Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն: Ղուկ. 22; 48 Քրիստոսի Խոսքի արձագանքը ղողանջում է նաեւ մեր ժամանակներում:
Ոմանք զգում են իրենց արած չարագործությունը, զղջում, ապաշխարում, իսկ ոմանք էլ, իրենց նմանին «վնասելով», ցընծում են իրենց ապիկար գործի հաջողությամբ եւ կորչում անապաշխար, թեպետ վերջիններիս պահվածքը անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է մարդ, առավելեւս, իրեն «քրիստոսի զինվոր» համարողը չարությամբ մատնել, նենգությամբ դավ նյութել իր նմանի դեմ ու հետո հանգիստ քնել, առանց խղճի խայթ զգալու, այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը. «Նրանց խղճմտանքը դաղված է»: Մարդու չարությունը սահման չունի:
Հուդայի կատարած մատնությունը այս կարգի մարդկանց ուղղված կոչ է, որպեսզի սթափվեն ու գնան ոչ թե իրենց փչացած ու նենգ ցանկությունների ետեւից, այլ հետեւեն Աստծուն: Կան ցանկություններ, որոնք Տիրոջից չեն, եւ Աստվածաշունչը դրանք կոչում է ամբարիշտ ցանկություններ: Հուդան, որը մատնել էր Նրան, տեսնելով, որ Նա դատապարտվեց, խղճի խայթ զգաց եւ երեսուն կտոր արծաթը վերադարձրեց ավագ քահանաներին ու երեցներին` ասելով. «Ես մեղք գործեցի, արդար արյուն մատնեցի» Մատթ. 27:34:
Պողոս առաքյալը մեզ հորդորում է հեռու մնալ` նախանձ, կռիվ, հայհոյություններ, չար կասկածներ, խարդախություններ ծնող, մտքով ապականված եւ ճշմարտությունից հեռացած մարդկանցից, որոնք շահի աղբյուր են համարում աստվածպաշտությունը, եւ հավելում. «Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում եւ դեպի կորուստ, որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» Ա Տիմ. 6;5-10:
Ինչու՞ Հուդան մատնեց համբույրով. միգուցե նա այնքան էլ վստահ չէր Հիսուսի մեղավորության մեջ եւ Նրա արդարանալու դեպքում չէր ուզում սեւերես մնալ, կորցնել Նրա աչքերին նայելու հնարավորությունը, բայց սրտագետ Աստված հարցրեց` համբույրո՞վ ես մատնում: Եւ երբ նա հասկացավ, որ իր դավադիր համախոհները Հիսուսին արդարացնելու մտադրություն չունեն, զղջաց, սակայն, իր արածը չկարողանալով ինքն իրեն ներել, ինքնասպան եղավ: Մատնությունը ընդհանրապես ստոր արարք է, մատնիչները` ստորագույն արարածներ, որոնք երբեք ներման չեն արժանանում, նրանք իրենք իրենց են դատապարտում, որովհետեւ ընկնում են այնքան ցած, որ այլեւս անհնար է բարձրանալ. պարզապես նրանց ոչ ոք ձեռք չի մեկնում, նրանք մնում են միայնակ, որովհետեւ չեն սիրում, չեն ողորմում, չեն կարեկցում, այլ միայն քծնում են, շողոքորթում, հաճոյանում` իրենց շահը հետապնդելով, բայց վերջում գտնում են միայն կորուստ ու կործանում: Ուրացողը միայն իրեն է վնասում, իսկ մատնիչը` նաեւ իր զոհին: Ցավալին, սակայն, այն է, որ մատնիչը միշտ մեկն է, ով կողքիդ է ու բարեկամ է համարվում: Երեսուն արծաթը ինչի գինն էր. ըստ քահանայապետների` Հիսուսի Արյան գինն էր, Հուդան էլ համամիտ էր, քանի որ առանց սակարկելու համաձայնեց նրանց առաջարկած գումարին, բայց մենք գիտենք, որ մեր Տիրոջ Արյունն անգին է: Նա այդքան գնահատեց ոչ միայն իր` քահանայապետներին արված «ծառայությունը», այլեւ այն նոր ու հրաշալի կյանքի հնարավորությունը, որ տվել էր նրան Հիսուս: Երեսուն արծաթը այն գինն է, որով մեղավոր մարդը գնահատում է Աստծո` իր համար արված զոհողությունը: Երեսուն արծաթը այն գինն է, որ աշխարհը սահմանել է քո հոգին իրեն տալու դիմաց, եւ եթե դու ագահ ես, չես հրաժարվի ավելորդ 30 արծաթից: Հուդայի ագահությունից կուրացած կերպարը բացահայտում է Հովհաննես առաքյալը. Հովհ.12;4-6:
«Ով ունի, նրան կտրվի եւ կավելացվի, ով չունի, նրանից կվերցվի ունեցածն էլ» Ղուկ. 19: 26. ունի նա, ով գոհանում է իր ունեցածով, իսկ չբավականացողը ամբողջ տիեզերքով էլ չի գոհանա: Քահանայապետներին պետք էր ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել, եւ ցանկալի էր, որպեսզի այդ ձեռքը երբեւէ բռնած լինի Հիսուսինը, այսինքն պետք էր Նրան մոտ կանգնած մեկը: Մի բան հստակ է. մատնության, դավադրության, դավաճանության եւ կամ ուրացության հիմքում շահն է, ավելի ճիշտ` շատ կոնկրետ փողը, դրամը, մամոնան, բարեկեցիկ կյանքի սովորական ու մարդկային թվացող ձգտումը, որը մոռացության է մատնում այն փաստը, որ տիեզերքի թագավորը ծնվեց ախոռում եւ տաքացավ անբան անասունների շնչով, որովհետեւ բարեկեցիկ պայմաններով ապահովված բանական մարդիկ չցանկացան Նրա հետ կիսել իրենց տան ջերմությունը: Մեզանից յուրաքանչյուրի մեջ ծպտված հուդա կա, մենք ոչընչով նրանից լավը չենք, բայց դեռ կարող ենք նայել Հիսուսի աչքերին. չկորցնենք դեռեւս մերը հանդիսացող այդ հնարավորությունը:
Աղբյուր՝ Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 71