Օգոստոսի 31-ին` Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, 2014-2015 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ:
Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրագույն ուսումնական հասատությունների ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ:
Օրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը կրթության գործի պատվարժան պատասխանատուներին ու մշակներին` մասնավորապես ասաց. «Մեծ խորհուրդ ունի գեղեցիկ այս ավանդույթը, որ նոր ուսումնական տարին մեր երկրի կրթության ոլորտի պատասխանատուներն սկսում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միասնական աղոթքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից է սկիզբ առել հայ գրի ուղին` հավատքով ու գիտությամբ լուսավորելու մեր ժողովրդի հոգին, հանճարացնելու գիտության և իմացության սիրով, հաստատելու ճշմարիտ ուղիներում, զորացնելու և պահպանելու հոգևոր ու ազգային մեր ինքնությունը: Հոգեխնամ այս առաքելությունը բարեբերությամբ շարունակելու հայցով առ Աստված` մենք գոհունակ սրտով Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Ձեզ և շնորհավորում 2014-2015 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով:
Այս օրերին հայրենի կրթական մեր բոլոր հաստատությունները դարձյալ հրավեր են ուղղում մեր սիրասուն զավակներին` քայլելու գիտելիքի և իմաստության ամբարման ճանապարհով, զորացնելու ազգային ու հոգևոր նկարագիրը և դպրության ու մշակույթի նկատմամբ սերը և ճանաչողությունը:
Մեր ժողովուրդը միշտ կարևորել է գիտելիքը և ուսումը, որոնք, հակառակ կրած նեղությունների, էական և հիմնարար նշանակություն են ունեցել ազգային մեր կյանքում և բազմադարյա մշակույթում: Այսօր ևս մեր երկրի հզորացման, հայրենյաց կյանքի բարօրության, մեր պետության սահմանների ամրության և մեր ժողովրդի պայծառ գալիքի համար անգնահատելի է ազգի ուսյալ զավակի և գիտակից քաղաքացու դերը: Սուրբգրային խոսքի համաձայն` տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում հանճարով, և գիտությամբ են շտեմարանները լցվում ամենայն պատվական հարստությամբ և բարիքով (Առակ. 24:3-4):
Սիրելիներ՛, գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախությանը հաջորդած դվարություններն ու մարտահրավերներն իրենց հետքն են թողել նաև կրթության ասպարեզում: Ամբողջ մի սերունդ հասակ առավ, երբ մեր երկիրը գտնվում էր պատերազմական իրավիճակում, տնտեսական ու սոցիալական ծանր փորձությունների մեջ: Այսօր ուրախալի է տեսնել, որ ինչպես մեր ժողովուրդը,
այնպես և հայրենի կառավարությունն ամենայն հոգածությամբ ջանքեր են բերում, որպեսզի մեր նոր սերունդն առավել կրթված լինի` հաղորդ համամարդկային ձեռքբերումներին»:
Վեհափառ Հայրապետը նաև հայցեց, որ Երկնավորն Իր շնորհներով զորացնի կրթության մշակներին, և Տիրոջ օրհնությամբ ուսման սերն անբաժան լինի հայորդիների սրտերից: Նորին Սրբությունը մաղթեց, որ ուսումնական նոր տարում առատորեն արդյունավորվեն կրթության գործի նվիրյալների ջանքերը` հանուն նոր սերնդի որակյալ կրթության, հայրենյաց ավանդներով ու քրիստոնեական արժեքներով դաստիարակության և Հայրենիքի և ի Սփյուռս աշխարհի հայ ժողովրդի խաղաղ ու երջանիկ ապագայի: