որ պատրաստ եմ համբերել ամեն տանջանքի, որ կտաս ինձ, մինչև որ խափանեմ քո հայր սատանայի բոլոր խորհուրդները, խոստովանելով իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունը: Եվ ես կլինեմ այժմյան հալածանքների առաջին վկան, և իմ արիության համբերությունը կհամոզի նրանց, ովքեր կամենան ինձ հետ պատերազմել այս հավատի համար և հոժարությամբ կվկայեն իրենց փրկությունը` մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Որի համար եթե ուզում ես ինձ տանջել մի ամբողջ ամիս կամ ամբողջ տարի` պատրաստ եմ քո բոլոր տանջանքները հանձն առնել, որ ամեն օր կպատճառես ինձ, և չեմ վախենա այս հավատքի համար պատերազմելուց, այլ Աստծու զորությամբ կհաղթահարեմ քեզ և տանջանքները»:
Այնժամ բարկացավ Դիոկղետիանոս թագավորը և հրամայեց հնոցի մեջ գցել նրան: Իսկ անօրեն զորականները այգաբացից մինչև ժամը ինը պատրաստեցին հնոցը: Եվ հնոցը առավել խիստ բորբոքվեց: Մինչև հնոցը գցելը երանելի եպիսկոպոսն ասաց զորականներին. «Այժմ կտեսնեք իմ Քրիստոսի զորությունը, որովհետև սա ինձ պատճառվում է Նրա անվան համար»: Այս ասելով իրեն նետեց հնոցի մեջ` բոլոր զորականների և ամբողջ բազմության աչքի առաջ և հնոցի մեջ փառավորում էր Աստծուն: Իսկ զորականները նրան մեռած համարելով գնացին:
Կեսգիշերին մոտ երանելին կանգնեց հնոցի մեջ, աղոթեց և ասաց. «Հա՛յր մեր Տեր Հիսուս Քրիստոսի, այս տանջանքը հանձն եմ առնում Քո անվան համար. որպեսզի բոլորը, որ կուզեն վկայել ինձ հետ, զորանան նշանների երևալով: Այո՛, Աստվա՛ծ իմ, նաև ցույց տուր այս անօրենին, որ ոչինչ չի կարող անել»:
Երանելի եպիսկոպոսն այս ասաց հնոցի մեջ, և ահա լույս երևաց և առաջնորդում էր նրան, տանելով այնտեղ, ուր թագավորը քնած էր: Կանգնելով դռան առաջ` բացեց, միաժամանակ բացվեցին և մյուս դռները. լույսը նրան առաջնորդում էր, տարավ մինչև թագավորի սենյակը, արթնացրեց նրան և ասաց. «Թագավո՛ր, ճանաչո՞ւմ ես ինձ, ես Աստծու մարդ Թեոպոնթոսն եմ, չմեռա, այլ կամ»: Այնժամ թագավորը լսեց, խիստ վրդովվեց: Երբ լույսը բացվեց, թագավորը հրամայեց բերել զորականներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ ինձնից դատապարտված քրիստոնյային չգցեցիք հնոցը. արհամարհո՞ւմ եք իմ հրամանը»: Զորականները պատասխանեցին ասելով. «Թագավո՛ր, հավիտյան կաց. այն մարդը երեկ բոլորախարշ սատկեց»:
Այնժամ մոլեգնած թագավորը եկավ հնոցի մոտ, մոտեցավ` լսում էին նրա օրհնությունը, հնոցի մեջ նրա օրհնելը Աստծուն: Եվ երբ երանելի եպիսկոպոսը տեսավ թագավորին ու զորականներին, ելավ հնոցից, կանգնեց թագավորի առջև և ասաց. «Ահավասիկ ես եմ, մարդն Աստծու, չմեռա, այլ կամ, որպեսզի իմ Աստծու զորությունը հայտնվի ինձնով»:
Դիոկղետիանոս թագավորը լսեց և ավելի վրդովվեց, ասաց. «Տեսնո՞ւմ եք քրիստոնյաների կախարդության զորությունը. լսում եմ, թե կախարդության գործը Քրիստոսի անվամբ են կատարում, դրա համար և հաջողվում է նրանց»: Ցանկանալով իմանալ զարմանալի եղելությունների զորությունը` հրամայեց շուն բռնել և գցել հնոցը. շունն անմիջապես այրվեց, այն դեպքում, որ հնոցը բորբոքելու երկրորդ օրն էր:
Թագավորը տեսավ, զարմացավ և ասաց նրան. «Այսուհետև քեզ ճանաչեցինք կախարդ, քեզ հետ կվարվենք իբրև անօրենի: Նրան հանձնեց չորս զինվորների, որոնց մոտ էին պահված աստվածները, հրամայեց նրան գցել մի տուն, արգելափակել և հաց ու ջուր չտալ, մինչև ինքը կհրամայի նրան բերել իր առջև: Այնժամ երանելի եպիսկոպոսը քսաներկու օր փակված մնաց, որևէ բան չճաշակեց, իսկ քսաներեքերորդ օրը գիշերով ելավ, աղոթեց և ասաց. «Լսիր ինձ, Տեր, որ մշտապես լսում ես նեղության մեջ Քեզ դիմողներին, նկատող աչք, որ իմանում ես բոլորի սրտերը, ովքեր փնտրում են Քեզ ամբողջ սրտով. կյանքի աղբյուր, որ արբեցնում ես բոլոր ծարավներին, ովքեր խնդրում են Քեզ. ճանապարհդ արդարության, որ լուսավորեցիր շատ շատերին, որը մարդկանցից ոմանք չիմացան: Հայր մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որի համար կրում եմ այս նեղությունները, լուսավորիր ինձ, Տեր, քաղցր զորությամբ, որին ձգտում եմ ամբողջ իմ սրտով, աղաչում եմ, որ յուրաքանչյուրը, ով կլսի իմ խոսքը` զորանա պատերազմելու այս հավատքի համար»: Երբ երանելին այս ասաց, կեսգիշերին տան հիմքերը սասանվեցին, և ամբողջ տունը լուսավորվեց, քանի որ Տեր Հիսուս Քրիստոսը շնորհներով լի գեղեցիկ մանկան նմանվելով երևաց նրան և ասաց. «Խաղաղություն քեզ, Թեոպոնթոս, մի՛ երկնչիր, քանի որ քեզ հետ եմ և կզորացնեմ քեզ մինչև ավարտես քեզ համար սահմանվածը»: Եվ բոլորը, որ տան մեջ էին, հուզվեցին մեծ երկյուղից, երբ այգը բացվեց, հիշեցին եղած մեծ սքանչելիքը և ասացին. «Արդյոք ի՛նչ է սրա այս մեծ ազգը»: Եվ քսաներեքերորդ օրը թագավորն ուզեց իմանալ` կենդանի է քրիստոնյան, թե մեռած:
Այնժամ բացին դռները, գտան նրան իբրև մարդու` առատ գինուց ուրախացած շնորհներով, որ նրան ղեկավարում էին: Նրան բռնեցին, տարան թագավորի մոտ: Երբ թագավորը տեսավ նրան, զարմանքից ապշեց, բռնեց իր հանդերձը, պատռեց և ասաց. «Տեսնո՞ւմ եք քրիստոնյաների կախարդության զորությունը»: Երանելի եպիսկոպոսը պատասխանելով նրան ասաց. «Մինչև ե՛րբ պիտի խավարեցնես քո սիրտը, չուզելով իմանալ իմ Աստծու սքանչելիքը, որի համար այսպես չարչարվում եմ. Նա է, որ ինձ զորություն է տալիս, և բոլորին, որ ուղիղ սիրտ ունեն Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ, հաղթելու քեզ, քո [պատճառած] տանջանքներին և քո հայր սատանային»: Այնժամ անօրեն Դիոկղետիանոսը մոլեգնելով ասաց նրան. «Ո՞վ է Հիսուս: Ուզո՞ւմ ես չարաչար մեռնել. իմացիր, որ Հիսուսը չի կարող քեզ փրկել, թեպետ կախարդությունդ նրանով ես անում: Բայց եթե զոհ մատուցես մեծ աստված Ապողոնին` կարող է քեզ փրկել»: Եվ երանելի եպիսկոպոսը պատասխանեց. «Չեմ զոհի, քանի որ քո կոչած Ապողոն անունը կորուստ է, դրա համար ամենքը, որ հավատան նրան` հավիտյան կկորչեն»: Թագավորը բարկանալով հրամայեց փորել նրա աջ աչքը և դնել աջ ձեռքի մեջ և դրանից հետո բանտ նետել: Երբ մտավ բանտ, դարձյալ սովորության համաձայն կեսգիշերին աղոթեց և ասաց. «Լսի՛ր ինձ, Տե՛ր Հիսուս, Քո գթությամբ ներողամիտ եղիր իմ նկատմամբ, Տեր իմ, որ բազում անձինք հավատան Քեզ` իմ նկատմամբ կատարվող Քո զորություններով: Քանի որ ես այժմյան հալածանքների առաջին վկան եմ, և այս նշանները կխոսեն ամբողջ երկրում, լուսավորելով բազում մարդկանց Քո զորությամբ»:
Երբ այս աղոթքը արեց, բանտում մեծ լույս ծագեց, վերցրեց նրա փորված աչքը և անմիջապես ողջացրեց մյուսի նման:
Երբ այգը բացվեց, թագավորը հրամայեց առաջ բերել նրան: Եվ տեսավ նրան երկու աչքով` առողջ, խիստ բարկացավ և երդվելով ասաց. «Հռոմայեցոց իշխանությամբ և իմ փրկությամբ, որ մեծ աստված Ապողոնն է, չեմ դադարի քեզ կոչելուց կախարդ, մինչև քեզնից լավ մի կախարդ կանչեմ, որ վերացնի քո կախարդությունը»: Այս ասելով հրամայեց նրան բանտ նետել: Նա բարկացած հրամայեց բերել հարյուր քսան լիտր ոսկի և հրամայեց գրել իր ամբողջ թագավորության մեջ և կուսակալներին` երդմամբ
հաստատելով այս. «Եթե, ինձ մոտ գա մի կախարդ, որ կարող է խափանել այս քրիստոնյայի կախարդությունը` հարյուր քսան լիտր ոսկի կտամ նրան, նաև այլ բազում պարգևներ կստանա ինձնից»: Մի մեծ կախարդ, որի անունն էր Թեովնաս, լսելով` մոտեցավ թագավորին և ասաց նրան. «Թագավոր, դու հավիտյան կենաս, ես կխափանեմ քրիստոնյայի կախարդությունը, քանզի անհնարին ոչինչ չկա»: Թագավորն ուրախացավ, գնաց բաղնիք, հրամայեց, որ նա լողանա և իր հետ ճաշի: Եվ ճաշելիս ասաց նրան. «Ձանձրացանք քրիստոնյաներից, առավել ևս այս մարդուց, որ այժմ բանտում է. մեր քաղաքում հռչակավոր եղավ իր կախարդության զորությամբ: Արդ, եթե խափանես նրա հնարքները` ընծաներ և պարգևներ կստանաս ինձնից»: Թեովնաս կախարդը պատասխանեց. «Թագավո՛ր, մի՞թե կարող է բան անել իմ առջև. ահա հիմա քո աչքի առաջ կխափանեմ նրա բոլոր կախարդությունները»: Թագավորն ուրախանալով ասաց նրան. «Ուզում եմ հիմա քեզնից մի նշան տեսնել»: Թեովնասն ասաց. «Մի կենդանի թող բերեն»,– և բերին: Ելավ Թեովնասը, խոսեց կենդանու ականջին և իսկույն կենդանին կիսվեց մեջտեղից: Այնժամ զարմացած թագավորն ասաց նրան. «Եղած նշանիցդ գիտեմ, որ արդարև կարող ես խափանել այս քրիստոնյայի կախարդանքը»: Թեովնասը պատասխանեց. «Սպասիր և կտեսնես ևս մի սքանչելիք»: Եվ հրամայեց բերել կշեռք: Կշռեց կենդանուն և երկու կեսերը հավասար գտան:
Թագավորը զարմացավ դրանից, հրամայեց առաջ բերել երանելի եպիսկոպոսին: Երբ եկավ սուրբը, կանգնեցրեց կախարդի առջև և ասաց. «Գիտեմ և համոզվել եմ, որ կախարդ ես և մոլար: Դրա համար բերել եմ այս կախարդին. կամ դու կխափանես նրա
կախարդությունը, կամ նա կխափանի քոնը, կամ դու կսատկեցնես դրան, եթե ոչ` նա կսատկեցնի քեզ, որ իմանանք, թե ձեզնից ով է ավելի ճարտար»: Երանելի եպիսկոպոսն ասաց նրան. «Աստծու ամեն մարդ կախարդանքով ոչինչ չի անում, և ոչ մեկին չար չի կամենում, այլ նաև թշնամիների համար աղոթում է անդադար: Եվ ովքեր ատում են նրան, ես ևս նրա համար աղոթում եմ իմ Տեր Աստծուն, որ [սա] թողնելով իր սովորությունը` գա ճշմարիտ իմաստության, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ոչինչ չի ցանկանում, բացի միայն մարդկանց փրկությունից, մանավանդ ովքեր ամբողջ սրտով են խնդրում: Ով գիտե, թե այսպիսի օրս ինչ բարիք կլինի սրան, մոլորության ճանապարհը թողնելով կճանաչի միայն արդարության ճանապարհը»:
Թեովնասը դիմում է թագավորին. «Երկու նշան է, որ ցույց եմ տալու, եթե դրանցով ինձ հաղթի, կհավատամ դրա Աստծուն»: Երանելի եպիսկոպոսն ասաց. «Տեսնում եմ, որ որոշ չափով քեզ հասնում է Աստծու շնորհը, որդյա՛կ: Արդ, արա՛ քո նշանները, որոնցով կարծում ես ինձ հաղթել, որ քեզ ցույց տամ իմ Տեր Հիսուս Քրիստոսի առավել մեծությունը, որով պարծենում և համարձակվում եմ»: Այնժամ Թեովնասն իր կախարդությամբ կերակուրներ պատրաստեց և տվեց նրան ասելով. «Եթե դա ուտելով կենդանի մնաս, կզարմանամ քո հավատքի վրա»: Իսկ սուրբ Թեոպոնթոսն ասաց հեգնելով. «Քո զորությունն ա՞յս է. այժմ քեզ ցույց կտամ իմ փրկիչ Հիսուս Քրիստոսի զորությունը»: Եվ վերցրեց կերավ նրա աչքի առաջ և իրեն ոչինչ չեղավ, քանի որ թույնը նրա բերանում դարձավ քաղցր մեղր:
Այնժամ զարմացած Թեովնասն ասաց. «Եվս մի նշան եմ ուզում ցույց տալ, ու եթե ըմպես ու քեզ վնաս չլինի` կհավատամ քո Աստծուն»: Եվ վերցրեց բաժակը, իր կախարդությամբ խառնեց ևս մի թույն, նրա վրա կանչելով ինչ–որ դևերի անուններ` իր կարծիքով մեծ, որպեսզի դեղը կարողանա վնասել սրբին: Եվ մատուցեց նրան: Երանելին տեսնելով ծիծաղեց ու ասաց նրան. «Ա՞յս է քո մեծ զորությունը. ես քեզ ցույց կտամ զորությունն Աստծու, որով պարծենում եմ և չեմ վնասվում և ուզում եմ, որ բոլոր մարդիկ քաջությամբ պարծենան Նրանով»: Եվ վերցրեց բաժակը, խաչակնքեց Քրիստոսի անունով և ըմպեց. և բնավ չվնասվեց:
Երբ այս այսպես եղավ Թեովնաս կախարդն ընկավ սրբի ոտքերը թագավորի ներկայությամբ, խոստովանելով ասաց. «Արդարև չկա այլ Աստված, չկա այլ համարձակություն, չկա այլ պարծանք, բայց միայն Հիսուս Քրիստոս: Այժմ ուզում եմ ապաշխարել իմ մեղքերի համար և այնպես հավատալ քո Աստծուն»: Իսկ երանելի եպիսկոպոսը պատասխանեց նրան. «Տե՛ս, ո՛վ մարդ, միայն բերանով ես խոստովանում, առանց մտքի, քանի որ Աստված չի խաբվի, Նա քննում է բոլոր մտքերը և խորհուրդները»: Թեովնասը պատասխանեց. «Իմ սիրտն ուղիղ է Տիրոջ հանդեպ, և բնավ երկմտություն չկա, և գործով կիմանաս իմ միտքը և կհասկանաս իմ անփոփոխ որոշումը»:
Եպիսկոպոսն ասաց նրան. «Եղբա՛յր, նախանձ չկա, դու ևս արի ի գիտություն ճշմարտության, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հոգում է մարդկանց ապաշխարության և փրկության մասին: Դրա համար և իրեն չխնայեց, այլ իրեն մատնեց աշխարհիս մոլորության պատճառով: Իսկ մարդիկ երբեք այնպես չարեցին իրենց չարչարակիցների համար, ինչպես Նա, որ Աստվածն էր, ցույց տվեց մեզ, Իր բարերարությունն ու մեծությունը»: Երբ կախարդ Թեովնասը այս լսեց` լցվեց Սուրբ Հոգով, հանկարծակի մոտեցավ թագավորին և ասաց նրան. «Քրիստոնյա եմ և ծառա ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոսի»: Թագավորը լսելով վրդովվեց և գոչելով ասաց. «Ինչքան ծաղկեց քրիստոնյաների կախարդությունը. տեսնո՞ւմ եք ում վրա են կատարում իրենց կախարդությունը»: Եվ հրամայեց երկուսին տանել բանտ:
Իսկ երանելի եպիսկոպոսը խրատեց Թեովնասին, խրատելուց հետո մկրտեց նրան հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
Առավոտյան թագավորը հրամայեց առաջ բերել Թեոպոնտոսին և ասաց. «Ուրա՛խ եղիր, բոլո՛ր կախարդների ուսուցիչ, քեզ չի փրկի իմ ձեռքից այն զորությունը, որ հուսացիր»: Եվ կանչելով իր մոտ նրան` գաղտնի ասում է. «Քեզ խրատ եմ տալիս, լսի՛ր ինձ, և կարող եմ քեզ ազատել»: Իսկ սուրբ եպիսկոպոսը հուսավառված և հավատացած Քրիստոսի զորությանը` բարձրաձայն գոչեց ասելով. «Ո՛վ բոլոր մարդկանցից անզգամ, մինչև ե՞րբ ես ուզում ինձ զրկել հավիտենական եպիսկոպոսությունից, որով ուզում եմ հավիտենապես մնալ»:
Թագավորը բարկանալով հրամայեց իրարից հեռու ցցեր խփել և երանելիի որովայնը պրկել, կապել ոտքերը և ձեռքերը ցցերին և երեսը [այնպես], որ նայի արևի ճառագայթներին: Եվ ասաց նրան. «Վիճում եմ քեզ հետ, ինչպես բոլորը, մինչև իմանամ քո կախարդության զորությունը»,– և հրամայեց մի մեծ սալաքար բերել, դնել նրա որովայնին: Եվ ութ մարդ բերին, դրին նրա վրա: Իսկ քաջ Թեոպոնթոսը ասաց նրան. «Քո զորությունն ա՞յս է, անամո՛թ բռնավոր. ես քեզ ցույց կտամ իմ Աստծու զորությունը,– այս ասելով բարձրաձայն գոչեց այսպես,– Տեր Հիսուս Քրիստոս, այստեղ ևս ցույց տուր Քո շնորհը Քեզ հուսացող ծառայիդ և հայտնիր այս անօրենին զորությունդ»:
Նա այս ասաց և ինքնիրեն շարժեց, վեմը թավալվեց նրանից մոտ տասնհինգ կանգուն հեռու: Այդ տեսնելով թագավորը զարմացավ և ասաց նրան. «Իսկապես բոլոր կախարդների մեջ քեզնից լավը չկա»: Երանելին պատասխանեց. «Ես կախարդ չեմ, այլ Աստծուց երկյուղած մարդ, և Աստված լսում է ամեն երկյուղածի` նեղության և վշտի ժամանակ»:
Այնժամ անօրենը հրամայեց նրան գլխիվայր կախել սյունից և ասաց նրան. «Վիճում եմ քեզ հետ, ինչպես բոլորը քո կախարդության պատճառով»: Եվ այգաբացից նրան կախած թողեց մինչև երրորդ ժամը: Դրանից հետո հրամայեց կտրել պարանները, որոնցով կապված էին նրա ոտքերն ու ձեռքերը, որ գլխիվայր ընկնելով խորտակվի: Իսկ ամեն գովեստի արժանին Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ չընկավ գլխիվայր, այլ` ուղիղ ոտքերի վրա: Այդ առթիվ անաստված թագավորը բարկացավ և ասաց. «Ուզո՞ւմ ես իմանալ, թե քո Աստվածը կարող է քեզ փրկել իմ ձեռքից: Մեծ աստված Ապողոնը քեզ կարող էր ապրեցնել և փրկություն տալ, բայց վատությանդ և համառ սրտիդ պատճառով քեզ [մահվան] վճիռ եմ տվել»:
Եվ հրամայեց գլխատել նրան: Այդ իմանալով երանելի Թեոպոնթոսը բարձրաձայն կանչեց ասելով. «Ապրեցրիր ինձ այսօր, քանի որ իմ օրերում անթերի կատարեցի եպիսկոպոսությունս, խոստովանելով իմ Տեր Հիսուս Քրիստոսին»: Այս ասելով օրհնեց Աստծուն, գոհացավ եղածով և խաղաղությամբ կատարեց իր վկայությունը սուրբ Թեոպոնթոսը:
Նույն օրը թագավորը կանչեց Թեովնասին, որ մի ժամանակ կախարդ էր, և ասաց նրան. «Զոհ մատուցիր մեծ և անհաղթ Ապողոնին»: Պատասխանելով Թեովնասն ասաց. «Չլինի թողնեմ երիցս երանյալ եպիսկոպոսի բարի խրատը ու հեռանամ իմ Քրիստոսի զորությունից»: Եվ բարկացած թագավորն ասաց նրան. «Ինչպես որ չկարողացավ նրան փրկել նրա Աստվածը իմ ձեռքից, իմացիր, որ քեզ ևս չի փրկի: Ես ուզում էի քեզ շատ ոսկի և բազում նվերներ պարգևել, իսկ դու ցնորվում ես և անզգամի բաներ ես անում: Արդ, քեզ կվերացնեմ քո անզգամության պատճառով»: Եվ Թեովնասն ասաց. «Գոհանում եմ իմ Աստծուց, որ կապրեցնի ինձ և կշնորհի ժառանգորդ լինել իր սրբերի հետ»:
Եվ թագավորը հույժ բարկացավ, հրամայեց մեծ խորխորատ փորել, նրան գցել մեջը և թաղել, որ ոտնակոխ լինի ձիերի սմաբակների տակ: Իսկ առաքինի նահատակը համբերեց այդպիսի տանջանքներին, արձակեց հոգին, բարի վկայությունը վկայելով խաղաղությամբ ի Տեր մեր Հիսուս Քրիստոս, որին փառք և զորություն` Հորով և ամենասուրբ Հոգով հանդերձ հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր Բ (Դեմետրիոս – Թեոփիլոս). Ս Էջմիածին: 2009 թ.