Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել

Mayr Ator 397 880x660 - Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտական կապի մեջ է բոլոր թեմակալ առաջնորդների հետ, և այսօրվա դրությամբ Հայաստանում և Սփյուռքում եկեղեցականության շրջանում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով, բոլոր եկեղեցականներին տրվել են անհրաժեշտ ցուցումներ ձեռնարկելու կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի չվտանգեն թե իրենց առողջությունը, թե բոլոր այն հավատացյալների, որոնք այցելում են եկեղեցիներ կամ ում հետ շփվում են հովվական ծառայությունների ընթացքում:

 «Գիտեք, որ այս շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ և հորդորով եկեղեցիներում արարողությունները կատարվում են դռնփակ, առանց հավատացյալների: Մնացյալ ժամանակ եկեղեցիները բաց են, որպեսզի մարդիկ կարողանան անհրաժեշտության դեպքում այցելել եկեղեցի և իրենց աղոթքը կատարել: Այդ դեպքում ևս հոգևորականներին թելադրված է, որպեսզի հետևեն, որ եկեղեցի այցելողներն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանեն»,-ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

 Եկեղեցականների կողմից կատարվում են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ, մի շարք եկեղեցիներ ամբողջությամբ մաքրվել են անհրաժեշտ նյութերով: Ինչ վերաբերում է կարիքավոր ընտանիքների համար նախատեսված սոցիալական աջակցությանը, որը տրամադրվում է թեմերի կամ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից, ապա Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ այդ օժանդակության բաշխումը կազմակերպվում է այնպես, որ մարդկային կուտակում չառաջանա, այդպիսով չվտանգվի որևէ մեկի առողջությունը:

 «Այնպես որ, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի եկեղեցին իր օժանդակությունը բերի մեր ժողովրդին իր կարիքի մեջ, բայց միևնույն ժամանակ պահպանի անհրաժեշտ բոլոր միջոցները, որ որևէ մեկին այս վարակը չփոխանցվի, առողջության վատթարացման առիթ չդառնա: Մենք լավատես ենք, որ համատեղ ջանքերով բոլորս միասին պիտի կարողանանք հաղթահարել այս համավարակի փորձությունը ևս, ինչը մեզ պետք է մղի մեր կյանքում շատ արժեքներ ավելի ճիշտ գնահատելուն, մի շարք երևույթների ճիշտ վերաբերելուն և ապագային էլ տարբեր հայացքով նայելուն: Իսկապես, այս համավարակը առիթ դարձավ թե արժեքների, թե երևույթների վերագնահատման»,- ասաց նա:

 Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, որքան էլ ստեղծված իրավիճակը շարունակում է անցանկալի ազդեցություն ունենալ, միևնույն ժամանակ պիտի նկատել, որ այն շատ կարևոր փորձառություն էր՝ հասկանալու, թե ինչպես ենք վերաբերում մեր կյանքին, ինչպես ենք բաշխում մեզ հատկացված ժամանակը և յուրաքանաչյուրս ինչպիսի առաքելություն ենք իրականացնելու երկրային այս ժամանակամիջոցում:

 «Արդյոք մենք այն ճիշտ ենք օգտագործում ի բարօրություն մեր ժողովրդի, մեր հայրենիքի և համայն մարդկության: Այս իմաստով կարծում եմ, որ բոլորը մտածելու շատ բան ունեն: Յուրաքնաչյուրը պետք է իր համար տա որոշակի հարցերի պատասխաններ այս ժամանակամիջոցում: Սա լավ առիթ է, որպեսզի մենք կարողանանք այս փորձությունը հաղթահարել նորանոր պատասխաններով և մեր կյանքի նոր տեսլականով, որը հիմնված կլինի ճշմարիտ արժեքների վրա»,-հավելեց նա:

 Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աղբյուր` www.armenpress.am