Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ` Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667): Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հվ-արլ. կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության: Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, իշխան Գրիգոր Մամիկոնյանը Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հվ. կողմում կառուցել է «իր արքունիքը»` պալատական համալիրը:
867-ին, եկեղեցու ներսում` հվ-արլ. ավանդատան դիմաց, քերել են սվաղի մի հատվածը և փորագրել Արուճի և հարևան Կոշ գյուղի ջրօգտագործման հետ կապված վեճը կարգավորող որոշում-արձանագրությունը, որը թողել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու ներկայացուցիչ, Վռամի որդի Գրիգորը: 973-ին ոմն Գորամ վարպետ Դավթի ձեռքով նորոգել է Արուճի ս. Գրիգոր եկեղեցին: 987-ին Սմբատ Բ Բագրատունի արքան, ըստ եկեղեցու հվ. պատի արձանագրության, Արուճին հարկային արտոնություն է տվել: Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հվ. մուտքի ճակատի վրայի արձանագրության համաձայն, 1285-ին Արուճի բնակիչներն ազատվել են բնահարկից: XIII դ. Մարգար կազմողը եկեղեցու հս. պատի արլ. որմնամույթի վրա քանդակել է չորս մեծ և երեք փոքր խաչեր: XV դ. Խաչատուր վարդապետը նորոգել է Արուճի ս. Գրիգոր եկեղեցին: XVI–XIX դդ. եկեղեցին կիսավեր էր և լքված: 1946-ին նորոգվել են եկեղեցու հվ. և արմ. պատերի քանդված հատվածները, վերանորոգվել քիվերը և տանիքը: 1947–52-ին Արուճի ս. Գրիգոր եկեղեցու հվ. կողմում պեղումներով (ղեկ. Վ. Հարությունյան) բացվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը: 1958–59-ին ամրացվել է եկեղեցու աղոթասրահի արմ. կողմի թաղը: 1964-ին բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:
Արուճի ս. Գրիգոր եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի (16,95 մ x 34,5 մ արտաքին չափերով), արլ-ից երկու ավանդատներով, գմբեթի (այժմ` քանդված) առագաստային անցումով բարձրարվեստ կառույց է` միասնական ու վեհաշուք ներքին տարածությամբ: Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով: Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ Ավագ խորանում: Գմբեթարդում պատկերված է եղել «Օրենք տվող Աստծու» պատկերագրական և Ավետարանում շարադրված «Համբարձման» տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք: Հատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձրություն է ունեցել (պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը): Զարդարուն պատվանդանին կանգնած Քրիստոսը ձեռքին ուներ Հովհաննեսի Ավետարանից վերցված քաղվածքով (Հովհ. 14.21) հայագիր մագաղաթագալար: Պատկերի առանձին մանրամասեր եղել են ոսկեզօծ: Քրիստոսից ցած, պատվանդանի հավասարությամբ, ողջ խորանը երիզված է խոշոր ականթազարդերից կազմված լայն գոտիով` կատարված հայ հելլենիստական արվեստի ավանդույթներով և մեծ վարպետությամբ: Զարդագոտուց ներքև, Ավագ խորանի երկու կողմերի պատերին եղել են ձեռքերին գրքեր պահած առաքյալների պատկերները (հս. պատին պահպանվել են միայն նրանցից վեցի պատկերները): Քրիստոսի պատվանդանի տակ նկարչի մակագրությունն է. «Ստեփաննոս ն[կ]ա[ր]եաց»: Վերջինս VII դ. հայտնի առաջին հայ նկարիչն է: