Թանկարժեք քարը (առակ)

Arak tankagin qary - Թանկարժեք քարը (առակ)

 Մի իմաստուն կին ճամփորդելիս առվի կողքին ընկած թանկարժեք քար գտավ : Հաջորդ օրը նա մի ճամփորդի հանդիպեց, ով շատ քաղցած էր, և կինը իր մոտի հացը կիսեց նրա հետ:

Երբ կինը պայուսակի մեջ էր դնում հացի մյուս կտորը, անցորդը նրա պայուսակի մեջ նկատեց թանկարժեք քարը և խնդրեց կնոջից, որ նա այն նվիրի իրեն: Կինն առանց վարանելու թանկարժեք քարը նվիրեց նրան: Ճամփորդը գնաց իր ճանապարհով՝ չհավատալով այդպիսի անսպասելի հաջողությանը: Նա գիտեր, որ այդ քարը իրեն շատ գումար կբերի և անհոգ կյանք կապահովի: Սակայն մի քանի օր անց նա նորից վերադարձավ. նա փնտրում էր իմաստուն կնոջը, ով իրեն էր տվել իր մի կտոր հացը: Տեսնելով նրան՝ ճամփորդը մեկնեց քարը և ասաց.

 — Ետ վերցրեք , — ասաց նա իմաստուն կնոջը: — Ես գիտեմ, որ այդ քարը շատ գումար արժե, բայց ես այն ձեզ եմ վերադարձնում՝ հույս ունենալով, որ ձեզանից ավելի արժեքավոր բան կարող եմ ստանալ: Եթե կարող եք սովորեցրեք ինձ այն, ինչը ստիպեց ձեզ այդ քարը ինձ՝ անծանոթիս, տալ առանց վարանելու:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը