Ավարայրի ճակատամարտից սկսած՝ հայ հոգևորականը միշտ էլ կանգնած է եղել ազգային և հայրենական արժեքների պահպանության գործում՝ և՛ խաչով, և՛ զենեքով: 1992-94 թվականների պատերազմի ժամանակ էլ, երբ եկեղեցին նոր-նոր վերականգնումի մեջ էր, հոգևորականությունը լուրջ մասնակցություն ու դերակատարություն ունեցավ: Այսօր եկեղեցին այդ առումով կաշկանդված չէ, և արգելված չէ իր գործունեությունը բանակի կողքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Ե՛վ եկեղեցին է կազմակերպում, և՛ կամավորներ են մեկնում առաջնագիծ. կան հոգևորականներ, որոնք զինվորական ծառայություն են անցել և մեկնում են որպես զինվորական, բայց նաև հոգևոր ծառայությունն են տանում իրենց հետ, իսկ նրանք, ովքեր գնում են իբրև գնդերեց, նրանք զինվորների կողքին են՝ նրանց քաջալերելու, սփոփելու, և ամենավերջին պահին նաև մահվան պատրաստելու համար»-ասաց Աջապահյանը:
Թշնամին այս պատերազմն ուզում է վերածել կրոնական պատերազմի: «Իրենց մոտ կա ցանկություն իսլամական աշխարհը մոբիլիզացնել ոչ միայն քրիստոնեական աշխարհի, այլ նաև թեկուզ փոքրիկ Հայաստանի դեմ, և կարծում են՝ կշահեն: Իսլամական ֆունդամենտալիզմը գլուխ է բարձրացնում, և դրանից օգտվելով՝ այդ ալիքի հարվածն ուզում են ուղղել քրիստոնեական աշխարհին: Բայց քրիստոնեական աշխարհը չի ցանկանում կրոնական պատերազմ: Խորքում իսլամն էլ չի ուզում պատերազմ, բայց իսլամական ֆունդամենտալիզմը ունի այդ ցանկությունը: Նույնիսկ մեր հոգևորականների ներկայությունը բանակում կրոնական շարժառիթներով չէ, այլ հովվական շարժառիթներով է»,- նշեց Սրբազանը:
Նա նաև ընդգծեց, որ պետք է հաղթենք. «Այսօր զենքով է որոշվելու, թե սա ում հայրենիքն է»:
Մանրամասն՝ տեսանյութում: