Մի քաղաքում, որի անունը Օգոստեա էր, իշխանը հրամայեց բռնել քրիստոնյաներին, բերել, որպեսզի զոհեն պիղծ դևերին: Եւ սպասավորները ելան, հրապարակից բռնեցին մի պոռնիկ կնոջ և տարան իշխանի մոտ: Իշխանը տեսնելով այն կնոջը` նախ կամեցավ ողոքական խոսքերով համոզել, որ զոհ մատուցի: Իսկ կինը չէր հնազանդվում հրամանին և համարձակ ասաց. «Ես քրիստոնյա եմ»: Դատավորը տեսնում է, որ արհամարհում է թագավորի հրամանը, ասում է նրան. «Քո անունն ի՞նչ է»: Եւ նա ասում է. «Քրիստոնյա եմ, և անունս` Ափրաս»: Դատավորն ասում է. «Ի՞նչ բախտի ես»: Ափրասը պատասխանում է. «Չար բախտի եմ, իմ պիղծ գործերի պատճառով, սակայն ազատ եմ»: Դատավորը հարցնում է. «Ի՞նչպիսին է վարքդ»: Ափրասն ասում է. «Սատանայական խաբեությամբ առաջ պոռնիկ էի, իսկ այժմ Քրիստոսի շնորհներով, որ ծագել են վրաս, զգաստացել եմ»: Դատավորն ասում է. «Արդ, քանի որ զգաստացար, մտիր, զոհ մատուցիր բարերար աստվածներին` ըստ թագավորի հրամանի»: Ափրասն ասում է. «Չկա ավելի աղտեղի բան, քան ձեր աստվածները: Որովհետև, երբ ամոթալի գործ էի անում` նայում էի նրանց պղծությանը, թե ինչպես կամակից էին աղտեղի գործերի: Հեռացա նրանցից և գնացի իմ պարկեշտ ուսուցիչ Քրիստոսի մոտ, որ պոկում է մեղքի արմատները, և մաքրում դրանից, ասելով. «Ով տեսնի կին` ցանկանալով նրան, նա արդեն շնացավ իր սրտի մեջ» (Մատթ. Ե. 28):
Դատավորն ասում է. «Մտի՛ր, զոհ մատուցիր աստվածներին, որ հայհոյությանդ համար քեզ չարաչար չտանջենք և քո երիտասարդական գեղեցկությունը ապականելով այս քաղցր կյանքից չզրկենք»: Ափրասն ասում է. «Հավատում եմ Քրիստոսին, որ բազում մարդասիրությամբ նայեց ինձ և իմ մարմնին համբերություն կտա քո տանջանքների դեմ, որ բարի գործեր մթերեմ, որովհետև պիղծ գործերով դառնացրել եմ Աստծուն, տրտմեցրել երկնային հրեշտակներին: Արդ, հրամայի՛ր տանջել մարմինս հանուն Քրիստոսի, որպեսզի հաշտեցնեմ Աստծուն և ուրախացնեմ հրեշտակների դասին: Որովհետև Տիրոջից լսեցի` «Ասում եմ ձեզ, թե ուրախություն կլինի Աստծու և Նրա հրեշտակների առջև ապաշխարող մեղավորի համար» (Ղուկ. ԺԵ. 7):
Այս լսելով` դատավորն ասում է. «Դրա երեսը ապտակներով սաստիկ ծեծեցեք և ասացեք` չընդդիմանա թագավորի հրամաններին»: Եւ նրան լավ ծեծեցին, իսկ ամբողջ ժողովուրդը լալիս էր ու արտասվելով ասում. «Անիրավ ես դատում և օրենքից դուրս, ապականում ես մեր քաղաքի վայելչությունը»: Եւ դատավորը զարմացած հարցնում է. «Ինչո՞ւ եք հակառակ թագավորի հրամաններին»: Ամբոխն աղաղակելով ասում է. «Աղաչում ենք քեզ, մի՛ ապականիր դրա գեղեցկությունը»:
Դատավորն ասում է. «Տեսնո՞ւմ ես, Ափրաս, ինչպես է ամբողջ քաղաքը լալիս քեզ համար. անչափ սիրում են քեզ»: Ափրասն ասում է. «Իմ բազում պղծությունների ժամանակ սատանայի արբանյակները, որ ինձ գործակից էին, ուրախանում էին, իսկ հրեշտակները տրտմում էին իմ պիղծ գործերից: Այժմ նրանք լալիս են, իսկ հրեշտակները երկնքում ցնծում են Աստծու նկատմամբ հավատիս և բարի գործերիս համար: Հիմա ինչ որ ուզում ես անել` արա իսկույն, որովհետև ես քրիստոնյա եմ, և գրված է` «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն ստեղծել` կկորչեն» (Երեմ. Ժ. 11): Դատավորն ասում է. «Ա՛յ անամոթ, մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, եթե ոչ` երդվում եմ թագավորի հաղթությամբ ու բախտով և բոլոր արարածներով, մարմանդ կրակով կվատնեմ քեզ` ի ցույց բոլոր քրիստոնյաների»: Ափրասն ասում է. «Երդվեցնում եմ քեզ քո թագավորով, հրամայիր այրել իմ մարմինը, որովհետև այն շաղախել եմ պոռնկությամբ և աղտեղել մեղքով, ինչպես բազում ժամանակներով հնացած և ժանգոտած երկաթը հրի միջոցով կնորոգվի ու կփայլե, նույն կերպ և ինձ այրել հրամայիր, որպեսզի մարմինս անբիծ և անարատ պատարագ լինի Քրիստոսին»: Դատավորն ասում է. «Ահա պնդում ես չարաչար մեռնելդ և կամեցար, որ քո գեղեցկությունը հրով խաթարվի»: Ափրասն ասում է. «Այո՛, պնդում եմ, հավատացի Քրիստոսին, միայն թե գեղեցկությունս ողջակիզվի Քրիստոսի համար»:
Եւ դատավորը զարմացավ խոստովանության հաստատությամբ և թե ինչպես արհամարհեց թագավորին ու նրա հրամանները, և իսկույն հրաման տվեց` կապել նրա ոտքերն ու ձեռքերը, քարշ տալ քաղաքից դուրս, մինչև գետեզրը և այնտեղ այրել նրան կենդանվույն, կամացկամաց, դալար փայտով: Եւ դահիճներն ստացան այդ հրամանը, իսկույն կատարեցին: Եւ այդպես Քրիստոսի սուրբ աղախինը վկայեց ճշմարիտ խոստովանությամբ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որին փառք և զորություն հավիտյանս. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009