ԽԱՉԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ

 Աշխարհում տարածված մոլորեցնող աղանդներից Եհովայի վկաների աղանդն ընդհանրապես մերժում է խաչը` պնդելով, որ Քրիստոսին ոչ թե խաչել են, այլ սպանել են ցցի վրա: Ինչ խոսք, անհեթեթություն է նման պնդումը, որովհետև պատմությունից էլ հայտնի է, որ հռոմեացիների խստագույն պատժամիջոցներից մեկը մարդկանց հենց խաչի վրա գամելն էր:

 Սակայն մեկ այլ նյութական ապացույց էլ կա: Խաչի ամենամեծ տոնը Խաչվերացի տոնն է, որը հիշեցնում է Խաչի հաղթական վերադարձը և խաչի վերացումը, այսինքն՝ վեր բարձրացվելը: 614 թ. Պարսից Խոսրով թագավորը Բյուզանդիայի Մորիկ կայսեր սպանության վրեժը լուծելու համար պատերազմ սկսեց Փոկաս կայսեր դեմ: Մորիկ կայսրը օգնել էր Խոսրով թագավորին գահ բարձրանալ, և այդ էր պատճառը, որ իր մտերիմի սպանությունը առաջ բերեց պարսից թագավորի զայրույթը:

 Խոսրովը շատ տարածքներ գրավեց բյուզանդական կայսրությունից, գրավեց նաև Երուսաղեմը և իր հետ, որպես գերի, տարավ Երուսաղեմի Պատրիարքին և Քրիստոսի Խաչը: Սա առաջ բերեց քրիստոնյաների զայրույթը, և հաջորդ Հերակլ կայսրն իր հերթին պատերազմ սկսեց` վերադարձնելու Քրիստոսի Խաչը և կայսրությունից գրավված տարածքները: Հերակլ կայսերը հաջողվեց նաև հայոց զորագնդի օգնությամբ Քրիստոսի Խաչը ետ վերադարձնել 629 թ. սեպտեմբերի 14-ին:

 Եվ Երուսաղեմի Կյուրեղ Պատրիարքի կողմից խաչը վեր բարձրացվեց ի տես հավատացյալ ժողովրդի: Որպեսզի Խաչն այլևս այսպիսի վտանգների չենթարկվի, որոշվեց այն մանր կտորների վերածել և բաժանել բոլոր քրիստոնեական Եկեղեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցուն տրված խաչափայտի այդ մասունքը, մի քանի մասերի վերածված, պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Իջման Սուրբ Սեղանի վրա: Խաչի սուրբ մասունքի մի մասն ամփոփված է ճաճանչաձև պատյանում, որ տարվա ընթացքում դրված է լինում Էջմիածնի Մայր Տաճարում Իջման Սուրբ Սեղանի վրա  և դրանով է կատարվում անդաստանի` երկրի չորս կողմերի օրհնության արարողությունը Սուրբ Խաչի տոնի օրը:

 Խաչափայտի մասունքի մեկ այլ մաս ամփոփված է թանկագին քարերով ոսկյա խաչի մեջ, որ պատրաստվել է 1651 թ. և նվիրաբերվել Փիլիպպոս Աղբակեցի Կաթողիկոսին: Այս խաչով է նաև օրհնվում սուրբ մյուռոնը յոթ տարին մեկ անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կատարվող մյուռոնօրհնության արարողության ժամանակ: Մարդկանց բժշկություն ու հարություն պարգևած սուրբ խաչափայտի զորությունը տարածվում է հավատացյալների վրա:

 Երբեմն ոմանց անտրամաբանական է թվում քրիստոնեական Եկեղեցում խաչին այդքան մեծ տեղ հատկացնելը: Սակայն Քրիստոսի Սուրբ Արյունը թափվելով խաչի վրա` սրբացրեց այն, և մահաբեր խաչով կատարվեց մարդկանց կենսաբեր փրկությունը: Քրիստոս դիպչելով կենդանություն էր պարգևում: Քրիստոս դիպավ հանգուցյալին և կյանք պարգևեց նրան (Մատթ. 9.25, Մարկ. 5.41-42, Ղուկ. 8.54-55): Նույն կերպ էլ Քրիստոս, դիպչելով բորոտին, ոչ թե Ինքը բորոտությամբ վարակվեց, այլ Իր կենդանարար զորությամբ մաքրեց ու բժշկություն պարգևեց (Մատթ. 8.3): Հիվանդ կինը, դիպչելով անգամ Տիրոջ զգեստին, նույն ժամին բժշկվեց (Մատթ. 9.20, Մարկ. 5.27-29, Ղուկ. 8.43-44): Ահա այդ զորությամբ էլ Քրիստոս սրբացրեց Խաչը: Եվ մենք այս գիտակցությամբ է, որ մեծ ակնածանք ենք տածում Խաչի հանդեպ:

Աղբյուր՝ www.christianity4all.com