Խունկը և նրա սուրբգրային բացատրությունները

 Ամեն կիրակի եկեղեցում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում սարկավագը խնկարկում է սրբապատկերների, Սուրբ սեղանի, Սուրբ հաղորդության նշխարի առջև:
Բուրվառից վեր ելնող խունկի ծուխը խորհրդանշում է քրիստոնյայի սրտից բխող և առ Աստված բարձրացող աղոթքն ու օրհությունը: Խնկարկության ընթացքում ժողովուրդն աղոթում է, խաչակնքում և երկրպագում` խունկի անուշաբույրի մեջ փառաբանելով Աստծուն:
Խնկի պատրաստումը և գործածումը Աստծո կողմից որպես պատվիրան է տրվել մարդուն: Սուրբ Գրքում կարդում ենք, թե ինչպես է Տերը Մովսեսին ասում. «Կպատրաստես խնկակալ սեղան խնկի համար» (Ելք Լ 1)։
Ելք Լ 34 համարում նշված են այն համեմունքները, որոնք անհրաժեշտ են անուշ խունկ պատրաստելու համար։ Տերը պատվիրում է նաև, որ այդ խունկը «Տիրոջ սրբություն լինի» (Ելք Լ 37) և նույնիսկ «սրբությունների սրբություն» (Ելք Լ 36)։
Աստվածաշնչում խունկի գործածության այլ դեպքեր ևս կան: Երբ Աստված սկսեց պատուհասել ժողովրդին, Ահարոն քահանայապետը Մովսեսի հրամանով խունկ ծխեց՝ Աստծո առաջ ժողովրդի համար բարեխոսելու նպատակով։ Երբ Ահարոնը վազեց ժողովրդի մեջ և խնկարկեց, պատուհասը դադարեց, և Աստված ընդունեց խունկն իբրև աղոթք: (Թվեր ԺԶ 44-48)
Նոր Կտակարանում նույնպես խոսվում է խնկի մասին:
Նորածին Հիսուսին բեթղեհեմյան քարայր այցելած իմաստունները նվերներ էին բերել, որոնց մեջ կար նաև խունկ` իբրև մարդու և Աստծո հաշտության նշան:
Ս. Հովհաննես ավետարանիչն ասում է. «Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց խորանի մոտ. նա ուներ ոսկե բուրվառ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերի աղոթքները մատուցի ոսկե խորանի վրա, աթոռի առաջ: Եվ սրբերի աղոթքը՝ խնկի ծուխը, հրեշտակների ձեռքերից բարձրացավ Աստծո առաջ» (Հայտ. Ը 3-4)։
«Սրբերի աղոթքը՝ խնկի ծուխը, հրեշտակների ձեռքերից բարձրացավ Աստծո առաջ» խոսքը մեկնելով` վարդապետներն ասում են, որ Եկեղեցու կյանքը նման է խնկարկության։
Եկեղեցու հայրերն ասում են, որ խնկարկության հիմնական խորհուրդը աղոթքն է: Խունկի ծուխը բարձրանում է վերև և հետո իջնում ցած: Աղոթքն էլ խունկի նման հավատացյալի շուրթերից բարձրանում է դեպի Աստված, իսկ հետո աղոթքից ծնված շնորհները երկնքից իջնում են մարդկանց վրա:
Եկեղեցում գործածվող խունկը նախապես օրհվում է, ուստի խնկարկվող միջավայրը ևս օրհնվում է ու սրբվում: Նվիրագործված խունկը սրբալույս մյուռոնի քառասուն բաղադրանյութերից մեկն է:
Խունկը ստացվում է տարբեր անուշաբույր խեժերի խառնուրդից: Դրանք արտազատվում են խնկաբեր հատուկ ծառատեսակներից, որոնք աճում են աշխարհի տարբեր ծայրերում: Անկախ իրենց զանազան անուններից` եկեղեցում դրանք բոլորը կրում են խունկ հավաքական անվանումը:
Անուշաբույր խեժերը գործածվել են բոլոր ժամանակներում, նույնիսկ նախաքրիստոնական շրջանում: Հինագույն ժամանակներում այն գնահատվում էր ավելի թանկ, քան ոսկին:
Սուրբ Գիրքը պահանջում է, որ խունկն անուշաբույր լինի, որպեսզի ով նրա հոտն առնի, հիշի, որ մարդու կյանքը պետք է իբրև անուշաբուրություն լինի Աստծո առաջ։ Այդ պատճառով էլ գրված է. «Որովհետև Քրիստոսի անուշ հոտն ենք Աստծո մոտ». «Իր գիտության հոտն է մեր միջոցով հայտնի դարձնում ամենուր»: (Բ Կոր. Բ 15, 14)
Խունկը ոչ միայն անուշահոտություն է տարածում, այլև ախտահարում է միջավայրը: Միջնադարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին վկայում է, որ խունկը ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգնում է քաղցկեղային հիվանդություններին ու մազաթափության դեպքում, մաքրում է մաշկը տարբեր տեսակ բորբոքումներից:
Ինչպիսի նշանակություն էլ, սակայն, տրվի խունկի ֆիզիկական հատկություններին և նրանից բարձրացող ծուխին, այն առաջին հերթին քրիստոնյային հիշեցնում է Աստծո ներկայության և Նրա փառքի մասին։

Պատրաստեց՝ Ալվարդ Նազարյան