ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐԵՎԷ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

 Դեռևս 2018թ. դեկտեմբերի 16-ին հրապարակային կարգով նշել էի, որ թիրախավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը:

 ԻՆՔՆԱՎԱՐ Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:

 Այսօր Եկեղեցին խոչընդոտ է հանդիսանում գլոբալացման (համաշխարհայնացման) գործընթացների համար, քանի որ ազգային ինքնագիտակցությունը բարձր պահելով և պահպանողական մոտեցումներով լուրջ դիմադրություն է ցույց տալիս:

 Պատահական չէ, որ Եկեղեցին իր խոսքը հայտնել է, ինչպես 2017թ. Ստամբուլյան կոնվենցիայի նախատիպը համարվող ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ (նախկին իշխանության ժամանակ), այնպես էլ 2019թ. Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ (այս իշխանության ժամանակ): Այս դիրքորոշումները բնականաբար իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես ընտանեկան բռնության օրինագծի վրա (օրինագծից մասնավորապես դուրս թողնվելով զուգընկերների և երեխաներին առանց ծնողների ապաստարան տանելու հետ կապված կարգավորումները), այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի վրա:

 Պատահական չէ այն, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը այժմ հայտարարում է, որ Եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը..:

 Հայաստանի ներպետական օրենսդրությունից հետևում է, որ կոռուպցիան ԻՇԽԱՆԱԿԱՆ լիազորությունների չարաշահումն է՝ անձնական կամ այլ շահադիտական նպատակով: Եկեղեցու և հոգևորականների գործունեությունը որևէ կերպ չեն կարող կոռուպցիոն դրսևորումներ լինել այն պարզ պատճառով, որ աշխարհիկ իշխանական լիազորությամբ օժտված չեն:

 Այստեղ հարց է ծագում, թե ինչու է նշված կազմակերպության ներկայացուցիչը դուրս եկել կոռուպցիայի հասկացության սահմաններից:

Վստահ եմ, որ Եկեղեցու նկատմամբ հարձակումները շարունակվելու են նաև հետևյալ ուղղություններով, այն է՝ փորձելու են սահմանափակել կամ վերացնել՝
— զորամասերում հոգևորականների ներկայությունը.
— քրեակատարողական հիմնարկներում հոգևորականների ներկայությունը.
— Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս թույլ չենք տալու Եկեղեցու նկատմամբ որևէ ոտնձգություն: