«Խոսքն ուժ ունի․ խոսքը կարող է փոխել աշխարհը լավ կամ վատ ուղղությամբ»

«Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող նրան հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով ենք անիծում մարդկանց, որ ստեղծվեցին Աստծո նմանությամբ: Օրհնություններն ու անեծքները նույն բերանից են դուրս գալիս: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից միաժամանակ քաղցր և դառն ջուր կբխեցնի»։ (Հակ.3:6-11):

 Հակոբոս առաքյալի այս խոսքը գրվել է շուրջ 2000 տարի առաջ, սակայն այսօր էլ այն արդիական է: Առաքյալի այս խոսքը Աստվածաշնչի կողմից մեզ տրված այն բազմաթիվ բանալիներից մեկն է, որով յուրաքանչյուր քրիստոնյա կարող է բացել կյանքի փակ և դժվար բացվող դռներից մեկը՝ միգուցե կարևորներից մեկը՝ մարդկային հարաբերությունների կարգավորման դուռը: Հայտնի իրողություն է, որ մարդկության պատմության մեջ խոսքը կենտրոնական դեր է կատարել միշտ: Ասված մի խոսքով կարող ես բարեկամներ ձեռք բերել, մեկ ուրիշ խոսքով կարող ես թշնամիներ վաստակել: Իզուր չի ասված ժողովրդական բառ ու բանի մեջ. «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի՛ լավանա»:

 Ամեն մարդ, յուրաքանչյուր քրիստոնյա պիտի ունենա կյանքի նպատակ, իսկ կարճ ժամանակաշրջանի համար՝ տեսանելի նպատակներ, որով և պայմանավորվում են մարդու գործողությունները: Այսօր բոլորիս տեսանելի նպատակը մեկն է՝ հաղթահարել համավարակը, որ իր ճիրաններում է պահում ողջ աշխարհը: Ի՞նչ պիտի անենք: Շատ բաներ կարող ենք թվարկել. առաջին հերթին՝ աղոթել, օգնել իրար, հոգ տանել մեկս մյուսի նկատմամբ, պատասխանատվությամբ վերաբերվել շրջապատի նկատմամբ, եթե կուզեք՝ թողնենք մեր սկզբունքները գոնե ժամանակավորապես….: Այս շրջանը դադար է մեզ համար, ապաշխարության շրջան, որ քաջությամբ պետք է հաղթահարենք, մեկս մյուսի նկատմամբ սիրով պետք է անցկացնենք ու … հաղթենք վերջապես:

 Ատելությամբ և դրանից բխող արարքներով և խոսքերով նպատակին չենք հասնի: Մի՞թե քանդելն է մեր նպատակը, մահտարաժամե՞րն են մեր նպատակը, լացն ու կո՞ծն է մեր նպատակը: Մեր այսօրվա պահվածքը, ցավոք, տանում է դեպի վերոնշյալ վատթար նպատակակետ: Տպավորություն է, որ ամեն մեկս «Գիշատիչների խնջույք»-ի հերոսներն ենք, որ ուզում ենք միմիայն մեր մաշկը փրկել՝ վաճառելով դիմացինին:

 Այսօր ապրում ենք մի աշխարհի մեջ, ուր ամեն օր, ամեն հնարավոր տեղերից բացասական խոսք ենք լսում: Համացանցում, մամուլում, փողոցում, տանը, խնջույքի և ուրախության ժամանակ, տխրության ժամանակ … ամենու՛ր՝ առանց բացառության ականատես ենք լինում չարության, բամբասանքի, հիվանդ քննադատության, զզվանքով լցված խոսքի, ատելություն սերմանող և տարածող խոսքի … Այս ո՞ւր են հասել: Ակամայից հիշեցի արևմտահայ հայ մեծ գրող Հակոբ Պարոնյանին, որ իր յուրահատուկ բառարանի մեջ բացատրելով, թե ինչ է հայհոյանքը,՝ գրում է. «Հայհոյանք – փաստերու սով»: Իրավ է ասված. հայհոյում և չարախոսում է նա, ով ասելիք և փաստ չունի: Իսկ 12-րդ դարի Հայրապետ Ներսես Շնորհալին նույնիսկ մարդկանց վրա բարկացած ժամանակ նրանց «լույս» էր անվանում: Հիշե՛նք Տիրոջ խոսքը. «Լսե՛ք և հասկացե՛ք. մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից»։ (Մատթ.15:10):

 Խոսքը ուժ ունի, խոսքը կարող է փոխել աշխարհը լավ կամ վատ ուղղությամբ: Ուրեմն ուշադիր լինենք, թե ինչ ենք խոսում, ինչ ենք ասում դիմացինին: Դիմացինին որևէ բան ասելուց առաջ օգտակար է հիշել մի պարզ ճշմարտություն. յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո նմանությամբ ու կերպարանքով: Կարո՛ղ ես քո կարծիքն ասել դիմացինիդ, կարո՛ղ ես քննադատել նրան, բայց սիրով՝ առանց վիրավորանքի: Տերը սովորեցրել մեզ, թե ինչպես պետք է վարվես դիմացինի հետ, երբ խնդիր ունես: Նա ասում է. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք: Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես: Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք» (Բ Օր.19:15): «Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին: Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր» (Մատթ.18:15-17): Մեզանից ո՞վ է այս քայլերն հերթականությամբ անում: Ամեն մեկը թող ինքն իր խղճին պատասխանի:

 Օ՜ն, անդր առա՛ջ, ուրեմն, ի զե՛ն, ի վրե՛ժ միայն չարի նկատմամբ, ժամանակավոր արհավիրքի նկատմամբ, փորձության նկատմամբ: Փորձենք մեկս մյուսի մեջ փնտրել և գտնել Աստծո պատկերը և նմանությունը:
Աստված օրհնի ամենքիդ: