Շապուհ արքայի տարիներին սաստիկ հալածանք եղավ` ավելի դառն, քան բոլոր թագավորների ժամանակ, և անթիվ եղան Քրիստոսի վկաները: Այդ ժամանակ Բարդի-շո եպիսկոպոսը բռնվեց և բերվեց Շապուհ թագավորի առաջ, որպեսզի առավել տանջանք ըն-դունի իբրև հավատացյալ քրիստոնյաների ուսուցիչ և Քրիստոսի վկաների հորդորիչ, արհա-մարհելով տանջանքները և մահը հանուն Քրիստոսի:
Արքան ասում է Բարդիշոյին. «Ի՞նչ է, որ լսում եմ, թե սովորեցնում ես ընդդեմ մեր օրենքների և արհամարհում ես մեր աստվածներին` արեգակն ու հուրը, և հակառակ մեր հրամանների Աստված ես քարոզում և չես զարհուրում իմ թագավորության ահից»: Սուրբ եպիսկոպոսն ասաց. «Ես աստված չեմ համարչում տարրերը, որ ստեղծվել են բոլորի Արարչից, որովհետև Նա ասաց` և եղան բոլոր արարածները: Բան Աստվածը հրամայեց` և հաստատվեցին արեգակը, լուսինն ու աստղերը, հողն ու ջուրը և ինչ որ կա երկնքում ու երկրում, Սուրբ Հոգու զորությամբ կազմվեցին ի փառս և ի գովեստ Հոր և Որդու և Սուրբ Հոգու. մի աստվածություն և զորություն, անվախճան թագավորություն, որ խոստովանեցին բոլոր սրբերը` բոլոր ազգերի մեջ: Ես ևս նույնն եմ խոստովանում և սովորեցնում բոլորին: Եւ ով ինձ լսի` ապրում է հույսով, հրաժարվում սնոտի պաշտամունքից և բոլոր ամբարշտություններից»: Արքան զայրացավ երանելիի համարձակությունից, ծառաներին հրամայեց փշալից բրերով սաստիկ գանահարել: Եւ ասում էին. «Ուրացիր քո Աստծուն, եղիր արքայից արքայի աստվածների պաշտող»: Եւ սուրբը սրտի խորքից դիմում էր Աստծուն և գոհանում, որ այդպիսի դառն տանջանքների մատնվեց ամենակալ Տիրոջ անվան համար: Եւ պատասխանեց տանջողներին ու ասաց. «Ես ուրանում եմ ձեր սնոտի աստվածներին, և ոչ ճշմարիտ Աստծուն, որ ստեղծեց հրաշակերտներ և փառավորներ, որոնց թիվ չկա, որև ինձ կարող է զորացնել չարաչար տանջանքի մեջ, և ժառանգություն կստանամ արքայությունը, որ ցանկացել եմ, որպեսզի փոխվեմ երկրից երկինք»: Եւ երբ այնպես երկար տանջեցին սրբին, բազում մարդիկ արքայի հրամանով, հավանական ոչ մի բան չլսեցին, որ սպասում էին, այլ [սուրբը] առավել ևս համարձակվում էր խոստովանությամբ ի Քրիստոս և անարգում նրանց պաշտամունքը: Եւ բոլորը զարմացած ու հիացած էին, որ ոչինչ էր համարում բրածեծ գանահարությունը: Արքան ասաց. «Ավելի սաստկացրեք հարվածները, որ առավել ցավի»: Եւ դահիճներն այդպես վարվեցին:
Իսկ սուրբը տոկում էր չարաչար տանջանքներին և դիմանում մեծ համբերությամբ և ասաց. «Ո՛վ ամենաչար թագավոր, չգիտե՞ս, որ մարդը զորություն չունի ընդունելու այսպիսի դառն հարվածներ ու չարչարանք, եթե չզորանա Աստծուց: Բայց սա իմացի՛ր, չեմ լսելու քո կորստական հրամանները, թեկուզև հազարապատիկ տանջես»:
Արքան ասաց. «Վստահում ես քո Աստծու զորությանը և քո համբերությանը` հաղթելու ինձ, իսկ ես, որ բոլորի տերն եմ, չե՞մ վստահանում իմ աստվածներին և արքայությանս»: Եւ արքան հրամայեց բերել հյուսնի մամլիչը և նրա ոտքերը դնել մամուլի մեջ ու ճզմել: Ապա բերել տվեց խունկ և հուր, որ [սուրբը] գցի հրի մեջ և ծխեցնի և լինի իբրև հրի պաշտոնյա, այդպես խորամանկելով արդարին: Իսկ նա զգաց չարությունը, ճանաչեց դավադրությունը և վերցրեց խունկը, ցրեց երկրի վրա և ասաց. «Աստված մի՛ արասցե` պաշտոն մատուցեմ արարածներին և խունկ ծխեմ կրակին, այլ` միայն իմ Աստծուն բանական պաշտոն մատուցեցի և կմատուցեմ, որովհետև Նրան է վայել փառք, իշխանություն և պատիվ այժմ և հավիտյանս. ամեն»:
Արքան բարկացավ, հրամայեց նրա մատները հատվածհատված կտրել` խունկը ցրելու պատճառով: Իսկ սուրբ եպիսկոպոսը բացեց բերանը գոհանալու և փառաբանելու Աստծուն: Եւ հույսով մխիթարվում էր, թեպետև մատները կտրատված էին և ցավը` սաստիկ, բայց Աստծու սերը անխզելի և անհաղթ էր մնում, և նահատակվում էր խորհուրդներով, պատասխաններով և համբերությամբ: Դահիճները հոգնել էին, իսկ նա չէր վհատում, և արքան և ամբողջ ատյանը հիացած ու զարմացած էին սուրբի համբերությամբ:
Եւ երեք երիտասարդներ Քրիստոսով խրախուսված մեծ համբերությամբ, արքունական ատյանում` արքայի և բոլոր մեծամեծների առջև միաբերան աղաղակելով ասացին. «Մեծ է Աստվածը քրիստոնյաների, և չկա ուրիշը, որ զորություն տա իրեն հուսացողներին և ամոթահար անի հպարտ ու ամբարիշտ թագավորներին, որոնք պաշտում են արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Մենք ևս խոստովանում ենք ամենակալ Հորը, համազոր Որդուն և համագործ Հոգուն, ինչպես երանելի եպիսկոպոսը քարոզեց, մի աստվածություն միափառ փառքով միավորված` անվախճան թագավորությամբ: Մենք ևս խոստովանեցինք սա, հավատով և ճշմարտությամբ փառավորում ենք միշտ, միայն թե ընդունի մեզ, որպես բարերար Աստված»:
Զայրացած արքան հրամայեց դուրս հանել դրանց և տանել բանտ: Եւ իր մտերիմ ծառաների միջոցով [լուր] ուղարկեց, խոստանալով նրանց պարգևներ, պատիվ և իշխանություն, բազում խնդրանքներով դարձնելու նրանց իրենց մոլորությանը: Դրան չհավանեցին, և այնտեղ` բանտում գաղտնաբար սպանեցին երիտասարդներին սրով, բարի դավանությամբ ի Քրիստոս:
[Արքան] դարձյալ խնդրում էր սուրբ եպիսկոպոսին` առանձնահատուկ խոսքերով և ասում. «Համաձայնիր ինձ հետ և պաշտիր աստվածներին, որ պաշտում եմ ես, և կփառավորեմ քեզ պալատում` որպես քաջասիրտ այր և քեզ կանեմ դատավորների դատավոր և արքունի իրավարար»: Իսկ սուրբ եպիսկոպոսն ասաց. «Նենգությամբ ինձ մի՛ որսա կորստյան, որովհետև հավիտենից հույսի համար մատնեցի մարմինս տանջանքի, դու կտրեցիր ինձ հարվածներով և ջարդելով իմ անդամները հյուսնի մամուլի մեջ և կտրատելով մատներս, որպեսզի համբերելով այդ ամենին ապականված մարմինս անապական դառնա արդարների արքայության հարությանը, որ պատրաստեց ամենակալն Աստված բոլոր սրբերին, որ այսպիսի համբերություն կրեցին մեղավորների հակառակությունից, ինչպեսև մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ իր անձը մահվան մատնեց` փրկելու համար բոլորին, ովքեր կամեցան գալ հոգևոր ուրախության կոչմունքին` վկայելով աստվածների Աստծուն: Եւ այժմ շտապում եմ անջատվել իմ մարմնից և մտնել Քրիստոսի` իմ կարոտածի մոտ: Իսկ քեզ և բոլորին, որ քեզ հետ են, պատրաստված է անշեջ հուրը և հավիտենից պես-պես դառն տանջանքներ, որ հոգին ու մարմինը տանջում են առհասարակ, և չկա մեկը, որ փրկի մեղավորներին ու ամբարիշտներին` գալիք բարկությունից: Բայց, դու արքա՛, եթե ուզում ես դարձի գալ և պաշտել Աստծուն` քեզ կընդունի խոստովանությամբ ու ապաշխարությամբ, որովհետև բարերար և անոխակալ է մեղավորների հանդեպ, քանի որ մեր մեղքերի համեմատ չի կատարում կամ ըստ անօրինության հատուցում, ովքեր հետևեն ճշմարտությանը»:
Այս լսելով արքան առավել ևս զայրացավ և ասաց. «Ո՛վ ամենաչար խարդախող, իմ խնդրանքները արհամարհեցիր, կամենում ես ինձ թագավորությունից գցել ստրկական ծառայության: Բայց այլևս քեզ չեմ ների: Իմ համոզիչ խոսքերը քեզ հասցրին այդպիսի համարձակության»:
Երանելի եպիսկոպոսն ասաց. «Ես օգտակար բաներն ասացի` ինչպես ստացել եմ Տիրոջ հրամանը, որ սուրբ Աստված քարոզեց աշխարհում. «Ով ունի ականջ` թող լսի կյանքի խոսքը» (Մատթ. ԺԱ. 15, ԺԳ. 9, 23, 43, Մարկ. Դ. 9, 23, Է. 16, Ղուկ. Ը. 8, ԺԴ. 35, Յովհ. Բ. 7, 11, 17, 29, Գ. 6, 13, 22, ԺԳ. 9): Բայց դու` Աստծուց օտարացած և ամեն արդարության թշնամի, արժանի չես ճանաչելու իմաստություն և հոգևոր խրատ և ընկալելու հանճարի բանը (Առակք, Ա. 2-3) և ուղղվելու ճշմարիտ աստվածգիտությամբ և արդարությամբ, հեռանալու բազմաստվածության մոլորությունից և չար դևերի խաբեությունից, որոնք քեզ ընկղմում են չար անօրինության խորքերը, [դարձնում] նրանց գեհենի որդի և ժառանգորդ հավիտենական տանջանքի»:
Երբ այս լսեց, բարկությամբ լցվեց թագավորը և հրամայեց լեզուն ծոծրակից հանել, որ խոսել չկարողանա: Եւ ամենաչար ծառաները կատարեցին թագավորի հրամանը: Իսկ սուրբը աչքերը բարձրացրեց երկինք և իր սրտում փառավորում էր Աստծուն, և իր խոսքը լսելի չէր լինում: Եւ վերևից ձայն եղավ, որ ասաց. «Քաջալերվի՛ր, քանի որ եկել է քո նահատակության կատարման ժամը, և կատարվեցին խնդրանքներդ` ըստ քո բոլոր ցանկությունների»: Եւ այդժամ կազդուրվեց նրա լեզուն իր տեղում, և խոսում էր ուղիղ և իր ատելիների առաջ օրհնում էր Աստծուն` ասելով.
«Գոհանում եմ Քեզնից, երկնքի և երկրի Տեր, որ արժանի արիր ինձ` անարժանիս Քո ամենաառատ շնորհներին և հարգեցիր չարչարանքով իմ տառապելը` ինչպես արծաթը հրի բովում զտվելիս, և կամա թե ակամա սխալներիցս մաքրվել եմ: Այժմ ինչ տամ փոխարենը Տիրոջը այն ամենի համար, որ շնորհեց ինձ, եթե ոչ իմ անձը մահվան տամ Քո սուրբ անվան, ի վկայություն` ամբարիշտ թագավորի և չար իշխանների և Քո բոլոր ատելիների առաջ, որ բոլորը հասկանան, թե միայն Դու ես ճշմարիտ Աստված, որ Քո սիրուց երբեք իսպառ չհեռացա: Եւ այժմ, Տեր, շտապում եմ ելնել մեղսասեր աշխարհից և կանգնել Քո փառավոր երեսի դիմաց, որին կարոտել եմ, որպեսզի Քեզ հատուցեմ անճառելի օրհնություններ բոլոր սրբերի հետ, որոնց փառավորել է իրենց մահը Քո ահեղ տիրության առջև: Քանի որ Դու ես Աստված փառավորյալ և օրհնյալ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»:
Եւ ասաց [այս] ամենը և երեք հարյուր յոթանասուներեք հոգի հավատացին Աստծուն և ասացին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը և չկա ուրիշը, որովհետև ոչ ոք այսպիսի քաղցր հույս չունի, ինչպես քրիստոնյաները, որ արհամարհում են մահն ու տանջանքը և թագավորներից չեն զարհուրում, այլ աներկյուղ համարձակությամբ Աստված են քարոզում: Եւ մենք սուրբ եպիսկոպոսից այս հավատով լուսավորված, խոստովանում ենք բարերար Հորը, որ գթաց մեզ, և բարեխնամ Որդուն, որ մեզ սուրբ կոչման կանչեց և Սուրբ Հոգուն, որ մեր հնությունը վերստին նորոգում է հավիտենական կյանքի հույսով: Որ մի աստվածություն է` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, փառավորված երկրպագված և օրհնված հավիտյանս հավիտենից. ամեն»:
Այս լսելով արքան ավելի մեծ ցասումով լցվեց չարից, հրամայեց սրով վերջ տալ նրանց կյանքին: Եւ այդպես` բարի խոստովանությամբ, մկրտվելով իրենց արյամբ նահատակվեցին, ժառանգորդ եղան երկնքի արքայությանը` սուրբ եպիսկոպոսի աղոթքներով և բարեխոսությամբ: Նրանց անունները գրված են կյանքի դպրության մեջ:
Բոլորից հետո [արքան] հրամայեց գլխատել սուրբ եպիսկոպոսին: Այսպես վախճանվեց հրեշտակների և մարդկանց համար զարմանալի և սքանչելի սուրբ եպիսկոպոս Բարդիշոն` երեք հարյուր յոթանասուներեք մարդկանց հետ, սահմի ամսի տասնյոթին, ի փառս և ի գովություն ամենասուրբ Երրորդության, Շապուհ արքայից արքայի և ամբողջ Պարսից արքունական ատյանի առջև:
Այսպես Քրիստոսի մոտ ամբարձավ և աշխարհում թողեց իր անունը` բարության և քաջ նահատակության օրինակ, ժառանգեց անստվեր և անապական և մշտնջենավոր կյանք, և բարեխոս է նաև մեզ համար:
Իսկ մինչ այս կյանքում էր, հորդորում էր շատերին ի սեր աստվածության, ամենասուրբ Երրորդության ուղիղ հավատի, և արդարության վարքի ըստ պատվիրանների և վարդապետության ուղղափառ սուրբ հայրերի: Որովհետև ամեն ինչով ճշմարտախոհ էր և զգաստասեր, ոչ մեկից չդրդվեց ու չշեղվեց հավատքից ու արդարությունից, այլ անբիծ հավատով և անարատ վարքով կրոնավորեց այս աշխարհում և կյանքը ավարտեց ի Հիսուս Քրիստոս: Եւ մենք նույնպես մասնակից դառնալով սրբի վարքին` փառավորենք անփոփոխելի տերությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ 2009