Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր` ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանների` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայոց անկախ պետականության զոհված հայորդիների անմահ հիշատակին:
Հուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծաղկեպսակներ դրեցին, ապա ներկայությամբ հայոց պետական ավագանու աղոթք բարձրացվեց մայիսյան հերոսամարտերում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան այցից հետո տեղի ունեցած պարգևաբաշխության արարողության բացմանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց օրհնությունն ու պատգամը բերեցին ներկաներին տոնական այս առիթով:
Իր խոսքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց.
«Հանրապետության օրվա այս տոնական օրը ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ:
Այսօր մեր ժողովուրդը ոգեկոչում է 1918 թ., Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանի փոքրիկ մի հատվածի վրա Հայաստանի Հանրապետության հաստատման հիշատակները: Գերագույն ջանքեր գործադրելով, մեր ժողովուրդը դիմակայեց ժամանակի քաղաքական թոհուբոհերին, մեր երկրում ստեղծված աղետալի իրավիճակներին և համախմբելով իր ուժերը` կարողացավ կանգնեցնել և ետ մղել թուրքական հարձակումը դեպի Երևան ու Արևելյան Հայաստանի շրջաններ:
Հայրենիքի համար անձնուրաց պայքարի և միասնության այդ օրինակը ծնունդ առավ յուրաքանչյուր հայի հոգուց: Ծանր իրավիճակի առջև հավատքով զինվելու, ոտքի կանգնելու, միաբանվելու կոչով ժողովրդին դիմեց Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ինքը ևս մերժելով իր ապահովությունը և չլքելով Սուրբ Էջմիածինը: Ապավինած Աստծուն` մեր ժողովուրդը միայնակ պաշտպանեց վաղնջական իր Հայրենիքում ազատ ապրելու իր իրավունքը: Հաղթանակեց հավատքի, միասնության, հայրենասիրության, նվիրումի ազնվասիրտ ոգին, որն այսօր մենք կարևորում ենք` նշելով Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Հանրապետության հաստատման հիշատակները: Այդ ոգին պիտի օգնի մեզ այսօր
դիմակայելու մեր կյանքի դժվարությունները, հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու հրամայականները:
Այսօր Մենք փառք ենք մատուցում Աստծուն, որ մեր ժողովուրդը միայնակ չէ արդար իր իրավունքների պաշտպանության գործում: Երկրներ ու ժողովուրդներ, միջազգային կառույցներ դատապարտում են Հայոց Ցեղասպանությունը և ջանքեր բերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման հարցում, որի համար` հանձին այստեղ ներկա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, Մենք վերստին գնահատանքի Մեր խոսքն ենք ուղղում մեր ժողովրդին աջակից երկրներին:
Այս տարի մարդկությունը պատերազմի չարիքը մերժելու և դատապարտելու զգացումներով հիշատակում է 100-ամյա տարելիցը Առաջին համաշխարհային պատերազմի: Ցավոք, աշխարհում այսօր էլ հնչում են պատերազմի ձայներ, մեր ժողովուրդը նույնպես ապրում է փխրուն խաղաղության պայմաններում, նաև` կրում է դժվարություններ պատերազմական իրավիճակում հայտնված երկրներում: Մեզ համար կարևոր է, որ հակամարտություններն ու խնդիրները կարգավորվեն խաղաղությամբ, որի հաստատման և ամրության համար անհրաժեշտ է, որ զորանան արդարության, մարդկանց և ազգերի իրավունքների հարգման ճանապարհները:
Մենք աղոթում ենք աշխարհի խաղաղության, պատերազմական իրավիճակում գտնվող երկրների, հատկապես` Արձավոր Արևելքի ժողովուրդների համար, որպեսզի իրագործեն ապահովության, լուսավոր գալիքի իրենց ձգտումները: Աղոթում ենք Հայաստանի և մեր ժողովրդի խաղաղ կյանքի, Աստծո օրհնությամբ մեր ջանքերի արդյունավորման համար` հանուն մեր երկրի առաջընթացի, բարօրության ու հզորության:
Հայցում ենք, որ Աստված զորակից լինի բոլորիս մեր կոչման ու պատասխանատվության մեջ, լուսավորի և առաջնորդի Իր իմաստությամբ ու հաստատուն պահի խաղաղության, սիրո, բարության ճշմարիտ ուղիներում: Մաղթում ենք, որ Տերը օրհնի Հայաստանը հզորացնելու Ձեր ծրագրերը, մեծարգո Նախագահ, հարգարժան պետական այրեր և Ձեր առաքելությունը, մեծարգո դիվանագետներ` հանուն աշխարհում խաղաղության ամրապնդման, երկրների ու ժողովուրդների մեջ բարեկամության և համերաշխ գործակցության արգասավորման:
Թող ողորմությունն ու շնորհներն Աստծո միշտ մեզ հետ լինեն և համայն մարդկության` այսօր և միշտ. ամեն»:
Պարգևաբաշխության արարողության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալ հանձնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանին, ում պատասխանատվության ներքո է գտնվում Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման վերահսկողությունը:
Նույն օրը, Հանրապետության տոնի առիթով, Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերստին շնորհավորեցին և իրենց օրհնությունը բերեցին ներկա ժողովրդին: