Ուսանելի առակ որդու և մոր մասին

Arak Mayr u txa - Ուսանելի առակ որդու և մոր մասին

 Մի անգամ երեկոյան որդին հրավիրեց մորը ռեստորան ընթրելու։ Մայրն արդեն ծեր էր և թույլ։ Այդ պատճառով ուտելիս սննդի մնացորդները թափում էր հագուստին։ Ռեստորանի որոշ այցելուներ դժգոհությամբ նայում էին նրանց, սակայն որդին պահպանում էր հանգստություն և շարունակում էր հոգատար լինել մոր հանդեպ։ Ավարտելով ընթրիքը՝ որդին ուղեկցեց մորը դեպի զուգարան, թափ տվեց նրա վրայից հացի փշրանքները, սանրեց մազերը և ուղղեց ակնոցները։ Ամբողջ ռեստորանը լուռ հետևում էր նրանց։ Տղան վճարեց հաշիվը և մոր հետ դուրս եկավ ռեստորանից։ Այդ պահին մի ծեր մարդ ձայն տվեց տղային և հարցրեց.

-Ձեզ չի՞ թվում, որ դուք այստեղ ինչ-որ բան եք թողել։

Ոչ, հարգելիս, ոչինչ, – պատասխանեց տղան: Բայց այցելուն առարկեց.

-Իհարկե թողել եք։ Դուք այստեղ բոլոր որդիների համար դաս թողեցիք, իսկ բոլոր մայրերի համար՝ հույս։

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը