«Տեղին չէ Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ հատկացնելու առնչությամբ օգտագործել մոնոպոլիա եզրույթը»

Arshak eps. Xachatryan - «Տեղին չէ Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ հատկացնելու առնչությամբ օգտագործել մոնոպոլիա եզրույթը»

 Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի վստահեցմամբ՝ առանձնահատուկ կարգավիճակի վերաբերյալ դրական են արտահայտվել նաեւ միջազգային փորձագետները: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ մի շարք մտահոգություններ կան:

 Այս թեմայով պարզաբանումներ ստանալու համար «Առավոտը» գրավոր հարցում ուղարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեզ հետաքրքրող հարցերին պատասխանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը:

 – Փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կան, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը Հայ Առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման նախագիծ է: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը նախագծի վերաբերյալ:

– Նախ՝ մեկ հստակեցում. տեղին չէ Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ հատկացնելու առնչությամբ օգտագործել մոնոպոլիա եզրույթը, քանի որ այն չի կարող ճշգրիտ արտահայտել այդ կարգավիճակի, ինչպես եւ եկեղեցու ու կրոնական կազմակերպությունների հարաբերությունների բնույթը: Մինչդեռ առանձնահատուկ կարգավիճակը, ինչի մասին դրական են արտահայտվել նաեւ միջազգային փորձագետները, որեւէ ձեւով չի ենթադրում խտրականություն՝ խղճի ազատության սահմանադրական իրավունքի իրացման եւ կրոնական կազմակերպությունների գործունեության խոչընդոտում:
Հարկ է նշել, որ ոչ բոլոր փորձագետներն են Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը մտահոգիչ համարում: Ճիշտ հակառակը, ավելի շատ են մտավախությունները, որ Հայ Եկեղեցին օրենսդրության մեջ կարող է ներկայացված չլինել Ազգային Եկեղեցուն բնորոշ իր ողջ բաղադրիչներով:

 Հայ ժողովրդի կյանքում հայ Եկեղեցու ներկա առաքելությունը գնահատելու համար հարկ է քաջածանոթ լինել պատմամշակութային այն միջավայրին, որտեղ գործել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Ակնհայտ է, որ Հայ Եկեղեցին ընդամենը կրոնական կազմակերպություն չի եղել հայ ժողովրդի համար: Այն հիմնական դերակատարություն է ունեցել հայ ընտանքի ձեւավորման, ընտանեկան հարաբերությունների զարգացման, անձի արժանապատվության պատկերացումների կայացման, հայ դպրության, մշակույթի եւ կենցաղի, երկրի ամուր պաշտպանության հիմքերի ձեւավորման մեջ: Այսպիսով Հայ Եկեղեցին ոչ միայն հայ ինքնության գաղափարախոսության կրողն է, այլեւ հիմնասյունը եւ դրա առանցքային խթանը: Միաժամանակ, հայ Եկեղեցին երբեք այլատյացություն չի քարոզել, ընդհակառակը, լինելով մի ժողովրդի Եկեղեցի, որ տեւականորեն տուժել է անհանդուրժողականությունից ու խտրականությունից, չափազանց բարձր ու թանկ է գնահատում խղճի ու կրոնի ազատության արժեքը:

 Նախագծի վերաբերյալ մենք եւս ունենք որոշ վերապահումներ: Մասնավորաբար ընդունելի չէ, որ Եկեղեցին կարող է հավասարեցվել կրոնական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում գործելու ընդամենը մի քանի տասնամյակների նախապատմություն ունեն՝ փոքրաթիվ հետեւորդների թիվ եւ աշխարհագրական խիստ սահմանափակ ընդգրկվածություն: Միաժամանակ պետք է կարգավորել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր-մշակութային ժառանգության պաշտպանության, անխաթար պահպանության ու պատշաճ օգտագործման, ինչպես նաեւ նախընթաց հասարակարգի տարիներին Եկեղեցուն հասցված ահռելի վնասի փոխհատուցման հարցերը:

 – ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած առաջարկներում նշված է, որ օրենքը պետք է տարածվի հավասարապես Հայ Առաքելական եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա, մինչդեռ օրենքի նախագծով նման բան սահմանված չէ: Արդյոք հիմնավոր համարո՞ւմ եք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այդ պնդումը, որ օրենքը հավասարապես պետք է տարածվի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու վրա:

– Ձեր ուշադրությունը պիտի հրավիրեի այն փաստի վրա, որ ինչպես հիշյալ փորձագիտական խմբի, այնպես եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից միանշանակ ընդունելի է համարվում, որ ցանկացած երկրում իրավական առանձնահատուկ կարգավիճակ տրամադրվի այդ երկրի կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող եկեղեցուն, պայմանով, որ դա չհանգեցնի խտրականության: Այս մասին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ:

 – Օրենքի նախագիծը քննադատվում է նաեւ այն առումով, որ մտցված են անհամաչափ սահմանափակումներ: Օրինակ՝ արգելվում է կրոնական կազմակերպությունների ֆինանսական հոսքերն արտասահմանից, պահանջվում է կրոնական կազմակերպության անդամների հաշվառում, նրանց տվյալների ներկայացում: Կամ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարող է կասեցվել պետական անվտանգության հիմնավորմամբ, եթե գտնում են, որ այն պետական անվտանգության սպառնալիք է: Սա արդյոք հակասո՞ւմ է խղճի եւ դավանանքի ազատության իրավունքին:

 – Մեզ ծանոթ միջազգային բոլոր փաստաթղթերում վկայված է, որ մարդու կրոնի եւ խղճի ազատության իրացման իրավունքը բացարձակ իրավունք չէ եւ այն կարող է սահմանափակվել` ելնելով հասարակության անվտանգության, առողջության եւ հասարակական համերաշխության ապահովման շահերից: Կարծում ենք նաեւ, որ կրոնական կազմակերպությունները մտահոգություններ չպետք է ունենան այս առնչությամբ, եթե իրենց գործունեությամբ չեն հակադրվում սահմանված սկզբունքներին: Հպանցիկ նշեմ նաեւ, որ նույնիսկ եվրոպական որոշ երկրներում կան արգելված կրոնական կազմակերպություններ:

 – Ի՞նչ բացատրություն ունի այն, որ իրավապաշտպան շրջանակները մտահոգված են Հայ Առաքելական եկեղեցու անվերահսկելիությամբ. նրանք պնդում են, որ սա սահմանափակող օրինագիծ է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ՝ բավականին կոշտ գործիքներով, որի պարագայում Հայ Առաքելական եկեղեցին բացարձակապես անվերահսկելի է լինելու: Չե՞ք կարծում, որ մի շարք հոգեւորականների ոչ օրինակելի պահվածքն է պատճառը, որ կա նման մտահոգություն:

 – Ստիպված եմ արձանագրել, որ գույները խիստ խտացված են: Հայ Առաքելական Եկեղեցին իր գործունեությունը իրականացնում է համաձայն համապատասխան օրենսդրության, եւ պետական լիազոր կառույցները հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով գնահատելու Հայ Եկեղեցու գործունեության համապատասխանությունը սահմանված պահանջներին: Առանձին հոգեւորականների վերաբերյալ Ձեր դիտարկման առնչությամբ խորհուրդ պիտի տայինք երեւույթները դիտարկել իրենց ամբողջության մեջ եւ ոչ մասնակի դրսեւորումներով: Ճիշտ նույն կերպ չպետք է մտածել զանգվածային լրատվամիջոցները փակելու կամ դրանց գործունեությունը սահմանափակելու մասին, եթե որոշ լրագրողների կողմից թույլ են տրվում լրագրողական էթիկայի խախտումներ:

– Արմեն Աշոտյանն առաջարկում է ծայրահեղական աղանդների գործունեությունը ՀՀ-ում արգելել եւ պահպանել հոգեորսության արգելքը: Այս առաջարկն ընդունելի՞ է Ձեզ համար, եւ արդյոք այն կլինի՞ արդյունավետ:

 – Ծայրահեղության ցանկացած դրսեւորում, այդ թվում եւ կրոնական, անընդունելի է եւ վտանգավոր ժողովրդավարական հասարակության համար: Ինչ վերաբերում է հոգեորսությանը, ապա պետք է որոշակի պարզաբանում մտցնել այդ հասկացության մեջ: Հաճախ թյուրիմացաբար հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային այն ակտերի վրա, որոնցով հոգեորսությունը հետապնդելը համարվել է որպես հակակոնվենցիոն երեւույթ, սակայն անտեսվել է, որ տվյալ դեպքում նկատի է ունեցվել այն երկրների օրենսդրությունը, որոնք այդ եզրույթին անհարկի ծայրահեղ բնորոշում են տվել: Միաժամանակ հոգեորսությունը պարզ քարոզչությունը չէ, այլ ենթադրում է այնպիսի գործողությունների շղթա, որոնք ուղղված են անձի կրոնական համոզմունքները փոխելուն: Այդպիսի գործողություններ են՝ անձի սոցիալական խոցելի վիճակի օգտագործմամբ նյութական շահագրգռություն առաջացնելը, հոգեբանական ճնշման ենթարկելը, կրոնական այլ համոզմունքներ ունեցող անձանց հավատքի հիմնադրույթների նկատմամբ թերագնահատողական, ծաղրական վերաբերմունք արտահայտելը, Եկեղեցու խորհրդանիշների, տոների ծիսակարգերի դիտավորյալ նմանակումը` մարդկանց մոտ շփոթ առաջացնելու նպատակով, ագրեսիվ քարոզչությամբ մարդկանց անդորրը խանգարելը եւ այլն: Այսպիսով, խոսքն այնպիսի վարքագծի մասին է, որն անհամատեղելի է մարդու տարրական իրավունքների պաշտպանության հետ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am