Բազում են այդ կեղծ թիրախները և եթե ջանանք նրանք ի հայտ բերել, Աստծո ողորմությամբ հաջողություն կունենանք և կխուսափենք դատարկ ջանքերից:
Նույնիսկ, եթե մտքով անցնում է, թե այս կամ այն մարդը քո ետևից ծիծաղեց, կամ բամբասեց, և այլն, նեղսրտում ենք, արդեն կեղծ թիրախ է, որովհետև այդ բանն իրականում կարող է եղած չլինել, այլ կարող է միայն չարի ներգործության արդյունք լինել: Բայց եթե իրականում անգամ ծաղրեն կամ վատաբանեն, վիրավորեն ու այդ ամենին մենք նշանակություն տանք, ապա կըկնենք հիշաչարության մեղքի մեջ և մշտապես կսկսենք մտածել այդ վիրավորողի մասին: Այսինքն, մեր պատերազմը, որ մղում ենք սատանայի դեմ, շուռ կգա կեղծ թիրախի, այսինքն՝ մարդու դեմ: Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել այդ խաբեություններից: Չէ՞ որ մարդու սիրտը տկար է և իսկույն վշտանում է նման բաներից, շուտ վիրավորվում, և շատ դժվար է նրա դեմն առնել: Սակայն դրա դիմաց, ըստ հայրերի, շատ լավ պաշտպանական միջոց կա: Այսպիսի մի ասացվածք կա. «Սեպը սեպով են հանում», այսինքն՝ ցավը ցավեցնելով են բժշկում, ինչպես հիմնականում անում են բժիշկները:
Եթե մեկի կողմից վիրավորանք ես ստանում, աշխատիր լռել: Սիրտդ կստիպի, որ նույն ձևով պատասխանես վիրավորողին: Աշխատիր այդ ցավը ցավով բժշկել, այսինքն՝ լռիր և ինքդ քո մեջ ասա, «Գոհանում եմ Քեզնից, Տեր, որ այս հոգատար եղբոր կամ քրոջ միջոցով խրատում ես անարժանիս, քանզի ես էլ ավելի վիրավորանքների էի արժանի իմ բազում մեղքերի պատճառով: Սակայն Դու այս փոքր վշտով միայն ինձ հանիդմանեցիր, որով և ցույց տվեցիր Քո սերն իմ հանդեպ՝ ըստ Քո խոսքի. «Ում որ սիրում եմ, նրան էլ հանդիմանում և խրատում եմ: Եթե խրատի համբերող եք, ուրեմն, հարազատ որդիների պես եք»: Շնորհիր ինձ գոհությամբ և համբերությամբ Քո օրհնյալ ձեռքից ընդունել այս վիրավորանքը, որպեսզի երկնքում էլ արժանանամ Քո փառքին: Այս եղբորն էլ օրհնիր այն բարի գործի համար, որ արեց իմ հանդեպ, և նրա սուրբ աղոթքներով էլ ինձ ողորմիր»:
Սա, իհարկե, նմանօրինակ վիճակից ելնելու աղոթքի մի ոճ է, այդպիսի ամեն մի իրավիճակում էլ կարելի է ձևակերպել նման մի աղոթք: Համոզված եղեք, որ սա մեծ հարված կլինի ոչ թե կեղծ թիրախին, այլ՝ բուն թշնամուն՝ սատանային և նրա դաշնակից մեր հին մարդուն, որն ամեն կերպ արգելք կհանդիսանա նման աղոթքին և կստիպի անպայման պատասխանել կամ գոնե մտքի մեջ հայհոյել վիրավորողին: Սակայն եթե վարժվենք այս բանում, Տիրոջ ողորմությամբ առաջընթաց կարող ենք ունենալ և նման ամեն մի հաջող աղոթքից հետո մեր հոգիներում ջերմություն և խնդություն կզգանք, որը և ապացուցում է հսղթանակը ոչ թե՝ կեղծ, այլ իրական թիրախի, այսինքն՝ սատանայի դեմ է: …
Եվ սուրբ հայրերի այս խրատներով և բարեխոսական աղոթքներով, աշխատենք ամուր կանգնել բարի պատերազմում և փառավորել Ամենասուրբ Երրորդությանը, Հոգով և ճշմարտությամբ հավիտյանս: Ամեն:
ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ ԿԵՂԾ ԹԻՐԱԽ – ԱԹԱՆԱՍ ՄԵԾ ՀԱՅՐԱՊԵՏ
Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?ref=ts&fref=ts